Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Գրաբարի մասնագիտական վերապատրաստում ուսուցիչների համար

Դեկտեմբերի 1-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Ս. Երրորդություն եկեղեցում տեղի ունեցավ Երևանի ու Արարատի մարզի հիմնական ու ավագ դպրոցների ուսուցիչների գրաբարի մասնագիտական վերապատրաստում: 

 

Հանդիպումը կազմակերպվել էր Արարատյան Հայրապետական թեմի «Գրաբարյան oրեր» ծրագրի շրջանակում և նպատակ ուներ ուսուցիչների գիտելիքները թարմացնել, խնդրահարույց հարցերի մասին մասնագիտական խորհուրդներ փոխանցել և հուզող հարցերին պատասխանել: Վերապատրաստման ծրագրին աջակցել էին ՀՀ ԿԳՆ և Երևանի քաղաքապետարանի հանրակրթական վարչությունները:


Հանդիպումը եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պարթև քահանա Մուրադյանը սկսեց Տերունական աղոթքով, ապա ներկաներին փոխանցեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հայրական օրհնությունը:


Ուսուցիչներին ներկայացվեցին «Գրաբարյան օրեր» ծրագիրը, դրա շրջանակում իրականացված միջոցառումները: Ուսուցիչներին առավել հետաքրքիր էր գրաբարի օլիմպիադան, որին մասնակցելու համար արդեն հրապարակվել է Գրաբարի շտեմարան:


Շտեմարանի հեղինակային խմբի ղեկավար Նորայր Պողոսյանն ուսուցիչներին ներկայացրեց դրանից օգտվելու կարգը, բաժինները, առանձնահատկությունները:
Շտեմարանի համահեղինակ, Երևանի թիվ 190 դպրոցի փոխտնօրեն և հայոց լեզվի ուսուցչուհի Լուիզա Սարգսյանն ուսուցիչների համար անցկացրեց վերապատրաստում «Առկայացման կարգը, շարադասությունը և համաձայնությունը գրաբարում» թեմայի շուրջ: Նա առանձնացրել էր հարցերի այնպիսի խումբ, որոնք առավել շատ են հետաքրքրում կամ առավել դժվարությամբ են մատուցվում պատանիներին:


Բոլոր ուսուցիչները թեմի կողմից նվեր ստացան շտեմարանի օրինակներ:
Հանդիպման ավարտին ուսուցիչները շնորհակալություն հայտնեցին օգտակար հանդիպման համար և խնդրեցին կազմակերպել առավել ընդգրկուն դասընթաց-վերապատրաստում:

 


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Դիտվել է 558 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք