ՍԱՄՎԵԼ Ա ԱՐԾԿԵՑԻ

ՍԱՄՎԵԼ Ա ԱՐԾԿԵՑԻ

(516-526)

Բաբկեն Ա Ոթմսեցի կաթողիկոսին հաջորդեց Սամվել Ա Արծկեցին: Ցավոք, բացի այն տեղեկությունից, որ նա Տուրուբերանի Բզնունյաց գավառի Արծկե քաղաքից էր (ներկայումս՝ Ադիլջեւազ), պատմությունը նրա մասին այլ հիշատակներ չի պահպանել: Միանգամայն իրավացի է Մաղաքիա Օրմանյանը, որի կարծիքով՝ նա հավանաբար սերել է Աղբիանոսյանների տոհմից եւ թերեւս նույնանում է Դվնի ժողովում հիշատակված Բզնունյաց եպիսկոպոս Սամվելին: Աղբաթանեցու տված թվականներով առաջնորդվելով՝ նրա հայրապետությունը պետք է դնել 516-526 թթ., չնայած, որոշ ցուցակների համաձայն, նա հովվապետել է ընդամենը հինգ տարի: Նրա կաթողիկոսության տարիներին մարզպանության պաշտոնը վստահվեց Մժեժ Գնունուն, որը կարողացել էր 515 թ. Հայաստան ներխուժած եւ մինչեւ Խույթ ու Սասուն առաջացած հոներին ջախջախել հիշյալ գավառներում: Հայտնի է նաեւ, որ նրա օրոք Բյուզանդական կայսրությունում դավանաբանական խնդիրներ ծագեցին, որի արդյունքում միաբանների շարքերը պառակտվեցին: Հակաքաղկեդոնական դիրքորոշում ունեցող Հալիկառնասի եպիսկոպոս Հուլիանոսը եւ 512 Անտիոքի պատրիարք կարգված Սեւերոս Սոզոպոլսեցին 518 թվին ենթարկվեցին հալածանքների Հուստինիանոսի կողմից եւ աքսորվեցին Ալեքսանդրիա: Երկուսն էլ, լինելով միաբնակ, այստեղ իրարից հեռացան՝ Քրիստոսի մարմնի բնական վիճակի սահմանման պատճառով: Հուլիանոսի կարծիքով՝ Քրիստոսի մարդկային մարմինը մարմնական պետքերի ու կրքերի, քաղցի ու ծարավի, քնի ու հոգնածության ենթակա չի եղել, այլ կրել է «ի կամաց»: Սեւերոսը, ընդհակառակը, գտնում էր, որ Քրիստոսը մահկանացու մարդկանց պես իր մեջ կրել է մարմնական ամեն տեսակի պետքեր ու կրքեր, այլապես նա չէր կարող մարդացվել: Ըստ հիշյալ հոգեւոր հայրերի՝ առաջինի հետեւորդները կոչվեցին հուլիանյանք, իսկ երկրորդինը՝ սեւերյանք: Ավելին. այս խնդիրը նորանոր մեկնաբանությունների առարկա դարձավ՝ ծնելով ավելի քան մեկ տասնյակ զանազան վարդապետություններ: Ըստ Հուլիանոսի՝ Քրիստոսի չարչարանքներն իրական չեն եղել, այլ երեւութական, իսկ Սեւերոսի համաձայն՝ աստվածային բնությունն էլ ենթարկվել է չարչարանքների՝ երկու բնությունների միավորման հետեւանքով: Հայոց Եկեղեցին միաբնակ Եկեղեցու հիշյալ ուղղությունների խնդրին Սամվել կաթողիկոսի օրոք չի անդրադարձել, որովհետեւ նրանց արձագանքները դեռ Հայաստան չէին հասել, սակայն ավելի ուշ ստիպված էր ճշտել իր դիրքորոշումը նաեւ այդ վարդապետությունների նկատմամբ: