Կառույցներ

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Քրիստոնեական դաստիարակության կենտրոն

«Ո՛վ երջանիկ տեր սուրբ Գրիգոր,

Սըրբութեանցըն պաշտոնեայ
Եւ առաջնորդ բանաւոր հօտի,
Ըզքեզ ունիմք բարեխօս առ Յիսուս Միածինըն,
Եւ աղաչող վասըն քո ուխտաւորացըս,
Կանխեա՛, խընդրեա՛
Ըզթողութիւն յանցանաց
Ի քէն աշակերտելոցըս»:

 

Պատմությունը ցույց է տալիս, թե ազգերի կյանքի համար ոչ մի բան այնպես վտանգավոր չէ, ինչպես անհավատությունը և անբարոյականությունը: Սովն ու սուրը, հալածանքը միայն ժամանակավոր վտանգներ են, այնինչ բարոյական անկումը ժողովրդի մահվան նախանշան է: Անհավատությունը և անբարոյականությունը իրավամբ շաղկապված են միմյանց հետ: Բարոյական սկզբունքները առանց կրոնի գուցե անհատների համար կյանքի և գործողության առաջնորդ լինեն, բայց ամբողջ ժողովուրդը անկարելի է առաջնորդել բարոյական սկզբունքներով առանց կենդանի հավատի: Ուրեմն, քրիստոնյա պիտի դառնանք մեր անհատական, ընտանեկան, և ամբողջ ժողովրդական կյանքը բարոյական և ազնիվ դարձնելու համար:
Քրիստոնեության մարմնացումն ու ներկայացուցիչը պատմության մեջ եկեղեցին է: Եկեղեցին իր նվիրապետական և համայնական կազմակերպությամբ, իր կրթական և բարեգործական հաստատություններով, քարոզով և աստվածպաշտությամբ միայն մի բարձրագույն նպատակի արդյունք է՝ սրբազան մի մարդկություն դաստիարակել՝ արժանի Հիսուսի անվան:
Եկեղեցին բարոյական առաջադիմության ամենախոշոր հաստատությունն է, որը ոչ միայն աղոթքի տուն է, այլև գիտության, իմաստության՝ որպես գիտակցական հավատի, սիրո և հույսի հաստատություն:
Հայոց վերածննդի խարիսխը քրիստոնեական ավետարանական վերակենդանությունն է, մեր դարավոր և սրբազան ժառանգության բարեփոխությունն ու բարեկարգությունը:
Երեխաների ազգային-եկեղեցական կրթությունը կարևոր մի փորձ է վերադառնալու մեր արմատներին, մեր ինքնության գիտակցմանը, վերարթնացնելու համար Լուսավորչյան ազգային ոգին:
Քանզի Լուսավորիչն այն նախահայրապետն է, որ իր տասնհինգամյա սոսկալի չարչարանքներով և անդադրում աղաչանքներով հեթանոս Հայաստանի վրա բացեց երկնքի և ողորմության դռները, առաջնորդելով յուր հոտը §յանգիտութենէ ի գիտութիւն¦: Քրիստոնեությունն իր հետ գիտության լույս պիտի բերեր և Լուսավորիչը պետք է պատրաստեր իր հոտը՝ լույսն ընդունելու համար: Եվ Մեծ Խոստովանողն իր գործունեության միջոց ընտրեց քրիստոնեական դաստիարակությունը. «Պիտոյ է մեզ դաստիարակութիւն Աւետարանին», - գրում է Նա «Հաճախապատումի» մեջ: Լուսավորչի քարոզած քրիստոնեական դաստիարակությունը շուտով ազգային դաստիարակության փոխվեց, դարձավ նրա հիմքը: Լուսավորիչն առաջինը Հայ Եկեղեցու հետ կապեց հայ դպրոցի գաղափարը, Եկեղեցու առաջադիմության մեջ տեսավ ազգի առաջադիմությունը:
Այո, եկեղեցու հովանավորության տակ պետք է դաստիարակվի հայ սերունդը, և դրա շնորհիվ աստվածապարգև այդ լույսը հայ ընտանիք պետք է թափանցի:
Քանզի քրիստոնեությունը կյանք է և ոչ տեսություն: Այդ կյանքը Աստծո արքայության գաղափարն է, նրա զարգացումն ու կատարելությունը՝ Աստծո արքայության կատարելությունը: Արքայության կատարելության մեջ Աստծո կամքն է իշխում, և այդ կամքի բովանդակությունն է սերը: Աստծո արքայությունը անարատ, անբիծ սիրո թագավորությունն է: Քրիստոս Ինքը աստվածային պատվիրանների կենտրոնն ու էությունը սիրո պատվիրանն է համարում: Սեր առ Աստված և սեր առ ընկերը Նրա վարդապետության հիմնաքարերն են: Քրիստոսի վերջին խոսքը սիրո պատվիրանն է, և Նրա աշակերտ լինելու նշանը սերն է. «Յայսմ գիտասցէն ամենեքեան, եթէ իմ աշակերտ եք, եթե սիրիցէք զմիմեանս» (Հովհ. ԺԳ:35):
Այս նվիրական առաքելության ծառայի գիտակցությամբ Մայր Եկեղեցուց քրիստոնեական դաստիարակության իրավունք ստանձնած ուսուցիչներս՝ պարզապես հայուհիներս, պարտքի գիտակցումով աշխատում ենք այլադավան ոհամկների ճիրաններից զերծ պահել մեզ հանձնաված մանուկ հոգիները, նրանց դաստիարակելով Լուսավորչի, Նարեկացու, Տաթևացու, Խրիմյան Հայրիկի … այլ կերպ ասած, լուսաճառագ այն շավիղներով, որոնց վախճանը Երկնային փառաց օթևանն է:

 

Հ. Նալբանդյան
Արարատյան Հայրապետական Թեմի
Քրիստոնեական դաստիարակության
կենտրոնի տնօրեն

« Վերադառնալ ցանկ

Եկեղեցական տոներ

« Մայիս 2017 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1
2
3
4
5
6
8
9
10
11
12
13
15
16
17
18
19
20
21
22
23
24
26
27
29
30
31

Թեմական կյանք