Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Ս. Աստվածածնին նվիրված տոնին ԱՀԹ երիտասարդները այցելեցին Արտաշատի ծննդատուն

Արտաշատի ծննդատան առաջին հարկի հենց առաջին սենյակում խաղաղ քնած էին նորածին Աբրահամն ու Անահիտը, երբ ԱՀԹ Ս․Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ․ Պետրոս ավագ քահանա Մալյանը և երիտասարդաց միության անդամներն այցելեցին նրանց։


Եթե փոքրիկները դեռ չէին գիտակցում, թե ինչ է կատարվում, ապա նրանց երիտասարդ մայրիկներն ու բուժանձնակազմը կազմ-պատրաստ էին հյուրերին դիմավորել։ Առիթը Ս. Աստվածածնին նվիրված տոներից Երեքամյա Ս. Աստվածածնի՝ տաճարին ընծայման տոնն էր։


Ըստ ավանդության` երեք տարին լրանալուց հետո, Տիրամոր աստվածավախ ու բարեպաշտ ծնողները` Հովակիմն ու Աննան, իրենց ուխտի համաձայն, Մարիամին ընծայում են տաճարին, ուր նա մնում է մինչև նշանվելը:


Տոնի հաստատումն առնչվում է այն տաճարի հետ, որը կառուցել է Հուստինիանոս կայսրը Ս. Աստվածածնի պատվին հին հրեական տաճարի տեղում՝ Մորեա բլրի վրա: Տաճարի նավակատիքը տեղի է ունեցել 543 թվականի նոյեմբերի 21-ին:


Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի երիտասարդաց միությունների անդամներն արդեն մի քանի տարի շարունակ Ս. Տիրամորը նվիրված բոլոր տոներին այցելում են ծննդատներ ու պոլիկլինիկաներ՝ մկրտության խորհուրդը փոխանցելով նորածիններին ու նրանց ընտանիքներին:
Բացի փոքրիկ Անահիտի և Աբրահամի մայրիկներից մկրտության սրբիչներ, օրհնված խաչեր, նարոտներ և թերթոններ ստացան նաև ծննդատան ապագա մայրիկները։


Երբ Տեր հայրը և երիտասարդները հեռանում էին ծննդատնից, լսվում էր փոքրիկների ճիչը։ Մանկան ճիչը հույս ու ուրախություն է բերում՝ վկայելով, որ ևս մեկ ընտանիքի տան ճրագը վառ պահող և նրա ավանդույթները շարունակող կլինի։ ԱՀԹ երիտասարդների այս ծրագիրը ևս գեղեցիկ ավանդույթի է վերածվել, որը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ երկրագնդի վրա հայ մանուկ կծնվի։
Ժողովրդի մեջ տարածված մաղթանք է․ «Թող բոլոր հայ ընտանիքներում մանկան ճիչ լսվի»։

 


Հասմիկ Թամամյան

Ծննդատուն Ծննդատուն Ծննդատուն Ծննդատուն
Դիտվել է 812 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք