Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

«Զորավոր» Ավետարանը բերվեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի

Մայիսի 14-ին Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի ուխտի եկած բազմաթիվ հավատացյալների փափագն էր մասնակցել ուխտի Սուրբ Պատարագին և հաղորդակից լինել «Զորավոր» հրաշագործ Ավետարանին՝ հայցելով Ս. Մովսես Գ Տաթևացի հայրապետի բարեխոսությունը: Իր հրաշագործությամբ հայտնի «Զորավոր» Ավետարանը նախկինում կոչվել է «Վիշապկենց»: 14-րդ դարից առ այսօր Ավետարանը հանգրվանել է Երևանի Երկուերեսնի և Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցիներում, Արտազի Ս. Թադեի վանքում, ապա՝ Ս. Էջմիածնում, իսկ 1939 թ-ից՝ Մաշտոցյան Մատենադարանում: 73 տարվա դադարից հետո արդեն վեցերորդ տարին է, որ հավատավոր հայորդին տարվա մեջ մեկ օր՝ մայիսի 14-ին՝ Ս. Մովսես Գ Տաթևացի հայրապետի (1629-1632թթ.) մահվան հիշատակության օրը, հնարավորություն ունի հաղորդակցվելու «Զորավոր» Ավետարանի օրհնությանը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում:


Այս տարի ևս, մինչ Ս. Պատարագի սկիզբը, եկեղեցու հոգևոր դասը, հավատացյալները և տարբեր թեմերից ժամանած ուխտավորներ Փարպեցի-Թումանյան փակուղուց հանդիսավոր թափորով դիմավորեցին «Զորավոր» Ավետարանը, որը Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի բերվեց՝ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ: Թափորը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ մուտք գործեց եկեղեցի և «Զորավոր» Ավետարանը դրվեց եկեղեցու Սուրբ Սեղանին:


Պատարագիչը Տեր Վահան քահանա Առաքելյանն էր: Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում հավատացյալները մինչ Երեկոյան ժամերգությունն իրենց խոնարհումն ու երկրպագությունը բերեցին «Զորավոր» Ավետարանին:

Դիտվել է 759 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք