Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Ս. Գևորգ զորավարի տոնը մեծ շուքով նշվեց Արարատյան Հայրապետական թեմում

Սեպտեմբերի 24-ին Հայ եկեղեցին նշեց Ս. Գևորգ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս երգեցողի տոնը: Այդ առթիվ Ս. Պատարագ մատուցվեց նրա անունը կրող եկեղեցիներում: Արարատյան Հայրապետական թեմում գործում է Ս. Գևորգի անունը կրող չորս եկեղեցի` Նորագավիթում, Մասիսում, Մարմարաշենում ու Կանաչուտում: Թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ այդ համայնքներում օրհնությամբ կազմակերպվել էին նաև տոնախմբություններ: 
 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի արտոնմամբ Մարմարաշենի Ս. Գևորգ եկեղեցի բերվեցին սրբի մասունքները` ի երկրպագություն հավատավոր ժողովրդի: Մայր Աթոռից մասունքները եկեղեցի բերեց ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը: Ճանապարհին մասունքները հավատացյալների խոնարհմանը դրվեցին նաև Նորագավիթի ու Մասիսի Ս. Գևորգի եկեղեցիներում:


Մարմարշենի Ս. Գևորգ եկեղեցում մասունքները Ս. Սեղանին էին դրված Ս. Պատարագի ողջ ընթացքում: Պատարագիչը Տ. Ղուկաս քահանա Բալայանն էր: Եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Թաթուլ քահանա Գասպարյանը օրհնեց ներկաներին` հայցելով սրբի բարեխոսությունը: Հավատացյալները մասունքները համբուրելու և խոնարհվելու հնարավորություն ունեցան Ս. Պատարագի ավարտին: Հավատացյալներին նաև մատաղ հյուրասիրվեց:



Նորագավիթի Ս. Գևորգ եկեղեցում Ս. Պատարագից առաջ եկեղեցի էր բերվել Տիրամոր Ոսկեկող Ավետարանը, որը հավատավորների խոնարհմանը մնաց մինչև երեկոյան ժամերգության ավարտը: Պատարագիչը Տ. Մյուռոն ավագ քահանա Ադամյանն էր: Հընթացս Ս. Պատարագի հոգևոր հովիվ Տ. Վարդան քահանա Գափոյանի նախագահությամբ օրհնվեցին նաև Նորագավթի հայտնի դեղձերի առաջին պտուղները, ապա բաշխվեցին այցելուներին:
Մասիսի Ս. Գևորգ եկեղեցում պատարագիչը հոգևոր հովիվ Տ. Աշոտ քահանա Սաֆարյանն էր: Ս. Պատարագին Տեր Միքայել քահանա Նուրիջանյանի գլխավորությամբ մասնակցում էին ուխտավորներ Մխչյանի համայնքից: Ներկա էին նաև Մասիս քաղաքի նորընտիր քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, եկեղեցու խաչքավոր Ռուբեն Ներսիսյանը: Հավարտ Ս. Պատարագի մատուցվեց սիրո ճաշ և մատաղ:



Հավարտ Ս. Պատարագի եկեղեցում բակում բացվեց «Հաղթանակ» խորագրով լուսանկարների մրցույթ-ցուցահանդեսը: Հաղթողները պարգևատրվեցին: Ս. Գևորգի տոնի առթիվ մասիսցի չորս ընտանիք ստացավ դրամական օգնություն, որը տրամադրել էր Կարապետյան ընտանիքը:


Կանաչուտի Ս. Գևորգ եկեղեցում Ս. Պատարագը մատուցվեց հոգևոր հովիվ Տ. Նիկողոս քահանա Հովհաննիսյանի ձեռամբ: Հավարտ Ս. Պատարագի եկեղեցու բակում գյուղի դպրոցի երեխաների մասնակցությամբ տեղի ունեցավ համերգ, ներկաներին մատուցվեց սիրո ճաշ և մատաղ:

 


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

1 2
Դիտվել է 395 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք