Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Արարատի Ս. Հակոբ եկեղեցին 150 տարեկան է

Դեկտեմբերի 17-ին` Ս. Հակոբ Մծբնա հայրապետի տոնին, մեծ շուքով նշվեց Արարատյան Հայրապետական թեմի Արարատի Ս. Հակոբ եկեղեցու 150-ամյակը։ 1866 թվականին Պարսկաստանի Մակու քաղաքից ներգաղթած հայերի նախաձեռնությամբ կառուցված այս եկեղեցին իրենից հոգևոր և պատմամշակութային մեծ արժեք է ներկայացնում։ Եկեղեցու կառուցումից 150 տարի անց ևս սրբավայրն ուխտավորների պակաս չուներ։ 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի արտոնմամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արարատի Ս. Հակոբ եկեղեցի բերվեց Ս. Հակոբ Մծբնա հայրապետի շնորհաբաշխ Աջը: Համայնքն Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ պատրաստել էր նաև մեծ տոնախմբություն:
Սուրբ Աջը Մայր Աթոռ Սուրբ Էջմածնից բերեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը: Համայնքը հոգևոր հովիվ Տ. Դավիթ քահանա Սահակյանի հետ մասունքը դիմավորեց մեծ թափորով: Աջը եկեղեցում էր մինչև երեկոյան ժամերգության ավարտը: Եկեղեցում Սուրբ և անմահ Պատարագ մատուցեց հոգեշնորհ Տ. Կոմիտաս վարդապետ Հովնանյանը։
Տոնակատարությանը ներկա էին նաև Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը, Արարատյան Հայրապետական թեմի Կանաչուտի Ս. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Դավիթ քահանա Կյուրեղյանը, դպրոցի տնօրեններ և այլ հյուրեր։
Ս․ Պատարագից հետո ուխտավորները և հյուրերը մասնակցեցին մատաղօրհնության արարողության և հյուրասիրության։
Տոնի առթիվ գյուղի մշակույթի տանը կազմակերպվել էր տոնական համերգ, որի ժամանակ ելույթ ունեցան նաև Արարատ քաղաքի Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի սաները։ Ցուցադրվեց համայնքի ջանքերով նկարահանված կարճամետրաժ տեսաֆիլմ`նվիրված Ս. Հակոբ եկեղեցու պատմությանն ու գործունեությանը։


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Արարատի Ս. Հակոբ եկեղեցին 150 տարեկան է Արարատի Ս. Հակոբ եկեղեցին 150 տարեկան է Արարատի Ս. Հակոբ եկեղեցին 150 տարեկան է
Դիտվել է 428 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք