Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Ազգային տոնախմբություն Ս. Աննա եկեղեցու բակում

Յարխուշտա, Ալաշկերտի ու Կարինի քոչարի, Երեք ոտք ու նույնիսկ Աստվածապար, որը տարին մեկ անգամ են պարում։ Հունվարի 6-ին Ս. Աննա եկեղեցու բակը ողողվել էր ազգային երգուպարով: Առիթը Հիսուս Քրիստոսի ծնունդն էր. Սուրբ Ծնունդ, որը սկսվեց Ս․ Պատարագով ու Ջրօրհնեքով։
 
Մի խումբ եկեղեցասեր երիտասարդների նախաձեռնությամբ Սուրբ Ծնունդը վերածվեց իրական տոնի: Երիտասարդները, որոնց մեծ մասը ՀՀ մշակույթի գործիչ Գագիկ Գինոսյանի աշակերտներն էին, սկսեցին պարել ու միջոցառմանը ներգրավել պատահական անցորդների: 
 
Նրանք մեծ սիրով ու ոգևորությամբ պատրաստ էին յուրաքանչյուր մասնակցի սովորեցնել պարել: Շուտով փոքրիկ շրջանակը վերածվեց մեծ շրջանի՝ կազմված տատիկ-պապիկներից, մանուկներից ու երիտասարդներից: Փոքրիկ Արմանն այնքան էր հրճվել ու այնպիսի ոգևորությամբ էր պարում, որ գրավել էր բոլորի ուշադրությունը: Երիտասարդների աչքից ես էլ չվրիպեցի ու ինքս էլ չնկատեցի, թե ինչպես հայտնվեցի ամենաակտիվ պարողների շարքում: 
 
«Այսօր սիրո տոն է: Այսօր Քրիստոսի սիրո տոնն է: Թող Նրա սերը միշտ մեզ հետ լինի և մենք էլ այդ սիրով միշտ ուրախ լինենք: Եկեք աղոթենք, որ այս երիտասարդներն էլ միշտ ուժ ու եռանդ ունենան նման միջոցառումներ կազմակերպելու համար», - ասաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանը։
 
Շուտով երգ ու պարին միացավ Գագիկ Գինոսյանը, ով ավելի մեծ աշխուժություն մտցրեց պարողների շրջանում: Նրա խոսքով` միջոցառումը ևս մեկ հնարավորություն է երիտասարդներին ազգային պարերին ծանոթացնելու համար:
 
Սիրանույշը միջոցառման մշտական մասնակիցներից է: Ըստ նրա` միջոցառումը հնարավորություն է ազգայինը տարածելու համար. «Միջոցառման նպատակը Փրկչի ծննդյան տոնի խորհուրդը փոխանցելն ու այդ օրn իրական տոն դարձնելն է», - ընդգծեց նա:
 
Այսօր էլ հայ քրիստոնյայի ոգին  յուրաքանչյուրիս մեջ է: Ուղղակի, ինչպես պարել ենք սովորում քայլ առ քայլ  և հետո միայն ուրիշներին սովորեցնում, այնպես էլ ճշմարիտ քրիտոնյա պիտի դառնանք քայլ առ քայլ ու մյուսներին էլ սովորեցնենք:
 
 
Մարիամ Խաչատրյան
Դիտվել է 2591 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք