ԴԱՎԻԹ Դ ՎԱՂԱՐՇԱՊԱՏՑԻ

ԴԱՎԻԹ Դ ՎԱՂԱՐՇԱՊԱՏՑԻ

(1590-1629)
 

Արդեն անունը հավաստում է, որ Էջմիածնից էր: 1584 թվին Գրիգորը նրան աթոռակից էր դարձրել: Եղել էր փակակալ կամ լուսարարապետ եւ Առաքելի մահից հետո Աթոռի վարչությունը վերցրել էր իր ձեռքը: Մ. Օրմանյանը նրա գահակալությունը դնում է 1590 թվին: Երբեմն նրան որոշ հեղինակներ Դավիթ Ե են համարում: Սակայն, այսպես կոչված, Դավիթ Դ-ն Ամենայն Հայոց կաթողիկոս չի եղել, այլ Աղթամարի: Հայ ժողովուրդը նրանից առաջ եւ նրա օրոք ծանր ժամանակներ էր ապրում, քանի որ օսմանցիները գրավել էին նաեւ Արեւելյան Հայաստանն ու շրջակա տարածքները եւ հաստատել 5 կուսակալություն, որոնց կենտրոններն էին Թավրիզը, Երեւանը, Գանձակը, Շամախին եւ Դարբանդը: Վրաստանը կառավարվում էր սեփական իշխաններով, որոնցից մի քանիսն իրենց հորջորջում էին թագավորներ, չնայած դեռ պարսկական տիրապետության շրջանում պարսից արքունիքի աչքում ընդամենը վալիներ էին: Ծանրացավ հարկային լուծը. մեծ հարկերի տակ ըակավ նաեւ Մայր Աթոռը: Դրանք վճարելն անհնարին էր, եւ կաթողիկոսները պարզապես փախչում էին հարկահավաքներից: Դավիթ Դ-ն իրեն աթոռակից դարձրեց Մելքիսեդեկ Գառնեցուն, որը նրան պիտի օգներ դրամ հայթայթելու գործում: Վերջինս փառասեր էր ու իշխանասեր եւ հասավ աթոռակցի պաշտոնին 1593 թվին: Վիճակը հազիվ թե լավացավ, քանի որ փողը ծախսողների թիվը կրկնապատկվեց միայն:


Իսկ պարտքերը գնալով աճեցին՝ հասնելով 50 հազար ղուռուշի: Ղուռուշն այն ժամանակ հավասարարժեք էր իտալական կրոսսո դրամին, ինչը 25 անգամ մեծ էր XX դարի սկզբի ղուռուշի համեմատությամբ: Վիճակն այնքան բարդացավ, որ թե՛ կաթողիկոսը եւ թե՛ աթոռակիցը փախուստի մեջ էին եւ թաքնվում էին հարկահաններից: Նրանք շարունակ տեղից տեղ էին փոխադրվում, եւ այն էլ՝ գիշերով, որ չհայտնաբերվեն: Վիճակը շտկելու համար Կոստանդնուպոլիս գնաց Մելքիսեդեկը՝ հավանաբար 1598 թվին, եւ արժանացավ փայլուն ընդունելության: Բանն այնտեղ հասավ, որ հայազգի մեծատունները Տիրատուր Սսեցուն զրկեցին պատրիարքությունից եւ նրան պատրիարք հռչակեցին 1599 թվին: Սակայն Մելքիսեդեկի առաքելությունն առանձին օգուտ չբերեց: Հայ մեծամեծները կամենում էին նրանից օգտվել, իսկ նա՝ նրանցից: Այդ ամենի արդյունքում նա իր հարգը կորցրեց եւ արդեն 1600-ին հեռացվեց պատրիարքությունից: Նա ստիպված էր վերադառնալ Էջմիածին՝ առանց Մայր Աթոռին օգուտ բերելու:


Այդ օրերին հիշվում է մի աթոռակից կաթողիկոս եւս՝ Ավետիս անունով, որի ով եւ որտեղից լինելը, ինչպես նաեւ աթոռակից դառնալու թվականը հայտնի չեն: Նա հիշվում է հարեւանցիորեն՝ Զաքարիա Քանաքեռցու կողմից, նրան գիտի Գրիգոր Դարանաղցին: Բայց որքան էլ տարօինակ լիներ, նրա գոյությունը հայտնի չէ Դավրիժեցուն: Վերջինս միշտ հիշատակում է Դավթին եւ նրա աթոռակից Մելքիսեդեկին: Մ. Օրմանյանը, հենվելով Դավրիժեցու վրա, Ավետիսի աթոռակալությունը չի ընդունում եւ նրա խնդիրը թողնում է ապագային:


Դավթի հովվապետությունը համընկավ պարսից Շահ-Աբասի գահակալությանը: Վերջինս 1590 թ. հաշտություն կնքեց շատ ծանր պայմաններով, սակայն այլ ելք չուներ՝ իր տերությունը կրկին զորացնելու համար: Նրան հաջողվեց կամաց-կամաց տերությունը դուրս բերել ծանր վիճակից: Մ. Օրմանյանի կարծիքով՝ դրան նպաստեց նրա բարյացակամ վերաբերմունքը հայերի նկատմամբ, սակայն եթե հիշենք հայերի՝ նրա կազմակերպած տեղահանությունը XVII դարի սկզբներին, հազիվ թե դա կարելի է բարյացակամություն համարել: Չենք ժխտում, որ շատ դեպքերում նա հովանավորում էր հայերին: Պատրաստվելով պատերազմի օսմանների դեմ՝ նա կամենում էր ձեռք բերել հայերի օժանդակությունը թե՛ առեւտրական եւ թե՛ արհեստագործական ասպարեզներում:


Դրա արդյունքն այն եղավ, որ թե՛ մահմեդականները եւ թե՛ քրիստոնյաները սկսեցին գաղթել Պարսից սահմանները: Նրանք այդ ճանապարհով փորձում էին խուսափել օսմանյան լծից եւ հարկահանությունից: Հականե-հանվանե հիշվում են Ղազի խանը եւ Հայաթ բեկը, որ քուրդ ցեղապետներ էին, վրացի շատ իշխանավորներ նույնպես Սիմոն խանի բանտարկությունից ու սպանությունից հետո Պարսկաստանին ապավինեցին, հայազգի իշխանավորներից՝ Սարուխան բեկը եւ նրա եղբայր Նազար բեկը Ոսկանապատ գյուղից, Օղլան քեշիշը եւ նրա եղբայր Ղուլու բեկը Հաթերք գյուղից, Ջալալ բեկը եւ նրա եղբորորդիները Խաչեն գավառից, Սուջում մելիքը Դիզակից, Փաշիկ մելիքը Քյոչեչ գյուղից, Բաբկեն մելիքը Բրտիս գյուղից, Մելիքսեթ եպիսկոպոսը Մելիքզադե գյուղից, Հայկազն մելիքը Խանածախ գյուղից եւ այլն: Բացի անհատներից, պարսկական տիրույթներ տեղափոխվեց Դիզակի չորս գյուղերի եւ Ագուլիսի Դաշտ գյուղի բնակիչների երեք քառորդը: Շահ-Աբասը նրանց սիրով ընդունում էր եւ տեղավորում Սպահանի կողմերում կամ հենց մայրաքաղաք Սպահանում: Այս պայմաններում Դավիթը եւ Մելքիսեդեկ աթոռակիցը նույնպես սկսեցին ուղիներ փնտրել՝ Շահ-Աբասի բարեկամությունը ձեռք բերելու համար: Նրանք հասկանում էին, որ պարսից շահը պատրաստվում է արշավել Հայաստան:


Թե երբ կարշավեր պարսից շահը Հայաստան, շատ անորոշ էր, իսկ օսմանյան հարկերը պետք էր մուծել: Դավիթ Դ-ն որոշեց մի նոր աթոռակից էլ ունենալ, որը կզբաղվեր դրամ հայթայթելու խնդրով: Աթոռակից դարձավ Սրապիոն Ուռհայեցի մեծ վարդապետը, որն Ամիդի կամ Դիարբեքիրի եպիսկոպոսն էր: Նա հարուստ ծնողների զավակ էր եւ աշակերտել էր Ղուկաս Կեղեցի վարդապետին, որը մեծ հռչակ ուներ այդ օրերին: Նրա աշակերտներից էին Գրիգոր Կեսարացին, Բարսեղ Ամդեցին, Հովհաննես Ուռհայեցին, Արիստակես Տարոնեցին, Մովսես Տաթեւացին եւ շատ ուրիշներ: Սրապիոնը մեծ համբավ ուներ ոչ միայն հայերի, այլեւ հոռոմների, ասորիների եւ անգամ մահմեդականների մեջ: Թե՛ Դավիթը եւ թե՛ Մելքիսեդեկը մեծ հույսեր էին կապում Սրապիոնի հետ, քանի որ նրան հրավիրելով՝ խոստացան նրան տալ բոլոր գործերը՝ պատրաստակամություն հայտնելով հեռանալ կաթողիկոսական գործերից: Իհարկե նրանք կաթողիկոսությունը զիջելու միտք չունեին, այլ պարզապես նրա վրա էին դնում Մայր Աթոռի գործերը: Եթե հավատանք Դավրիժեցուն, ապա Սրապիոնը դրան համաձայնեց հանուն Մայր Աթոռի: Նա գալիս է Ջուղա, ուր նրան դիմավորում են երկու կաթողիկոսները, Հավուցթառի Մանվել, Խորվիրապի Մանվել եւ Գեղարդի Աստվածատուր եպիսկոպոսները: Սրապիոնը ծանր խոսքեր է ասում, ինչը դուր չի գալիս երկու կաթողիկոսներին եւ կաթողիկոսարանի ներկայացուցիչներին: Բանակցությունները, փաստորեն, ձախողվեցին, եւ Դավիթ կաթողիկոսն ու Մելքիսեդեկ աթոռակիցը մեկնեցին Տաթեւի վանք: Սրապիոնը մնաց Ջուղայում, որի բնակիչները զմայլվեցին՝ նրան լսելով: Ի վերջո Էջմիածնում Սյունհոդոսը Սրապիոնին կաթողիկոս օծեց 1603 թ. օգոստոսի 14-ին: Դրանով Սրապիոնը դարձավ Դավիթ Դ-ի աթոռակից: Ստացվեց, որ Սրապիոնը դարձավ կաթողիկոս ոչ այնպես, ինչպես կուզենային Դավիթը եւ Մելքիսեդեկը, որոնք քաշվել էին Տաթեւ: Նրանք նույնիսկ սկսեցին վախենալ, որ իրենց կզրկեն կաթողիկոսությունից, ուստի որոշեցին առաջինը դիմել Շահ-Աբասին եւ նրա միջոցով ամրապնդել իրենց դիրքերը, ինչպես նաեւ ազատվել օսմանյան պարտքերից: Մելքիսեդեկ աթոռակիցը Հավուցթառի եւ Գեղարդի եպիսկոպոսներով մեկնում է Սպահան, իսկ Դավիթը Խորվիրապի եպիսկոպոսի հետ մնում է Հայաստանում:


Շահ-Աբասը նրանց լավ ընդունեց եւ, Դավրիժեցու հաղորդմամբ, արշավանք ձեռնարկեց: Նա ջախջախեց թուրքերի հրամանտար Ալի փաշային, որը Թավրիզի կուսակալ էր դարձել եւ արշավանքի 20-րդ օրը տիրացավ Թավրիզին, հետո՝ Նախիջեւանին, իսկ Ջուղայի հայերը նրան քաղաք հրավիրեցին եւ այն նրան հանձնեցին: Նրան հյուրընկալեց խոջա Խաչիկը: Նույն թվականի նոյեմբերի 16-ին պարսից շահը բանակ դրեց Երեւանի հանդեպ: Օսմանյան արքունիքը, ինչ խոսք, խիստ անհանգստացավ, իսկ Մեհմեդ Գ սուլթանը, որ միայն 1595-ին էր գահ բարձրացել, մահացավ 1603 թվի դեկտեմբերի 22-ին: Գահ բարձրացավ 14 տարեկան Ահմեդ Ա-ն: Մի քանի ամսյա պաշարումից հետո ընկավ Երեւանը, իսկ շատ չանցած՝ Կարսը, սակայն Ախալցխան դիմադրեց, իսկ Էրզրումում թուրքերն ուժեր կուտակեցին: Պարտքատերերը դեռ մինչեւ Երեւանի՝ պարսիկների կողմից գրավվելն սկսեցին նեղել Սրապիոնին՝ հին պարտքերի համար, որոնք Սրապիոնը չէր ուզում ընդունել, բայց ի վերջո խոստացավ վճարել եւ այդպես, գոնե առժամանակ, խուսափեց խնդիրներից: Երեւանի գրավումից հետո Սրապիոնը՝ որպես կաթողիկոս, նվերներով ներկայացավ Շահ-Աբասին, սակայն շահը նրան բանի տեղ չդրեց, քանի որ մինչ այդ հանդիպել էր Մելքիսեդեկի հետ եւ ճանաչել էր նրան «շահսեւան», այսինքն՝ իր կողմնակից: Սրապիոնին մնում էր լոկ գնալ Ջուղա՝ Դիարբեքիր վերադառնալու համար:


Դավիթ եւ Մելքիսեդեկ կաթողիկոսները, պարսից կողմն անցնելով, հույս ունեին ոչ միայն ամրապնդել իրենց կաթողիկոսությունը, այլեւ ազատվել պարտքերից: Սակայն Շահ-Աբասը, ետ գրավելով իր կորցրած երկրները, իրեն տեր հայտարարեց նրանց, այսինքն՝ օսմանների հարկային պահանջներին եւ պարտադրեց, որ երկու կաթողիկոսները չվճարված հարկերը վճարեն: Սրանք էլ բանակցությունների ժամանակ ոչ միայն տվեցին Սրապիոնի անունը, այլեւ նրան հռչակեցին պարտապան: Հատկապես Մելքիսեդեկը կամենում էր այդ ճանապարհով ազատվել վտանգավոր մրցակցից: Հասկանալի է, որ դրանից հետո պարսից շահը հարկահավաքներին ուղարկեց Սրապիոնի ետեւից, որին Ջուղայում ձերբակալեցին եւ մեծագին հարկեր պահանջեցին: Սրապիոնը ինչ-որ բան վճարեց, սակայն հարկահանները դրանով չգոհացան եւ նրան սկսեցին տանջել ու գանահարել: Հետո բրածեծ արեցին, ինչն ստիպեց Սրապիոնին մեծ գումար փոխ առնել՝ վճարելու համար: Դրանից հետո նա ազատվում է, գալիս Վան, այնուհետեւ՝ Դիարբեքիր, որտեղ հաստատվում է առաջնորդ, ինչը ցույց է տալիս 1605 թվին գրված մի հիշատակարան: Սակայն արդեն 1606 թվի ապրիլի 23-ին՝ առաջացած տարիքում, առողջությունը կորցրած Սրապիոնը մահացավ: Նա թաղվեց Դիարբեքիրի հասարակաց գերեզմանատանը: Նրա կաթողիկոսությունն առանձնապես աչքի չընկավ, սակայն նա լավ հիշատակ է թողել: Նա անգամ հակաթոռ կաթողիկոս չի դիտվել: Այդ իսկ պատճառով Մ. Օրմանյանը պահում է նրա անունը որպես օրինավոր կաթողիկոսի՝ Գրիգոր ԺԳ Սրապիոն անվանումով:


Սրապիոնի նկատմամբ տեղ գտած հալածանքներն ստիպեցին պարտքերը վճարել, սակայն իր հերթին Շահ-Աբասն էլ դրա վրա շատ չծանրացավ, քանի որ նրանք իրեն աջակցել էին: Այսուհանդերձ երկու կաթողիկոսները հանգիստ կյանք չունեցան եւ ստիպված էին աստանդական կյանք վարել: Մ. Օրմանյանի կարծիքով՝ հենց այդ ժամանակ էլ Ավետիս Ա-ն հռչակվեց աթոռակից: Իսկ դատելով Դարանաղեցու հաղորդումից՝ նա անգամ հակաթոռ կաթողիկոս է եղել: Սակայն նա վայելել է ժողովրդի համակրանքը՝ հակառակ առաջին երկուսի: Մ. Օրմանյանի կարծիքով՝ Ավետիսի հակաթոռությունն է պատճառը, որ Դավրիժեցին նրան չի հիշում:
Այդ շրջանում լուրեր ստացվեցին, որ թուրքական մի մեծ բանակ Ջղալօղլի Սինան փաշայի գլխավորությամբ արշավում է Երեւան, եւ քանի որ պարսից շահը նրան դիմադրելու բավարար ուժեր չուներ, Շահ-Աբասը որոշեց երկիրն անապատի վերածել՝ Պարսկաստանի խորքը քշելով հայ բնակչությանը: Նպատակը թշնամուն պարենից զրկելն էր: 1604 թվի աշնան սկզբներին նա ձեռնամուխ եղավ իր զարհուրելի ծրագրի իրականացմանը: Նա Աղջակալայում (հին Երվանդակերտ) իր միտքը հայտնեց հայ մեծամեծներին, որոնք ձմեռը պատճառ բերելով՝ խնդրեցին դա տեղափոխել գարուն: Իրականում պարսից շահին հենց ձմեռն էր հետաքրքրում: Ամիրգունա խանը նշանակվեց այդ ձեռնարկի իրագործող: Հրաման տրվեց, որ քաղաքների եւ գյուղերի բնակիչները ճամփա ելնեն Այրարատյան դաշտ՝ այնտեղից միացյալ Պարսկաստան մեկնելու համար: Բռնագաղթն իրագործվում էր խայտառակ մեթոդներով եւ վայրագություններով: Այրում էին արտերը, մթերքի պաշարները: Այրարատյան դաշտում հավաքվածներին քշեցին Պարսկաստան: Բռնագաղթեցվածների կարավանը մի քանի օրվա քայլի երկարություն ուներ: Առջեւից քայլում էին բռնագաղթեցվածները, նրանց ետեւից՝ պարսից զորքերը, որոնց հետապնդում էին թուրքական զորքերը: Բռնագաղթը կատարվում էր ուշ աշնանը եւ վաղ ձմռանը՝ սկսած հոկտեմբերի 21-ից: Իհարկե, դիմադրության շատ դեպքեր եղան, ինչը ճնշվում էր ահավոր դաժանությամբ:


Գանահարում էին մարդկանց, կտրում էին նրանց ականջները եւ մարմնի այլ մասեր: Մեծ կորուստներ եղան Արաքսն անցնելիս: Գետն անցնելու համար բավարար թվով լաստեր, նավակներ չկային, բայց պարսկական զորքերը, վախենալով, որ թուրքերը բռնագաղթեցվածներին ետ կվերադարձնեն, նրանց քշում էին գետը, որը ծածկվեց դիակներով: Մինչեւ թուրքերի տեղ հասնելը պարսիկները բռնագաղթեցվածներին, ավելի ճիշտ՝ նրանց մի մասին, անցկացրին Արաքսի մյուս ափը: Այստեղ Ամիրգունան հրաման ստացավ վերադառնալ Երեւան, եւ բռնագաղթի կազմակերպումը դրվեց Էլիազ Խալիֆալուի վրա: Նրանց քշում էին Պարսկաստանի խորքերը՝ գրեթե անմատչելի ճանապարհներով, այն դեպքում, երբ Շահ-Աբասը եւ նրա բանակը Թավրիզ շարժվեցին արքունի ճանապարհով: Բռնագաղթեցվածները մեծ դժվարությամբ հասան Ահար եւ Մուշկուն գավառները եւ այլեւս ի վիճակի չէին առաջ գնալու՝ սառնամանիքների պատճառով: Ուստի նրանց որոշ ժամանակ այդտեղ տեղավորեցին: Երեւի դա եղավ, ըստ Մ. Օրմանյանի, 1606 թվի հունվարի վերջերին: Բազմության հետ էին նաեւ Դավիթ եւ Մելքիսեդեկ կաթողիկոսները, սակայն վերջինս կարողացավ ետ դառնալ Էջմիածին եւ տիրել կաթողիկոսությանը: Ըստ որում, դա կատարվեց առանց շահի գիտության: Մելքիսեդեկը բնակություն հաստատեց Երեւանում եւ իր ազգականների ու մտերիմների հետ ճոխ կյանք էր վարում Մայր Աթոռի հաշվին:


Գարնանը բռնագաղթեցվածները քշվեցին Պարսկաստանի տարբեր կողմերը, մասնավորապես՝ Սպահան: Քաղաքացիներին բնակեցրին քաղաքի մեջ, իսկ գյուղական բնակչությունը զետեղվեց Լնջան, Ալնջան, Գանդիման, Ջղախոռ, Փարիա եւ Բուրվարի գավառներում: 500 տուն հաստատվեց Շիրազում: Հայերը հաստատվեցին նաեւ Ահար, Ապահի, Համադան, Գուլփեքան, Քրման, Խունսար, Խոյիկան եւ Շխշաբան վայրերում: Բռնագաղթեցվածների մեջ մեծ թիվ էին կազմում նաեւ արեւմտահայերը:


Սպահանի հարեւանությամբ քաղաքաբնակ հայերը, որ Ջուղայից էին, կառուցեցին Նոր Ջուղա քաղաքը, որն այժմ ներառվել է Սպահանի մեջ: Ջուղայեցիներին բերեցին Պարսկաստան՝ համեմատաբար տանելի պայմաններում: Նրանց երեք օր տրվեց, որ քաղաքը թողնեն, այլապես դրանից հետո այն ավարառվելու էր: Նրանց ուղեկցելու համար անգամ զինվորներ էին հատկացված: Բնության աղետները մեծ տառապանքներ պատճառեցին ջուղայեցիներին մինչեւ Սպահան հասնելը: Ջուղայեցիները չէին ուզում հեռանալ հայրենիքից, նրանք տների դռները փակեցին եւ բանալիները նետեցին գետը: Շահ-Աբասի հրամանով բոլոր թաքնվածներին գաղթեցրին եւ քաղաքը կրակի տվեցին: Ջուղայեցիների մի մասը բնակվեց Թավրիզում, Ղազվինում, բայց հիմնական մասը հաստատվեց Սպահանում: Հայ բնակչությունը Նոր Ջուղան դարձրեց բարգավաճ եւ հարուստ քաղաք:


Ինչպես տեսնում եք, այս դեպքերը նկարագրելիս Շահ-Աբասի՝ հայերի նկատմամբ ունեցած բարյացակամությունից հետք չի մնում: Նրա նպատակը Պարսկաստանը տնտեսապես շենացնելն էր՝ հայ տարրի միջոցով: Պարսկաստանում նա աշխատում էր իր բարյացակամությունը ցույց տալ հայերին, սակայն պատճառն այն էր, որ հայերը հանկարծ չմտածեն ետ վերադառնալ հայրենիք: Նույնիսկ Հայաստանի եւ այդ թվում Էջմիածնի եկեղեցիներից քարեր բերվեցին եւ դրվեցին Նոր Ջուղայում կառուցված հայկական եկեղեցիների պատերի մեջ: Հայերին Պարսկաստանին կապելու համար նա թույլ էր տալիս ամենուրեք եկեղեցիներ կառուցել: Հայերը կարող էին ազատորեն իրենց ծեսերը կատարել: Շահ-Աբասը դա անում էր ոչ թե հայերի համար, այլ պարսկական պետության: Սակայն ավելի ուշ այդ քաղաքականությունն սկսեց փոխվել:
Ամիրգունա խանը, որ ուղարկվել էր Երեւան, կարգադրություն էր ստացել թաքնված հայերին բռնել եւ ուղարկել Պարսկաստան: Գառնին դիմադրեց եւ պարսիկ զորամասերը քշեց: Ամիրգունան մեծ զորքով արշավեց Գառնի եւ բնակչության մեծ մասին քշեց Պարսկաստան, սակայն նրանց մյուս մասը կարողացավ փախչել եւ ամրանալ Գեղարդի քարանձավներում:


Նրանց մեջ կային զգալի թվով հոգեւորականներ: Ամիրգունան նրանց կոչ արեց ենթարկվել եւ գաղթել, սակայն հայերը չենթարկվեցին եւ դիմադրեցին: Ամիրգունա խանի զինվորները, հարձակման անցնելով, շատերին կոտորեցին եւ մնացածին քշեցին Պարսկաստան: Ջարդեր կազմակերպվեցին նաեւ այլ վայրերում: Երկիրը վերածվեց կատարյալ անապատի:
Ջղալօղլին, հասնելով Արաքս եւ տեսնելով, որ գաղթականները հեռացված են անմատչելի ճանապարհներով, իսկ պարսիկներն ամուր դիրքեր են զբաղեցնում, այլեւս առաջ չշարժվեց: Նա իր զորքերը շարժեց դեպի Վան, որտեղ եւ անցկացրեց ձմեռը: Պարսից շահը փորձեց հարձակվել Վանի վրա, բայց քաղաքը գրավել չկարողացավ:


Գարնանը Սինան Ջղալօղլին եկավ Կարին եւ սկսեց ուժեր հավաքել՝ նոր արշավանքի համար: Սակայն Շահ-Աբասը ռազմական իր հնարամիտ շարժերով նրան տկարացրեց, իսկ 1605 թվի հոկտեմբերի 25-ին փայլուն հաղթանակ տարավ նրա դեմ՝ ստիպելով նահանջել Դիարբեքիր, որտեղ էլ մահացավ սրտի ցավից՝ 1606 թվի փետրվարի 6-ին: Կարծիք կա, որ անձնասպան է եղել: Այս հաղթանակից հետո Շահ-Աբասը հաստատեց իր իշխանությունը 1590 թ. կորսված երկրամասի վրա: Երեւանը եւ Էջմիածինը կրկին հայտնվեցին պարսից տիրապետության տակ: Թե՛ թուրքերի եւ թե՛ պարսիկների տիրապետությունը Հայաստանում սպանիչ էր հայ ժողովրդի համար:


Այս ամենը քիչ էր կարծես թե, երբ դրան գումարվեց ջալալիների շարժումը, որը զարհուրելի տառապանքներ բերեց հայ ժողովրդին: Շարժումն իր անունն ստացել է քրդական ջալալի ցեղի անունից: Ցեղապետն էր Թոփալ Օսմանը: Օսմանյան կայսրության փոքրասիական փաշայությունները ոտատակ էին գնում ջալալի ավազակների կողմից: Ապստամբել էին Բրուսայից մինչեւ Բաղդադ եւ Տրապիզոնից մինչեւ Դամասկոս, սակայն շարժումն ահավոր էր Հայաստանի եւ նրա մաս կազմող Կիլիկիայի հայության համար: Պետական մեքենան թուլացել էր, եւ գլուխ էր բարձրացրել անիշխանությունը: Ջալալիները կարգ հաստատելու միտք չունեին, այլ զբաղվում էին ավազակությամբ: Թե ինչ վայրագություններ էին նրանք իրագործում, չենք մանրամասնում՝ ընթերցողին ազատելով այդ հալածանքներն ու տանջանքները վերապրելուց: Սովորական բան էր աղջիկների եւ տղաների առեւանգումը, գրեթե անապատի վերածված երկիրը գործնականում լրիվ անապատ դարձավ: Հայերը ոչ միայն բռնագաղթեցվել էին Պարսկաստան, այլեւ փախչում էին Ասորիք, կովկասյան երկրներ, Լեհաստան, Հունգարիա եւ նշանակալից չափով՝ Կոստանդնուպոլսի շրջակայքը: Ջալալիների շարժումը շարունակվեց տասը տարուց ավելի:


Պատերազմական գործողություններին ու ջալալիների շարժմանը հաջորդեց անտանելի սովը: Այս սկսվեց 1606 թվին, մի փոքր թուլացավ 1609-ին եւ վերացավ 1610-ին: Բավական է ասել, որ ոչ միայն կատու ու շուն չմնացին ուտելու, այլեւ քիչ չէին մարդակերության դեպքերը (Օշական, Բջնի, Կարին, Սեբաստիա եւ այլն): Սովի տարիներին ավազակությունն ավելի սաստկացավ:
Ջալալիների ապստամբությունը ոչ միայն ծանր հետեւանքներ ունեցավ հայերի եւ ընդհանրապես ժողովրդական զանգվածների, այլեւ Օսմանյան կայսրության համար, որը դուրս գալով թմբիրից՝ քայլեր ձեռնարկեց այն ճնշելու ուղղությամբ: Գործը հանձնարարվեց Կույուջու Մուրադ փաշային, որը կարողացել էր 1606 թվի նոյեմբերի 11-ին պատվավոր հաշտություն կնքել Ռուդոլֆ Բ կայսեր հետ եւ 1607 թվի հունվարին մեծ եպարքոս էր նշանակվել:


Սա արտակարգ արագությամբ պատրաստություններ տեսավ եւ Կոստանդնուպոլսի շրջանից սկսած՝ ամենայն խստությամբ հանդես եկավ ապստամբների դեմ: Նրան հաջողվեց ջախջախել ջալալիներին, ձերբակալել ու սպանել շարժման առաջնորդներին եւ, թեկուզ դրակոնյան մեթոդներով, կարգ ու կանոն հաստատել: Արդեն 1608 թվի դեկտեմբերի 18-ին՝ ընդամենը մեկուկես տարվա կռիվներից հետո, նա հաղթանակով վերադարձավ մայրաքաղաք՝ իբրեւ հաղթանակի նշան՝ առջեւից տանելով ջալալիներից գրավված 400 դրոշ: Քիչ թե շատ կյանքը խաղաղվեց, եւ բնակիչները կարողացան վերադառնալ իրենց բնակավայրերը եւ զբաղվել երկրագործությամբ: Քաղաքներում նորից զարգացավ արհեստագործությունը: Կանոնավորվեց առեւտուրը:


Թվում էր, որ այդ՝ իրոք դժնդակ ժամանակներում Պոլսի Հայոց պատրիարքությունը պետք է ջանքեր գործադրեր՝ հատկապես գավառաբնակ հայերին օգնելու խնդրում: Դժբախտաբար մայրաքաղաքի հայությունը զբաղված էր անձնական վեճերով եւ իշխանություն ու ազդեցություն ձեռք բերելու համար խարդավանքներով: Եկեղեցական դասի գործիչներից չորսը՝ իրենց աշխարհիկ կողմնակիցներով, պայքարում էին միմյանց դեմ: Հովհաննես Կոստանդնուպոլսեցին, որ վատ լսողության պատճառով հայտնի է Խուլ մականունով, Մելքիսեդեկի՝ մայրաքաղաքում գտնվելու ժամանակ ձեռնադրվել էր եպիսկոպոս: Գրիգոր Կեսարացին, որ ծնվել էր Կեսարիայում եւ աշակերտել էր Սրապիոն Ուռհայեցուն, 1595-ին վարդապետ էր ձեռնադրվել եւ դարձել Կեսարիայի առաջնորդ ու մասնակցել էր Երուսաղեմի գործերին: Բուք մականունով հայտնի Գրիգոր Դարանաղեցին ծնվել էր Կամախում, մի որոշ ժամանակ գտնվել էր Սաղմոսավանքում եւ հետո հաստատվել էր Բաբերդում ու վարդապետ ձեռնադրվել՝ Սրապիոն Օձտեղացի վարդապետի կողմից, որը Վահանաշենի առաջնորդն էր: Նա չէր կարողացել վերադառնալ Երեւան՝ պատերազմական գործողությունների պատճառով եւ բռնագաղթից խուսափելով՝ եկել էր Կոստանդնուպոլիս: Չորրորդ հոգեւորականը Զաքարիա Վանեցին էր՝ Գեշոյանների ընտանիքից, որը Վարագավանքում աշակերտել էր Բարսեղ Ավանցուն եւ վարդապետ ձեռնադրվելուց հետո եկել էր Պոլիս: Նա 1606-ին Վանի առաջնորդն է եղել, սակայն 1608-ին ստիպված է եղել գնալ Էջմիածին եւ այնտեղից Մելքիսեդեկի կողմից նվիրակ էր ուղարկվել Ֆրանգստան՝ այցելելով նաեւ Հռոմ: Ինչպես վերը նշել ենք, Պոլսի պատրիարքն էր Տիրատուր Սսեցին, որին գահընկեց էր արել աթոռակից կաթողիկոս Մելքիսեդեկ Գառնեցին, որը եկել էր Կոստանդնուպոլիս՝ 50 հազար ղուռուշ գումարը հավաքելու: Նա դարձել էր պատրիարք, սակայն մեկ տարի անց նրան էլ էին հեռացրել պատրիարքությունից: Այդ կատարեց Հովհաննես Խուլը, որն էլ 1600 թվին տիրեց պատրիարքությանը: Դրան մեծապես նպաստեց նրա տեղացի լինելը, սակայն նրա հաջողությունն էլ երկար չտեւեց:


Գրիգոր Կեսարացին, որ Կ. Պոլիս էր եկել որպես Երուսաղեմի նվիրակ, շահեց բոլորի համակրանքը՝ իր փառավոր կերպարանքով, ճգնությամբ եւ գիտունությամբ: Նա 1601-ին տապալեց Հովհաննես Խուլին եւ հռչակվեց պատրիարք: Նա եպիսկոպոս էր ձեռնադրվել 1598 կամ 1602 թվին Սսում՝ Հովհաննես Այնթապցու կողմից: Ժամանակակիցները, անգամ նրան չհամակրողները, նրա պատրիարքական շրջանը դրական են գնահատում: Բայց թե ինչո՞ւ, հայտնի չէ: Հայտնի է, որ օգնել է մայրաքաղաքում ապաստանած փախստականներին: Նշանավոր եղավ Կամախից եկած Ռոտոսթոյի գաղթականությունը, որին օգնեց Գրիգոր Դարանաղեցին: Կեսարացին աթոռակալեց 9 տարի, եւ 1609 թվին կրկին Հովհաննես Խուլը տիրացավ պատրիարքությանը: Կեսարիայի առաջնորդությունն իր ձեռքում պահելու համար Կեսարացին հաճախ մեկնում էր Կեսարիա, ինչը եւ թուլացրեց նրա դիրքերը: Հովհաննես Խուլը 1610 թվին Գում-Գափու թաղում կառուցում է Ս. Աստվածածին անունով մատուռը կամ փոքրիկ եկեղեցին: Այն կառուցվեց հույների գերեզմանի վրա՝ 40 օրում: Փաստորեն դա պատրիարքանիստ մայր եկեղեցու հիմնադրումն էր, որից առաջ պատրիարքի աթոռանիստը եղել էր Սամաթիայի Ս. Գեւորգը:


Վիճակը լավ չէր նաեւ Էջմիածնում: Դավիթ կաթողիկոսը բռնագաղթի ժամանակ քաշվել էր Սպահան եւ մնացել այնտեղ: Շահ-Աբասն ավելի ընդունում էր Դավթին, քան Մելքիսեդեկին, սակայն վերջինս, Մուշկունից փախչելով Այրարատ, Ամիրգունա խանի օգնությամբ տիրացել էր Էջմիածնին՝ կաշառելով նրան եւ նրա մերձավորներին: Ձեռք բերելով Ամիրգունայի հովանավորությունը՝ նա փորձեց չենթարկվել Դավթին եւ զրկել նրան հասույթներից: Բանն այնտեղ հասավ, որ Դավիթն սկսեց գանգատվել, թե եթե իրեն զրկում է կաթողիկոսությունից, գոնե չզրկի ապրելու միջոցներից: Էջմիածնում էր նաեւ Ավետիս աթոռակիցը, սակայն նրա գործունեության մասին ոչինչ հայտնի չէ: Հավանաբար նա, սրբասեր, խրատիչ եւ ուսյալ լինելով հանդերձ, համակերպվում էր նրան: Նա չէր մասնակցում նրա խախտումներին, բայց չէր էլ համարձակվում ընդդիմանալ: Մելքիսեդեկի անկարգ ու շվայտ կյանքն առաջ բերեց Էջմիածնի միաբանների զայրույթը, սակայն Մելքիսեդեկը դրան բանի տեղ չէր դնում: Այդ ժամանակ Կարապետ, Մարտիրոս եւ Հովհան եպիսկոպոսները, որոնք բոլորն էլ Էջմիածնից էին, մեղադրանքով ներկայացան Ամիրգունա խանին, որը Մելքիսեդեկին 60 թուման տուգանեց, որի համար Մելքիսեդեկը հեռացավ Վրաստան՝ առաջ բերելով պարսկական իշխանությանների դժգոհությունը, քանի որ ցամաքում էր նվերների աղբյուրը: Եպիսկոպոսներին մեղադրեցին Ամիրգունայի մոտ, որն առիթ գտավ եպիսկոպոսներին տուգանելու, հեռացնելու եւ Մելքիսեդեկին ետ բերելու: Կարապետը քաշվեց Ավան, Մարտիրոսը՝ Սպահան՝ Դավթի մոտ, իսկ Հովհանի մասին տեղեկություններ չեն պահպանվել: Հայտնի չէ, թե այդ դեպքերի ժամանակ ինչ դիրք է գրավել աթոռակից Ավետիսը:
Ակտիվացան կաթոլիկ քարոզիչները, որոնք երկրով մեկ ցրվելով՝ զբաղված էին մարդաորսով, անտեր ունեցվածքների հափշտակումով եւ լքյալ տաճարների սրբությունները հավաքելով: Նրանցից մի քանիսը Կարենիս գյուղի Սբ Առաքելոց վանքում գտնում են Անդրեաս առաքյալի գլուխը, բայց Երեւանի եպիսկոպոսը կարողանում է նրանցից ետ խլել մասունքը: Մյուսները Սբ Հռիփսիմեի ավեր տաճարում փնտրում են Հռիփսիմեի ոսկորները եւ գաղտնի պեղումներով հասնում են իրենց նպատակին:


Կողոպտիչները Գուլիելմոսը եւ Արքանչելին էին: Սակայն պեղումների ժամանակ վրա են հասնում Գրիգոր եւ Վարդան եպիսկոպոսները եւ մեծ կռվից հետո մասունքները նրանցից խլելով՝ դրանք տեղափոխում են Էջմիածին: Լուրը հասնում է Մելքիսեդեկին, որին կաթոլիկ կրոնավորները մինչ այդ կաշառք էին տվել, որ նա չհետաքրքրվի իրենց գործերով: Մելքիսեդեկն այստեղ էլ աչք է փակում եւ թույլ տալիս, որ կրոնավորները մասունքի մի մասը վերցնեն: Մնացած մասը միաբանները նորից ամփոփում են իր տեղում՝ ամրացնելով խճով եւ կրով: Իսկ կաթոլիկ կրոնավորները գնում են Երնջակի Ապարաներ գյուղը՝ ունիթորների կենտրոնը: Այստեղից էլ ուղեւորվում են Սպահան, որպեսզի նշխարների մի մասը տանեն Հնդկաստանի Գոա, որը պորտուգալական գաղութ էր:
Սպահանում իմանում են այդ մասին: Դավիթ կաթողիկոսի սպասավորներից Գրիգոր անունով մեկը, որ գիտեր ֆռանկների լեզուն, իմանում է այդ մասին հենց կրոնավորներից եւ տեղյակ է պահում Դավիթ կաթողիկոսին: Սա էլ տեղյակ է պահում խոջա Սաֆարին, որը Նոր Ջուղայի քաղաքագլուխն էր, եւ քաղաքի ավագերեցին: Սրանք էլ դիմում են կուսակալ Միրզա Մահմեդին, որի հրամանով կաթոլիկ վանքը շրջապատվում է զինվորներով, հայտնաբերվում է ոսկորների սնդուկը: Կնքելով այն՝ հանձնում է խոջա Սաֆարին՝ մինչեւ Շահ-Աբասից հրաման ստանալը: Շահին միջնորդում է Թավրիզում գտնվող խոջա Սաֆարի եղբայր Նազարը, եւ շահը կարգադրում է իր մոտ բերել կրոնավորներին:


Ուղարկված Ալթուն անունով անձը, որը մահմեդականացած հայ էր՝ Ավետիք անունով, գալիս է Ապարաներ եւ կարողանում է գտնել մասունքները, որոնց մի մասը Բելու լեռան քարանձավի մեջ էին թողել: Այդ ընթացքում շատերը կտտանքի են ենթարկվում, եւ Ալթունը, կրոնավորներին ու մասունքները վերցնելով, վերադառնում է Թավրիզ: Աստապատ գյուղում Ալթունը որոշում է գլխատել կրոնավորներին եւ լոկ նրանց գլուխները բերել շահին, սակայն Պողոս Մոկացի վարդապետը նրան ետ է պահում այդ քայլից: Շահ-Աբասը կրոնավորներին ազատ է արձակում եւ մասունքներն ուղարկում է Սպահան՝ խոջա Սաֆարին: Սակայն հետո այդ գող կրոնավորները սպանվեցին ավազակների կողմից, իսկ նրանց ոսկորները՝ իբրեւ նշխարք, Եվրոպա ուղարկվեցին: Նույնիսկ տեղեկություն կա, որ Սպահան ուղարկված նշխարների մի փոքրիկ մաս էլ շահի թույլտվությամբ ուղարկվում է Եվրոպա եւ դրվում Գոայի եկեղեցու հիմքում: Այնպես որ սբ Հռիփսիմեի մասունքների մի մասը ցրվել է աշխարհով մեկ: Որոշ մասունքներ Նախիջեւանի Գյուլթափա գյուղում են, որոշը տարված են Իտալիա՝ Զմյուռնիայի եպիսկոպոս Մինաս Ակնեցու կողմից, որոշը՝ Բաղդադ՝ խոջա Սաֆարի թոռան՝ Պետրոս Խալարենցի կողմից: Մասունքների գողության ճիշտ թվականը հայտնի չէ: Մ. Օրմանյանն այն թեականորեն դնում է 1607-ին:


Սբ Հռիփսիմեի մասունքների խնդիրն անարգանքի սյունին գամեց Մելքիսեդեկի անունը: Նրան տրվեց Սմուկ սաթան խալիֆա մականունը, այսինքն՝ ոսկոր ծախող կաթողիկոս: Սակայն Մելքիսեդեկի կարծիքով դա իր դիրքին չէր հարվածում, իսկ Դավիթ կաթողիկոսը դեռեւս մնում էր Սպահանում: Ավետիս աթոռակիցն ընդհանրապես ազդեցություն չուներ, ուստի Մելքիսեդեկն իրեն տեր ու տիրական էր զգում Էջմիածնում: Չբավարարվելով շվայտ կյանքով ու կաշառքներ վերցնելով, եկեղեցական հասույթներն իր ուզած ձեւով տնօրինելով եւ վայելելով Ամիրգունա խանի աջակցությունը՝ նա որոշում է դավանաբանական խնդիրները դարձնել շահավաճառի միջոց: Մելքիսեդեկը կաշառքներ էր ստանում կաթոլիկ քարոզիչներից, ուստի որոշեց ավելի մերձավորություն հանդես բերել Արեւմուտքի նկատմամբ: Այդ հարցում նրան աջակից էր Զաքարիա Վանեցին, որը վտարվել էր իր աթոռից եւ հաստատվել Էջմիածնում: Վերջինս՝ որպես նվիրակ, 1610 թ. մայիսի 1-ին ուղարկվեց Լվով, Կամենեց, Սուչավա եւ Յաշ՝ միջոցներ հավաքելու համար: Նա դրանից հետո պետք է գնար Իտալիա, մասնավորապես՝ Հռոմ, եւ շահավետ կապեր հաստատեր պապականության հետ: Մելքիսեդեկը նամակ է ուղարկում Պողոս Ե պապին՝ գրված արեւելյան շողոմ լեզվով: Սակայն Մ. Օրմանյանը հակված է կարծելու, որ նամակն ավելի շուտ գրված է Զաքարիայի կողմից, որպեսզի իր առաքելությունը հաջողեցնի: Ինքը՝ Մելիքսեդեկը, հրաժարվել է այդ նամակի հետ աղերս ունենալուց: Թե ինչ արդյունքների հասավ Զաքարիան, պարզ չէ: Համենայն դեպս, նրան ոսկյա խաչ նվեր տրվեց, եւ պատրաստակամություն հայտնվեց Շահ-Աբասին հանձնարարական նամակ գրել, սակայն պապն էլ պահանջեց, որ Մելքիսեդեկը հավատո դավանություն գրի: Պարզից էլ պարզ է, որ Զաքարիայի շողոմ նամակն անգամ հավատ չի ներշնչել Մելքիսեդեկի կրոնական հայացքների նկատմամբ:


Շահամոլ Մելքիսեդեկի հեղինակազուրկ անձը բավական է, որ հերքվեն հռոմեադավանների շահարկումները նրա վերաբերյալ: Մելքիսեդեկը լոկ աթոռակից էր եւ ոչ անգամ հիմնական կաթողիկոս, ուստի նա չէր կարող առանց ժողովի եւ Մայր Աթոռի միաբանության համաձայնության որեւէ վճիռ կայացնել:


Նշված ժամանակներում գործել է Գրիգոր Դարանաղեցի վարդապետը, որը 1604-ին Բաբերդից մեկնում է Կ. Պոլիս, ինչպես վերը նշվեց, երբ այստեղ պատրիարք էր Կեսարացին: Չուզենալով այստեղ մնալ՝ նա ճանապարհվում է Երուսաղեմ, ինչին փափագում էր, սակայն ստիպված հայտնվում է Եգիպտոսում եւ ձեռնամուխ լինում մի ամբողջական Աստվածաշնչի ընդօրինակության, որը թեկուզեւ քայքայված, բայց պահպանվել էր մի քանի թերթերի կորուստով: Ձեռագիրն ունի նաեւ հիշատակարաններ, որոնցից պարզվում է, որ ընդօրինակությունն սկսվել է 1605 թվի նոյեմբերին: 1606 թվի հունիսի 15-ին նա գալիս է Երուսաղեմ՝ հիշելով տեղի պատրիարք Դավիթ արքեպիսկոպսին, որը Մերտինից էր: Նա Երուսաղեմում մնաց մեկ տարի: Գոնե 1607 թվի նոյեմբերի 24-ին նա դեռ Երուսաղեմում էր, որտեղից գալիս է Կ. Պոլիս, սակայն ջալալիների շարժման պատճառով տեղ չի հասնում: Ուստի գալիս է Բենկանի վանք՝ շարունակելով իր ընդօրինակությունը: Սակայն նեղվելով հալածանքներից՝ հավանաբար 1612 թվին գալիս է Կ. Պոլիս:


Զրկվելով Կ. Պոլսի պատրիարքությունից՝ Կեսարացին, որ կայսրության մայրաքաղաք էր եկել Երուսաղեմի պարտքերը մարելու համար փող հանգանակելու եւ իր պաշտոնն էլ օգտագործել էր այդ նպատակով, գալիս է Եգիպտոս, Ասորիք եւ Միջագետք եւ բավարար գումար հավաքելով՝ վերադառնում է Երուսաղեմ՝ տեղի գործերը կարգավորելու: Նրան ուղեկցում էր Մովսես Տաթեւացի վարդապետը՝ ապագա կաթողիկոսը: Վերջինս սյունեցի էր՝ Խոտանան գյուղից եւ աշակերտել էր Սրապիոն Եդեսացի մեծ վարդապետին ու կաթողիկոսին:


15 տարեկանում ձեռնադրվել էր աբեղա եւ քահանա եւ Սրապիոնի վաղահաս մահվան ժամանակ Գրիգոր Կեսարացու մոտ է զարգացնում իր գիտելիքները: Ծառայել է Ս. Հակոբյանց վանքում եւ սովորել մեղրամոմը ճերմակացնելու արհեստը: Գալիս է Գրիգոր Կեսարացու մոտ նրա պատրիարքության շրջանում եւ վարդապետ ձեռնադրվում՝ Արեւելցիների միջնորդությամբ: Կեսարացին, 1610-ին գալով Երուսաղեմ, կուտակված պարտքերի մեծ մասը վճարում է, իսկ դրանք հասել էին 8000 ղուռուշի, տարեկան հարկն էլ 600 ղուռուշ էր:


Կեսարացին, տեսնելով Դավիթ պատրիարքի անկար վիճակը, նրան ստիպում է պաշտոնից քաշվել եւ վանքն ու առաջնորդությունը վերցնում է իր ձեռքը: Մատակարարությունը նա հանձնում է Գրիգոր Պարոնտերին, որ աբեղա լինելու ժամանակներից աթոռի վերակացուն եւ հոգաբարձուն էր եղել: Դավիթը ձեւականորեն մնում է պատրիարք, այնպես որ Կեսարացին դարձել էր աթոռակից: Ինչ վերաբերում է Գրիգորին, ապա նա Գանձակի Սպիտակաշեն գյուղից էր՝ Վարդանյան տոհմից: Մանուկ հասակում ընկել էր թոնիրը եւ անվնաս մնացել, ինչը ստիպել էր նրա ծնողներին ուխտել, որ նրան նվիրեն Երուսաղեմին: Ծնողները վաղաժամ մահանում են, եւ Գրիգորն ինքն է իրականացնում ծնողների ուխտը: 1581 թվին գալիս է Երուսաղեմ, հետո լինում է Հռոմում, Սսում եւ վերադառնալով Երուսաղեմ՝ իր ձեռքն է վերցնում մատակարարության գործը: Նրա գործունեությունը շատ օգտակար է եղել Երուսաղեմի պատրիարքությանը, քանի որ կարող անձ էր: Դա էր պատճառը, որ Կեսարացին էլ նրան նշանակում է նույն պաշտոնին:


Հովհաննես Խուլը երկար չմնաց Կ. Պոլսի պատրիարքի աթոռին: Կեսարացու կողմնակիցները նրան տապալեցին եւ պետության կողմից վավերացրին Կեսարացու պատրիարքությունը Կ. Պոլսում: Նա էլ 1611 թվի սկզբներին հաղթական մուտք գործեց կայսրության մայրաքաղաք: Այս անգամ նա ավելի խիստ եղավ իր հակառակորդ խմբավորման նկատմամբ: Շատ չանցած՝ Տրապիզոնի վրայով 1612-ին Կ. Պոլիս եկավ Գրիգոր Դարանաղեցին, իսկ հունիսին էլ՝ Զաքարիա Վանեցին՝ Հռոմից, ուր նա գնացել էր որպես նվիրակ: Կեսարացին նրանց հետ վարվում է կասկածով եւ խստությամբ: Սակայն նրա այս ընթացքն իր օգտին չեղավ: Հակառակը՝ հիշյալ անձինք միացան Հովհաննես Խուլին եւ դրանով իսկ խախտեցին Կեսարացու դիրքերը: Նա, ձանձրացած այդ ամենից, թողնում է պատրիարքությունը եւ վերդառնում Կեսարիա: Հաղթող եռյակը որոշեց պատրիարքության հասույթները հավասարաչափ բաժանել միմյանց միջեւ՝ իրականացնելով հսկողություն հարակից թեմերի վրա: Կ. Պոլիսը՝ պատրիարքության նախնական հրովարտակի սահմաններով, բաժին է ընկնում Զաքարիա Վանեցուն՝ դիտելով որպես պատրիարք: Խուլին բաժին է ընկնում Ռումելիան՝ բացառությամբ Ըռատողուսի, այսինքն՝ եվրոպական թեմերը՝ բացառությամբ Ռոտոսթոյի, քանի որ այն, լինելով Դարանաղեցու հայրենական գաղութը, թողնվում է նրան: Դրան գումարվեցին փոքրասիական թեմերը:


Իր հերթին հանգիստ չմնաց նաեւ Կեսարացին: Նա բանակցություններ սկսեց Հովհաննես Այնթապցի կաթողիկոսի հետ՝ կամենալով օգուտ քաղել Սսի կաթողիկոսության՝ Կ. Պոլսի պատրիարքության նկատմամբ ունեցած գերակայությունից: Նա համոզեց Այնթապցուն գնալ սուլթանության մայրաքաղաք եւ ուժեղացնել իր դիրքերը: Նա գնաց՝ իր հետ վերցնելով ոչ միայն Կեսարացուն, այլեւ Մինաս Քացախ եւ Մինաս Կարնեցի եպիսկոպոսներին: Պայքարը ծավալվեց նոր թափով. մի կողմում՝ Զաքարիա Վանեցի եւ Խուլ, մյուս կողմում՝ Կեսարացի եւ Այնթապցի: Խուլը նույնիսկ Ադրիանուպոլսում ներկայացավ սուլթան Ահմեդին եւ ստացավ իր համար նպաստավոր հրովարտակ, որով մյուսները պիտի դառնային իրենց տեղերը: Եռյակից հաջողություն ապահովել էր Խուլը, ուստի որոշվում է թեմերի վերաբաժանում կատարել: Զաքարիա Վանեցին Խուլին է հանձնում Կ. Պոլիսը՝ հարակից շրջաններով, այսինքն՝ Կուտինայով, Սեբաստիայով եւ Կաֆայով: Զաքարիան ստանում է Անատոլիան՝ Սկյուտարից մինչեւ Մերձավոր Ասիակողմը, իսկ Դարանաղեցին՝ Ռումելիան՝ Ղալաթիայի հետ միասին: Միայն այս բաժանումից հետո Խուլը դիտվեց հիմնական պատրիարք: Որքան էլ զարմանալի լինի, ինչպես հաղորդում է Գրիգոր Դարանաղեցին, 1615 թվին կրկին Կեսարացին տիրանում է պատրիարքությանը:


Լավ չէին գործերը նաեւ Էջմիածնում: Մելքիսեդեկը ձերբակալվել էր Շահ-Աբասի կողմից, իսկ Զաքարիա Վանեցին, օգտվելով դրանից, մի երրորդ նամակ ուղարկեց Հռոմ: Հասկանալի է, որ դա էլ առանձին կարեւորություն չունեցող գրություն էր: Եվ, իհարկե, չնայած հռոմեադավանների պնդումներին, պաշտոնական նամակ չէր:
Այս ընթացքում պարսից շահը փորձեց զրկել Վրաստանն իր իշխանավորներից եւ իշխանությունից: Կախեթի թագավոր Թամրազը փախավ Կովկասյան լեռներ, իսկ Քարթլիի թագավոր Լավասափը գերի ընկավ եւ սպանվեց: Թամրազի տղաները ներքինացվեցին ու մահմեդականացվեցին, իսկ նրանց մայրը, չուզենալով մահմեդականանալ, կտտամահ արվեց: Թուրքերը դա հարմար առիթ սեպեցին՝ պատերազմը վերսկսելու համար: 1611 թվին Կույուջու Մուրադ փաշան մեծ բանակով արշավեց դեպի Թավրիզ: Դրան ի պատասխան՝ պարսից շահն առաջարկեց հաշտությունը թարմացնել, որպեսզի նոր խնդիրներ չծագեն: Փաստորեն՝ նոր հաշտություն կնքվեց 1612 թվին՝ վեց տարի ժամկետով: Պարսիկներն ամեն տարի սուլթանին պետք է ընծա ուղարկեին: Մելքիսեդեկի բռնած դիրքը մղեց Երեւանի եւ Նոր Ջուղայի մեծամեծներին, որ ստիպեն Դավիթ կաթողիկոսին վերադառնալ Էջմիածին, եւ կարողացան նրան օժանդակություն ցուցաբերել:


1612 թվի սկզբներին Դավիթը վերադարձավ Էջմիածին՝ Մարտիրոս եպիսկոպոսի հետ: Այդ բանը տեսնելով՝ Մելքիսեդեկն ինքն էլ Երեւանը թողեց եւ եկավ Էջմիածին: Դրանով նա միայն խարդավանքների աղբյուր դարձավ՝ ծնելով նախանձ, ոխակալություն եւ հակառակություն: Նա կրկին ուժեղացավ եւ անգամ ձերբակալեց Դավթին, քանի որ Ամիրգունան նրան էր պաշտպանում: Դավիթը ստիպված դիմեց Շահ-Աբասին, որը Գորիում էր գտնվում: Բողոքը լավ ընդունվեց, եւ որոշվեց Մելքիսեդեկին պատժել, քանի որ նրա նկատմամբ հակակրանք ուներ: Այս ընթացքում Ավետիս աթոռակիցն անգամ փորձեց հակաթոռ կաթողիկոս դառնալ: Դավթի եւ Մելքիսեդեկի Էջմիածին գալն ստիպեց Ավետիսին հեռանալ Էջմիածնից եւ գնալ Ամիդ, այնտեղից էլ՝ Երուսաղեմ:


Պարսկաստան տարված հայերը, չնայած շահի՝ իրենց նկատմամբ ցուցաբերած բարյացակամությանը, շարունակում էի մտածել վերադարձի մասին, ինչը ե՛ւ զարմացնում, ե՛ւ զայրացնում էր Շահ-Աբասին: Վերադարձի մասին էին մտածում ոչ միայն ստորին խավերը, այլեւ նշանավորները եւ գիտունները: Հոգեւոր անձանցից իմանալով, որ հայը չի կարող կտրվել Էջմիածնից, Մայր Աթոռից եւ Լուսավորչի Աջից, շահը որոշում է Սպահան բերել ոչ միայն Լուսավորչի Աջը, այլեւ քանդել Էջմիածնի տաճարը եւ դրա քարերով եկեղեցի շինել Սպահանում, որպեսզի հայերն այլեւս չձգտեն հայրենիք վերադառնալուն: Դավրիժեցին ասում է, որ այդ մասին շահին ասել էր անգամ Դավիթ կաթողիկոսը: Երբ շահն այդ որոշումը հայտնեց խոջա Նազարին, վերջինս ամեն կերպ փորձում էր նրան ետ կանգնեցնել այդ մտքից՝ ասելով, թե քարերը տեղափոխելու կարիք չկա, քանի որ շահը կարող է ոսկուց ու արծաթից տաճար կառուցել:


Այսուհանդերձ շահը կարգադրեց Մելքիսեդեկին պատժել, տանջել եւ անգամ իր մարմնի միսը ուտեցնել, իսկ Լուսավորչի Աջն ուղարկել Գորի: Մելքիսեդեկին Երեւանում ձերբակալեցին, բերեցին Էջմիածին եւ սկսեցին կտտանքների ենթարկել: Թահմազղուլի բեկը կտտանքների էր ենթարկում նաեւ մյուս հոգեւորականներին, որ Լուսավորչի Աջը հանձնեն: Տանջանքներին չդիմանալով՝ նրանք տեղը հայտնեցին, եւ պարսիկ բեկը դարանից դրա հետ միասին վերցրեց մի թանկարժեք Ավետարան ու արծաթյա մի խաչ: Մելքիսեդեկին բերում են Երեւան եւ իր իսկ միսն իրեն ուտեցնում: Հետո նրան շղթայակապ բանտարկում են՝ շահի մոտ ուղարկելու համար: Այս ամենը տեղի ունեցավ 1612 թ. օգոստոսի 9-ին: Եթե Ամիրգունայի միջնորդությունը չլիներ, շահը կամենում էր անգամ նրան սպանել: Հետո կարգադրում է եղած ավանդները, Էջմիածնի տաճարի նշանավոր քարերի հետ միասին, ուղարկել Սպահան: Նա կամենում էր Մելքիսեդեկին դատել պատերազմն ավարտվելուց հետո: Հրամանը կատարվում է:


Լուսավորչի Աջը, Ավետարանն ու խաչը, սբ Հռիփսիմեի նշխարների հետ միասին, պահ են տրվում խոջա Սաֆարին: Կաթողիկե եկեղեցու քարերի ուղարկվելը հետաձգվում է, մինչեւ որ դրանք հանվեն եւ կառքերով տարվեն: Եկեղեցական իրերը բերվեցին Սպահան 1613 թվի սկզբներին:
Մելքիսեդեկի ձերբակալության ժամանակ Դավիթ կաթողիկոսը Գորիում էր: Շահը նրան կարգադրեց վերադառնալ Էջմիածին: Սակայն նա վախենում էր Ամիրգունայից, ուստի խնդրեց շահին, որ նա Ամիրգունային կարգադրի իրեն լավ վերաբերվել: Քանի Շահ-Աբասը Հայաստանի շրջականերում էր, Ամիրգունան պատվով էր վերաբերվում Դավիթ կաթողիկոսին, բայց երբ շահը գնաց Սպահան, նրա վերաբերմունքը Դավթի նկատմամբ վատացավ: