Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

«Խաչի զինվորները»

Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները շարունակում են խաչի քարոզը:


Եթե մի օր ինձ ասեին, թե երթուղային միկրոավտոբուսում ականատես կլինեմ այսպիսի դեպքի, դժվար թե հավատայի։ Մոտ 20-25 երիտասարդ, բոլորն՝ Արարատյան Հայրապետական թեմի սպիտակ շարֆերով, մի քանի խմբի բաժանված՝ նստում են թիվ 64 երթուղային միկրոավտոբուսը և ուղևորվում Հալաբյան փողոց։ Այդ ընթացքում երթուղայինում ծավալվում է հետաքրքիր խոսակցություն։ Երիտասարդներից մեկը դիմում է վարորդին.
- Բարև ձեզ, վաղը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Խաչի գյուտի տոնը։ Այդ առիթով Արարատյան Հայրապետական թեմը Ձեզ նվիրում է օրհնված խաչեր, բայց փոխարենը պետք է մեզ տաք մեքենայի մեջ կախված աչքի ուլունքները։


Որոշ ժամանակ մտածելուց հետո վարորդը համաձայնվում է ու խաչը կախում դիմապակուն ամրացված հայելուն։
Խաչ՝ աչքի ուլունքի դիմաց։ Հոկտեմբերի 22-ին այս տեսարանին կարելի էր ականատես լինել դեպի Հալաբյան փողոց գնացող գրեթե բոլոր երթուղային տաքսիներում, ավտոբուսներում և միկրոավտոբուսներում։


Արդեն երրորդ տարին է, որ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ ԱՀԹ երիտասարդները Սուրբ Խաչի տոներին ընդառաջ իրականացնում են «Խաչի քարոզ» ծրագիրը: Երիտասարդներն այս կերպ նպատակ ունեն վերականգնել Տիրոջ Ս. Խաչի նկատմամբ ունեցած հավատքն ու վստահությունը:


«Ամեն անգամ, երբ բարձանում էինք երթուղային, հաճելի չէր աչքի ուլունքներ տեսնել։ Ի վերջո ԱՀԹ երիտասարդաց միությունների հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի նախաձեռնությամբ որոշվեց աչքի ուլունքների դիմաց խաչեր բաժանել։ Իհարկե, սկզբում երկյուղ կար, թե ինչպես կընկալվի վարորդների կողմից այդ նախաձեռնությունը, բայց արձագանքը շատ ոգևորիչ էր։ Դա էլ առիթ դարձավ, որ երկրորդ անգամ ավելի համարձակ դուրս գանք կանգառ։ Այսօր արդեն խաչի քարոզն ավանդույթ է դարձել», - ասում է ԱՀԹ երիտասարդաց միության անդամ Վարդուհի Խաչատրյանը։
Ըստ արդեն ձևավորված ավանդույթի՝ տոնի նախօրեին Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միության անդամները հավաքվում են Ս. Սարգիս եկեղեցու բակում, որտեղից էլ պիտի շարժվեն արդեն պլանավորված երթուղով։ Մինչ գործի անցնելը Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանն օրհնում է մասնակիցներին, ևս մեկ անգամ զրուցում է նրանց հետ, խորհուրդներ տալիս ու հորդորում չվիճել վարորդների հետ, եթե վերջիններս չհամաձայնվեն հրաժարվել աչքի ուլունքներից։
Ժամը 10:30 է։ Երիտասարդները «զինված», պատրաստ են գործի անցնել ։ «Զինված են», քանի որ սա փոքրիկ կռիվ է սնահավատության և նախապաշարմունքների դեմ։ Արարատյան Հայրապետական թեմի «զինվորների» հանդերձանքի կարևոր մասը սպիտակ շարֆերն են, իսկ զենքերն՝ օրհնված խաչերն ու պահպանիչ աղոթքները, հոգևոր գիտելիքներն ու ամուր հավատը։ Այս ամենը լիովին բավարար է հաղթանակի հասնելու համար։


Ժամը 11:00-ին առաջին մարտն արդեն վերջացել էր։ Գրանցվել էին առաջին հաղթանակները՝ խաչերի դիմաց մասնակիցները վերցրել էին մի քանի աչքի ուլունք, բմբուլներ ու այլ իրեր։ Բայց մասնակիցների ամենակարևոր հաղթանակը վարորդների վերաբերմունքն էր նախաձեռնության հանդեպ։


«Նրանք նույնիսկ գումար չեն վերցնում մեզնից։ Դեպքեր են լինում, որ մեզ կոնֆետ են հյուրասիրում։ Կամ, չեն սպասում, որ մենք մոտենանք իրենց, իրենք են մոտենում և խաչ խնդրում։ Անգամ անցորդներն են մոտենում ու իրենց մեքենաների համար օրհնված խաչ խնդրում», - ոգևորված պատմում է երիտասարդներից մեկը։


Վարորդներից շատերն արդեն ճանաչում են մասնակիցներին, կանգառում տեսնելիս կանգնում ու ժպիտով բարևում են։ Ճիշտ է, լինում են դեպքեր, երբ վարորդները մերժում են ընդունել խաչը կամ հրաժարվել աչքի ուլունքից, բայց երիտասարդները կարծում են, թե դա ժամանակի հարց է։


Ժամը 12:30-ին արդեն դժվար էր գտնել Հալաբյան փողոցով անցնող երթուղային միկրոավտոբուս, որի մեջ կախված չլինեին ԱՀԹ երիտասարդների կողմից բաժանված խաչերը։ Եվս մեկ փոքրիկ «ճակատամարտ» ավարտվեց, որից հետո երթուղայիններն ազատվելով աչքի ուլունքներից՝ զինվեցին խաչերով։


Ամենամյա այս քարոզն, իհարկե, դժվար ճանապարհ է։ Մարդիկ դժվար են հրաժարվում դարավոր սովորություններից, բայց հաղթանակի հասնելու համար ճանապարհը պետք է անցնել քայլ առ քայլ։ Խաչի քարոզը երեք տարի շարունակ իրականացվում է Ս. Խաչին նվիրված տոների առիթներով, որոնք տարվա ընթացքում չորսն են` Ս. Խաչի երևման տոնը, Ս. Խաչվերացը, Վարագա Ս. Խաչի և Ս. Խաչի գյուտի տոները: Ամեն տարի չորս քայլ՝ դեպի հաղթանակ։ Կհանդիպենք մյուս տոնին, ժամը և վայրը կորոշվի նախապես։

 


Հասմիկ Թամամյան

Խաչի քարոզ Խաչի քարոզ Խաչի քարոզ Խաչի քարոզ
Դիտվել է 835 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք