ԵԶՐ Ա ՓԱՌԱԺՆԱԿԵՐՏՑԻ

ԵԶՐ Ա ՓԱՌԱԺՆԱԿԵՐՏՑԻ

(630-641)
 

Քրիստափոր Բ Ապահունի կաթողիկոսին հայրապետական աթոռին փոխարինեց Եզր Ա Փառաժնակերտցին, որի ծննդավայրը, ինչպես դժվար չէ եզրակացնել, Նիգ գավառի Փառաժնակերտ գյուղն էր: Հովհաննես Դրասխանակերտցու հաղորդմամբ՝ Թեոդորոս Քռթենավորը, որ Կոմիտասի եղբորորդին էր, եղել է Եզրի քեռորդին, հետեւաբար Եզրը Կոմիտասի եղբոր աներձագն էր: Եզրը, հավանաբար շնորհիվ նման առնչությունների, վայելել է Կոմիտասի հատուկ հովանավորությունը եւ կաթողիկոսարանում, հոգեւոր աստիճանների առումով, արագ առաջացել: Բնավորությամբ եղել է հեզ՝ դառնալով Վարազտիրոցի թեկնածուն եւ կաթողիկոսական աթոռ է բարձրացել առանց վիճակավոր եպիսկոպոս լինելու: Սկզբնաղբյուրները նրա հայրապետական շրջանը համարում են 9-ից 11 տարի: Մ. Օրմանյանը նախապատվությունը տալիս է 11 տարվան եւ նրա կաթողիկոսությունը դնում 630-641 թթ.:
Եզրի կաթողիկոսական աթոռ բարձրանալը համընկավ խաչափայտի գերեդարձին. Պարսից թագուհի Բորանը, որ խորապես շահագրգռված էր բյուզանդական կայսր Հերակլի բարեկամությունը ձեռք բերելու խնդրում, խաչափայտն ուղարկեց Հերակլին, որը կայսեր դեսպանները Հայաստանի վրայով բերեցին Կոստանդնուպոլիս: Ստանալով խաչափայտը՝ կայսրն անձամբ այն վերադարձրեց Երուսաղեմ, որտեղ այդ առիթով մեծ տոնակատարություններ եղան, եւ հաստատվեց Վերացման խաչի կամ Խաչվերացի տարեկան տոնը, որով 631 թվականի սեպտեմբերի 14-ը համարվեց խաչափայտի Երուսաղեմ վերադարձնելու թվական: Կայսրն այնուհետեւ անցավ Ասորիք, Եփրատացվոց եւ Ծոփաց նահանգներ ու բյուզանդական Հայաստանում իր համար բանակատեղի ընտրեց Թեոդոսուպոլիս կամ Կարին կուսակալանիստ քաղաքը: Հավատարիմ իր նախորդների վարած քաղաքականությանը՝ կայսրը կրկին փորձ արեց Հայոց Եկեղեցին դավանաբանորեն միացնել կայսերական պաշտոնական քաղկեդոնական Եկեղեցուն: Հերակլը դրանով կամենում էր ապահովել ոչ միայն կայսրության դավանական միասնությունը, այլեւ նրա պետական անվտանգությունն ու պաշտպանությունը, որոնք էապես վտանգվել էին արաբական արշավանքների պատճառով: Արաբները հաջողությամբ շարժվում էին հյուսիս՝ նպատակ ունենալով տիրել Պաղեստինին ու Ասորիքին, որոնք նրանք համարում էին իրենց սեփականությունը՝ որպես Իսմայելի որդիներ: Քաղկեդոնական կայսրը մեծապես չէր վստահում հայ եւ ասորի հակաքաղկեդոնականներին, ուստի փորձեց նրանց քաղկեդոնական դարձնել: Սակայն դա արվեց բավական զգուշությամբ, որովետեւ կայսրը, դավանական միության կոչ անելով, ոչ թե բացարձակ քաղկեդոնականություն էր առաջարկում, այլ եփեսոսական եւ քաղկեդոնական դավանությունների մի ինչ-որ խառնուրդ, որը նախատեսում էր երկկողմանի մասնակի զիջումներ: Դավանության միասնության հասնելու նոր ծրագիրը կազմվել էր Սարգիս պատրիարքի կողմից, ընդունվել Կոստանդնուպոլսի 626 թվականի ժողովում, վերահաստատվել Կոստանդնուպոլսի 633 թվականի ժողովում, ստացել Ալեքսանդրիայի պատրիարք Կյուրոսի եւ հակաքաղկեդոնականների մի մասի հավանությանն ու աջակցությանը:
Ամեն ինչից դատելով՝ կայսրը մեծ նշանակություն էր տալիս հայկական գործոնին: Հայերը, քաղաքական առումով նշանակալից զիջելով իրենց դիրքերը, շարունակում էին էթնիկական եւ ռազմական առումով կարեւոր դեր խաղալ Առաջավոր Ասիայում, եւ այդ հաշվի չառնել պարզապես հնարավոր չէր: Այս նպատակով կայսեր կարեւոր ձեռնարկներից մեկը եղավ հայերին՝ ի դեմս Եզր կաթողիկոսի, իր կողմը գրավել: Եզրի կաթողիկոսության երրորդ տարում, այսինքն՝ 633 թվին, բյուզանդական Հայաստանի սպարապետ Մժեժ Գնունուն ուղարկեց Դվին՝ նրա միջոցով հրավիրելով Եզր կաթողիկոսին Կարին: Հայոց հայրապետին խիստ գայթակղիչ առաջարկ էր արվում. հոգեւորապես հաղորդակցվել կայսրին, որպեսզի նրա իշխանությունը կայսրության կողմից ճանաչվի Բյուզանդահայաստանի հայերի վրա: Ավելին. Մժեժը կայսեր անունից սպառնում էր, համաձայնության չգալու դեպքում, բյուզանդական Հայաստանում նոր կաթողիկոս հաստատել, որով Եզրի հոգեւոր իշխանությունը կսահմանափակվեր միայն Պարսկահայաստանով: Անակնկալի եկած եւ ծանր կացության մեջ հայտնված Եզրը, լավ հիշելով Մավրիկիոս կամ Մորիկ կայսեր օրոք Հովհան Բագարանցու հակաթոռ կաթողիկոսությունը, խորհրդակցում է Թեոդորոս Ռշտունու ու մի քանի այլ նախարարների հետ, սակայն վերջիններս, որ հակաբյուզանդական տրամադրություններ ունեին, պարզ հայտարարում են, որ իրենք ծառայում են Պարսից արքային, սակայն դեմ չեն կաթողիկոսի՝ Հերակլի հետ հանդիպելուն եւ հայոց դավանությունը կայսեր առաջ պաշտպանելուն: Դավանական վեճերին մասնակցելու համար Եզրն իր հետ Կարին որոշեց տանել Մաթուսաղա Սյունեցուն եւ Հովհաննես Մայրագոմեցուն, որը Դվնի Սբ Գրիգոր եկեղեցու փակակալն էր:
Այս իրադարձությունների շրջանում որեւէ ձեւով չի հիշատակվում Վարազտիրոց մարզպանը, որը մինչեւ 633 թվականն անցել էր բյուզանդացիների կողմը՝ լքելով անգամ իր բարձր պաշտոնը: Հայոց մարզպանը, որ պատմիչների հաղորդմամբ՝ շենացրել էր Հայոց աշխարհը, ստիպված էր եղել հեռանալ կայսրություն՝ Ռոստոմի եղբոր՝ Գարիքպետի՝ իր դեմ դյութված դավադրության պատճառով: Վարազտիրոցը սկզբում փախել էր Տարոն, այնտեղից բանակցություններ էր սկսել Հերակլի հետ եւ հարկավոր խոստումները ստանալով՝ ներկայացել էր կայսրին: Վարազտիրոցին պատվով ընդունեցին, բազմաթիվ նվերներ ու կալվածքներ տվեցին, իսկ նրա որդի Սմբատը դարձավ կայսեր սենեկապաններից մեկը: Վարազտիրոցից հետո Պարսից արքունիքը նոր մարզպան չնշանակեց, եւ փաստական իշխանությունը հայտնվեց Հայոց սպարապետ Թեոդորոս Ռշտունու ձեռքում, որի գործունեությունը խիստ շահեկան եղավ ազգային շահերի պաշտպանության տեսակետից:
Մեզ անհայտ պատճառներով Եզրը Կարին ուղեւորվեց առանց Մաթուսաղայի, որը հրաժարվեց այդ ուղեւորությունից՝ զբաղվածության պատրվակով, եւ Հովհան Մայրագոմեցու, որը, թերեւս, ինչ-ինչ խիստ պայմաններ դրեց, որոնք ընդունելի չեղան կաթողիկոսի համար: Մեղմելու համար իր հրաժարվելու թողած տպավորությունը՝ Մաթուսաղան իր աշակերտներից Թեոդորոսին ուղարկեց ուղեկցելու կաթողիկոսին Կարին: Չունենալով այլեւս այլ հնարավորություն եւ զրկվելով երկու նշանավոր աստվածաբան հայրերի աջակցությունից՝ Եզրը ստիպված եղավ Կարին մեկնել Տիրատուր Արտազի, Քրիստափոր Դարունյաց, Մարտիրոս Գողթնյաց եւ Եպիփան Մամիկոնեից եպիսկոպոսների, Վարդան Բագառիճո, Թովմաս Արշարունյաց եւ Թեոդորոս Քռթենավոր վարդապետների ու մի քանի այլ նվազ կարեւոր անձերի հետ: Կաթողիկոսին, ինչպես եւ պետք էր սպասել, ցույց տրվեց փայլուն ընդունելություն: Շուտով սկսվեցին բանակցությունները կաթողիկոսի եւ Հերակլ կասեր միջեւ, որոնց մասնակցում էին նաեւ մի քանի հույն եպիսկոպոսներ: Հասկանալի է, որ բանակցությունները գլխավորապես բեւեռվեցին Քաղկեդոնի ընդունած որոշումների վրա, եւ Հայոց հայրապետը կայսրին հայտնեց, որ եթե նա հրաժարվի Քաղկեդոնի ժողովից եւ Լեւոնի տոմարից, ապա հայերը միաբան են հույների հետ: Դրանից հետո կայսրը հույն եպիսկոպոսին կարգադրեց հավատքի գիր պատրաստել, որը կայսեր կնիքով հաստատվելուց հետո տրվեց Եզրին քննարկելու եւ դիտողություններ ու առաջարկություններ անելու համար: Բանն այնտեղ հասավ, որ կայսրը հայտարարեց, թե եթե հայերն այն ճշմարիտ դավանություն չճանաչեն եւ այդ հիմնավորեն, ապա ինքը հույներին հայոց հավատին կդարձնի եւ Հավատի գիրը կայրի, հակառակ դեպքում հայերը դավանական առումով պետք է միանան իրենց՝ հույներին: Եզրը եւ նրա ուղեկիցները երեք օր քննության առան Հավատի գիրը, եւ չնայած արտահայտված տարբեր կարծիքներին՝ հաղթեց Մաթուսաղայի աշակերտ Թեոդորոսի տեսակետը, թե Հավատի գրի մեջ թյուրություն չկա, եւ հայերն ու հույները միասնական են, բայց հայերը պետք է նրանց հետեւեն, քանի որ նրանք բուն արմատներն են, իսկ հայերը՝ նրանցից բուսած մի ոստ: Անկախ այն հանգամանքից, որ Հայոց Եկեղեցին բնավ էլ չէր ճյուղավորվել հունական Եկեղեցուց, եւ Թեոդորոսը պարզապես ծուռ հայելու մեջ էր ներկայացնում իրականությունը, առաջարկն ընդունվեց, եւ Եզրը կայսրին հայտնեց, որ իրենք ընդունում են Հավատի գիրը եւ պատրաստ են այն ստորագրել, ինչը մեծ ուրախություն պատճառեց Հերակլին: Կարնո եկեղեցում հանդիսավոր արարողություն կատարվեց, որին մասնակցեցին հայերը՝ Եզրի գլխվորությամբ, եւ հույները՝ Հերակլի առաջնորդությամբ: Հերակլը եւ Եզրը պատարագի ժամանակ միասին հաղորդվեցին, եւ այս ձեւով կարծես թե կրկին ծնունդ առավ հայ-հունական դավանական միասնությունը: Արտահայտելով իր գոհունակությունը՝ Հերակլը Եզրին տվեց Կողբ գյուղաքաղաքի երրորդ մասը եւ աղահանքն ամբողջությամբ, իսկ այլ տվյալների համաձայն՝ թերեւս նաեւ Աղձքը: Դավանական միասնությունը, այնուամենայնիվ, գլուխ չեկավ, սակայն Էջմիածնի կաթողիկոսարանը մինչեւ XX դարի սկզբներն օգտվում էր Կողբից անվճար աղ ստանալու իրավունքից:
Հայ պատմիչների երկերում Եզր կաթողիկոսը, որպես կանոն, խիստ քննադատվում է իր բռնած դիրքի պատճառով, եւ միայն Սեբեոսն է, որ գրում է, թե Հայոց կաթողիկոսը մեծ շուքով վերադարձավ Դվին: Թե ինչով էր պայմանավորված Սեբեոսի նման վերաբերմունքը, դժվար է ասել: Գուցե, ինչպես Մ. Օրմանյանն է ենթադրում, նա Եզրի համախոհներից էր, եւ պատահական չէ, որ կողմնակալ գոհունակությամբ նկարագրել էր Քրիստափոր հայրապետի պաշտոնանկությունը եւ Եզրի ընտրությունը: Սակայն մյուս պատմիչները՝ Հովհաննես Դրասխանակերտցին, Ասողիկը, Սամվել Անեցին, Վարդան Արեւելցին, Կիրակոս Գանձակեցին, Ստեփանոս Օրբելյանը, խստիվ քննադատում են կաթողիկոսի բռնած դիրքը: Այսօր, երբ մենք դարերի բարձունքից ենք նայում Եզրի բռնած դիրքին եւ Կարնո հայ-հունական դավանական միությանը, ստիպված ենք արձանագրել, որ հավատո հիշյալ գրի հանդես գալը, թերեւս, պայմանավորված էր քաղաքական ծանր կացությամբ, հայերի՝ պարսիկների ուժի նկատմամբ ունեցած թերահավատությամբ, հույների օգնությամբ իրենց դիրքերը պահպանելու, ցավոք սրտի, սին ակնկալիքներով եւ, ինչու ոչ, հարավից ահագնացող արաբական մեծ վտանգով: Այդ կացությունն էր, որ ստիպեց մի այնպիսի մեծ հունատյացի, ինչպիսին էր Թեոդորոս Ռշտունին, համագործակցել հույների հետ:
Դատելով սկզբնաղբյուրների մեզ հասած կցկտուր տեղեկություններից՝ Հերակլ կայսեր Հավատի գիրը նզովում էր Նեստորին եւ բոլոր հերձվածողներին՝ բացառությամբ Քաղկեդոնի ժողովի: Մ. Օրմանյանը դրանից եզրակացնում է, որ Եզրի հավանությանն արժանացած փաստաթուղթը բացասական լռություն էր Քաղկեդոնի որոշումների նկատմամբ եւ ոչ թե հավանություն Քաղկեդոնի դավանության: Հայոց Եկեղեցու պատմության մեծ գիտակը ցույց է տալիս, որ եթե Հայոց հայրապետն այդ կերպ զիջման էր գնացել Քաղկեդոնի հանդեպ ունեցած վերաբերմունքի հարցում, ապա կատարյալ երկաբնակության չէր գնացել եւ քաղկեդոնիկ չէր դարձել, քանի որ կայսրն էլ եւ նրան ուղեկցող հույն եպիսկոպոսները մաքուր քաղկեդոնիկներ չէին, այլ միակամյա դավանության ջատագովներ: Մի կամք եւ մի գործողության բացատրությունը մի բնություն էր նշանակում, եւ Հերակլ կայսրը հատուկ հրովարտակով միակամյայց վարդապետություն էր հաստատել երկրում՝ վավերացնել տալով այն Կոստանդնուպոլսի 638 թվականի հատուկ եկեղեցական ժողովով: Մի կամք եւ գործողության բանաձեւը հայերի կողմից, ամենայն հավանականությամբ, ընդունվում էր որպես միաբնակություն, եւ դրա հետեւանքով՝ Հավատի գիրը դառնում էր որպես կայսերական Եկեղեցու կողմից զիջում, ուստի եւ ընդունելի, իսկ կայսեր եպիսկոպոսներն էլ, Քաղկեդոնի անունը պահելով, աշխատել էին չգրգռել քաղկեդոնականներին: Կար մի հանգամանք եւս, որ հայերը՝ ի դեմս Եզրի, Հավատի գիրն ընդունելով հանդերձ, մի պահ հրաժարվեցին հոգեւոր հաղորդությունից՝ մեղադրելով հույն հոգեւորականությանը պոռնկության եւ այլ պղծության մեջ: Հավատի գիրը Դվնում առանձին հակասությունների տեղիք չտվեց, եւ Եզրը հոգեւորականության մեծ մասի կողմից ընդունվեց հավուր պատշաճի, ինչը, անշուշտ, անհնարին կլիներ, եթե հասարակությունը քաղկեդոնիկ Եկեղեցու կողմից որպես զիջում չնկատեր Հավատի գիրը:
Հոգեւորականության մի մասը խիստ քննադատության ենթարկեց կաթողիկոսի բռնած դիրքը: Մաթուսաղա Սյունեցին, որն իբր գերզբաղվածության պատճառով ժամանակ չէր գտել Կարին գնալու համար, այժմ ժամանակ գտավ Դվին ժամանելու համար՝ լսելով քաղկեդոնականությունն ընդունելու մասին: Հանգամանորեն ծանոթանալով Հավատի գրի ընդունման մանրամասներին՝ նա ափիբերան եղավ, եւ Ստ. Օրբելյանի կարծիքով՝ նրա լռության պատճառն այն էր, որ կատարված չարիքին ծնունդ տվողն իր աշակերտն էր եղել: Մաթուսաղան, սակայն, մեզ անհայտ շարժառիթներով համակերպվեց եղածի հետ եւ համաձայնվեց Սյունյաց եպիսկոպոսության ձեռնադրությունն ընդունել Եզրից: Այս իրողությունը, որ կարծես թե պետք է սեւացներ Մաթուսաղայի անունը, որեւէ ձեւով չանդրադարձավ նրա հեղինակության վրա: Մեզ է հասել Հերակլին ուղղված Եզր կաթողիկոսի, Հովհաննես Մարդպետական եւ Մաթուսաղա Սյունյաց եպիսկոպոսների կողմից գրված նամակը, որը մի տեսակ զիջում էր Մաթուսաղայի դավանաբանական տեսակետներին եւ հայերի կողմից վերապահության արտահայտության, թե Հավատի գիրն ընդունելը եւ հոգեւոր հաղորդությունը բնավ չեն նշանակում, թե Հայոց Եկեղեցին ընդունում է քաղկեդոնականությունը, որը նա առաջվա պես համարում է սխալ:
Եթե Մաթուսաղայի թույլ արտահայտված ընդդիմությունը, վերջին հաշվով, նրան տարավ դեպի զիջողականություն, ապա Դվնի Սբ Գրիգոր եկեղեցու վարդապետ Հովհան Մայրագոմեցին, արտահայտելով հոգեւորականության մի մասի կարծիքը, ոչ միայն չմասնակցեց Եզրի ընդունելությանը, այլեւ կաթողիկոսին բացահայտ մեղադրեց դավանաբանական հարցերում ուղղափառ հայրերի կանոնական սահմանը խախտելու համար: Եզրը, որ անակնկալի էր եկել ու խիստ վշտացել Հովհան Մայրագոմեցու բռնած դիրքից, պահանջեց, որ վերջինս ներկայանա հայրապետանոց, ինչը նա ստիպված եղավ կատարել: Սակայն հանդիպումը կաթողիկոսին սպասված արդյունքը չբերեց: Հայրապետի մեղադրանքին, թե նա ընդվզել է կաթողիկոսի, այսինքն՝ իր դեմ, Հովհան Մայրագոմեցին հայտարարեց, թե Եզրը կայսեր հետ հաղորդակցությամբ խախտել է Հայոց Եկեղեցու ավանդությունը, եւ որ, իրավացիորեն, նրա անունը Եզր է, քանի որ դեպի եզր տարավ Հայաստանյայց Եկեղեցին: Իր հանդգնության համար Հովհան Մայրագոմեցին ենթարկվեց ծեծի եւ տանջանքների, զրկվեց իր զբաղեցրած պաշտոնից եւ ստիպված եղավ քաշվել Մայրավանք, որը Եզրի կողմից սկսեց Մայրագոմ անվանվել, իսկ պաշտոնազրկված Հովհանն էլ՝ Մայրագոմեցի, քանի որ վերջինս, Հովհաննես Դրասխանակերտցու բացատրությամբ, եզի պես համառ ու պնդագլուխ վարքագիծ էր հանդես բերել: Անշուշտ, այս անվանումը վիրավորական էր, սակայն այն տարածում ստացավ, եւ Եզրին ընդդիմադիր վարդապետը, որ դրանից հետո էլ չդադարեցրեց պայքարը կաթողիկոսի դեմ, հետագայում ավելի հայտնի էր Մայրագոմեցի անունով: Եզրը կարգադրեց, որ Հովհանը հեռանա Դվնին մերձակա վայրերից, որովհետեւ համառ ու հանդուգն վարդապետի բռնած դիրքը սկսել էր նրան անհանգստացնել: Այլ ելք չունենելով՝ Հովհան Մայրագոմեցին քաշվեց Գարդմանի կողմերը՝ Գետարակք բերդի մերձակայքը, ուր արգասաբեր դրական գործունեություն ծավալեց՝ մեր պատմիչների կողմից հռչակվելով որպես առաքինի եւ սուրբ հոգեւոր անձ: Մ. Օրմանյանը, ելնելով վերը բերված իրադարձություններից, կարծում է, թե Մայրագոմեցին մենակ էր մնացել իր խստապահանջ դիրքորոշման մեջ, եւ հայ հոգեւորականները կամ գոնե նրանց մի մասը չէին պաշտպանել նրան: Չնայած, դատելով սկզբնաղբյուրներից, Հովհան Մայրագոմեցին պաշտպանություն չէր գտել կաթողիկոսարանի եպիսկոպոսների ու վարդապետների եւ հայոց նախարարների շրջանում, այնուամենայնիվ, մեր կարծիքով, նա արժանացել է հոգեւորականության մի մասի աջակցությանը, որի վկայությունն է նրա գրեթե անկաշկանդ հակահայրապետական գործունեությունը թե՛ Մայրավանքում եւ թե՛ Գետարակքում: Սակայն, քանի որ նրա աջակիցների մեջ նշանավոր դեմքեր չծնվեցին, պատմությունն անտարբեր է գտնվել հակաեզրական ուղղության ներկայացուցիչների նկատմամբ: Ավելին. եթե Հովհան Մայրագոմեցին միայնակ լիներ իր համոզումների մեջ, ապա ավելի շուտ նրա անունը մոռացության կտային, քան թե նրա դեմ կատաղի եւ անզիջում պայքար կծավալեին:
Եզրի կողմից Հերակլ կայսեր Հավատի գիրն ընդունելը բոլորովին էլ աննպատակ չէր, որովհետեւ, ինչպես հետագայում նշում էր Հովհան Օձնեցին, դրա շնորհիվ նա կաթողիկոսության իրավունք ստացավ նաեւ կայսրությանը հպատակ հայերի նկատմամբ: Ճիշտ է, բյուզանդական Հայաստանում այլ հակաթոռ կաթողիկոսություն չկար, սակայն մեծ խելք չի պահանջվում հասկանալու համար, որ այն, ինչպես սպառնում էր Մժեժ Գնունին, կարող էր անմիջապես մեջտեղ գալ, եթե Հայոց կաթողիկոսի եւ կայսեր միջեւ համաձայնություն չկայանար: Դարերի բարձունքից հեշտ է քննադատել Եզրին եւ նրա համախոհներին, սակայն ավելորդ չի լինի կարծել, որ կատարվածը ստիպողական քայլ էր, եւ Հայոց Եկեղեցու հովիվը գնում էր այդ քայլին՝ խուսափելու համար ավելի մեծ չարիքից, ինչպիսին կլիներ հակաթոռ կաթողիկոսության հաստատումը, որին հետեւելու էր հայ հասարակության երկփեղկումը՝ դրանից բխող բոլոր հոռի հետեւանքներով: Համենայն դեպս, ժամանակակիցները եւ անգամ Հովհան Օձնեցին նրա գործունեությունն ավելի սթափ են ներկայացնում՝ որեւէ մեղք չտեսնելով նրա վարքագծի մեջ, իսկ Հովհան Օձնեցին ամենայն պատվով է հիշատակում նրան: Դատելով ամեն ինչից՝ Հայոց Եկեղեցին ծիսական հարցերում որեւէ զիջման չէր գնացել, սակայն դա ոչ կարելի է հաստատապես պնդել եւ ոչ էլ մերժել, քանի որ մեզ Կարնո կանոններ չեն հասել, եւ ոչ էլ պատմությունը պահպանել է Հերակլի պահանջների մասին որոշակի տեղեկություններ: Հայոց ազգային Առաքելական Եկեղեցու համար, ինչպես կյանքը ցույց տվեց, Եզր կաթողիկոսի կողմից Հերակլի՝ եպիսկոպոսների կազմած Հավատի գիրն ընդունելը դավանաբանական առումով մերժելի էր: Բայց այդ օրերին, երբ Սասանյան Պարսկաստանը բռնել էր հոգեվարքի ուղին, երբ հարավում գնալով ահագնանում էր արաբական առաջիկա ներխուժման վտանգը, հայերը գիտակցաբար աշխատում էին շատ էլ չսրել իրենց հարաբերություններն արեւմտյան հարեւանի հետ, որը ժամանակակիցների աչքում շատ ավելի կենսունակ ուժ էր, որի հետ հաշվի չնստել չէր կարելի: Բնավ չփորձելով արդարացնել Եզրի եւ նրա համախոհների դիրքը կամ էլ պարզապես սեւացնել այն՝ մենք կամենում ենք լոկ պարզաբանել ու բացատրել այդ օրերին հայ հոգեւորականության մեծ մասի ունեցած դիրքորոշումը: Մի բան հստակ է, որ Եզրը երբեք էլ քաղկեդոնական չդարձավ, եւ նրա կաթողիկոսության հետագա շրջանն անցավ առանց ցնցումների, ինչն անհնարին կլիներ քաղկեդոնականությանը հարելու դեպքում, որն առաջ կբերեր հայոց ուղղափառ հավատի կողմնակից եպիսկոպոսների բուռն հակազդեցությունը:
Եզրն աչքի ընկավ իր շինարարական եւ բարեկարգիչ գործունեությամբ: Նրա օրոք վերանորոգվեց Գայանեի վկայարանը, որի տեղում կոփածո քարերից կառուցված եկեղեցին հառնեց: Ծիսակատարությունների բնագավառում էլ նա բարեկարգիչ քայլեր ձեռնարկեց՝ բնավ էլ ստրկորեն չհետեւելով հունականին: Նրա կարգադրությամբ՝ Առավոտյան ժամերգության վերջին մասն առանձնացվեց եւ վերածվեց Արեւագալի ժամերգության: Այդ մասին վկայում է Հովհան Օձնեցին:
Եզրի հայրապետական գործունեության վերջին տարիները մթագնվեցին արաբական արշավանքներով, որոնք աստիճանաբար մոտենում էին Հայաստանի սահմաններին: 631 թ. Հերակլի բանակներն առաջին անգամ բախվել էին անապատի քոչվորների հետ, իսկ Մուհամեդը հասցրել էր արդեն գրավել Մեքքան եւ այն վերածել իր աթոռանիստի: 632 թ. նա մահացել էր, սակայն ուժերի հորդում ապրող Արաբական պետությունը միայն ուժգնացրել էր իր հարձակողական թափը եւ առաջին խալիֆների օրոք մեծապես ընդարձակվել էր: 634 թ. արաբներն արդեն հաստատվել էին Ասորիքում, եւ Խալիտ զորավարը տիրացել էր Դամասկոսին: Օմարի օրոք, որը հաջորդեց Աբուբեքրին, արաբները հերթով տիրացան Ասորիքի գլխավոր քաղաքներին, իսկ 637 թվին գրավեցին Երուսաղեմը: Ամուր հաստատվելով Ասորիքում՝ արաբներն իրենց ուշադրությունը դարձրին դեպի երբեմնի հզոր Սասանյան պետությունը եւ 636 թվին հաղթանակ տարան Հազկերտ արքայի զորքերի նկատմամբ: Հայաստանում արաբական տրապետության հաստատման վտանգն օրավուր դառնում էր իրական, եւ Հայոց կաթողիկոսն ականատեսը դարձավ արաբական զորքերի 640 թ. դեպի Հայաստան կատարած արշավանքի:
Մինչ արաբները քայլ առ քայլ առաջանում էին դեպի Հայաստան, երկրում վիճակը շարունակում էր մնալ նույնը: Բյուզանդական Հայաստանում իշխում էր Հերակլի կողմից կարգված Մժեժ Գնունին: Սա, նպաստելով կայսերն իր հաղթանակների մեջ եւ ձեռք բերելով մեծ ազդեցություն, աչքի ընկավ իր անիրավ գործերով: Նա իր մեղքի որոշակի բաժինն ուներ Վարազտիրոցի կայսրություն փախչելու գործում եւ աննախանձելի դեր է ստանձնել Եզր կաթողիկոսի հետ ունեցած բանակցություններում: Նույնպիսին եղավ նրա գործելակերպը Դավիթ Սահառունու նկատմամբ:
Մոտավորապես հիշյալ ժամանակներում բացահայտվեց Հերակլ կայսեր դեմ մի դավադրություն, որին մասնակից էին Հերակլի որդին, եղբորորդին, ներքինի սենեկապետը եւ մի քանի հայ իշխաններ՝ Վահան Խորխոռունին, Վարազտիրոցի որդի Սմբատ Բագրատունին եւ ինչ-որ չափով Վարազտիրոցը: Դավադիրները խստորեն պատժվեցին, նրանց մի մասի քթերն ու աջ ձեռքերը կտրեցին, իսկ Վարազտիրոցը եւ նրա որդի Սմբատը, որ դեմ էին եղել կայսրին սպանելուն, աքսորվեցին Աֆրիկա: Օգտվելով պատեհ առիթից՝ Մժեժ Գնունին դավադրությանը մասնակցելու պատրվակով ձերբակալեց Դավիթ Սահառունուն եւ ուղարկեց Կոստանդնուպոլիս: Սակայն սա ոչ միայն կարողացավ ազատվել, այլեւ սպանեց Մժեժին եւ նրա գործակից Վարազ-Գնել Գնունուն: Հերակլ կայսրը, որ խորապես անհանգստացել էր դավադրությունից եւ նրա ծավալներից, ոչ միայն Դավիթ Սահառունուն արդար ճանաչեց, այլեւ բյուզանդական Հայաստանի կառավարիչ նշանակեց՝ կուրապաղատի աստիճանով: Սրա պաշտոնավարությունը տեւեց երեք տարի, եւ իր գործելակերպի համար նա հալածվեց իր ենթակայության տակ գտնվող զորքերից: Դրան հետեւեց քաոսը: Նրան հաջորդող չնշանակվեց, եւ Հայաստանի բյուզանդական ու պարսկական հատվածները հայտնվեցին անտերունչ վիճակում: Պարսկական մասում դրությունը քիչ թե շատ վերահսկում էր Թեոդորոս Ռշտունին, որի դիրքերը, իր ճկուն քաղաքականության շնորհիվ, գնալով ամրանում էին:
639 թ. արաբները, Ռահիմ զորավարի գլխավորությամբ, Մոկքի վրայով ներխուժեցին Հայաստան եւ իրենց ենթարկեցին Մոկքը եւ Անձեւացյաց գավառը: Սակայն Տարոնում նրանց դիմավորեց Տիրան Մամիկոնյանը, որը սպանեց Սահուռ զորավարին, սակայն երկու այլ իշխանների հետ ինքն էլ ընկավ մարտադաշտում: Արաբներն ավերեցին Աշտիշատը, Գլակավանքը, Մատնավանքը, շարժվեցին դեպի Վանա լճի հյուսիսային ափերը՝ ահավոր ավերածության ենթարկելով Բզնունիք, Աղիովիտ եւ Առբերանի գավառները: Այնուհետեւ նրանք Բերկրիի վրայով իջան Կոգովիտ, այնտեղից անցան Այրարատյան դաշտ եւ շարժվեցին դեպի Դվին: Թեոդոս Վահեւունի, Խոչյան Առավեղյան եւ Շապուհ Ամատունի իշխանների ջանքերը՝ կազմակերպելու Դվինի պաշտպանությունը, արգելելու արաբների մուտքը՝ Երասխի ձախափնյակ Մեծամորի կամրջի ավերման միջոցով, ի դերեւ ելան: Արաբներին հաջողվեց գետն անցնել Մեծամորի կամրջով եւ բանակ դնել Դվնի մատույցներում 640 թվականի տրե ամսի 20-ին կամ հոկտեմբերի 6-ին, երբ բնակչությունը զբաղված էր այգեկութով: Երեքամսյա պաշարումից հետո արաբները 641 թվականի հունվարի 6-ին մեծ դժվարությամբ գրավեցին Դվինը: Կոտորվեց 12000 մարդ, քաղաքը կողոպտվեց, եւ 35000 մարդ գերի քշվեց: Միակ մարդը, որ փորձեց կազմակերպել երկրի պաշտպանությունը եւ հարվածել թշնամուն, Թեոդորոս Ռշտունին էր, սակայն նրա ուժերն անբավարար էին, եւ թշնամուն հաջողվեց բազմահազար գերիներով եւ բազում ավարով հեռանալ Միջագետք:
Եզրը վերապրեց արաբական արշավանքի ողջ արհավիրքը: Նա տկար էր, անառողջ եւ, հավանաբար, չտանելով Դվինի առումը՝ վախճանվեց: Չի բացառվում, որ նա վախճանվել էր մինչեւ Դվինի գրավումը, որովհետեւ Դվնի զոհերի թաղումը պատմությունը վերագրում է նրա հաջորդին: Տեղեկություններ չեն պահպանվել, սակայն հավանական է ենթադրել, որ նա թաղվեց Դվնում՝ կա՛մ մինչեւ Դվնի առումը, կա՛մ էլ՝ առումից շատ չանցած: Ժամանակակիցները նրա գործունեությունն ընդհանուր առմամբ դրական են գնահատել, սակայն ավելի ուշ նա խիստ քննադատվել է Հայոց Եկեղեցու հայրերի կողմից: