Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Ս. Անանիայի աջը բերվեց Ս. Զորավոր Աստվածածին եկեղեցի

Այս տարի հոկտեմբերի 11-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Ս. Անանիայի և ևս հինգ սուրբ առաքյալների հիշատակության օրը: Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի արտոնմամբ Արարատյան Հայրապետական թեմի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի տեղափոխվեց սրբի մասունքակիր աջը: Քահանաների գլխավորությամբ, խաչի ու խաչվառների հետ հավատացյալները թափոր էին կազմել` սրբի մասունքը խնկով ու շարականների երգեցողությամբ դիմավորելու համար:
 

Եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Գրիգորյանը մասունքակիր աջը նախ իջեցրեց Ս. Անանիայի մատուռ՝ հայցելով Սրբի բարեխոսությունը, ապա ՝ եկեղեցում օրհնության կարգ կատարելուց հետո, մասունքակիր աջը դրեց Ս. Խորանին: Մատուցվեց Սուրբ և անմահ Պատարագ: Պատարագիչն արժանապատիվ Տ. Վահան քահանա Առաքելյանն էր:
Սրբի աջը եկեղեցում էր մինչև երեկոյան ժամերգության ավարտը` 17:30:


Ս. Անանիան Քրիստոսի 72 աշակերտներից էր: Ավետարանում նա հիշատակվում է որպես Աստծո անունից Ս. Պողոս առաքյալին կուրությունից բժշկող: Ըստ ավանդույթի՝ Ս. Անանիայի մասունքները Հայաստան են բերվել մեր հավատքի հայր Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից և ամփոփվել Երևանում: Սրբի գերեզմանը Երևանի Ս. Զորավոր Աստվածածին եկեղեցու բակում գտնվող մատուռում է: Այն հայտնի ուխտատեղի է ոչ միայն քրիստոնյաների շրջանում. այստեղ հաճախ են ուխտի գալիս բժշկության կարիք ունեցողները` անկախ կրոնական պատկանելությունից: Բժշկության հրաշքներով հայտնի լինելու շնորհիվ սրբի շիրիմի մոտ կառուցված եկեղեցին կոչվել է Ս. Զորավոր: Այս եկեղեցին միջնադարում եղել է գրչության հայտնի կենտրոն, իսկ ճգնավորների համար՝ անապատ: Այստեղ են ապրել, ճգնել ու վարդապետել Մովսես Տաթևացի կաթողիկոսը, աշխարահռչակ Հովհաննես Կոզեռնը և շատ այլ մեծամեծ գիտնական-հոգևորականներ:



Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Սուրբ Անանիային աջը Սուրբ Անանիային աջը Սուրբ Անանիային աջը Սուրբ Անանիային աջը
Դիտվել է 866 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք