Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Դարբնիկում կատարվեց եկեղեցու հիմնարկեք

Սեպտեմբերի 30-ին Արարատյան Հայրապետական թեմի Դարբնիկ համայնքում Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ օծվեցին նոր կառուցվող եկեղեցու հիմնաքարերը, և կատարվեց հիմնարկեքի արարողություն: Սրբազան հորն ուղեկցում էին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տ. Շահե քահանա Հայրապետյանն ու Երևանի Ս. Հովհաննես եկեղեցու խորհրդակատար Տ. Պարթև քահանա Մուրադյանը:


Համայնքի անդամները՝ Նորաբացի Ս. Աստվածածին եկեղեցու ու Դարբնիկի հոգևոր հովիվ Տ. Մարտիրոս ավագ քահանա Ավետիսյանի, ԱԺ պատգամավոր Մուրադ Մուրադյանի, Մասիսի նորընտիր քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և համայնքի ղեկավար Դավիթ Գզիրյանի գլխավորությամբ Սրբազան հորը դիմավորեցին աղուհացով:
Համայնքում հիմնարկեքի արարողության համար ընտրել էին «Հավատքով համախմբված Դարբնիկ» խորագիրը:
Արարողությունը սկսվեց Տերունական աղոթքով: Սրբազան հայրը սրբալույս Մյուռոնով օծեց նախապես ջրով ու գինով լվացված հիմնաքարերը: Եկեղեցու բարերարներն ու համայնքի անդամները 16 քարերը տեղադրեցին եկեղեցու 16 սյուների հիմքերում:


Շնորհավորելով համայնքին կառուցվող եկեղեցու հիմնարկեքի արարողության առթիվ՝ Սիոն Սրբազանն իր շնորհակալությունը հայտնեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին՝ արարողությունը կատարելու հնարավորությունն իրեն ընձեռելու համար և նրա օրհնությունները փոխանցեց բոլոր ներկաներին: Սրբազան հայրը հույս հայտնեց, որ շատ չի ուշանա այն օրը, երբ վեր խոյացած այս եկեղեցու օծման արարողությունը կրկին տոնի կվերածվի Դարբնիկում:


ԱԺ պատգամավոր Մուրադ Մուրադյանը շնորհակալություն հայտնեց Սրբազան հորը և շնորհավորեց համայնքին՝ եկեղեցու կառուցման առիթով: Նա նշեց, որ եկեղեցին ազգային ու հոգևոր արժեքների պահպանության երաշխավորն է:


Համայնքի ղեկավար Դավիթ Գզիրյանը իր խոսքում ուրախությամբ նշեց, որ նախորդ դարի 60-ականներից հիմնավորված այս համայնքում վերջապես Աստծո տաճար է վեր խոյանալու: Այն կդառնա համայնքի անդամներին միավորող, արժեքներ ծնող ու գյուղի հոգևոր կարիքները սպասարկող կառույց:


Գոհության ու երախտիքի խոսքեր ասացին նաև մոսկվայաբնակ բարերար Սերգեյ Մովսիսյանն ու գյուղի դպրոցի փոխտնօրեն Արևիկ Սարգսյանը:


Եկեղեցին կառուցվում է համայնքի անդամների ջանքերով: Գյուղի երիտասարդների նախաձեռնությանը միացել են բարերարներ, արտերկրում ապրող համագյուղացիներ ու համախոհներ:


Եկեղեցու ճարտարապետը Հակոբ Բաբախանյանն է: Նրա խոսքով՝ եկեղեցին նախագծվել է 18-րդ դարին բնորոշ եկեղեցական ճարտարապետոության ոճով:


Օրը տոնախմբության վերածվեց «Վերժին» պարային համույթի ելույթով: Բոլոր ներկաներին բարերարների կողմից մատաղ մատուցվեց:

 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Դարբնիկում եկեղեցու հիմնարկեք Դարբնիկում եկեղեցու հիմնարկեք Դարբնիկում եկեղեցու հիմնարկեք Դարբնիկում եկեղեցու հիմնարկեք
Դիտվել է 930 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք