Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Երբ միասնական ուժերով կյանքի է կոչվում սիրո օրենքը

Քրիստոսի Մարմնի անդամները՝ աստվածային բազմազան շնորհներով օժտված, ջանում են իրենց կյանքում իրականություն դարձնել մի պարզ օրենք՝ սիրո օրենքը. «Վերցրեք միմյանց բեռը և այդպիսով կատարեցե՛ք սիրո օրենքը» (Գաղատացիներ 6:2): Ս. Պողոս առաքյալը սերն անվանել է Քրիստոսի օրենք:

 

Ինչպես շենքի կառուցման մեջ ոչ բոլոր քարերն են, որ նույն նշանակությունն ունեն, մեկն անկյունաքար է, մյուսը՝ հիմնաքար, նույն կերպ է նաև Քրիստոսի Մարմնում՝ Եկեղեցում: Երբ այդ Մարմնի անդամներն իրենց շնորհների և կարողության համաձայն միմյանց բեռը վերցնում են և օգնության ձեռք մեկնում իրար, միասնական ուժերով կյանքի է կոչվում սիրո օրենքը:


Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը սիրո օրենքի գործադրումով իրականություն է դարձնում սոցիալական ծրագրերի իր շարքը: Այդ ծրագրերի շրջանակում եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը նոյեմբերի 2-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում սոցիալապես անապահով Սերգոյան ընտանիքին հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որն այս անգամ տրամադրել էր մոսկվաբնակ Նորիկ Գալստյանը:


Կարիքավոր ընտանիքը բաղկացած է երկու անդամից. Սերգոյան Կարինեն (49 տ.) միայնակ է խնամում իր 10-ամյա դստերը՝ Սերգոյան Լաուրային: Ընտանիքն ապրում է վարձակալությամբ: Կարինեն աշխատանք է փնտրում, որպեսզի կարողանա հոգալ իրենց կարիքները և վճարել տան վարձն ու կոմունալ ծախսերը: Կարինեն մանուկ հասակում մանկական ուղեղային կաթված է ստացել, որի հետևանքով այժմ տեսողական խնդիրներ ունի: Ընտանիքի մայրը նշեց, որ երեխայի հետ կապված որոշ խնդիրներ կարողանում է լուծել «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության շնորհիվ, ուր երեխան հաճախում է դպրոցի դասերից հետո:


Տեր Հայրը բժշկության աղոթք կարդաց ընտանիքի համար: Սերգոյան Կարինեն իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին, համայնքին և աջակից անձին այն ուշադրության և հոգատարության համար, որ ցուցաբերվեց իր ընտանիքի հանդեպ:


Կատարյալ սերը բարձրագույն և բացառիկ պարգև է. «Արդ, կատարյա՛լ եղեք դուք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթեոս 5:48):




Կարինե Սուգիկյան

Դիտվել է 395 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք