Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Սուրբ Աստվածածնի գոտու գտնվելու տոնը

Օգոստոսի 27-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնին նվիրված յոթ տոներից մեկը`Աստվածամոր գոտու գտնվելու տոնը։ Տոնը շարժական է, նշում ենք օգոստոսի 26-ից մինչև սեպտեմբերի 1-n ընկած ժամանակահատվածում՝ Վերափոխմանը հաջորդող երկրորդ կիրակի օրը։

 

Սուրբ Աստվածամայրը քրիստոնեական առաքինությունների մարմնացումն ու անմերժելի բարեխոսն է համայն մարդկության համար: Ծնողների ու զավակների առողջության, խաղաղության, ընտանիքի բարօրության համար, նաև շատ այլ պարագաներում մենք դիմում ենք նրան և խնդրում նրա բարեխոսութունը։ Աստվածամայրը քրիստոնյաներին տվեց կնոջ և մոր իդեալական օրինակ և մինչ օրս իր հրաշագործություններով շարունակում է իր կենդանի ներկայությունն ու ներգործությունն ունենալ մեր կյանքում:



Թե՛ սրբերի մասունքները, թե՛ նրանց պատկանող որոշ իրեր Եկեղեցու և հավատացյալների համար ունեցել են մեծ խորհուրդ ու զորություն, և Աստվածաշնչային դրվագներն էլ փաստում են դրանց զորության մասին։ Տիրամոր վերափոխումից հետո սրբուհու գոտին, թաշկինակը, պատկերները մնացին մեզ՝ հավատացյալներիս իբրև վկայություն այն բանի, որ Աստվածածինը մեզ չի լքել, մեզ հետ է իր արագահաս բարեխոսությամբ, մայրական սիրով ու հոգացությամբ:
Աստվածածնի գոտու բժշկարար զորությամբ շատ հրաշքներ են կատարվել: Հունաց Զոյա կայսրուհին երկար ժամանակ ծանր հիվանդությամբ էր տառապում: Այդ տանջալի օրերին նրան երազում հայտնում են, որ բժշկությունը կտրվի միայն այն դեպքում, երբ նրա վրա դրվի Աստվածամոր գոտին: Այդպես էլ կատարվեց. գոտին տապանակից դուրս բերվեց և բժշկեց հիվանդին:



Ըստ ավանդության՝ Արկադիոս կայսեր օրոք (395-408 թթ.) Երուսաղեմում գտնվում է Ս. Աստվածածնի գոտին, որը հատուկ ուշադրությամբ և հարգանքով տարվում է Կ. Պոլիս: Այնտեղ հավատացյալները մեծ երկյուղածությամբ ընդառաջ են գնում և այն զետեղում եկեղեցում:



Հետագայում Ս. Աստվածամոր գոտին մասնաբաշխվեց տարբեր եկեղեցիների: Երբ Հունաց Ռոմանոս Արգիրի կայսեր դուստրը ամուսնացավ Վրաց Բագրատ թագավորի հետ, իր հետ բերեց գոտուց մի մաս, որն այժմ գտնվում է Վրաստանում՝ Ալեքսանդր կայսեր կառուցած տաճարում: Իսկ մյուս մասն Աթենյան եկեղեցում է: Ս. Կույսի գոտին կայսեր կողմից զարդարվել էր մարգարիտներով ու զմրուխտներով:



Հայ իրականության մեջ Ս. Աստվածածնի գոտու գյուտի տոնը ներմուծել է Սիմեոն Երևանցի Հայրապետը՝ 1774թ. իր հրատարակած օրացույցում:

Դիտվել է 228 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք