ԱԲՐԱՀԱՄ Ա ԱՂԲԱԹԱՆԵՑԻ

ԱԲՐԱՀԱՄ Ա ԱՂԲԱԹԱՆԵՑԻ

(607-615)
 

607 թվականի մարերի ամսի սկզբին, մեր տոմարով՝ մարտի 25-ին, հրավիրված ժողովը կաթողիկոսի ընտրության հարցը լուծել չկարողացավ: Դեր խաղացին մի շարք գործոններ. որոշ եպիսկոպոսներ հարել էին քաղկեդոնականությանը, իսկ մյուսների մեջ էլ կային մի քանիսը, որ սնոտի փառասերներ էին կամ աչառու, տգետ կամ անձեռնհաս, իսկ կեսը՝ ակամա բռնադատյալ: Ժողովը կաթողիկոսական ընտրությունը կազմակերպելու համար գրեթե նույն կազմով նոր նիստ գումարեց, որին մասնակցեցին 50 եպիսկոպոս եւ 390 այլ հոգեւորական: Այս անգամ ընտրությունը հաջողվեց, եւ կաթողիկոս դարձավ Աբրահամ եպիսկոպոսը, որը Ռշտունիքի Աղբաթանք գյուղից էր: Վերջինիս տեղադրությունը հայտնի չէ, իսկ Մ. Օրմանյանի փորձը՝ այն նույնացնել Աթանանք գյուղի հետ, հազիվ թե կարելի է վերջնական համարել: Ժողովի ամենամեծ անակնկալը, թերեւս, այն էր, որ ընտրվեց Աբրահամ եպիսկոպոսը եւ ոչ թե Վրթանեսը, որը ոչ միայն մասնակցել էր ժողովին, այլեւ դրանից հետո էլ գործունեություն էր ծավալել: Ենթադրություններ կատարելը, երբ աղբյուրներն այդ մասին ոչ մի տեղեկություն չեն պահպանել, ընդհանրապես անշնորհակալ գործ է, սակայն, թերեւս, ճիշտ է Մ. Օրմանյանի կարծիքը, որ դա հավանաբար կապված էր Վրթանեսի՝ Սորմենասի եւ Կյուրիոնի հետ եկեղեցական վեճեր ունենալու հետ, եւ ժողովը նպատակահարմար է գտել կաթողիկոսական աթոռ բարձրացնել մեկ այլ անձնավորության, որն ազատ լիներ այդ բեռից: Ըստ երեւույթին, Աբրահամ եպիսկոպոսն էլ է քաջ գիտակցել ընտրվելու դեպքում իրեն սպասվող դժվարությունները եւ համաձայնել է կաթողիկոսական աթոռ բարձրանալ՝ իրեն երկար համոզելուց հետո: Գործն անգամ այնպիսի ընթացք է ստացել, որ կաթողիկոսության թեկնածուներն Ավետարանի վրա վիճակ են ձգել, եւ վիճակն ընկել է Աբրահամ եպիսկոպոսին, որը նույնիսկ դրանից հետո էլ կաթողիկոս է դարձել շրջապատի ճնշման ներքո: Ուխտանեսի պատմությունը նրան բնութագրում է որպես «այր հեզ, բարի եւ հավատարիմ, իմաստուն, Տիրոջ գիտությամբ լի, հավատի մեջ հաստատուն եւ ուղղափառ հավատի նախանձախնդիր»: Կաթողիկոսի ձեռնադրությունը կատարվեց, ըստ Մ. Օրմանյանի տոմարական հաշվարկների, 607 թվականի ապրիլի 30-ին: Ստեփանոս Օրբելյանը ձեռնադրությունը դնում է ապրիլի 16-ին, սակայն Ուխտանեսի հաղորդումը, հավանաբար, գերադասելի տեղեկություն է:
Աբրահամ Ա կաթողիկոսի ձեռնադրությանը մասնակից եպիսկոպոսների մեջ առանձնանում են Վրթանես տեղապահը, Բասենի Մանասե եւ Սյունյաց Քրիստափոր եպիսկոպոսները, որոնցից երկրորդը, ամենայն հավանականությամբ, առաջատար դիրք էր զբաղեցնում բյուզանդական Հայաստանի, իսկ երրորդը՝ պարսկական Հայաստանի եպիսկոպոսների շրջանում: Ուշադրություն է գրավում այն իրողությունը, որ ժողովի մասնակիցների մեջ չեն ոչ միայն Վրաց, այլեւ Աղվանից կաթողիկոսները, ինչ վերաբերում է Մովսես Ցուրտավացուն, ապա նրա բացակայությունը կապված էր հիվանդության հետ: Ըստ որում, եթե Աղվանից կաթողիկոսը ժողովին չէր ներկայացել ինչ-ինչ հակառակություններից ելնելով, ապա Կյուրիոն Վրաց կաթողիկոսին պարզապես չէին հրավիրել՝ նրա բռնած վարքագծի պատճառով: Ժողովականների մեջ կային եպիսկոպոսներ, որոնց դարձի ընդունելությունը եւ իրենց աթոռներին վերահաստատվելը վերապահվել էր կաթողիկոսին՝ ժողովի առաջին նիստի ընդունած որոշման երկրորդ հոդվածով: Ինչը նա կատարեց կաթողիկոս ընտրվելուց հետո՝ իր գլխավոր պաշտոնակալներից կազմելով հատուկ ատյան, որը նրանց ապաշխարեցնում էր եւ վերադառնում մայր Եկեղեցու գիրկը: Ամեն ինչից դատելով՝ այդ ատյանի մեջ էին Բասենի, Սյունյաց, Ամատունյաց, Անձեւացյաց, Գողթան, Մեհնունյաց, Բուժունյաց, Առնոյի եւ Ելո կամ Այլո եպիսկոպոսները: Ժողովի մասնակիցների մեջ կային նաեւ աշխարհիկ անձինք, որոնց ցուցակը գլխավորում էր Սմբատ մարզպանը: Ուխտանեսի տվյալների համաձայն՝ հոգեւոր անձանց մեջ էին նաեւ Մարդպետականի Թեոդորոս, Բագրեւանդի Ստեփանոս, Խորխոռունյաց Մովսես, Ապահունյաց Քրիստափոր եւ Վանանդի Ներսես եպիսկոպոսները, որոնք բյուզանդական հատվածներից էին: Ժողովի մասնակիցների մեջ նշանակալից թիվ էին կազմում վանահայրերը, որոնցից առանձնանում էր Սբ Հովհաննեսի վանքի վանահայր Բաբելասը, որը չվախենալով հյուրընկալել էր Մովսես Ցուրատավացի եպիսկոպոսին, ինչպես նաեւ Ավանի վանահայր Հովնանը, որը գտնվում էր Բագարանցու աթոռանիստում:
Ուխտանեսի մի հետաքրքիր հաղորդման համաձայն՝ Վրթանես տեղապահն Աբրահամ կաթողիկոսին փոխանցեց հայրապետական գանձերն ու գույքը, որոնք, պատմիչի ասելով, նրա պահպանությանն էր հանձնել Հայոց Մովսես կաթողիկոսը մահանալուց առաջ: Չնայած մինչեւ Ուխտանեսը նման հիշատակություններ չեն պահպանվել, կասկած չկա, որ կանոնական այդ սովորությունը գալիս էր Հայոց Եկեղեցու հիմնադրման ժամանակներից: Որոշակի հետաքրքրություն է ներկայացնում փոխանցված իրերի ցուցակը, որի մեջ հիշատակվում են փրկական կենսակիր նշանը կամ խաչափայտի նշանավոր մասունքը, առաքյալների մասունքները, կաթողիկոսական աթոռը եւ գավազանը, սկիհներ, ծածկոցներ, վարագույրներ, խնկամաններ, բուրվառներ, քշոցներ, հայրապետական քողը, հոգեւորականների հագուսներ, Տրդատ թագավորի զգեստը, որ նա նվիրել էր եկեղեցուն եւ այլն:
Մինչեւ ցրվելը, եպիսկոպոսների ցանկությամբ, մեծ հանդիսավորությամբ իրականացվեց մեռոնի օրհնությունը, որը կաթողիկոսի բացարձակ իրավունքն էր: Հարկ է նշել, որ Մովսեսի մահից հետո մեռոնի օրհնություն տեղի չէր ունեցել: Մեռոնը պատրաստվում էր ձեթից ու բալասանից, որին խառնում էին քառասուն տեսակի հոտավետ ծաղիկների ու խնկերի հյութ՝ գինիով եփված ու քամված: Թե որքան կարեւոր էր մեռոնի օրհնությունը, ցույց է տալիս Ուխտանեսի հաղորդումը, որի համաձայն՝ դա երրորդ ժողովն էր: Թեեւ մեռոնի օրհնությունը սովորաբար կատարվում էր 12 եպիսկոպոսի մասնակցությամբ, այս անգամ մեծ թվով մասնակիցներ ունեցավ: Մեռոնի օրհնությունը, թերեւս, կատարվեց 607 թվի մայիսի 7-ին: Եկեղեցական այս ժողովը շատ կարեւոր դեր կատարեց Հայոց Եկեղեցու պատմության մեջ, քանի որ մեծապես ամրապնդվեցին նրա դիրքերն ընդհանրապես եւ բյուզանդական Հայաստանում՝ մասնավորապես: Բագարանցու հակաթոռ կաթողիկոսությունը խիստ տկարացավ, իսկ Բագարանցին ստիպված եղավ հեռանալ Կարին կամ Թեոդոսուպոլիս:
Աբրահամ Աղբաթանեցու ժամանակ Սյունյաց եպիսկոպոսությունը Դվնի կաթողիկոսությանը հակառակ դիրք գրավեց այն դեպքում, երբ Բասենի Մանասե եպիսկոպոսն ամբողջովին պաշտպանում էր նրան՝ գտնվելով հանդերձ բյուզանդական հատվածում: Հակառակության հիմնական պատճառը Սյունյաց եպիսկոպոսության առանձնահատուկ կացություն ձեռք բերելու ձգտումն էր: Վերջինս կամենում էր տիրանալ մետրոպոլտական իրավունքներին, եւ ինչպես կայսրության մեջ, իր ենթակայության տակ ունենալ եպիսկոպոսներ եւ եպիսկոպոս ձեռնադրելու իրավունք: Այդպիսի իրավասություն ունեին Աղվանից եւ Վրաց կաթողիկոսները: Բանն այնտեղ հասավ, որ Սյունյաց մի շարք եպիսկոպոսներ սկսեցին ձեռնադրվել Աղվանից կաթողիկոսի կողմից եւ անգամ մեռոնն ընդունել նրանից: Քրիստափոր եպիսկոպոսի օրոք երկպառակությունը դադարեց՝ շնորհիվ Սմբատ մարզպանի ձեռնարկած քայլերի: Ոչ պակաս դեր խաղաց նաեւ Սյունյաց Սահակ իշխանը:
Սյունյաց եպիսկոպոսության բռնած հակառակ դիրքորոշումը եւ Աղվանից կաթողիկոսության հետ մերձենալու ուղղությամբ ձեռնարկած քայլերը պարզորոշ ցույց են տալիս, որ բոլորովին էլ հարթ չէին Հայոց եւ այսպես կոչված՝ Աղվանից կաթողիկոսությունների փոխհարաբերությունները, որի պատճառն Աղվանից եւ Վրաց կաթողիկոսությունների միջեւ ծագած հակասությունն էր: Սկզբում ավելի ուժեղ էին Աղվանից աթոռի դիրքերը, սակայն Հայոց Եկեղեցին ինչ-ինչ պատճառներով որոշեց առաջնությունը տալ Վրաց աթոռին՝ առաջ բերելով առաջինի սառնությունը: Վիճակն ավելի բարդացավ Աղվանից Աբաս կաթողիկոսի օրոք, որին հարեց Սյունյաց եպիսկոպոսությունը: Բանն այնտեղ հասավ, որ Հայոց արեւելից կողմերի որոշ եպիսկոպոսություններ, որոնք գտնվում էին Աղվանից կաթողիկոսության ենթակայության ներքո, փորձեցին քաղկեդոնականություն ընդունել: Վրաց Կյուրիոն կաթողիկոսի բռնած հակաթոռ դիրքորոշումից հետո Հայոց Եկեղեցին իր վերաբերմունքը փոխեց Աղվանից կաթողիկոսության նկատմամբ: Սմբատ մարզպանին հաջողվեց Սյունյաց եպիսկոպոսությունը վերադարձնել Հայոց Եկեղեցու գիրկը, սակայն այդ չհաջողվեց Աղվանից կաթողիկոսության դեպքում, եւ Աղվանից հայրապետը չմասնակցեց եկեղեցական ժողովին ու կաթողիկոսական ընտրությանը: Միաժամանակ Հայոց Եկեղեցու կողմից Աղվանից Եկեղեցին իր ազդեցությանը վերստին ենթարկելու փորձերը պարարտ հող էին ստեղծում Վրաց Կյուրիոն կաթողիկոսի փառասիրական ու անջատողական ծրագրերի համար:
Սկզբնական շրջանում վիճակը կարծես ինչ-որ չափով կարգավորվեց, եւ Վրաց ու Աղվանից կաթողիկոսները, Ուխտանեսի խոսքերով, ներկայացան Աբրահամ Աղբաթանեցուն՝ արտահայտելով սեր եւ հնազանդություն: Հայոց հայրապետը նրանց ընդունեց մեծ պատվով. առաջինը, երբ եկավ բաժակի կարգը, նա օրհնեց եւ տվեց Աղվանից կաթողիկոսին՝ առաջ բերելով Կյուրիոն Վրաց կաթողիկոսի զայրույթը, որի կարծիքով՝ ինքը գահերեց էր վերջինիս համեմատությամբ: Աբրահամ կաթողիկոսի փորձերը՝ հանգստացնելու Կյուրիոնին, անհաջող անցան, եւ վերջինս հեռացավ՝ չնայած բոլոր հորդորներին: Այսպես է հաղորդում Ուխտանեսը, սակայն դատելով Աբրահամին ուղարկած Կյուրիոնի նամակի բովանդակությունից, թե ինքը պարտավոր էր Հայոց հայրապետին այցի գալ եւ ստանալ նրա օրհնությունը, կարելի է կասկածել վերոհիշյալ տեղեկությանը: Սակայն կարեւորն այն չէ, թե Կյուրիոնը հանդիպել էր թե ոչ Հայոց կաթողիկոսի հետ: Շատ ավելի էական էր այն իրողությունը, որ Վրաց կաթողիկոսի բռնած դիրքի պատճառով գնալով սրվում էին հակասությունները Հայոց եւ Վրաց Եկեղեցիների միջեւ, որոնք ի վերջո հանգեցրին Հայոց Եկեղեցուց վերջինիս անջատվելուն եւ քաղկեդոնականությանը հարելուն:
Ինչպես արդեն նշվել է, Դվնի ժողովի ժամանակ Մովսես Ցուրտավացի եպիսկոպոսը հիվանդ էր եւ չկարողացավ իր մասնակցությունը բերել թե՛ ժողովին ընդհանրապես եւ թե՛ կաթողիկոսի ընտրությանը: Դժվար է ասել, թե ինչն էր պատճառը, սակայն նա երկար ժամանակ լռություն էր պահպանում եւ միայն ութ ամիս անց, համաձայն Ուխտանեսի, նամակով դիմեց Աբրահամ կաթողիկոսին: Նամակը գրվել էր, անտարակույս, 608 թ. սկզբներին՝ Աստվածհայտնության տոնի առթիվ: Ընտրության եւ Հայոց Եկեղեցու միասնության վերականգնման կապակցությամբ շնորհավորելով կաթողիկոսին՝ նա ներկայացնում էր իր վիճակը՝ հիվանդություններն ու նեղությունները, եւ խնդրում, որ Վրաց եւ Աղվանից աշխարհներում պաշտպանի ուղղափառ հավատը: Աբրահամ Աղբաթանեցին անմիջապես պատասխան նամակ է ուղարկում, մխիթարում նրան եւ խոստանում լուծել նրա ու Կյուրիոնի վեճը, քանի դեռ Սմբատ իշխանը Հայաստանում է:
Հայոց կաթողիկոսը նամակ ուղարկեց նաեւ Կյուրիոնին՝ անհանգստություն հայտնելով Մովսես Ցուրտավացու հալածման եւ Շուշանիկի ուխտատեղիում հայերեն ժամասացությունը, որ փոխադարձ միության առհավատչյան էր, արգելելու համար: Նա միաժամանակ խորհուրդ է տալիս Վրաց կաթողիկոսին հեռու մնալ երկաբնակությունից՝ զարմանք հայտնելով, թե ինչպես Պարսից արքայից արքայի հպատակները կարող են միաբանել օտար պետության, այսինքն՝ բյուզանդական կայսրության հետ: Կյուրիոնն անմիջապես պատասխանում է Աբրահամ կաթողիկոսին, շնորհավորում նրա ընտրությունը եւ հայտնում, որ ինքը, նեստորականների մոլորությունն իմանալով, Խուժիկին հեռացրել է իրենցից: Ժամասացության կապակցությամբ էլ հայտնում է, որ ինքը ժամասացությունը չի փոխել, այլ կարգադրել է վարել երկու լեզուներով, քանի որ եպիսկոպոսը գիտի թե՛ հայերեն եւ թե՛ վրացերեն: Մովսես Ցուրտավացու առնչությամբ էլ հայտնում է, որ ինքը նրան չի հալածել, փորձել է խրատել, հրավիրել է իր մոտ, սակայն նա, իր վիճակը լքելով, գիշերով գաղտնի հեռացել է: Վրաց կաթողիկոսն աղավաղում է դեպքերը եւ իրադարձությունները ոչ միայն Ցուրտավի եպիսկոպոսի կապակցությամբ, այլեւ ծուռ հայելու մեջ է ներկայացնում իր՝ քաղկեդոնականությանը հարելու խնդիրը՝ հայտարարելով, թե իրենց հին հավատքը Երուսաղեմի հետ միեւնույնն էր եւ այժմ էլ նույնն է, չնայած իրենք պարսից հպատակներ են: Իր քայլն արդարացնում էր նրանով, որ Սասանյան Պարսկաստանում նույնպես հոռոմներ, այսինքն՝ երկաբնակներ կան: Կյուրիոնը միաժամանակ խնդրում է իրեն չմեղադրել անձամբ չներկայանալու եւ կաթողիկոսին չշնորհավորելու համար:
Հավանաբար խնդիրը հեշտությամբ կլուծվեր, եւ Կյուրիոնն էլ խստորեն կպատժվեր, եթե Պարսից արքայից արքա Խոսրով Փարվեզը, երախտագիտության զգացում ունենալով բյուզանդական կայսր Մավրիկիոսի նկատմամբ, որն իրեն օգնել էր տիրանալու Պարսից գահին, կրոնական հարցերում թողտվության քաղաքականություն չվարեր: Սմբատ Բագրատունին, որի հեղինակությունը շատ մեծ էր այդ օրերին, Հայոց կաթողիկոսի հետ մեկտեղ ինքն էլ նամակ ուղարկեց Կյուրիոնին՝ նպատակ ունենալով ազդել նրա վրա աշխարհիկ իշխանության անունից: Նամակը, որն ուղարկելուն մասնակցել էին Գիգ Դաշտկարանը եւ Շարսաղար վարդապետը, հիշեցնում էր, որ Հայոց ու Վրաց Եկեղեցիները միասնական են եղել, եւ միայն օտարամուտ խառնակիչների պատճառով հակասություններ են ծագել ոչ միայն երկու ժողովուրդների, այլեւ հենց հայերի միջեւ: Ուստի, քանի որ պարսից տիրակալի բարերարությամբ այդ խնդիրները լուծվել են Հայոց Եկեղեցում, հարկ է, որ միաբանություն հաստատվի Հայոց եւ Վրաց Եկեղեցիների միջեւ, ինչպես եղել է իրենց նախորդների օրոք: Նամակում արծարծվել են նաեւ Շուշանիկի ուխտատեղիում հայերեն ժամասացությունն արգելելու եւ Մցխեթա գնացող հայ ուխտավորների համար դժվարություններ հարուցելու խնդիրները, որի հետեւանքով Սմբատ մարզպանը եւս չէր կարողացել ուխտի գնալ:
Շատ լավ գիտակցելով եւ խորապես անհանգստանալով Սմբատի կողմից խնդրին խառնվելու դեպքում իր համար ողջ վտանգավորությունը, քանի որ նա մեծ համարում ուներ պարսից արքունիքում, Կյուրիոնը քաղաքավարությամբ պատասխան է ուղարկում Սմբատ մարզպանին՝ գովելով նրա գործադրած ջանքերը Եկեղեցու միաբանությունը պահպանելու ուղղությամբ: Բացատրությունները գրեթե նույնն են, ինչ Հայոց կաթողիկոսին ուղարկված նամակում: Սակայն, այնուամենայնիվ, այս նամակում կար մի տեղեկություն, որը տեղ չէր գտել Աբրահամ Աղբաթանեցուն ուղղված թղթում: Վրաց կաթողիկոսը Մովսես Ցուրտավացուն մեղադրում է ոմն ապստամբ Վահրամի հետ գործակցելու մեջ, որը քաղաքական երանգ ուներ: Թե ով է այս Վահրամը, դժվար է ասել, որովհետեւ կարծես թե նրա անունն անծանոթ է մյուս սկզբնաղբյուրներին: Ենթադրել, թե ի դեմս հիշյալ Վահրամի, Կյուրիոնն ի նկատի է ունեցել Վահրամ կամ Բահրամ Չոբինին, որն ապստամբել էր Սասանյանների դեմ եւ կարճ ժամանակով տիրացել Պարսից գահին՝ երկար ժամանակ անգամ իր անվան հիշատակությամբ սարսուռ առաջացնելով Պարսից արքունիքում, եւ դրանով Վրաց կաթողիկոսը կամենում էր, մի տեսակ, իրեն ապահովագրել հնարավոր վտանգներից, հնարավոր չէ, քանի որ նրա հիշատակությունը որեւէ ձեւով չի առնչվում Չոբինի ժամանակների հետ: Այնուամենայնիվ, ասվածի մեջ ինչ-որ ճշմարտություն կար, քանի որ Մովսես Ցուրտավացին չի ժխտում նրա գոյությունը: Եվ վերջապես, ցավ հայտնելով, որ Սմբատ մարզպանը չի կարողացել ուխտի գալ Մցխեթա, նա փորձում է հավատացնել, որ իրենք աղոթել են նրա հոր ու մոր հոգիների համար:
Մովսես Ցուրտավացին, որ ուշադիր հետեւում էր Հայոց կաթողիկոսի եւ Սմբատ մարզպանի գրագրությանը, անմիջապես անհրաժեշտ բացատրություններ տվեց նրանց՝ մասնավորապես Սմբատ մարզպանին՝ վախենալով, որ Վրաց կաթողիկոսի զրպարտությունները կարող են շփոթեցնել նրան: Բացատրության մեջ հիշվում է նաեւ Վահրամը, որը սակայն, ըստ դեպքերի հաջորդական մատուցման, անվերապահորեն չի նույնանում Բահրամ Չոբինին: Մովսես Ցուրատավացին, չժխտելով Վահրամի կողմից իրեն նամակ ուղարկած լինելը, կտրականապես ժխտում էր նրա հետ հանդիպելու փաստը եւ հայտնում, որ նամակը ցույց է տվել Հայոց կաթողիկոսին, եւ տրվել է մերժողական պատասխան: Նա առաջարկում է անգամ Սմբատ մարզպանին հարցը քննել եւ իր մեղավորության դեպքում խստորեն պատժել: Ելնելով վերոհիշյալից՝ պետք է համաձայնել Մ. Օրմանյանի այն ենթադրության հետ, թե նշված Վահրամը եղել է հակաքաղկեդոնիկ ուղղության վրաց իշխան, որը, թերեւս, փորձել է Մովսես Ցուրտավացու օժանդակությամբ զորացնել իր կողմը: Շատ հնարավոր է, որ երկուստեք իրար մերձենալու փորձեր եղել են, սակայն Մովսես Ցուրտավացուն ներկայացված այդ մեղադրանքը հազիվ թե պարսից արքունիքի աչքում կարող էր մեծ նշանակություն ունենալ:
Սակայն դեպքերի զարգացմանը, որ տանում էր դեպի Հայոց եւ Վրաց Եկեղեցիների բաժանման, նպաստեց մի շատ կարեւոր իրադարձություն: Սմբատ մարզպանին, որ պարսից արքունիքի ամենախորհրդավոր խարդավանքների դպրոց էր անցել, Կյուրիոնի պատասխանը միայն զայրույթ պատճառեց: Շատ լավ իմանալով, որ Վրաց հայրապետը կեղծում է իրականությունը՝ նա խոստանում է Պարսից թագավորի հետ հանդիպելուն պես հրովարտակ ձեռք բերել՝ Մովսես Ցուրտավացուն իր աթոռում վերականգնելու որոշումով: Սակայն միաժամանակ առաջարկում է դեռեւս խաղաղ մնալ՝ ապավինելով Աստծուն եւ կաթողիկոսին: Ըստ երեւույթին, Սմբատ մարզպանը մտադիր էր ուժով լուծել խնդիրը եւ հարկ էր համարում, մի տեսակ, հարցը գաղափարապես նախապատրաստել՝ առաջարկելով Հայոց կաթողիկոսին գրել երկրորդ, երրորդ նամակները: Եվ եթե, ինչպես գրում էր նա, Կյուրիոնը եւ նրա կողմնակիցները «ի նոյն խելագարութեան կան եւ ի միաբանութենէ մերմէ հեռանան, զարիւն նոցա ի գլխոց իւրեանց խնդրեսցէ Տէր Աստուած, եւ մեք անպարտ լիցուք»: Այս նամակը գրելուց շատ չանցած՝ Սմբատ մարզպանը մեկնեց Պարսկաստան՝ մինչ այդ իրականացնելով Դվնի Սբ Գրիգոր եկեղեցու վերականգնման պատրաստությունները, որն այրվել էր 571 թ.՝ Վարդան Մամիկոնյանի ապստամբության ժամանակ: Սակայն եկեղեցու մոտիկությունը եւ ամուր շինվածքը կասկածներ առաջ բերին պարսից բերդակալի մոտ, ուստի հայոց՝ պարսից մարզպանը եւ բերդակալը Խոսրով Փարվեզ թագավորին ամբաստանագիր ուղարկեցին, թե եկեղեցին շատ մոտ է բերդին եւ կարող է վտանգավոր լինել իրենց համար: Պետք է ասել, որ Սմբատ մարզպանի հմայքը եւ նրա նկատմամբ վստահությունն այնքան մեծ էին պարսից արքունիքում, որ ամբաստանությունը ոչ մի օգուտ չտվեց: Հայաստանում պարսից մարզպանը հրաման ստացավ թույլատրել եկեղեցու շինարարությունը նույն տեղում, իսկ բերդը քանդել եւ կառուցել մեկ այլ տեղում: Եկեղեցին դեռեւս կառուցված չէր, երբ Սմբատ մարզպանը մեկնեց Պարսկաստան: Շինարարությունը շարունակվեց ոչ միայն Աբրահամ կաթողիկոսի, այլեւ Կոմիտաս հայրապետի օրոք, որը եւ այն իր ավարտին հասցրեց:
Համաձայն Սմբատ մարզպանի հանձնարարության՝ Հայոց կաթողիկոսը երկրորդ անգամ առանձին նամակով դիմեց Կյուրիոնին՝ առաջարկելով պահպանել հայոց եւ վրաց միությունը, որ հաստատվել էր Հայոց Բաբկեն եւ Վրաց Գաբրիել կաթողիկոսների օրոք գումարված ժողովում, հրաժարվել վեճերից ու հակասություններից եւ ձգտել հավատի հարցում հասնել փոխըմբռնման: Հայոց կաթողիկոսն իր հովանավորության տակ է առնում Մովսես Ցուրտավացուն՝ նշելով նրա բարեպաշտությունն ու լավ լինելը եւ առաջարկում Հայքում կամ Վիրքում տեսակցություն ունենալ ու թյուրիմացությունները վերացնել: Աբրահամ Աղբաթանեցու միասնության կոչերը հանդիպեցին Կյուրիոնի գրեթե կոպիտ ու բուռն պատասխանին, որը լուրջ նախանշան էր, թե նա վերջնական որոշում է կայացրել անջատվելու Հայոց Եկեղեցուց: Մի կողմից ընդունելով երկու Եկեղեցիների միաբանությունը՝ նա մյուս կողմից պնդում է, որ իրենք Երուսաղեմի դավանությունն են պահում, որով առաջնորդվում են նաեւ հոռոմները, այսինքն՝ բյուզանդացիները: Վկայակոչելով Հռոմի, Ալեքսանդրիայի, Անտիոքի, Կոստանդնուպոլսի եւ Երուսաղեմի հայրապետներին՝ նա գրում է, թե ինչպես կարելի է հրաժարվել նրանցից եւ հավատալ հայերին: Անդրադառնալով Մովսես Ցուրտավացուն՝ Կյուրիոնը նշում է, որ Վրաց 35 եպիսկոպոսները համամիտ են իր հետ, ուստի ինչո՞ւ է նա միայն ուսյալ եւ ուղղափառ: Հայտարարելով, որ իր օրոք Վրաց Եկեղեցին էլ ավելի է պայծառացել եւ վայելել է Պարսից արքայից արքայի շնորհները՝ նա պարզորոշ գրում է, որ հայերի հետ ինքը գործ չունի եւ Երուսաղեմ գնալիս պարզապես ստիպված է անցնել Հայաստանի վրայով: Միաժամանակ Հայոց կաթողիկոսին առաջարկում է այդ հարցերով այլեւս իրեն չդիմել եւ զբաղվածությունը պատրվակելով՝ հրաժարվում է տեսակցությունից:
Ըստ էության՝ Հայոց եւ Վրաց Եկեղեցիների միասնությունը խզված էր, սակայն Հայոց կաթողիկոսը, անսալով Սմբատ մարզպանի հրահանգին, գրում է երրորդ նամակը: Աբրահամ Աղբաթանեցին կրկին բերում էր նախկին փաստարկներն ավելի ընդարձակ շարադրանքով՝ հատկապես կանգ առնելով Քաղկեդոնի հռչակած երկաբնակությանն իր անհամաձայնության եւ Բաբկեն կաթողիկոսի հրավիրած ժողովում Վրաց կաթողիկոսի եւ 23 եպիսկոպոսների՝ Հայոց Եկեղեցու հետ միաբանելու համաձայնության վրա: Նշվում է նաեւ, որ իր հետ միաբան են նաեւ Աղվանից եւ Սյունյաց եպիսկոպոսները: Հայոց հայրապետը նշում է, որ ինքը Կյուրիոնին չի համարել ոչ ուղղափառ եւ կրկին առաջարկում է ժամադրվել եւ տեսակցել մի ինչ-որ վայրում: Մնացած հարցերի առնչությամբ նա Կյուրիոնին խորհուրդ էր տալիս տեղեկանալ Պետրոս եպիսկոպոսից, որը Վրաց Եկեղեցում հին դավանության ջատագովներից էր: Նա Դվին էր եկել Վրաց աթոռի նախագահությունն ապահովելու համար եւ, չնայած հաջողություն չէր ունեցել, շարունակում էր Հայոց կաթողիկոսի հանձնարարությունները կատարել: Սակայն Կյուրիոնը եւ Վրաց իշխանները նրան չընդունեցին, իսկ Ուխտանեսի մի ավանդական պատմության համաձայն՝ նա, որին Գայլ մականունն էին տվել, սպանվեց Կանգարքի լեռներում՝ վրաց իշխանների կողմից, թերեւս Կյուրիոնի հրամանով, ինչպես վստահեցնում է Ստ. Օրբելյանը:
Ինչպես եւ սպասելի էր, Կյուրիոնը պատասխանեց Հայոց կաթողիկոսի նաեւ այս նամակին: Նա պաշտպանում է քաղկեդոնականությունը եւ իրեն բարձր դիրք է տալիս՝ հանդես գալով Հայոց կաթողիկոսին որպես հավասար, որն ըստ կարգի՝ պարզապես հանդգնություն էր, իսկ իրականում՝ վերջնական խզում Հայոց Եկեղեցուց: Ըստ էության՝ Եկեղեցիների բաժանումն արդեն իրողություն էր 607 թվականին եւ գուցե անգամ մի փոքր դրանից առաջ, սակայն բացահայտ խզումը տեղի ունեցավ 608 թվականի հունիսին: Կյուրիոնի վարած քաղաքականությամբ Վրաց Եկեղեցին անջատվեց Հայոց Եկեղեցուց, սակայն ներառվեց բյուզանդական քաղկեդոնական Եկեղեցու կառույցի մեջ, որը հիմք ընդունելով Ռուսաց Եկեղեցին՝ այն իրեն ենթարկեց՝ ստիպելով հետեւել իր ծեսին ու ծիսական լեզվին եւ առաջ բերելով վրաց ժողովրդի մեծագույն դժգոհությունը: Այսուհանդերձ, չխորանալով հարցի մանրամասների մեջ՝ հարկ ենք համարում նշել, որ երկու Եկեղեցիների երկփեղկումը կարող էր եւ տեղի չունենալ, եթե դեպքերի բերումով Սմբատ մարզպանը Պարսից արքայի կողմից շտապ չկանչվեր եւ չուղարկվեր Վրկանից կողմերը, որին դեռ կանդրադառնանք, եւ պարսից արքունիքն առաջին հայացքից անտարբեր, սակայն իրականում գիտակցված քաղաքականություն չիրականացներ այդ խնդրում: Ամենայն հավանականությամբ, պարսկական քաղաքականությունը, որ մինչ այդ անգամ հովանավորում էր Հայոց Եկեղեցուն եւ փորձում նրան հակադրել, մյուս միաբնակ Եկեղեցիների հետ մեկտեղ, քաղկեդոնական բյուզանդական Եկեղեցուն, 607 թվականից սկսած, երբ պարսից զորքերը ներխուժեցին կայսրության սահմանները եւ կարճ ժամանակում ռազմակալեցին վերջինիս ասիական տիրույթների մեծ մասը, փոփոխություն սկսեց կրել: Համարելով, որ կայսրության արեւելյան տիրույթներն ընդմիշտ անցնում են իր տիրապետության ներքո՝ պարսից արքունիքը սկսեց մեծապես անհանգստանալ հայերից, որոնք այժմ ամբողջությամբ հայտնվել էին նրա իշխանության տակ: Պարսից արքունիքի հաշիվներով՝ այժմ Հայոց Եկեղեցու ուժեղությունը միայն կարող էր խնդիրներ ստեղծել իր համար, ուստի չի բացառվում, որ նոր պայմաններում հենց նա էր պարարտ հող ստեղծում նմանօրինակ պառակտիչ գործողությունների եւ անջատողական ձգտումների համար: Այն, ինչ որ առաջին հայացքից շատ հստակ չէ, եւ երկու Եկեղեցիների բաժանումը սովորաբար բացատրվում է Վրաց եւ Աղվանից կաթողիկոսների նախագահության ու նախաթոռության համար մղվող պայքարով, իրականում թաքնված շատ ծալքեր ունի: Բոլորվին էլ պատահական չէ, որ Կյուրիոնի այն հայտարարությունը, թե իր օրոք Վրաց Եկեղեցին վայելել է Պարսից արքայից արքայի շնորհները, ուստի Հայոց աթոռի հետ հարաբերություն պահպանելու պետք չունի: Այսպես կարող էր պահել իրեն մի մարդ, որը վստահ էր, թե իր գործունեությունն առաջ չի բերի պարսից արքունիքի դժգոհությունը եւ առավել եւս՝ կտրուկ հակազդեցությունը: Ավելին. պարսից արքունիքի նմանօրինակ քաղաքականության արդյունք պետք է դիտել նաեւ, այսպես կոչված, Աղվանից կաթողիկոսության եւ Սյունյաց եպիսկոպոսության՝ Հայոց կաթողիկոսությանը հակադրվելու փորձերը: Արդեն 571 թվին Սյունիքի դուրս գալը Հայոց մարզպանության կազմից՝ պարսից արքունիքի սադրիչ գործողությունների հետեւանք էր, ուստի բնավ չպետք է զարմանալ, որ պարսից արքունիքը շարունակում էր իր քաղաքականությունը՝ հայ ժողովրդի ուժերը նաեւ եկեղեցական առումով ջլատելու ուղղությամբ: Դժվար է ասել, թե վերջինս էլ ինչ քայլեր կձեռնարկեր, եթե Պարսկաստանը հաղթանակով դուրս գար Խոսրով Փարվեզի սկսած պատերազմից: Անտարակույս է, որ իր իշխանության տակ ունենալով ողջ հայ ժողովրդին եւ վախենալով նրա հնարավոր ելույթներից ու առավել եւս հուժկու ապստամբություններից՝ նա պետք է ձգտեր ջլատելու հայ ժողովրդի էթնիկ ուժերը՝ եկեղեցական հակասություններ ու անջատողական շարժումներ հրահրելու ճանապարհով:
Եվ, իրոք, խնդիրներ կային ոչ միայն Վրաց, այլեւ Աղվանից աթոռների հետ: Վերջինս ամբողջովին քաղկեդոնականության չէր հարել, սակայն բավականին խիստ էր դնում նախաթոռության խնդիրը: Այս կապակցությամբ Հայոց կաթողիկոսը Թեոդորոս Մարդպետական, Դավիթ Սյունյաց, Ստեփանոս Բագրեւանդացի, Մովսես Խորխոռունյաց, Քրիստափոր Ապահունյաց եւ Մատթեոս Ամատունյաց եպիսկոպոսների հետ միասին հատուկ նամակ պատրաստեց Ամարասի Մխիթար եւ Մեծկողմանց Սիմոն եպիսկոպոսների անունով, որոնք փորձում էին հարել քաղկեդոնականությանը եւ անգամ գրավոր դիմել էին Հայոց կաթողիկոսին: Ինչպես պարզվում է նամակից, այն նախատեսված էր ոչ միայն հիշյալ երկու եպիսկոպոսների, այլեւ նրանց համախոհների համար: Գրության նախնական օրինակը պատրաստել էր Վրթանես Քերթողը, որն աչքի էր ընկնում իր մեծ պատրաստվածությամբ: Այստեղ քննության էին առնվում եփեսոսյան եւ քաղկեդոնական դավանությունները, պարզաբանվում միաբնակության եւ երկաբնակության խնդիրները: Սակայն, այսպես կոչված, Աղվանից կաթողիկոսության հետ ունեցած հարաբերությունները եւ հակասությունները նոր զարգացումներ չստացան: Խնդիրն այն է, որ Աղվանից կաթողիկոսությունում վաղուց արդեն եղանակ էին ստեղծում հայերը, որոնք կազմում էին Աղվանից մարզպանության բնակչության գերակշիռ մասը, ուստի էթնիկ միասնությունը հաղթեց, եւ խնդիրը հանգեց միայն նախաթոռությանը՝ Հայոց Եկեղեցու ընդհանուր կառույցի մեջ: Եվ քանի որ Վրաց աթոռի անջատումից հետո այդ հարցադրումն էլ ինքնաբերաբար մեջտեղից դուրս եկավ, ապա բոլոր հակասություններն էլ հարթվեցին:
Աղվանից աթոռի հետ խնդիրները կարգավորելուց հետո Հայոց կաթողիկոսը հատուկ կոնդակով կամ շրջագայական թղթով Վրաց աթոռը, կաթողիկոսին եւ վրաց ժողովրդին զրկեց հոգեւոր հաղորդությունից: «Գիրք թղթոց»-ը եւ Ուխտանեսի «Պատմութիւն»-ը պահել են այդ կոնդակի պատճենը, սակայն չեն հիշատակում, թե այդ կապակցությամբ հատուկ ժողով գումարվել է թե ոչ: Սակայն Հովհաննես Դրասխանակերտցին հայտնում է, որ Աբրահամ Աղբաթանեցին բազմաթիվ եպիսկոպոսներով ժողով գումարեց Դվնում, որը նզովեց եկեղեցական պառակտիչ Կյուրիոնին եւ նրա համախոհներին: Այսինքն՝ այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետեւ հազիվ թե Հայոց կաթողիկոսը նման փաստաթուղթ ընդուներ առանց Հայոց Եկեղեցու եպիսկոպոսների լայն մասնակցության, որը կարող էր շահարկումների առիթ դառնալ Կյուրիոնի համար: Ժողովի հրավիրման փաստն արձանագրում է նաեւ Ստ. Օրբելյանի «Պատմութիւն»-ը: Խոսելով Վրաց Եկեղեցու բաժանման մասին եւ դատապարտելով այն՝ շրջագայական թուղթն անդրադառնում էր Տիեզերական առաջին երեք ժողովների որոշումներին, մեջտեղ էր բերում ուղղափառ հանգանակը, ցույց էր տալիս Քաղկեդոնի ժողովի ընդունած որոշումների ողջ սխալականությունը եւ հընթացս արձանագրում էր Աղվանից աթոռի ետ դառնալը թյուր ճանապարհից:
Հրավիրված ժողովն անդրադարձավ նաեւ ինը դասերի կամ ինը կարգերի խնդրին: Իսկ ի՞նչ էր իրենց ներկայացնում այն: Իրականությունն այն էր, որ այն առաջ էր քաշվել հույների կողմից Հայոց Եկեղեցու դերը նսեմացնելու նպատակով: Արեւելյան Եկեղեցիներում քահանայական չորս աստիճան կար. քահանա, սարկավագ, դպիր եւ ընթերցող: Դրանցից ստորադաս սաղմոսերգուն էր, որը համարվում էր նախապատրաստական կարգ, սակայն հաշվելու դեպքում աստիճանների թիվը հասնում էր հինգի: Քահանայությունից ավելի բարձր եպիսկոպոսությունն էր, որը նույնպես տարբեր աստիճաններ ուներ՝ ըստ իր իրավասության ծավալների: Այսպես. հույների մոտ եպիսկոպոսությունը ներկայացված էր չորս աստիճաններով. եպիսկոպոս, մետրոպոլիտ, արքեպիսկոպոս եւ պատրիարք: Բյուզանդական Եկեղեցին լուրջ ուշադրություն էր դարձնում ինը դասերի խնդրին՝ գտնելով, որ եկեղեցական դասակարգությունը, սաղմոսերգուից սկսած մինչեւ պատրիարք, պետք է ունենա ինն աստիճան: Նման աստիճանակարգություն նրանք պահանջում էին ցույց տալ նաեւ հայերին, որոնց մոտ վիճակ ունեցող հոգեւոր անձինք միայն եպիսկոպոս էին կոչվում: Միայն Եկեղեցու առաջնորդը՝ եպիսկոպոսապետը, կոչվում էր կաթողիկոս: Ելնելով դրանից՝ Հունական Եկեղեցին գտնում էր, որ հայոց համակարգում եպիսկոպոսից բարձր մեկ աստիճան գոյություն ուներ՝ կաթողիկոսությունը, որի կրողը, այսինքն՝ կաթողիկոսը, համեմատվել կարող էր մետրոպոլիտի կամ էլ ծայրահեղ դեպքում՝ արքեպիսկոպոսի հետ, բայց ոչ պատրիարքի, ուստի Հայոց Եկեղեցին, չունենալով պատրիարքության աստիճան, ստորադասելի էր հռչակվում պատրիարքական աստիճան ունեցող Եկեղեցիների նկատմամբ: Ինչպես հայտնում է Ստ. Օրբելյանը, հույները պարզ հայտարարում էին, թե ասեք՝ որն է ձեր աթոռը, եւ ով է ձեր պատրիարքը, որի ենթակայության տակ են արքեպիսկոպոսները եւ եպիսկոպոսական մյուս աստիճանները, այլապես, ցույց չտալու դեպքում, պետք է հնազանդվեք չորս աթոռներից մեկին, այսինքն՝ Անտիոքի, Ալեքսանդրիայի, Հռոմի եւ Կոստանդնուպոլսի աթոռներից որեւէ մեկին: Հայոց Եկեղեցու պատմության մեծ երախտավոր Մ. Օրբելյանը, իրավամբ, այդ ամբողջն իմաստակություն է համարում, որովհետեւ ինը թիվը կամայական է, սաղմոսերգուներն իրականում առանձին աստիճան չեն կազմում, իսկ եպիսկոպոսների հիշյալ ասիտճանակարգումը պատահական բնույթ ուներ: Կարեւորն այն էր, թե Եկեղեցին ինքնագլուխ է, ավտոկեֆալ թե ոչ: Եթե Եկեղեցին ինքնագլուխ էր, ապա ինքը կարող էր որոշել իր աստիճանների թիվը: Այսպես. Լատինական Եկեղեցում քահանայությունը յոթ աստիճան ունի, սաղմոսերգուների եւ եպիսկոպոսական աստիճանների հետ կարգերի թիվը հասնում էր 12-ի:
Որքան էլ հույների հարցադրումն անիմաստ էր, այնուամենայնիվ, Հայոց Եկեղեցին մեծ աշխարհաժողով հրավիրեց, որը քննեց դասերի խնդիրը: Որոշվեց, որ Հայոց աթոռը պատրիարքություն է, եւ ըստ այդմ էլ՝ Աղվանից կոչված աթոռը հռչակվեց արքեպիսկոպոսություն, իսկ Սյունյաց եպիսկոպոսությունը՝ մետրոպոլտություն: Ստ. Օրբելյանի տեղեկությամբ՝ մետրոպոլտության իրավունք ստացավ Մարդպետական եպիսկոպոսությունը՝ ի դեմս Թեոդորոսի, որը հռչակվեց Վասպուրականի մետրոպոլիտ, սակայն ավելի ուշ այն վերացվեց: Վերացվել է այն թե ոչ, դժվար է հաստատապես ասել, չնայած Ստ. Օրբելյանի հաղորդմանը, քանի որ եկեղեցական ցուցակներում Մարդպետական եպիսկոպոսը հանդիպում է նրանց սկզբնամասում: Հովհաննես Դրասխանակերտցին, անդրադառնալով ինը դասերի խնդրին, Հայոց մետրոպոլտությունների թվում հիշատակում է Սեբաստիայի, Մելիտենեի եւ Նփրկերտի աթոռները, որոնցից գոնե առաջին երկուսը Ներսես Մեծի ժամանակներում Մեծ Հայքի թագավորության մաս չէին կազմում:
Ստ. Օրբելյանի հաղորդմամբ՝ Սյունյաց մետրոպոլտի առջեւից խաչանիշ նշան էին տանում, իսկ նա իրավունք ուներ բարձակից եւ սեղանակից լինել կաթողիկոսին եւ կրել աստվածապատիվ եւ հոգեւոր տեր պատվանունը: Նա իրավունք ուներ իր ենթակայության տակ գտնվող եկեղեցիներում միայն իր անունը հիշել տալու: Սակայն մետրոպոլտությունը վերականգնելուց հետո էլ Սյունյաց եպիսկոպոսները եպիսկոպոս ձեռնադրելու իրավունք չստացան: Ստ. Օրբելյանի հաղորդումներից մեկից դատելով՝ երբեմն այդ կարգը խախտվել է, եւ մետրոպոլիտը եպիսկոպոսներ է ձեռնադրել, սակայն, պետք է ենթադրել, որ դա կատարվել է կարգին հակառակ՝ կապված Հայոց Եկեղեցու դիրքերի թուլացման հետ:
Ստ. Օրբելյանի տեղեկությունների համաձայն՝ ինը կարգերն էին. 1. հայրապետ կամ պատրիարք, 2. արքեպիսկոպոս, եպիսկոպոսապետ կամ կաթողիկոս, 3. մետրոպոլիտ, 4. եպիսկոպոս, 5. երեց կամ քահանա, 6. սարկավագ, 7. դպիր կամ կիսասարկավագ, 8. անագանոս կամ գրակարդաց, 9. փսաղտոս կամ սաղմոսերգու: Որոշ փոփոխություններով այն ներքոհիշյալ պատկերն է կրում Ուխտանեսի մոտ. 1. պատրիարք, 2. արքեպիսկոպոս, 3. մետրոպոլիտ, 4. եպիսկոպոս, 5. քահանա, 6. սարկավագ, 7. կիսասարկավագ, 8. կղերիկոս, 9. գրակարդաց: Սակայն այս վերջին երկուսի տեղերը սխալմամբ շփոթված են: Գրակարդացը պետք է տանել կղերիկոսից առաջ: Լամբրոնացու մոտ ինն աստիճանների շարքն ունի հետեւյալ տեսքը. 1. հայրապետ կամ պատրիարք, 2. արքեպիսկոպոս, եպիսկոպոսապետ, առաջին եպիսկոպոս կամ կաթողիկոս, 3. մետրոպոլիտ կամ մայրաքաղաքացի, 4. եպիսկոպոս, 5. քահանա, երեց, երեփս կամ պապաս, 6. դիակոն կամ սարկավագ, 7. իպիոդիակոն կամ կես սարկավագ, 8. անագանոս կամ ընթերցող, 9. փսալտ կամ երգեցող: Հասկանալի է, որ յուրաքանչյուր դասի ներկայացուցչի հագուստը տարբերվում էր մյուսներից: Մասնավորապես պատրիարքը հագնում էր բազմախաչ նափորտ, եմիփորոն, «հինգ կրկին, հինգ կրկին խաչիւք» եւ իրավունք ուներ արքեպիսկոպոս ձեռնադրելու եւ աշխարհագումար ժողով հրավիրելու: Արքեպիսկոպոսը հագնում էր բազմախաչ նափորտ, «չորեքկին» եմիփորոն եւ կարող էր մեռոնն օրհնել եւ մետրոպոլիտ ձեռնադրել: Նա կարող էր մետրոպոլտի եւ եպիսկոպոսի հետ, այսինքն՝ երեքով, ձեռնադրել պատրիարքին: Մետրոպոլիտը հագնում էր առանց խաչերի նափորտ կամ էլ կրում էր իրեն ենթակա եպիսկոպոսների քանակով կտավյա խաչեր, «երեք կրկին» եմիփորոն եւ կարող էր պատրիարքի հրամանով երկու այլ եպիսկոպոսների հետ եպիսկոպոս ձեռնադրել, երեխաներին եւ հիվանդների ձեթը օրհնել: Եվ վերջապես եպիսկոպոսը հագնում էր անխաչ նափորտ, վրայից «եմիփորոն կրկին» եւ իշխում էր գավառների վրա, կատարում էր ձեռնադրություններ, օծում եկեղեցին, սեղանը, ավազանը կամ խաչը:
Այլեւս ավելորդ համարելով մյուս կարգերի հագուստներին կամ իրավասություններին անդրադառնալը՝ քննության առնենք Աբրահամ Աղբաթանեցու գործունեության հետագա շրջանը եւ տեղ գտած կարեւոր անցքերն ու դեմքերը: Նրա օրոք գործել է Գրիգոր Քերթողը, որի գրվածքներից մեկը պահպանվել է «Գիրք թղթոց»-ում: Նա որոշ անհամաձայնություններ է ունեցել կաթողիկոսի հետ՝ կապված պատարագների սեղանների հետ, որոնք հերձվածողների կողմից օգտագործելուց հետո պետք է համարվեին պղծված, քանդվեին եւ նորից շինվեին թե պարզապես նորից օծվեին: Սակայն ամեն ինչից դատելով՝ նրանց միջեւ համաձայնություն է կայացել, եւ խնդիրը վերացել է:
Աբրահամ Աղբաթանեցի կաթողիկոսի օրոք պարսից քաղաքական դաշտում մեծապես փայլեց մեր կողմից բազմիցս հիշված Սմբատ Բագրատունին, որ Վրկանից մարզպանն էր եւ Հայաստանում Պարսից արքայի արտակարգ լիազոր գործակալը: Ինչպես ասվել է, նա 608 թվին Խոսրովի հրամանով կանչվեց Տիզբոն եւ ստանալով Խոսրովշում տիտղոսը, ինչպես նաեւ պատմուճան, ոսկեզօծ բեհեզյա գդակ, ականակապ վրան, արծաթի ջահ, չորեքձայն փողեր եւ արքայի թիկնապահներ ունենալու իրավունք, հայկական գնդերով ուղարկվեց Քուշանաց պետության դեմ պատերազմի: Նրա հրամանատարության տակ գործում էին Վարազշապուհ Արծրունին, Սարգիս Տայեցին, Վռամ Գողթնացին, Սարգիս Դիմաքսյանը, Սարգիս Տրպատունին եւ Մանվել, Արտավազդ, Վստամ ու Հմայակ Ապահունիները: Տանելով առաջին մեծ հաղթանակը քուշանների դեմ՝ նա, ենթարկվելով թշնամու նոր հարձակմանը, որոշում է նահանջել, սակայն պարսից զորավար Դատոյանը, հակառակ Սմբատի խորհրդին, չի նահանջում եւ ծանր պարտություն է կրում ճակատամարտում: Դրա հետեւանքով թշնամին կարողացավ ներխուժել Պարսկաստանի խորքերը եւ ասպատակեց մինչեւ Ասպահան ընկած հողերը: Ինչպես հաճախ է պատահում նման դեպքերում, պարսից զորավարը փորձեց մեղքն ամբողջությամբ բարդել Սմբատ Բագրատունու վրա, սակայն Խոսրով Փարվեզի քննիչները՝ ի դեմս Շահրապան Բանտականի խմբի, ջրեցին մեղադրանքը, եւ Դատոյան զորավարը, բերվելով Տիզբոն, մահապատժի ենթարկվեց: 609 թվին Սմբատը նոր հարձակում գործեց, որի ժամանակ քուշանների թագավորը սպանվեց, իսկ նրա երկիրն ավերվեց պարսկական եւ հայկական զորքերի կողմից: Սմբատի ծառայությունները շատ բարձր գնահատվեցին Պարսից արքայի կողմից, որը նրան անգամ արքունի փիղը հեծնելու իրավունք տվեց եւ արքունիքում ստացավ երրորդ նախարարի պաշտոնը կամ, ինչպես Սեբեոսն է գրում, նա պաշտոնի կոչվեց իբրեւ «երրորդ նախարար ի տաճարի թագաւորութեանն»: Նա այդ պաշտոնում մնաց ութ տարի եւ մահացավ 617 թվին:
Այս ընթացքում շարունակվում էր պարսկական ներխուժումը կայսրություն: Խոռյամ Ռազմանը մեծ նվաճումներ կատարեց միջագետքում, իսկ պարսից Աշտատ Յեղտայար զորավարը, որ հայտնի է նաեւ Աշոտ անունով, Բասենի Դու գյուղի մերձակայքում ջախջախեց բյուզանդացիներին, գրավեց Թեոդոսոպոլիսը կամ Կարինը եւ հասավ մինչեւ Սատաղա, Նիկոպոլիս եւ Կեսարիա: Կարնի բնակիչները գրեթե ամբողջությամբ բռնագաղթվեցին Համատան, իսկ նրանց հետ Պարսկաստան քշված Հովհան Բագարանցի հակաթոռ կաթողիկոսը, որն արդեն ծերացել էր եւ գրեթե լիովին կորցրել իր նշանակությունը, 611 թվին մահացավ օտարության եջ: Նրա մարմինը Համատանից բերվեց եւ հողին հանձնվեց Ավանում:
Քաղաքական բարդ իրադրության պայմաններում, երբ պարսկական բանակը ռազմակալել էր Փոքր Ասիայի նշանակալից մասը, Հերակլ զորավարն իր զորքերով շարժվեց Կոստանդնուպոլիս եւ գրավելով այն ու Փոկաս կայսերը սպանելով՝ 610 թվին իր համանուն որդուն հռչակեց կայսր: Վերջինս փորձեց հաշտություն կնքել Պարսից Խոսրով Փարվեզ թագավորի հետ, սակայն նա, ոգեւորված իր զորքերի հաղթանակներով, պահանջեց, որ կայսերական գահ բարձրանա Մավրիկիոս կայսեր որդի Թեոդոսը, եւ չճանաչեց Հերակլի իշխանությունը: Հարձակումը շարունակվեց ավելի մեծ թափով: Խոռյամ Ռազմանի եւ նրան օգնական տրված Շահեն Պատգոսապանի զորքերը հասան մեծ հաջողությունների՝ գրավելով Դամասկոսը՝ հասնելով մինչեւ Քաղկեդոն եւ սպառնալով մայրաքաղաքին: Հերակլ կայսրը կրկին փորձեց հաշտություն կնքել, սակայն հաջողությունները գլխապտույտ էին առաջացրել պարսից արքունիքում, եւ առաջարկը չընդունվեց: Կոստանդնուպոլսի կամ Բյուզանդիոնի դեմ հարձակումը չհաջողվեց, սակայն պարսիկները 614 թվին գրավեցին Երուսաղեմը՝ գերիների հետ տանելով նաեւ խաչափայտը: Խոսրով Փարվեզն այդ օրերին գտնվում էր փառքի գագաթնակետին, եւ բյուզանդացիները կորցրել էին իրենց ասիական գրեթե բոլոր երկրամասերը: Բանն այնտեղ հասավ, որ Պարսից թագավորը խորհուրդ տվեց Հերակլին՝ գահից հրաժարվել եւ ընտանիքով տեղափոխվել Պարսկաստան, ուր նրան հանգիստ կյանք էր խոստացվում:
Քաղկեդոնական հույների դեմ պայքարում, շնորհիվ Սմբատ Բագրատունի մարզպանի եւ արքունիքում նույնպես մեծ ազդեցություն ձեռք բերած միաբնակ Գաբրիել Շիզգարացու, որն արքունի բժշկապետն էր եւ ամլությունից բուժել էր թագուհուն, եւ Շիրին թագուհու, հնարավոր եղավ համոզել Խոսրով Փարվեզին, որ նա իր հովանավորության տակ վերցնի միաբնակ Եկեղեցիները եւ ընդհակառակը՝ զրկի դրանից նեստորականներին, որոնք համամիտ էին քաղկեդոնականների հետ: Նրանց հաջողվեց անգամ երկար ժամանակով ձգձգել նեստորականների կաթողիկոսի ընտրությունը Սարբիշո կաթողիկոսի մահից հետո (604 թ.): Դրանից հետո էլ, հակառակ նեստորականների ցանկության, կաթողիկոսական աթոռ բարձրացվեց ոչ թե Գրիգոր Կաշկարցին, որը նրանց թեկնածուն էր, այլ Գրիգոր Պորաթեցին: Երբ սա էլ 609 թվին մահացավ, Գաբրիել Շիզգարացին ամեն ինչ արեց, որ նոր կաթողիկոս չընտրվի՝ նպատակ ունենալով տկարացնել նրանց ու վերացնել այդ Եկեղեցին: Խոսրով Փարվեզը, որ երկար ժամանակ շարժվում էր Գաբրիել Շ