Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Նավասարդ Սրբազանի զատկական ուղերձը


Սիրելի՛ հավատավոր զավակներ,


«Յարեա՜ւ Տէրն ի գերեզմանէն»:Աշխարհասասան այս իրողության խորհուրդը մարդկային պատմության մեջ գերահրաշ մի երևույթ է: Ահավասիկ, մեր երկրային կյանքի ճանապարհը կրկին պայծառանում է Մարդեղացյալ Աստծո թափուր գերեզմանից ճառագող լույսով, և մենք արժանանում ենք՝ վայելելու քաղցրահունչ և կենսապարգև Կենաց խոսքը. «Չէ աստ, այլ յարեաւ»:


Քրիստոսի Սուրբ Հարության խորհուրդը հրավեր է նոր կյանքի, որպեսզի մեր հոգևոր էության մեջ մշտապես կրենք Աստծո ներկայությունը և ամուր պահենք մեր քրիստոնեական ինքնության ոգին: Նա, ով հավատում է Քրիստոսին, իրեն հավերժացնում է բարի գործերով և հավիտենություն տանող արժեքներով: Փա՛ռք Աստծո, որ արժանացել ենք այս աստվածապարգև շնորհին և ունենք հավիտենական կյանքի երանավետ հույսը՝ լի սիրով և հավատքով:


Թող Հարության ավետիսը մեզ պարգևի մահվան դեմ հաղթանակած լինելու բերկրանքը, սեր և բարություն սփռի մեր հոգիներում, զորացնի՝ դիմագրավելու փորձություններին և ապրելու Տիրահաճ կյանքով:


«ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ,
ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԻՒՆՆ ՔՐԻՍՏՈՍԻ»:

 

Զատկական բերկրանքով և օրհնությամբ՝
ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ

 

Դիտվել է 1772 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք