Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Ս. Հարության տոնին նվիրված միջոցառումներն Արարատյան Հայրապետական թեմում

Ս. Հարության տոն
 

Մարտի 27-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը: ժամը 11.00-ին բոլոր եկեղեցիներում կմատուցվի տոնական Ս. Պատարագ: Տոնի խորհրդի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ.


Զատկական տոնակատարությունները սկսվում են տոնի նախընթաց երեկոյան` Ճրագալույցի Ս. Պատարագով:

 




Ս. Հարության տոնին նվիրված միջոցառումներն
Արարատյան Հայրապետական թեմում
 

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմում կազմակերպվում են մի շարք միջոցառումներ՝ նվիրված Ս. Հարության տոնին:
 

Ձեր ուշադրությանն  ենք ներկայացնում միջոցառումների ժամանակացույցը: Եթե ցուցակում նշված չէ ժամը, ապա միջոցառումները կսկսվեն Ս. Պատարագի ավարտին` մոտավորապես` ժամը 13.00-13.30-ի սահմաններում:

 

Մարտի 26-ին
 

17.00-ին ժամերգություն բոլոր եկեղեցիներում

18.00-ին Ճրագալույցի Ս. Պատարագ բոլոր եկեղեցիներում

19.30-ին - «Հարության Ավետիս» խորագրով կանթեղներով երթ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց Մաշտոցի Պողոտայով դեպի Հանրապետության հրապարակ: Քարե գորգի վրա երիտասարդները վառվող կանթեղներով խաչ կկազմեն` ավետելով Քրիստոսի հրաշափառ Հարությունը:

 

Մարտի 27-ին
 

13.30-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանի բակում ելույթ կունենա «Վարք Հայոց» ազգագրական երգուպարի խումբը:
 

14.00-ին  Ս. Երրորդություն եկեղեցու բակում նախատեսվում է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սաների ու եկեղեցու երիտասարդաց միության անդամների համատեղ  միջոցառումը: Միջոցառման ընթացքում տեղի կունենա ծիսական համերգ-ներկայացում, զատկական ցուցահանդես: Երգող, պարող խմբերի շուրջ տեղի կունենա պերֆորմանս՝ արվեստի գործողություն-ակցիա, որի ընթացքում գետնին կդրոշմվեն գեղարվեստական լուծումներով պատկերներ: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարության կողմից մասնակիցներին կբաժանվեն նաև ներկված հավկիթներ:
 

Զորավոր Ս.Աստվածածին եկեղեցում Երևանի Կենտրոն վարչական շրջանի մշակույթի բաժինը կկազմակերպի զատկական տոնախմբություն: Զորավոր Ս.Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միությունը տոնական միջոցառում կիրականացնի նաև մարտի 29-ին Հ. Կոջոյանի տուն-թանգարանում:
 

Երևանի Ս.Հովհաննես եկեղեցու բակում  կկազմակերպվի հավկիթների  օրհնություն և հյուրասիրություն:
 

14.00-ին Քանաքեռի Ս. Հակոբ  եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Սերովբե ավագ քահանա Պետրոսյանի և   վարչական շրջանի 14 դպրոցների աշակերտների կողմից կկազմակերպվի միջոցառում Դավիթ Անհաղթի հրապարակում՝ նվիրված Ս. Հարության տոնին: Միջոցառումից զատ՝ նախատեսվում է նաև  դպրոցների սաների աշխատանքների ցուցահանդես- վաճառք: Կկատարվի նաև միջոցառման մասնակիցների օրհնության կարգ:
 

Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու բակում  կկազմակերպվի  միջոցառում  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ –ի Հայորդաց տան սաների մասնակցությամբ:
 

Նորագավիթի Ս.Գևորգ եկեղեցու բակում  նախատեսվում է հավկիթների  օրհնություն և համերգային ծրագիր վարչական շրջանի մշակույթի տան սաների մասնակցությամբ:
 

Ավանի Ս.Աստվածածին մատուռի բակում նախատեսվում է տոնական հյուրասիրություն և համերգային ծրագիր վարչական շրջանի աջակցությամբ:
 

Արգավանդի  Ս. Սարգիս եկեղեցու բակում  տեղի կունենա  միջոցառում՝ կազմակերպված կիրակնօրյա դպրոցի սաների կողմից: Ինչպես նաև Ս. Հարությանը նվիրված դպրոցական ինտելեկտուալ խաղի մրցանակաբաշխություն:
 

Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում  կկատարվի մատաղի հյուրասիրություն:
 

Արարատի Ս. Հակոբ եկեղեցու բակում   կկազմակերպվի համերգային ծրագիր և մատաղի հյուրասիրություն:
 

Վեդու Ս.Աստվածածին եկեղեցու բակում  կկազմակերպվի հավկիթների օրհնություն և մատաղի հյուրասիրություն: Նախատեսվում է նաև համերգային ծրագիր Սիսավանի, Գոռավանի  պարային համութների, Վեդու մշակույթի տան սաների և  Վեդու ազգագրական երգ ու պարի համույթի մասնակցությամբ:
 

Մասիսի Ս. Թադեոս եկեղեցու բակում  կիրականացվի եկեղեցու երիտասարդաց միության, «Փոքրիկ գիտունիկ» մանկապարտեզի,  կիրակնօրյա դպրոցի և Մասիսի թիվ 2 միջնակարգ դպրոցի սաների համատեղ միջոցառում:
 

Մարմարաշենի Ս. Գևորգ եկեղեցու բակում  կկազմակերպվի հավկիթների օրհնություն, մատաղի և զատկական ուտեստների հյուրասիրություն: Նախատեսվում է նաև  տոնի խորհրդի մասին պատմող թերթոնների բաժանում և համերգային ծրագիր եկեղեցու երիտասարդաց միության  մասնակցությամբ:
 

Արտաշատի Ս. Հովհաննես եկեղեցու բակում  կկազմակերպվի հավկիթների օրհնություն, մատաղի և զատկական ուտեստների հյուրասիրություն: Նախատեսվում է նաև  տոնի խորհրդի մասին պատմող թերթոնների բաժանում և համերգային ծրագիր եկեղեցու երիտասարդաց միության  մասնակցությամբ:
 

Մասիսի Ս. Գևորգ եկեղեցու բակում կմատուցվի սիրո ճաշ:
 

Մխչյանի Ս. Հովհաննես եկեղեցու բակում  կիրականացվի հավկիթների օրհնություն և մատաղի հյուրասիրություն: Նախատեսվում է  նաև միջոցառում՝ կազմակերպված կիրակնօրյա դպրոցի  սաների կողմից և ցուցահանդես - վաճառք:
 

Նորաբացի Ս. Աստվածածին  եկեղեցու բակում  կկազմակերպվի հավկիթների  օրհնություն, սիրո ճաշ, ինչպես նաև  համերգային ծրագիր եկեղեցու  երիտասարդաց միության և գյուղի դպրոցի սաների մասնակցությամբ:
 

Ներքին Դվինի Ս. Հարություն եկեղեցու  բակում տեղի կունենա հավկիթների  օրհնություն,  մատաղի հյուրասիրություն: Միջոցառման ընթացքում  ելույթ կունենա Դվինի միջնակարգ դպրոցի պարի խումբը :
 

Նուբարաշենի Ս.Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Նիկողոս քահանա Հովհաննիսյանը, վարչական շրջանի հ. 95 դպրոցում, օրհնության կարգ կկատարի զատկական միջոցառման մասնակիցների համար: 
 

Վերին Արտաշատի  Ս. Աստվածածին եկեղեցում հավարտ Ս. Պատարագի մատաղ ու ներկված հավկիթներ կհյուրասիրվի եկեղեցու այցելուներին:  

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 

 

 

Դիտվել է 1321 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք