ՆԵՐՍԵՍ Բ ԲԱԳՐԵՎԱՆԴՑԻ

ՆԵՐՍԵՍ Բ ԲԱԳՐԵՎԱՆԴՑԻ

(548-557)

Ղեւոնդ Ա Եռաստեցի կաթողիկոսին հաջորդեց Ներսես Բ Բագրեւանդցին, որը ծնվել է Այրարատ աշխարհի Բագրեւանդ գավառի (այժմ՝ Ալաշկերտ կամ Էլեղգերդ) Աշտարակք գյուղում: Ծննդավայրի անունով երբեմն անվանվել է նաեւ Աշտարակեցի (չշփոթել Վաղարշապատից ոչ շատ հյուսիս գտնվող Աշտարակի հետ): Մաղաքիա Օրմանյանը գիտակցաբար խուսափում է նրա անվան Աշտարակեցի մակդիրից, որովհետեւ շատ ավելի ուշ այն մի տեսակ ամբողջապես կապվեց հայ նշանավոր հոգեւոր եւ քաղաքական գործիչ Ներսես Ե կաթողիկոսի անվան հետ, որին ժողովուրդը մկրտել էր նաեւ Պաշտպան հայրենյաց տիտղոսով:


Ըստ պատմագիրների ու գավազանագրերի՝ Ներսես Բ Բագրեւանդցին հովվապետել է 9 տարի, սակայն նրան վերագրված են նաեւ 20 կամ 5 տարիներ, որ անտարակույս գրչագրական սխալ պետք է համարել: Հետեւաբար նրա հայրապետության շրջանը պետք է դնել 548-557 թթ. միջոցին: Ներսես Բ-ն կաթողիկոս ընտրվեց Մժեժ Գնունու մահից քիչ առաջ կամ նրա մահից անմիջապես հետո եւ ստիպված էր գործել Հայաստանում մարզպան կարգված պարսիկ իշխանավորների օրոք: Արդեն առաջին իսկ պարսիկ մարզպանը՝ Դենշապուհ Նիխորականը, Դվնում գտնվող պաշտոնական կրակարանից զատ, ատրուշաններ կառուցել տվեց երկրի կարեւոր վայրերում, որոնցից մեկն էր Ռշտունյաց ոստանը:


Ամեն ինչ արվում էր երկրում զրադաշտականությունը տարածելու համար, եւ շատերն այդ պատճառով զոհ դարձան բռնություններին ու հալածանքներին: Կաթողիկոսն ստիպված էր Պարսից արքայից արքա Խոսրով Անուշիրվանին զգացնել տալ, որ Պարսից մարզպանի նման վարվելակերպը հակառակ է Վաղարշ թագավորի օրոք կնքված հայ-պարսկական պայմանագրին, եւ հասավ այն բանին, որ Դենշապուհը ետ կանչվեց ընդամենը 4 տարի պաշտոնավարելուց հետո: Հաջորդ մարզպանը՝ Վշնաս Վահրամը, վարեց կրոնական հանդուրժողական քաղաքականություն՝ թույլատրելով բռնի զրադաշտականացվածներին վերադառնալ իրենց հայրերի հավատին: Սակայն քրիստոնեական քարոզը կրակապաշտ պարսիկների շրջանում եւ վերջիններիս քրիստոնեական հավատին բերելն օրենքով արգելվում էին:


Ներսես Բ Բագրեւանդցի կաթողիկոսի օրոք Հայ եւ Ասորական Եկեղեցիների հարաբերությունները թեւակոխեցին նոր փուլ՝ կապված ապականության կամ անապականության խնդրի եւ սեւերյանների կամ հակոբիկյանների ուժեղանալու հետ: Հայաստանին հարեւան Ասորական Միջագետքի ասորի բնակչությունը, որը ժամանակի ընթացքում տարածվել էր նաեւ Աղձնիքի կողմերում եւ Սասունի լեռներում, արմատապես մերժում էր սեւերյաններին ու հարել էր Հայոց Եկեղեցուն: Հիշյալ ասորիների հոգեւոր առաջնորդներն էին Սամվել քորեպիսկոպոսը, Սարեբայի, Ովփեսի, Սուսինայի, Գնիսթոյի, Գումայի, Բդնայի, Սազիմայի, Հովդամնայի եւ Սոքփոնեի երեցները:


Հիշյալ շրջանների ասորական բնակչությունը որոշում է առանձին եպիսկոպոս ունենալ եւ ընտրելով Սարեբա վանքից Աբդիշո անունով երեցին՝ (իմա՛ Հիսուսի ծառա)՝ ուղարկում է նրան Հայոց կաթողիկոսի մոտ ձեռնադրվելու: Ասորական պատվիրակության կազմում Հայաստան են ժամանում Մարհալայի Ահարոն, Խափայի Դավիթ, Սարեբայի Հակոբ, Կենայի Նոյ եւ մի քանի այլ երեցներ, Բրխիսո միայնակյացը, Բդնայի սարկավագ Դավիթը եւ Տամոքայի միաբան Սեթը: Ընծայության գրում, որ հասցեագրված է Հայոց Ներսես կաթողիկոսին, Տարոնի Մերշապուհ եպիսկոպոսին, նրանց աթոռակիցներին եւ երկրի իշխաններին, նզովյալ հերետիկոսների հետ հիշվում են Քաղկեդոնի ժողովը, Լեւոնի տոմարը, Եվտիքոսը, Սեւերոսը եւ նրանց ապականության գրերը: Ասվում էր նաեւ, որ Քրիստոսը խաչվեց եւ մեռավ մեզ համար «որպէս եւ կամեցաւ, ստուգապէս եւ ոչ կարծէօք, եւ ապականութիւն բնաւ ոչ գտաւ ի նմա», որից անշուշտ պարզ է դառնում, որ նրանք սեւերյաններից անջատված խումբ են՝ հուլիանյաններին մոտիկ, չնայած՝ երեւութականներ էլ չեն:


Ասորական պատվիրակությունը խնդրում է Հայոց Եկեղեցուց՝ իրենց առնել իր հովանավորության ներքո եւ պաշտպանել: Պահպանվել է Հայոց կաթողիկոսի եւ Մերշապուհ եպիսկոպոսի պատասխան թուղթը, որտեղ նշվում է, որ Աբդիշոյի ձեռնադրությունը կատարվել է Հայաստանի բոլոր եպիսկոպոսների մասնակցությամբ, որը ենթադրում է, թերեւս, մի ինչ-որ եկեղեցական ժողով գումարելու մասին: Հայոց հայրապետը հայտարարում է, որ ասորական պատվիրակությունը ներկայացնում է ճշմարիտ հավատը եւ կոչ է անում ամուր մնալ այդ հավատին: Թղթից պարզ է դառնում, որ Հայոց հայրապետությունն ընդունած է եղել ասորական եպիսկոպոսին շարունակական ձեռնադրելու պայմանը, որովհետեւ հիշյալ եպիսկոպոսությունը ներառվել է Հայոց Եկեղեցու թեմերի շարքը: Աբդիշոն՝ որպես ասորի ուղղափառների եպիսկոպոս, այդ իրավունքով մասնակցում է Դվնի ժողովին: Հավանաբար սրանք են, որ հայտնի են գրիգորիկ կամ գրիգորյան ասորիներ անունով: Մաղաքիա Օրմանյանի կարծիքով՝ Աբդիշոյի ձեռնադրությունը տեղի է ունեցել մինչեւ 549 թիվը, որը հավանաբար իր նստավայրը դարձնում է Նփրկերտ կամ Մայփերկատ (հետագայում՝ Մուֆարղին, Ֆարղին, այժմ՝ Սիլվան) քաղաքը: Նեստորականները եւ հակոբիկյանները, որ հալածում էին միաբնակ ուղղափառ ասորիներին, ստիպված էին ետ կանգնել իրենց հալածանքների քաղաքականությունից՝ քաջ գիտակցելով, որ Պարսից արքունիքի հովանավորությունը վայելող Հայոց Եկեղեցուն ապավինած ասորիներին դիպչելը իրենց համար հղի է վտանգավոր հետեւանքներով: Ավելին. հակոբիկ ասորիները, որ նույնպես միաբնակներ էին, նույնպես որոշում են պատվիրակություն ուղարկել Հայաստան եւ ձեռք բերել Հայոց Եկեղեցու բարյացակամությունը:


Սակայն դրա իրականացման մասին պատմությունը հիշատակներ չի պահպանել:
Պատմությունը տեղեկություններ է պահպանել Ներսես Բ կաթողիկոսի օրոք տեղ գտած կրոնական հալածանքների մասին, որոնք տեղի ունեցան Դենշապուհ մարզպանի իշխանության շրջանում եւ բազմաթիվ անձանց նահատակության պատճառ դարձան: Մեզ են հասել երկու պարսիկ մարտիրոսների անուններ, որոնք հրաժարվել էին զրադաշտականությունից եւ մկրտվել: Առաջինի անունը Մանաճիհր էր՝ Ռաժիկ կոչված ցեղից, որը վաղուց ի վեր հաստատվելով Հայաստանում՝ մերձեցել էր հայերին եւ մկրտվելով քրիստոնյա՝ վերցրել էր Գրիգորիս անունը: Նա հաստատվեց Դվնի մերձակա վանքերից մեկում, որը նրա անունով Ռաժիկ Մանաճիհրի վանք կոչվեց: Դենշապուհը փորձեց հորդորելով հայրենի կրոնին վերադարձնել Գրիգորիսին, սակայն հաջողության չհասնելով՝ նրան տանջանքների ենթարկեց եւ գլխատել տվեց: Սամվել Անեցին այս դեպքերը դնում է 551 թվին: Մյուս մարտիրոսի անունը Մախոժ Քունարաստանցի էր, որը Պարսկաստանի Բեշապուհ գավառից էր՝ մոգպետի զավակ: Սա նույնպես հաստատվել էր Դվնում եւ Գրիգորիսի նահատակությունից հետո, տեսնելով խաչի զորությամբ հրդեհի հանգչելը, որոշեց ընդունել քրիստոնեությունը:


Դենշապուհը նրան բանտարկեց, եւ նա բանտում հանդիպեց Ներսես քահանային ու Սահակ կրոնավորին ու նրանց կողմից մկրտվեց Յիզտիբուզդ, այսինքն՝ Աստվածատուր անունով: Վշտաս Վահրամի մարզպանության շրջանում հայ կրոնավորներն ազատ արձակվեցին, սակայն Յիզտիբուզդը ծանր տանջանքներից հետո խաչվեց եւ նետահար արվեց: Նրա նահատակությունը եղավ 553 թվականի փետրվարի 25-ին: Նրա մարմինը, մարզպանի թույլտվությամբ, Հայոց կաթողիկոսը հողին հանձնեց Դվնի կաթողիկեի մոտ՝ վրան քարե վկայարան կանգնեցնելով: Մոտավորապես այդ ժամանակներում տեղի ունեցավ հրեա Ղեւիի որդի Ասերի մարտիրոսացումը, որը քրիստոնեություն ընդունելու համար 553 թվականի հուլիսի 14-ին խողխողվեց իր հոր կողմից: Մեզ են հասել նաեւ երեք այլ նահատակների՝ Սահակի, Սամվելի, Յզըմուխաստի անունները, որոնք ազգությամբ նույնպես պարսիկ էին:
Ներսես Բ Բագրեւանդցու օրոք Հուստինիանոս կայսրը դատապարտեց Թեոդորոս Մոպսուեստացու, Թեոդորետոս Կյուրացու եւ Իբաս Եդեսացու գրվածները 543, 546 եւ 551 թվերին, որոնք հայրախոսական գրականության մեջ հայտնի են «Երեք գլուխք» անունով: 553 թվի մայիսի 4-ին հրավիրված՝ Կոստանդնուպոլսի ժողովում, որին ներկա էր 151 եպիսկոպոս, հիշյալ երեք գլուխները հայտարարվեցին մոլորական: Հայերը նշված՝ Տիեզերական հինգերորդ ժողովին չմասնակցեցին. ասենք, որ հրավեր էլ չէին ստացել: Նույնիսկ հայտնի չէ, թե Հայաստանի բյուզանդական մասի հայ եպիսկոպոսները դրան մասնակցե՞լ են, թե՞ ոչ: Եթե անգամ մասնակցել են, ապա նրանք, անշուշտ, չէին կարող ներկայացնել Հայոց Առաքելական Եկեղեցին: Այսուհանդերձ՝ ժողովի որոշումները, որ շատ հարցերում հետեւում էին Եփեսոսի տիեզերական ժողովի կանոններին, նպաստավոր էին Հայոց միաբնակ Եկեղեցու համար: Միայն թե այն առանձին նշանակություն չի տվել հիշյալ ժողովին, որին ինքը չէր մասնակցել:


Ներսես Բ-ի կարեւոր ձեռնարկումներից էր Դվնի 554 թվականի ժողովի գումարումը, որը տեղի ունեցավ Պարսից մարզպան Վշնաս Վահրամի կառավարման շրջանում: Սկզբնաղյուրների համաձայն՝ այն հրավիրվեց Պարսից արքայից արքա Խոսրովի քսանչորսերորդ տարում՝ «ի սուրբ ի քառանորդսն, ի կիւրակէի իւղոգոմենին», որը համապատասխանել է 554 թվի Ծաղկազարդին կամ մարտի 29-ին:


Համաձայն «Ուխտ միաբանութեան» գրվածքի՝ ժողովը քայլեր է ձեռնարկել նեստորականության առաջն առնելու համար, որովհետեւ առեւտրի հետ կապված շատ նեստորականներ եկել հաստատվել էին Հայաստանում՝ կրոնական կենտրոն դարձնելով Մանաճիհր Ռաժիկի վանքը: Չնայած այն կարծիքին, թե ժողովը գումարվել է Քաղկեդոնի ժողովի որոշումների դեմ, իրականում նրա երեք վավերագրերից եւ ոչ մեկում Քաղկեդոնն անգամ չի հիշատակվում: Միշտ խոսվում է խուժիկ նեստորականների, չար աղանդ խուժիկ նեստորականության եւ անիծյալ նեստորականների մասին: Ուստի Մաղաքիա Օրմանյանն իրավացիորեն նշել է, որ նեստորականության եւ քաղկեդոնականության աղերսների պատճառով էլ Դվնի երկրորդ ժողովը դիտվել է Քաղկեդոնի դեմ ուղղված ձեռնարկ:


Հայտնի է, որ այս ժողովը գումարվել է Դվնի Ս. Գրիգորի կաթողիկեում, ուստի այն կոչվել է նաեւ սբ Գրիգորի ժողով: Ժողովի հրավերը վաղուց էր ուղարկված, սակայն ինչ-ինչ պատճառներով շատ եպիսկոպոսներ չեն շտապում գալ Դվին, որին հետեւում է կաթողիկոսի «Թուղթ մեղադրութեան»-ը, որում նա ծանր խոսքեր է ուղղում ժողովին չներկայացած եպիսկոպոսներին, որոնց թվում էին Գրիգոր Արծրունյաց, Սահակ Ռշտունյաց, Սողոմոն Մոկաց, Ստեփանոս Անձեւացյաց Հռոմանոս Ակեո, Քրիստափոր Պալունյաց, Միքայել Զարեհավանի, Աստվածատուր Բժնունյաց եւ Թադեոս Մեհնունյաց եպիսկոպոսները: Սրանք բոլորն էլ հարավային Հայաստանից էին: Դժվար է ասել, թե կաթողիկոսի մեղադրական նամակը ինչ հետեւանքներ ունեցավ, որովհետեւ ժողովին մասնակից եպիսկոպոսների թիվն ընդամենը 18 էր, որոնցից 7-ը ստորագրել էին «Թուղթ մեղադրութեան»-ը, երեքը մեղադրվողներից էին, իսկ 8-ը՝ այլ եպիսկոպոսներ, որոնց մեջ հիշվում է նաեւ Աբդիշո Ասորյաց եպիսկոպոսը: Ժողովին մասնակցեցին մեծ թվով նախարարներ, որը կարեւոր քաղաքական հնչեղություն հաղորդեց ժողովին: Ավերվում է Մանաճիհր Ռաժիկի վանքը՝ որպես նեստորականների կենտրոն, նզովվում են բոլոր նրանք, ովքեր կհետեւեին նեստորականներին՝ անկախ այն հանգամանքից, թե նա կաթողիկոս կլինի, եպիսկոպոս, քահանա, իշխան թե հասարակ ժողովրդի ներկայացուցիչ: «Ուխտ միաբանութեան Հայոց աշխարհիս» խորագիրը կրող փաստաթուղթը բնավ ակնարկ անգամ չունի Քաղկեդոնի մասին եւ ոչ էլ որեւէ ձեւով անդրադառնում է Հուստինիանոսի 553 թ. Կոստանդնուպոլսում հրավիրված ժողովի որոշումներին:


Ժողովի 87 կանոնները, որոնք Ներսես կաթողիկոսի եւ Ներշապուհ կամ Մերշապուհ Մամիկոնեից եպիսկոպոսի անունով մտել են «Կանոնագիրք Հայոց»-ի մեջ, կարգավորում էին եկեղեցական կարգերը, եկեղեցականների բռնած ընթացքը, պարտադրում էին երկկին եւ տգետ քահանաներին վտարել Եկեղեցուց, պատժել վաշխառուներին եւ հարբեցողներին, արգելում էին հոգեւորականներին գանձագին ծառա պահել եւ այլն եւ այլն: Որոշ կանոններ վերաբերում էին ամուսնաընտանեկան հարաբերություններին, հոգեւորականների տնտեսական գործունեությանը, աղանդավորներին եւ այլն: Ժողովը կարգավորեց նաեւ պահքերը:


Ասողիկի տեղեկությամբ՝ Դվնի ժողովում «կարգեցին զթուականն Հայոց» եւ «ի բաց կացին ի Յունաց հաղորդութենէ»: Ըստ որում՝ ասվում է, որ դա եղել է հույների փիլիպպոսյան 304 թվին, փրկչական տոմարի 553 թվին եւ հայոց դարձի 252-րդ տարում: Մաղաքիա Օրմանյանն իրավացիորեն նշում է, որ այս ժողովը հայոց տոմարին չի անդրադարձել: Նիկիայի ժողովից հետո զատկական ցուցակ ունենալու անհրաժեշտություն ծագեց, որը որոշ ժամանակ անց՝ 200 տարվա համար կազմեց Անդրեաս Բյուզանդացին: Այն սկսվում էր 353 թվից եւ ձգվում էր մինչեւ 552 թիվը: Զատկական ցուցակի ներքին որոշ հակասությունների պատճառով տոներն սկսել էին շփոթվել, ուստի հայերը, 9 տարվա համար առժամյա կարգադրություն անելով, շարունակեցին հետեւել սովորական «իննեւտասներեակ»-ին: Առժամյա կարգադրությունը 9 տարվա համար եւ այնուհետեւ հայոց մեծ թվականի ընդունումը կատարվեցին Ներսես Բ Բագրեւանդցու օրոք, չնայած՝ Մաղաքիա Օրմանյանը հակված է այն դնելու 561-ին՝ Ներսեսի մահից մի քանի տարի հետո:


Ներսես Բ Բագրեւանդցի կաթողիկոսը մահացավ 557 թվին՝ առաջացած տարիքում: