ԱՆԱՍՏԱՍ Ա ԱԿՈՌԵՑԻ

ԱՆԱՍՏԱՍ Ա ԱԿՈՌԵՑԻ

(661-667)
 

Ներսես Գ Շինարար կաթողիկոսին հաջորդեց նրա սենեկապետ եւ օգնական Անաստասը՝ Մասյացոտն գավառի Ակոռի գյուղից: Ըստ երեւույթին, նա եղել է աշխատասեր, կանոնավոր գործերի հետամուտ, սակայն համեստ ձիրքերի տեր անձնավորություն: Հովվապետել է ընդամենը վեց տարի՝ 661-667 թթ., մի ժամանակաշրջան, երբ Հայաստանը, շնորհիվ Մուավիա Օմայան խալիֆի հետ կնքած պայմանագրի, խաղաղության շրջան էր ապրում՝ լոկ ձեւականորեն ճանաչելով արաբական գերիշխանությունը: Հայտնի է, որ նա, թերեւս հետեւելով իր նախորդին, շքեղ եկեղեցի է կառուցում իր ծննդավայր Ակոռի գյուղում: Եկեղեցուն կից կառուցվում են ժամատուն՝ քահանայական ուխտի մենակրոնների եւ պատսպարաններ՝ հյուրերի, տնանկների եւ աղքատների համար: Դիմանալով դարերի փորձություններին՝ Անաստաս կաթողիկոսի կառուցած եկեղեցին ավերվեց միայն 1840 թվականի ահավոր երկրաշարժի հետեւանքով:


Անաստաս կաթողիկոսի հովվապետության շրջանում Հայաստանի կառավարիչն էր Գրիգոր Մամիկոնյան իշխանը, որն այդ պաշտոնն ստացել էր Ներսես Շինարար կաթողիկոսի միջնորդությամբ: Հովհաննես Դրասխանակերտցու բնորոշմամբ՝ Գրիգոր Մամիկոնյանը բարեպաշտ եւ երկյուղած անձնավորություն էր, որի ապրած տարիները շինության, խաղաղության եւ ապահովության շրջան էին: Տուրք տալով իր ժամանակի պահանջներին՝ Գրիգոր իշխանը եկեղեցի կառուցեց Արուճ մեծ ավանում, որը հայկական ճարտարապետության գոհարներից է: Եղիվարդ ավանի (ներկայումս՝ Եղվարդ) արեւելյան կողմում նա կուսակրոնների համար կառուցեց վանք, որի զարդը պայծառապաճույճ եկեղեցին էր: Պատմիչները հավուր պատշաճի են գնահատել նրա վարչական գործունեությունը՝ բնութագրելով նրան որպես արդար վաստակի հետեւորդ, եղբայրասեր, օտարասեր եւ աղքատների դարմանիչ:


Անաստաս Ա Ակոռեցի կաթողիկոսի օրոք՝ 665 թվին, քրիստոնեություն ընդունեց ազգությամբ պարսիկ Սուրհանը, որը, ամեն ինչից դատելով, հեռավոր ազգակցություն ուներ Սասանյանների հետ: Մինչ այդ նա ընդունել էր մահմեդականություն եւ ծառայում էր Հայաստանում հաստատված արաբական կայազորներից մեկում: Ծանոթանալով քրիստոնեությանը՝ նա Գրիգոր Մամիկոնյան իշխանին հայտնում է քրիստոնեություն ընդունելու իր ցանկության մասին եւ քաջալերվելով նրանից՝ մկրտվում է Հայոց Հայրապետի կողմից՝ Արուճի նորակառույց կաթողիկեում: Գրիգոր Մամիկոնյանը դարձավ նրա կնքահայրը, եւ Սուրհանին տրվեց Հայաստանի կառավարչի հոր՝ Դավիթի անունը: Մկրտված մահմեդականն ամուսնացավ տեղացի աղջկա հետ եւ որպես ուտեստ՝ ստացավ Ձագ գյուղը: Հետագայում նա բնակություն հաստատեց Դվնում՝ ապրելով հավատացյալ քրիստոնյայի կյանքով շուրջ 30 տարի:


Անաստաս Ա Ակոռեցին մեծ հոգածություն հանդես բերեց տոմարի նկատմամբ: Մովսեսի օրոք կատարված տոմարական բարեկարգությամբ՝ Զատիկը հարմարեցվել էր Հուլյան տոմարին, չնայած քաղաքական կյանքում երկիրը շարունակում էր հետեւել հին շարժական տոմարին: Հայտնի է, որ շարժական տոմարի համաձայն՝ տարին բաղկացած է 365 օրից, սակայն իրականում տարվա տեւողությունը 365 օր 5 ժամ 48 րոպե եւ 48 վայրկյան է: Հետեւաբար շուրջ 6 ժամ կազմող տարբերությունը չորս տարվա ընթացքում վերածվում է մեկ գրեթե ամբողջական օրվա՝ ստեղծելով բազմաթիվ դժվարություններ տոմարական հաշիվների համար:


Հայոց կաթողիկոսը ցանկացավ անցնել անշարժ տոմարի, եւ դրա համար հիմք հանդիսացավ 665 թվականի Ծռազատիկի տարի լինելը, երբ հայերը եւ հույները Զատկի օրվա հարցում իրարից զատվեցին: Կաթողիկոսը տոմարը կարգավորելու համար հրավիրեց Անանիա Անեցի վարդապետին կամ Շիրակացուն, որը, ըստ Կիրակոս Գանձակեցու, բանիբուն, հանճարեղ եւ տոմարական հաշիվների մեջ հույժ գիտակ անձնավորություն էր: VII դարի հայ նշանավոր այդ բնագետը եւ համարողական արվեստի մեծ կուռքը, որի աշխատություններն այսօր էլ հիացնում են ուսումնասիրողներին, ուսանել էր Տրապիզոնում՝ Տյուքիկոս նշանավոր իմաստունի մոտ եւ իր գիտական գործունեությամբ մեծ հռչակ ձեռք բերել Հայաստանում: Պատմիչների համաձայն՝ Անանիա Շիրակացին, տքնաջան աշխատելով, հիմք դրեց հայկական անշարժ տոմարին: Ամբողջ երկրի համար նոր տոմարն ընդհանրական դարձնելու նպատակով Հայոց կաթողիկոսը փորձեց եկեղեցական ժողով հրավիրել եւ այն հաստատել, սակայն ժողովը դեռ չգումարված՝ մահացավ, իսկ տոմարական փոփոխությունը կյանքի չկոչվեց:
Անաստաս Ա Ակոռեցին մահացավ՝ հավանաբար ծեր հասակում եւ, ըստ երեւույթին, ինչպես կարծում է Մ. Օրմանյանը, թաղվեց Ակոռիում իր կառուցած եկեղեցու հարեւանությամբ: