Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Մարդու էությունն Աստված է

Ո՞վ է ստեղծել Աստծուն:
Այս հարցը «Կանա» քրիստոնեական կրթական կենտրոնի դասերի մասնակից 7-ամյա Գրիգոր Մկրտչյանին հետաքրքրող հարցերից մեկն է, ով հերթական հանդիպում-քննարկման ժամանակ հարցրեց Տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյանին:


«Մարդու էությունն Աստված է: Աստված սեր է, և ինչպես սերը չունի սկիզբ ու վերջ, այնպես էլ Աստված ոչ սկիզբ ունի, ոչ էլ վերջ», - այսպես պատասխանեց քահանան հարցին և Աստվածաշնչից օրինակներ բերեց՝ երեխաներին ավելի հասկանալի լինելու համար:
 

Այնուհետև Տեր Տաճատը երեխաներին բացատրեց «երջանկություն» բառի իմաստը, խորհուրդ տալով նպատակասլաց լինել. «Երջանկություն է, երբ մարդ հասնում է իր նպատակին առաքինությունների՝ խոհեմության, արդարության շնորհիվ: Այդ ժամանակ միայն մարդ կարող է լիարժեք երջանիկ զգալ»:
 

Քահանան հարցեր ուղղեց երեխաներին՝ պարզելու, թե ինչ գիտեն նրանք եկեղեցական կյանքի մասին: Երեխաների պատասխանները միանգամայն բավարարեցին Տեր Տաճատին: Նրանց պատասխաններում զգացվեցին նախորդ հանդիպումներից ստացած գիտելիքները:
 

Մինչ դեռահաս մասնակիցները քահանայի հետ հոգևոր զրույց էին անում, ծնողները «Փսիլայֆ» հոգեբանական աջակցման կենտրոնի հոգեբան Մարիամ Մելքումյանի հետ ի հայտ էին բերում իրենց երեխաների բնավորությունների առանձնահատկությունները և ուժեղ ու թույլ կողմերը: Ծնողներից յուրաքանչյուրն ուզում էր իր երեխայի մեջ տեսնել բնավորության այն գիծը, որը բացակայում է իր մեջ:
 

Մինչև հաջորդ հանդիպումը՝ առաջիկա կիրակի, հոգեբանը խորհուրդ տվեց ծնողներին շաբաթվա ընթացքում ավելի շատ հաղորդակցվել երեխաների հետ և արտահայտել սերն իրենց երեխաների հանդեպ՝ նպատակին հասնելու համար:
 


Նազելի Մարտիրոսյան

«Կանա» «Կանա» «Կանա» «Կանա» «Կանա»
Դիտվել է 492 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք