Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Տեառնընդառաջի տոնն Արարատյան Հայրապետական թեմում

Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Սուրբ Ծննդից 40 օր հետո, նշում է քառասունօրյա Մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը։


«Ինչպես Տիրոջը տաճարին ընծայելու ժամանակ ժողովուրդը ջահերով և կանթեղներով ելավ Նրան ընդառաջ, մենք էլ նույն օրինակով կրակ ու ջահ ենք վառում և Տիրոջ գալստյան նախատոնակը կատարում: Հեթանոսներն Աստծո պատիվը կրակին էին մատուցում, իսկ մենք կրակը, որպես Քրիստոսի ծառա, բերում ենք Նրան ծառայեցնելու»: (Ս. Գրիգոր Տաթևացի)


Համաձայն հրեական օրենքի՝ Մարիամն ու Հովսեփը քառասուն օրական Հիսուսին տանում են տաճար: Այստեղ էր Սիմեոն անունով բարեպաշտ ծերունին, ում Աստված խոստացել էր, որ մահ չի տեսնի այնքան ժամանակ, մինչև կտեսնի աշխարհի ու մարդկության Փրկչին: Ավանդույթն ասում է, որ Սիմեոն ծերունին շուրջ 300 տարեկան էր: Նա ընդառաջ է գալիս Մանուկ Հիսուսին՝ Նրան իր գիրկն առնելով: Այստեղից էլ՝ «Տիրոջն ընդառաջ» արտահայտությունը:


Քրիստոնյաների կյանքում տոնն իր կարևոր պատգամն ունի՝ գնալ Տիրոջն ընդառաջ ու քայլել Նրա ճանապարհներով:


Տեառնընդառաջի ժողովրդական ավանդույթներից է խարույկ վառելը և այդ խարույկի շուրջ տոնակատարությունը: Հնում խարույկը վառում էին հիմնականում ցորենի հասկերից: Խարույկը վառվելու ընթացքում կանայք սկուտեղի վրա բերում էին Տեառնընդառաջի տոնական կերակրատեսակների` փոխինձի, չամիչի, աղանձի, ընկույզի, բոված սիսեռի մի մասը բաժանում էին, մյուս մասը ներս տանում` երեկոյան խնջույքի համար:


Տեառնընդառաջի ծիսական արարողակարգը սկսվում է փետրվարի 13-ին՝ երեկոյան ժամերգության ավարտին, երբ սկսվում է նախատոնակը, և ըստ եկեղեցական տոնացույցի օրը փոխվում է:
Արարատյան Հայրապետական թեմի բոլոր համայքներում առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Տեառնընդառաջի տոնին կազմակերպվում են հոգևոր և ազգային բովանդակությամբ բազմաթիվ միջոցառումներ:


Փետրվարի 13-ին՝ երեկոյան ժամերգությունից հետո, ԱՀԹ Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու բակում կազմակերպվել էր Տեառնընդառաջի ուշագրավ արարողություն, որն իր գեղեցիկ խորհրդով միավորել էր Նոր Նորքի բնակիչներին՝ դառնալով ազգային տոնախմբություն: Միջոցառումը զուգակցվեց Նոր Նորքի ուսումնամեթոդական, գիտաարտադրական կենտրոնի, «Փոքրիկ գիտակներ» նախակրթարանի, կենտրոնական գրադարանի և Ա. Ղուլյանի անվան մանկապատանեկան մարզատեխնիկական կենտրոնի կողմից ներկայացված ձեռարվեստի աշխատանքների թեմատիկ ցուցահանդեսով։ Կազմակերպվեց նաև խարույկահանդեսի արարողություն՝ իր շուրջը համախմբելով բազմաթիվ նորապսակների:


Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նորայր ավագ քահանա Բաղդասարյանի մասնակցությամբ և օրհնությամբ Տեառնընդառաջը նշվեց նաև համայնքի թիվ 143 հիմնական դպրոցում:


Ս. Զորավոր եկեղեցու բակում ևս թաղապետարանի, եկեղեցու տիկնանց և երիտասարդաց միությունների նախաձեռնությամբ տեղի ունեցավ տոնական միջոցառում: Ժամերգությունից հետո մասնակիցները բեմադրության միջոցով ներկայացրեցին Տեառնընդառաջի պատմությունը, որին հաջորդեց ազգագրական երգուպար, հյուրասիրություն և ավանդական խարույկ։


Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցու բակում հայորդաց տան սաների մասնակցությամբ խարույկի շուրջ տեղի ունեցավ գեղեցիկ համերգային ծրագիր:


Ս. Երրորդություն եկեղեցու բակում ևս մեծ տոնախմբություն էր կազմակերպվել տոնի նախատոնակին: Վարչական շրջանի ղեկավարության նախաձեռնությամբ բնակիչների համար օրն անցավ երգուպարով, անակնկալ նվերներով:


Ներքին Չարբախի Ս. Խաչ եկեղեցու բակում Տեառնընդառաջի նախատոնակից հետո ավանդույթի համաձայն օրհնված մոմից առկայծող կրակից հոգևոր հովիվ Տեր Մկրտիչ ավագ քահանա Թովմասյանը վառեց տոնական խարույկը։


Շենգավիթի Ս․Խաչ Զորավոր մատուռում ևս հոգևոր հովիվ Տ․Մկրտիչ ավագ քահանա Թովմասյանը կատարեց Տեառնընդառաջի նախատոնակ և վառեց տոնական խարույկ։


Ավանի Ս. Աստվածածին եկեղեցում միջոցառումը սկսվեց նախատոնակով, որից հետո եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հարություն քահանա Ավագյանն օրհնեց նորապսակներին և մասնակիցներին ներկայացրեց տոնի խորհուրդը: Միջոցառմանը հանդես եկավ «Վերադարձ» ազգագրական երգի-պարի խումբը:


Ս. Կաթողիկե եկեղեցու բակում տոնական խարույկի շուրջ համերգային ծրագրով հանդես եկավ եկեղեցու «Գանձեր» երգչախումբը ։


Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու բակը նույնպես մարդաշատ էր: Համերգային գեղեցիկ ծրագրի և ավանդական խարույկի շուրջ տոնախմբության ընթացքում մասնակիցներին բաժանվեցին նաև փոքրիկ նվերներ՝ աղանձի տեսքով։


Մասիսի Ս. Գևորգ եկեղեցում կատարվեց երեկոյան ժամերգություն, նախատոնակ և Անդաստանի կարգ: Այնուհետև եկեղեցու «Նարեկ» երիտասարդաց միությունը հավատացյալ ժողովրդին ներկայացրեց տոնի պատմությունը, որին հաջորդեց խարույկավառությունը: Արարողությանը ներկա էին նաև 2016 թվականին Մասիսի Ս. Գևորգ Եկեղեցում պսակադրված նորապսակները:


Մասիսի Ս. Թադեոս եկեղեցու հարակից տարածքում բազմաթիվ հավատացյալներ, համայնքի անդամներ, ինչպես նաև նորապսակներ մասնակցեցին Տեառնընդառաջի տոնին: Ավանդական խարույկի շուրջ Ս. Թադեոս եկեղեցու «Գեղարդ» երիտասարդաց միության անդամներն ազգային տարբեր ուտեստներ հյուրասիրեցին ներկաներին և երգուպարով ուրախություն պարգևեցին նրանց:


Մխչյանի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում երեկոյան ժամերգությունից հետո բակում վառվեց ավանդական խարույկը: Եկեղեցու «Վերածնունդ» երիտասարդաց միության անդամները ներկաներին բաժանեցին իրենց ձեռքով պատրաստած տարոսիկները: Օրը հագեցած էր ազգագրական երգուպարով:


Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ժամերգությունից հետո տոնախմբություն կազմակերպվեց խարույկի շուրջ։


Վեդիի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովակիմ քահանա Հարությունյանը Գոռավանի համայնքին ներկայացրեց տոնի խորհուրդը, օրհնեց նորապսակներին։ Գոռավանի գյուղապետ Արսեն Բազիկյանը 13 զույգերի ոսկյա մատանիներ նվիրեց ։ Նորապսակները միջոցառումը շարունակեցին տոնական սեղանների շուրջ։


Տեառնընդառաջի նախատոնակը մեծ շուքով նշվեց նաև Երևանի Ս. Հովհաննես, Նորագավիթի Ս. Գևորգ, Քանաքեռի Ս. Հակոբ, Դավթաշենի Ս. Նահատակաց, Նոր Նորքի Ս. Աստվածածին, Մրգավանի Ս. Հակոբ, Արարատի Ս. Հակոբ, Ներքին Դվին Ս. Հարություն, Մարմարաշենի Ս. Գևորգ, Դալարի Ս. Աստվածածին, Արևշատի Ս. Աստվածածին, Շահումյանյի Ս. Աստվածածին, Նորաբացի Ս. Աստվածածին, Կանաչուտի Ս. Գևորգ եկեղեցիներում:


Փետրվարի 14-ին արդեն բոլոր եկեղեցիներում մատուցվեց Ս. Պատարագ, որի ավարտին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ կատարվում է Նորապսակների օրհնության կարգ:

 


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Տեառնընդառաջ
Դիտվել է 2065 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք