Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Շուրջ 70 պատանի մասնակցեց գրաբարի օլիմպիադային

Շուրջ 70 պատանի մասնակցեց գրաբարի օլիմպիադային
Ապրիլի 2-ին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում անցկացվեց գրաբարի երկրորդ օլիմպիադան, որին մասնակցում էին շուրջ 70 պատանիներ` Երևանի պետական ու մասնավոր դպրոցների 8-12-րդ դասարանցիները:


Օլիմպիադան մաս է կազմում Արարատյան Հայրապետական թեմի «Գրաբարյան օրեր» ծրագրի, որն իրականացնում է Արարատյան Հայրապետական թեմը՝ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, ՀՀ ԿԳ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և «Փյունիկ» հիմնադրամի աջակցությամբ:


Գրավոր ու բանավոր քննություններից առաջ պատանիներին ողջունեցին ու հաջողություն մաղթեցին Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը և Արարատյան Հայրապետական թեմի Ս. Հովհաննես եկեղեցու խորհրդակատար, «Գրաբարյան օրեր» ծրագրի պատասխանատու արժանապատիվ Տ. Պարթև քահանա Մուրադյանը: Այնուհետև Հայր սուրբի գլխավորությամբ պատանիները Տերունական աղոթքով սկսեցին օլիմպիադան:
Օլիմպիադան անցկացվեց երկու փուլով` գրավոր և բանավոր: Գրավոր աշխատանքներին հետևում էին ճեմարանի սաները: Բանավոր քննության հանձնախմբում էին Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը, Ս. Գայանե վանքի վանահայր Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը, ճեմարանի փոխտեսուչ Տ. Ղևոնդ քահան Տյոմկինը:


Նախորդ անգամ օլիմպիադային մասնակցության հնարավորություն էր ընձեռվել բոլոր ցանկացողներին` հասկանալու համար, թե որքան է հետաքրքրությունը գրաբարի նկատմամաբ: Այս տարի կանոնները մի փոքր խստացվել են. յուրաքանչյուր դպրոց հնարավորություն ուներ ներկայացնելու մինչև երեք աշակերտի:


Օլիմպիադայի արդյունքները կհրապարակվեն առաջիկայում: Լավագույն աշակերտներն ու իրենց ուսուցիչները կպարգևատրվեն: Օլիմպիադայի բոլոր մասնակիցներն ու իրենց ուսուցիչները միասնաբար ուխտի կգնան առաջիկա շաբաթների ընթացքում:
«Գրաբարյան օրեր» ծրագիրը մեկնարկել է 2014թ.-ին` նպատակ ունենալով խրախուսել ու խթանել գրաբարի ուսուցումը պատանիների շրջանում: Այն բավական դրական արձագանքների է արժանացել թե´ դպրոցներում, թե´ պատանիների շրջանում:



Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

1... 2... 3... 4... 5... 6... 7... 8... 9...
Դիտվել է 870 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք