Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Նրանք չարչարվել են, իսկ մենք բերկրում ենք

Ս. Գրիգոր Լուսավորչի` Խոր Վիրապից ելքի տոնի նախընթաց երկուշաբթի և երեքշաբթի օրերին (այս տարի հունիսի 12-13-ին) Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Ս. Հռիփսիմյանց և Ս. Գայանյանց կույսերի հիշատակը։


«Մարտիրոսների հիշատակությունը տոն է և հոգևոր ուրախություն: Նրանք չարչարվել են, իսկ մենք բերկրում ենք, նրանք հերոսություն են գործել, մենք ուրախանում ենք, նրանց պսակը փառքն է բոլորի, ավելի շուտ փառքը ողջ եկեղեցու»․ (Ս. Հովհան Ոսկեբերան)։


Կյանքի գնով հավատարիմ մնալ հավատքին. Ս. Հռիփսիմյանց և Ս. Գայանյանց զոհաբերությունը քրիստոնության հաղթանակն էր, և մենք տոնում ենք նրանց հաղթանակն անկյալ աշխարհի նկատմամբ։


Կույսերի նահատակությունը շրջադարձային եղավ հայոց պատմության համար։ Նրանց նահատակությունից հետո 13-ամյա բանտարկությունից ազատ է արձակվում Ս. Գրիգոր Լուսավորիչը, ում շնորհիվ տեղի ունեցավ հայոց Մեծ Դարձը։


Հռիփսեմեն 37 քրիստոնյա կույսերից մեկն էր, ով Գայանե մայրապետի հետ ապրել է Դիոկղետիանոս կայսեր օրոք (284-305 թթ.) Հռոմի լեռներում գտնվող Ս. Պողոս վանքում։ Փախչելով Դիոկղետիանոս կայսեր հալածանքներից` կույսերը գալիս են արևելք, երկրպագում Փրկչի տնօրինական տեղերին և ապա Եդեսիայով անցնում Հայաստան ու հաստատվում Վաղարշապատ մայրաքաղաքի մոտ` հնձաններում: Ճանապարհին, Վարագա լեռան մոտով անցնելիս Հռիփսիմեն սուրբ խաչափայտից մի մասունք, որը ժառանգաբար էր ստացել և միշտ կրում էր իր պարանոցին, ամփոփում է հայոց հողում: Այս մասունքը հրաշքով գտնվում է 7-րդ դարում, որից հետո Հայ Առաքելական եկեղեցին խաչի տոների շարքում սկսում է տոնել նաև Վարագա Ս. Խաչի տոնը:


Հայոց Տրդատ արքան, լսելով կույսերի պատմությունը և իմանալով Ս. Հռիիփսիմի գեղեցկության մասին, ցանկանում է կնության առնել Ս. Հռիփսիմեին: Վերջինիս բերում են պալատ, նրա հետ նաև՝ Ս. Գայանեին, որպեսզի Հռիփսիմեին հորդորի չհակառակվել թագավորին: Սակայն Ս. Գայանեն համոզելու փոխարեն քաջալերեց կույսին, հորդորեց կայուն մնալ Քրիստոսին տրված հավատարմության մեջ:
Ի վերջո՝ Տրդատի հրամանով Սուրբ Հռիփսիմեն և մյուս կույսերը չարաչար տառապանքներով ու տանջանքներով նահատակվեցին:
Հաջորդ օրը նույն ամենադաժան մահվան արժանացավ նաև Գայանեն. սկզբում կտրեցին լեզուն, «որ համարձակվել էր իր վնասակար խրատներով կորստյան մատնել այնպիսի կույսին, որն աստվածների գեղեցկությունն ուներ մարդկանց մեջ»: Դահիճները սպանեցին նաև հնձանում մնացած այն միակ հիվանդ կույսին, որ չէին տարել նահատակության:


Եկեղեցական տոնացույցում ներգրավված սրբերն իրենց նվիրյալ կյանքով օրինակ են բոլոր քրիստոնյաների համար: Այսօր էլ Եկեղեցին կարիքն ունի նվիրյալ հավատացյալների, ովքեր սիրով ու հավատքով կծառայեն Աստծուն և որոնց դերն ու գործը շրջադարձային կլինեն քրիստոնեության համար։


Հասմիկ Թամամյան

Դիտվել է 1639 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք