Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Ահա եկան հայոց ազգի օրերը

«Ելի՜ր, կե՜ր, որովհետև երկար ճանապարհ ես գնալու» (Գ Թագ. 19:7), և այդ երկար ճանապարհը քառասնօրյա պահքի շրջանն է: Սակայն, մինչ պահքին հասնելը, բարեկենդան օրերի ճանապարհն անցնում է Երևանի բոլոր վարչական շրջաններով՝ հիշեցնելով դրախտային կյանքի ու ազգային ավանդույթների մասին։

 

Փետրվարի 5-ին հերթը Նուբարաշեն վարչական շրջանինն էր։ Աքլորակռվից մինչև ազգային պարեր, թատերական ներկայացումներ ու ազգային ուտեստների հյուրասիրություն։

 

Նուբարաշենի Ս. Նահատակաց եկեղեցու բակում տոնական միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը ներկայացրեց տոնի խորհուրդը։

 

Բարեկենդանը հայկական հին տոներից է: Այն հայերի ամենաուրախ տոնն է եղել, որը նշել են երկու շաբաթ ուտել-խմելով, երգով, պարով, ուրախ խաղերով, դիմակահանդեսներ կազմակերպելով:

 

Ավանդույթները շարունակելու մտայնությամբ Արարատյան Հայրապետական թեմի նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Երևանի բոլոր վարչական շրջաններում սկսվել է բարեկենդանյան երկշաբաթյա միջոցառումների շարք, որը կավարտվի փետրվարի 11-ին՝ Բուն Բարեկենդանի տոնակատարմամբ։
Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Այն նաև դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու և չարի` գիտության ծառի պտղից, որը պահքի խորհրդանիշն է:

 

Հասմիկ Թամամյան

 

Barekendan Barekendan Barekendan Barekendan Barekendan Barekendan
Դիտվել է 995 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք