Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Ճամբարը՝ երեխաների հոգևոր ուխագնացության սկիզբ

«Մենք ամեն օր կմասնակցենք ժամերգություններին», «ես էլ դասերից հետո կվազեմ եկեղեցի», «ամեն կիրակի պատարագի եմ գալու». եթե այս բառերը լսվում են  բակային հոգևոր ճամբարին մասնակցած երեխաների շուրթերից, ապա Ս. Երրորդություն եկեղեցու երիտասարդաց միության անդամների սկզբնական նպատակները կարելի է համարել իրագործված:

 

«Մեծ դժվարությամբ հրաժեշտ տվեցինք ճամբարականներին՝ խոստանալով, որ սա մեր վերջին հանդիպումը չէ: Առաջին օրից սկսած երեխաներին սպասում էինք անհամբերությամբ, որպեսզի կարողանանք նրանց փոխանցել մեր հոգևոր գիտելիքները, նրանց համար ձևավորեինք գեղեցիկ հուշեր՝ կապված եկեղեցու հետ և մոտեցնենք նրանց եկեղեցական կյանքին», - ասում են ջոկատավարները:

 

Եկեղեցու երիտասարդաց միության անդամները նպատակ էին դրել երեխաների մեջ արթնացնել հոգևոր և ազգային արժեքները, քարոզների միջոցով երեխաներին ուղղորդել դեպի եկեղեցի, պարերի միջոցով նրանց մոտեցնել հայկական մշակույթին, և ճամբարային 10 օրերի արդյունքում ստացվեց հասնել հաջողության:

 

Երեխաները հոգևոր դասերից, պարից ու բակային խաղերից բացի հնարավորություն ունեցան նաև ուխտագնացություն կատարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, այցելել Խնկո Ապոր անվան ազգային գրադարան և Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան: Իսկ ճամբարի վերջին օրը տպավորվեց կենդանաբանական այգի  այցելությամբ:

 

Բակային հոգևոր ճամբարները մանուկների համար առիթ են դեպի եկեղեցի առաջին քայլերը կատարելու համար: Ս. Երրորդություն եկեղեցու բակային ճամբարը համայնքի մոտ 40-45 երեխայի համար եղավ իրապես հոգևոր ուխտագնացություն՝ լի նոր գիտելիքներով, հուշերով, երջանիկ պահերով ու աղոթքով:

 

Մոնիկա Ներսիսյան

Դիտվել է 827 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք