ՍԱՀԱԿ Գ ՁՈՐՈՓՈՐԵՑԻ

ՍԱՀԱԿ Գ ՁՈՐՈՓՈՐԵՑԻ

(677-703)
 

677 թվին կաթողիկոսական աթոռ բարձրացավ Սահակ Գ Ձորոփորեցին, որը ծնվել էր Գուգարաց աշխարհի Ձորոփոր գավառի Արքունաշեն գյուղում: Հետաքրքիր է, որ Հովհաննես Դրասխանակերտցին տեղեկություն է պահպանել նրա մոր մասին, որն Այրարատ աշխարհի Մազազ գավառի Բերդկաց գյուղից էր (նույնացվում է Պորտակ գյուղի հետ): Գր. Տաթեւացին նրան անվանում է «Սահակն որ գնաց ընդդեմ Տաճկաց»: Բնութագրություն, որ այլ հեղինակների մոտ չի հանդիպում: Մինչեւ հայրապետելը եղել է Ռոտակաց եպիսկոպոս, որը, Մ. Օրմանյանի կարծիքով, պետք է նույնացնել Ուտյաց աշխարհի Ռոտպացյան կամ էլ Արցախի Մեծ Կվանք եւ Մեծիրանք գավառների միջեւ գտնվող Ռոսաստակ գավառների հետ: Ըստ երեւույթին, երկու նույնացումներն էլ ճիշտ չեն, եւ Սահակ Ձորոփորեցին, ամենայն հավանականությամբ, եղել է Ատրպատականի հարեւանությամբ գտնվող Հերի եւ շրջակա տարածքներն ընդգրկող երկրամասի եպիսկոպոսը, որ հայտնի է ոչ միայն Ռոտկաց, այլ Երուտակաց եւ Ռստկաց անվանումներով: Համենայն դեպս, միանշանակ նման եզրակացության կարելի է գալ Հովհաննես Դրասխանակերտցու մի քանի հաղորդումներից: Սկզբնաղբյուրներում Սահակ Ձորոփորեցու հովվապետության շրջանը մատուցվում է 17, 23, 25, 26 եւ 27 տարի, սակայն քանի որ դրանց մեծ մասը կաթողիկոսին վերագրում է 23 եւ ավելի տարիների աթոռակալություն, իսկ մի մասն էլ, թերեւս, զեղչել է նրա աքսորական տարիները, ըստ երեւույթին, պետք է համաձայնել Մ. Օրմանյանի տեսակետի հետ, որը Սահակ Ձորոփորեցու աթոռակալության շրջանը հաշվում է 27 տարի՝ հենվելով Հովհաննես Դրասխանակերտցու հաղորդման վրա: Ըստ այդմ էլ՝ նա հովվապետած պետք է լինի 677-703 թվականներին:


Սահակ Ձորոփորեցու աթոռակալությունը համընկավ քաղաքական անհանգիստ ժամանակների հետ: Հայաստանը ենթարկվում էր հարձակումների ու ավերածության, եւ ի վերջո երկրի մեծ մասը նվաճվեց արաբների կողմից: Սահակի կաթողիկոսանալուց շատ չանցած՝ Հայաստանով դեպի Վիրք արշավեց Բառաբա արաբական զորավարը, որը սակայն անհաջողություն կրեց եւ զորքի մնացորդներով փախուստի դիմեց: Այսուհանդերձ արաբներն արշավելու եւ փախուստի ժամանակ մեծ վնասներ պատճառեցին Հայաստանի բազմաթիվ գավառների: Թերեւս ճիշտ է Մ. Օրմանյանը, որ արաբների այս հանկարծակի հարձակումը բացատրում է արաբական զորքի՝ Կոստանդնուպոլսի մատույցներում կրած խայտառակ պարտությամբ, երբ արաբական նավատորմիղն ամբողջությամբ ոչնչացվեց «հունական կրակով», իսկ արաբական նահանջող ուժերը ծանր կորուստներ ունեցան հետապնդող բյուզանդական զորքերի կողմից: Պարտությունն ու կորուստներն այնքան զարհուրելի էին, որ արաբները երեսնամյա հաշտություն կնքեցին, պարտավորվեցին բյուզանդացիներին վճարել տարեկան 30 հազար ոսկի, 50 արաբական նժույգ եւ վերադարձնել 50 նշանավոր գերիների: Հաղթանակը ոգեւորեց բյուզանդացիներին եւ կենսունակություն հաղորդեց կայսրությանը: Չնայած Հայաստանն ավերվել էր Բառաբայի արշավանքի հետեւանքով, սակայն հայերը մտադիր չէին այդ շրջանում խզել իրենց հարաբերություններն արաբների հետ: Այդ տեղի ունեցավ միայն Գրիգոր Մամիկոնյանի մահից հետո: Սահակ Ձորոփորեցու կաթողիկոսության յոթերորդ կամ հինգերորդ տարում Հայաստանը հարձակման ենթարկվեց հյուսիսային կովկասյան լեռնականների կողմից: Հյուսիսականների արշավանքն ըստ այդմ էլ կարող է դրվել 684, 682 եւ 681 թվականներին: Մ. Օրմանյանն առավել հավանական է համարում 682 թվականը, որը պահպանվել է նաեւ Սամվել Անեցու աշխատության մեջ: Շփոթը հեշտությամբ բացատրվում է Ե եւ Է թվատառերի գրչագրական աղավաղումով: Հարձակվողները խազարներն էին, որոնց հայ պատմիչները խազիրք են կոչում, որոնց դեմ դուրս գալով՝ Գրիգոր Մամիկոնյանը հայկական մեծ բանակով պարտություն կրեց, եւ ինքն էլ ընկավ մարտի դաշտում՝ պաշտոնավարելով 20 տարի: Հայերի պատերազմը խազարների դեմ հավաստում է, որ հայ-արաբական հարաբերությունները դեռ չէին խռովվել:


Վիճակը կտրուկ փոխվեց Գրիգոր Մամիկոնյանի զոհվելուց հետո: Հայերը դժվարանում էին կողմնորոշման հարցում հստակ դիրք գրավել, քանի որ հույները Կոստանդնուպոլսի հաղթանակից հետո գերակշիռ դիրք էին գրավել, սակայն Հայաստանի մեծ մասը շարունակում էր գտնվել արաբների գերիշխանության ներքո: Առժամանակ՝ մինչեւ 688 թվականը, Արեւելյան Հայաստանը զերծ մնաց բյուզանդական հարձակումներից, որտեղ կառավարում էին արաբների կողմից նշանակված հայ իշխանները: Այս ընթացքում՝ 680-ին, մահացավ Հայաստանի նկատմամբ բարեկամաբար տրամադրված Մուավիան, 683-ին՝ Եզիդը, 684-ին՝ Մուավիա Բ-ն, եւ 685-ին՝ Մրվանը, որին հաջորդեց Աբդուլմելիքը: Այդ նույն տարում բյուզանդական գահ բարձրացավ Հուստինիանոսը, որը հաջորդեց Կոստանդինին: Ռազմականապես վերահզորացած կայսրությունն արեւելյան նահանգներում անցնում է զինվորական թեմական բաժանման: Ամասիան՝ իր շրջակայքով, ստանում է Արմենիակոն կամ Հայոց թեմ անունը, իսկ Փոքր Հայքի եւ նրան հարակից տարածքներում ձեւավորվում են Կապադովկիայի եւ Լիկանդիայի թեմերը՝ կենտրոն ունենալով Սեբաստիան եւ Մելիտենեն: Մեծ Հայքը, չնչին բացառությամբ, գտնվում էր արաբական ազդեցության ներքո եւ ղեկավարվում էր Սմբատի որդի Սմբատ Բագրատունու կողմից: Այսպես է հավաստում Հովհաննես Դրասխանակերտցին, սակայն ըստ Ասողիկի՝ կառավարիչը երեք տարի եղել է Աշոտ Բագրատունին, եւ հետո՝ Ներսեհ Կամսարականը՝ 4 տարի: Կառավարիչների եւ նրանց իշխանության ժամանակի խնդրում պատմիչները հակասական տվյալներ են հաղորդում: Այսպես, համաձայն Սամվել Անեցու՝ կառավարիչներ են եղել Ներսեհ Կամսարականը՝ 3 տարի, Աշոտ Բագրատունին՝ 3 տարի, եւ Ներսեհ Կամսարականը՝ 3 տարի, իսկ Վարդան պատմիչը տալիս է նախ Աշոտ Բագրատունու եւ հետո Սմբատ Բագրատունու անունները, Կիրակոս Գանձակեցին՝ Ներսեհ Շիրակացու, եւ Ղեւոնդը՝ Աշոտ Բագրատունու եւ այնուհետեւ Վարազտիրոցի որդի Սմբատ Բագրատունու անունները: Այս խառնաշփոթ պատկերը գալիս է լրացնելու այն իրողությունը, որ կառավարիչները պատմիչների երկերում հանդես են գալիս երբեմն փոփոխված անվանումներով:


Արաբական ազդեցությունը Մեծ Հայքի տարածքում տիրապետող եղավ, ինչպես նշեցինք, մինչեւ Գրիգոր Մամիկոնյանի մահը՝ 682 թվականը, եւ Հուստինիանոսի 688 թվականի արշավանքը, որին հետեւեց բյուզանդական գերիշխանության տասնամյա ժամանակաշրջանը, որն ընդհատվեց արաբների 698 թվականի մեծ արշավանքով: 682-ից մինչեւ 688 թվականն ընկած շրջանում Մեծ Հայքը կառավարվել է Աշոտ Բագրատունու եւ Ներսեհ Կամսարականի կողմից՝ յուրաքանչյուրը երեքական տարի: Երկիրը վայելում էր խաղաղություն՝ շնորհիվ Առաջավոր Ասիայում ձեւավորված ուժերի հավասարակշռության, երբ արաբներն ուժ չունեին Հայաստանի ներքին գործերին միջամտելու համար, իսկ բյուզանդացիներն աշխատում էին վերականգնել իրենց ռազմական հնարավորությունները եւ կաշկանդված էին արաբների հետ կնքած 30-ամյա հաշտության պայմանագրով, որի ժամկետը լրանում էր միայն 709 թվին:


Ճիշտ քաղաքականություն վարելու դեպքում կարելի էր խուսափել արաբական հնարավոր հարձակումներից՝ վճարելով սահմանված, թեկուզեւ ծանր, հարկերը եւ դրանով իսկ զերծ մնալ կրոնական բյուզանդական հարկադրանքներից: Սակայն նկատվում է Հայոց եւ Բյուզանդական Եկեղեցիների մերձեցման միտում, որն ուներ թե՛ քաղաքական եւ թե՛ դավանաբանական արմատներ: Մի կողմից հայերը կամենում էին ձեռք բերել բյուզանդական հովանավորությունը եւ խուսափել ամեն տեսակի հալածանքներից կայսերական զորքերի հարձակումների դեպքում, իսկ մյուս կողմից պայմանավորված էր բյուզանդական կայսրերի եկեղեցական քաղաքականությամբ, քանի որ Հերակլ կայսեր իշխանության սկզբից մինչեւ Կոստանդին Պոգոնատ կայսեր 12-րդ տարին, այսինքն՝ ուղիղ 70 տարի, Բյուզանդական Եկեղեցին էապես հեռացել էր թունդ քաղկեդոնականության դիրքերից եւ հետեւում էր միակամյա դավանանքին: Այս իրողությունը հեշտացնում էր հայ-բյուզանդական եկեղեցական մերձեցումը, որն ամրապնդվում էր նաեւ երկրի քաղաքական շահերով: Միակամյա էր սկզբում նաեւ Կոստանդին Պոգոնատ կայսրը: Կայսերական արքունիքը գտնում էր, որ կրոնական խստությունները վերացնելու միջոցով կարելի է արեւելյան միաբնակ քրիստոնյա ժողովուրդներին կապել կայսրությանը եւ այդ ուժն օգտագործել արաբների դեմ մղվող պայքարում: Սակայն միակամյա դրությունը, ըստ էության, չփոխեց վիճակը, իսկ Կոստանդին Պոգոնատը, հուսախաբ լինելով, փորձեց հակվել դեպի Արեւմուտք՝ հույս ունենալով օգնություն ստանալ արեւմտյան ժողովուրդներից: Նա վճռականորեն հրաժարվեց միակամյա դավանանքից եւ կրկին հետեւեց թունդ քաղկեդոնականության: Այս առիթով հրավիրվեց 680 թ. Կոստանդնուպոլսի երրորդ եւ հույների ու լատինների կողմից տիեզերական վեցերորդ կոչված ժողովը:


Կոստանդնուպոլսի երրորդ ժողովը հրավիրվեց Կոստանդին կայսեր կողմից, որին պետք է մասնակցեին Հռոմի Դոմնոս պապի ներկայացուցիչները, սակայն վերջինս մահացավ, եւ նրա հաջորդ Ագաթոնը պատվիրակներ նշանակեց Թեոդորոս եւ Գեորգ երեցներին եւ Հովհաննես սարկավագին: Արեւմտյան եպիսկոպոսներից ժողովին մասնակցեցին Հովհաննես Պորտվա, Աբոնդանտիոս Պրենեստյա եւ Հովհաննես Հռեգիոնի եպիսկոպոսները: Ժողովին, որ բացվեց 680 թ. նոյեմբերի 7-ին, մասնակցեցին 40 պատվիրակ: Հատկանշական է, որ այն իր նիստերը գումարեց ոչ թե եկեղեցում, այլ կայսերական պալատում եւ այն էլ՝ կայսերական նախագահությամբ: Ժողովականներն իրենց առաջ խնդիր էին դրել լուծել միաբնակության կամ երկաբնակության առաջնության հարցը: Պատրիարքներից ժողովին մասնակցում էին Գեորգ Կոստանդնուպոլսի եւ Մակար Անտիոքի հայրապետները, որոնք, ինչպես եւ Մելիտենեի միտրոպոլիտ Թեոդորոսը, պաշտպանում էին միակամյա դավանանքը: Նիստերը տեւեցին մինչեւ 681 թ. սեպտեմբերի 16-ը, եւ ամեն ինչ արվեց քաղկեդոնականությունը լիովին վերականգնելու համար:


681 թ. մարտի 18-ին նիստին կայսրը բերել տվեց եւս 12 եպիսկոպոսների եւ այնուհետեւ գնալով մեծացրեց ժողովականների թիվը, որի եւ ճնշումների ու սպառնալիքների պայմաններում կայսրը կարողացավ 681 թ. սեպտեմբերի 16-ին որոշում ընդունել տալ քաղկեդոնականության վերահաստատման մասին, իսկ հներից Փառանու եպիսկոպոս Թեոդորոսը, Կոստանդնուպոլսի պատրիարքներ Սարգիսը, Պյուռոսը, Պողոսը եւ Պետրոսը, Հռոմի Հոնորիոս եւ Աղեքսանդրիայի Կյուրոս հայրապետները՝ իբրեւ հերետիկոսներ, նզովվեցին: Նզովքից չխուսափեցին նաեւ ժողովի որոշ մասնակիցներ: Դատապարտվեց Անտիոքի Մակար պատրիարքը, որն իր կողմնակիցների հետ հակադրվեց կայսերը եւ փորձեց երկաբնակների խեղաթյուրումները մեջտեղ բերել: Հայերը ժողովին չմասնակցեցին, համենայն դեպս, աղբյուրները նրանց մասնակցության մասին տեղեկություններ չեն պահպանել: Հնարավոր է, որ ժողովին մասնակցեցին Փոքր Հայքի եպիսկոպոսները, սակայն հայտնի է, որ վերջիններն այդ շրջանում, որպես կանոն, նշանակվում էին հույներից, հետեւաբար նրանց մասնակցությունը բնավ չէր նշանակում հայ եպիսկոպոսների ներկայություն: Ինչ վերաբերում է ժողովի որոշումների մասին հայերի տեղեկանալու ժամանակին կամ կերպին, ապա որոշակի ոչինչ չի կարելի ասել: Պարզ է մի բան, որ ժողովն իր որոշումներով հայերին մղեց դեպի արաբները:


692 թվի սկզբներին Հուստինիանոս Բ կայսեր հրամանով Կոստանդնուպոլսում հրավիրվեց մի նոր ժողով, որին մասնակցեցին 211 եպիսկոպոս: Քանի որ այն գումարվել էր կայսերական պալատի Տրուլլոն կոչված դահլիճում, ստացավ Տրուլլյան ժողով անունը: Այս ժողովը, որ հայտնի է նաեւ Հինգվեցյան անվանումով, 102 կանոն ընդունեց, որոնք մինչեւ այժմ էլ հունական եկեղեցու կողմից գործածվում են, իսկ լատինները չեն ընդունում, որովհետեւ արեւմտականները, Հռոմի պապի հետ մեկտեղ, չեն մասնակցել ժողովին: Կանոններում հիշվում են նաեւ հայերը, եւ արգելվում նրանց սովորությունները: Տրուլլյան ժողովի որոշումները, հասկանալի է, Հայոց Եկեղեցին չընդունեց, ուստի դրանց անդրադառնալն իմաստ չունի:


Կոստանդին կայսեր իշխանության վերջին տարիներն անցան խաղաղության մեջ: Արաբների հետ կնքած առավել քան պատվավոր հաշտությունը, բարեփոխումների քաղաքականությունը ներքին ու զինվորական կյանքի բնագավառներում եւ Արեւմուտքի պաշտպանությունը դավանաբանական հարցերում էապես բարձրացրին կայսրության վարկն ու հեղինակությունը: Հուստինիանոս Բ կայսրը, 685 թվին գալով իշխանության, փորձեց օգտվել նպաստավոր այդ պայմաններից եւ ընդարձակել Բյուզանդիայի սահմանները: 16-ամյա անփորձ, սակայն հերոսության ու փառքի ձգտող կայսրը, բոլորովին հաշվի չնստելով հոր կողմից կնքված բյուզանդա-արաբական հաշտության պայմանագրի հետ, 688 թվին Լեոնտիոս (Ղեւոնդիոս) զորավարի գլխավորությամբ մի մեծ բանակ ուղարկեց Արեւելք՝ նպատակ ունենալով տիրել Հայաստանի՝ արաբական գերիշխանության ներքո գտնվող հատվածին եւ ընդլայնել քաղկեդոնականության տարածման սահմանները: Որպես դիվանագիտական նախապատրաստություն՝ նա հայերին առաջարկեց զատվել արաբներից, որին որպես պատասխան՝ վերջիններս հայտարարեցին, թե իրենք կայսրությունից հուսալի պաշտպանություն չեն գտել, սակայն ենթարկվել են բռնադատության ու հալածանքների: Պատասխանին հետեւեց բյուզանդացիների արշավանքը, որի ընթացքում 25 գավառ ենթարկվեց ահավոր ավերածության, իսկ 8000 հայ ընտանիք գերեվարվեց: Թե արշավանքի դուրս եկածներին ինչքան մարդ զոհ գնաց, հայտնի չէ: Պատմիչները տեղեկություններ չեն պահպանել: Պարզվեց, որ հայերը չեն կարող ակնկալել նաեւ արաբների օգնությունը, որոնք ներքին պատերազմների մեջ էին խրված, ուստի երկիրն ստիպված եղավ ընդունել բյուզանդական գերիշխանությունը: Աշոտ Բագրատունի իշխանը կառավարչությունը վերցրեց իր ձեռքը եւ շուտով իր բյուզանդական կողմնորոշման շնորհիվ ձեռք բերեց կայսրության վստահությունը: 689-ին Հայաստան արշավեց բյուզանդական 40 հազարանոց մի բանակ, որին հաջողվեց արաբներից մաքրել երկիրը եւ ամրապնդել բյուզանդական իշխանությունը: Աշոտ Բագրատունին, որին Ղեւոնդ պատմիչը բնութագրում է որպես ճոխ ու պերճ իշխանության տեր, առաքինասեր ու ազնվական, բոլոր բարեգործությունների հոգաբարձու անձնավորություն, իր շինարարական գործունեությամբ եւ այլ գործերով արժանացավ բարի համբավի եւ լավ հիշատակ թողեց:


Աշոտ Բագրատունին կառուցեց Դարեւենից կամ Դարույնքի եկեղեցին տոհմական հանգստարանի հարեւանությամբ, որտեղ թաղված էին նաեւ Սմբատ Խոսրովշումը եւ նրա որդի Վարազտիրոցը: Դարեւենից բերդը համապատասխանում է ուշ ժամանակների Բայազետի բերդին, որի ստորոտում գտնվում էր, ինչպես հավաստում է արձանագրության մի բեկոր, Դարույնք գյուղը: Եկեղեցին կրում էր Ամենափրկիչ անունը, որովհետեւ նրանում տեղադրվել էր Հիսուս Քրիստոսի կենդանագրյալ պատկերը: Համաձայն «Զորս ըստ պատկերի» շարականի՝ Քրիստոսի պատկերը Աշոտ Բագրատունու որդի Սմբատը կայսրից նվեր էր ստացել Կոստանդնուպոլսում եւ բերել էր Հայաստան: Ինչ վերաբերում է շարականին, ապա այն գրվել եւ երգվել էր Դարույնքի եկեղեցու նավակատիքի կապակցությամբ: Ավելի ուշ Դարույնքի եկեղեցու պատկերը տեղափոխվել է Հավուց Թառի վանք, իսկ այնուհետեւ՝ Էջմիածնի Մայր Աթոռ:


Աշոտ Բագրատունին իր իշխանության չորրորդ տարում պատերազմեց Պարսկաստանից Հայաստան ներխուժած թշնամիների դեմ, որոնք հատկապես մեծ նեղություն էին պատճառում Խրամ եւ Ջուղա քաղաքներին եւ Խոշակունիք գավառին: Նրանք հարկերի համար խոշտանգում էին բնակիչներին եւ անպատվում կանանց: Մ. Օրմանյանն այդ արշավանքը դնում է 692 թվին, երբ Պարսկաստանում երեք մրցակից խալիֆներից իշխում էր Մոզապը, որը 694-ին մահացու վիրավորվեց եւ վերադառնալով Կոգովիտ՝ մահացավ ու թաղվեց Դարույնքի տոհմական հանգստարանում: Աշոտ Բագրատունու մահից հետո արաբական ազդեցությունն սկսեց ուժեղանալ Հայաստանում, որին ի պատասխան՝ Հուստինիանոս Բ կայսրն իր իշխանության չորրորդ տարում մեծ բանակով անձամբ արշավեց Հայաստան: Հասնելով մինչեւ Արարտակ լեռը, որը թերեւս Արարատ անվան աղավաղումն է, կայսրն իր զորքերը բաժանեց երեք զորաբանակների, որոնք սկսեցին ասպատակել Հայաստանը, Վիրքը եւ Աղվանքը: Հայտնվելով ծանր կացության մեջ՝ նշված երեք երկրների իշխանները ստիպված եղան ընդունել կայսեր հրավերը եւ ինչպես նաեւ բյուզանդական գերիշխանությունը: Օգտվելով կայսրության դիրքերի՝ այսրկովկասյան երկրներում ուժեղանալուց՝ կայսրը հրավիրեց եկեղեցական ժողով հայ եւ հույն եպիսկոպոսների մասնակցությամբ՝ նպատակ ունենալով հասնել դավանաբանական միասնության: Ցավոք, պատմիչները եկեղեցական ժողովի մասին տեղեկություններ չեն պահպանել:


Դատելով Գրիգոր Տաթեւացու մի հաղորդումից, որի համաձայն՝ Ուստիանես (իմա՛ Հուստինիանոս) կայսեր հրամանով Կարնում ժողով է գումարվել, որը գլխավորել է Հայոց Սահակ կաթողիկոսը, Մ. Օրմանյանն իրավացիորեն գալիս է այն եզրակացության, որ ժողովը նպատակ է հետապնդել հասնելու երկու Եկեղեցիների միջեւ դավանաբանական համաձայնության: Սակայն, եթե միակամյա վարդապետությամբ Հերակլ եւ Կոստանդին կայսրերը հասել էին որոշակի հաջողության, ապա Հուստինիանոսը, հետեւելով թունդ քաղկեդոնականության, հանդիպեց հայերի անզիջում դիմադրությանը, եւ Կարնո ժողովը ձախողվեց: Ավելի ճիշտ՝ այն ձախողվեց կայսեր համար, քանի որ ընդունվեց հակաքաղկեդոնական որոշում, որը պահպանվել է «Կանոնագիրք Հայոց»-ում: Չնայած ժողովը հրավիրվել էր կայսեր հրամանով՝ նրա որոշումներն ընդունելի չեղան Հուստինիանոս Բ-ի համար: Ավելին, Սահակ կաթողիկոսը, հինգ եպիսկոպոս եւ պատանդ վերցված հայ մի շարք իշխաններ ու նրանց երեխաներն աքսորվեցին Կոստանդնուպոլիս: Սակայն կայսրը հրաժարվեց հայ իշխաններին խիստ պատժելուց, քանի որ խստությունները, որպես կանոն, հայերին նետում էին արաբների գիրկը: Աշոտ Բագրատունու փոխարեն նա հայոց իշխանապետ նշանակեց Շիրակի տեր Ներսեհ Կամսարական իշխանին, իսկ մյուսներին առնելով՝ 693 թվականի սկզբներին վերադարձավ Կոստանդնուպոլիս: Կայսեր գործունեությունը սկսել էր զայրացնել նաեւ բյուզանդացիներին, եւ շատ չանցած՝ նրա դեմ դուրս եկավ Լեոնտիոս զորավարը եւ 695-ին զավթեց իշխանությունը: Հուստինիանոսի քիթը կտրեցին եւ աքսորեցին, սակայն որոշ ժամանակ անց նա ապաստանեց խազարների մոտ:


Սահակի ձերբակալությունն ու աքսորը տեւեցին մի քանի տարի, որոնց մասին գրեթե ոչինչ հայտնի չէ: Թերեւս կարելի է ենթադրել, որ այն տեւել է 3-ից 4 տարի: Տեղեկություններ չեն պահպանվել նաեւ այն մասին, թե կաթողիկոսի բացակայության ժամանակ հայրապետանոցն ինչպես է կառավարվել, եղե՞լ է տեղապահ կամ կաթողիկոսարանի վարիչ: Պարզ է մի բան, որ Սահակն ազատվեց Հուստինիանոս կայսեր գահընկեցությունից հետո, որովհետեւ Լեոնտիոս կայսրը հոգատարություն հանդես բերեց Հուստինիանոսի հալածանքներից տուժած հայ աշխարհիկ եւ հոգեւոր գործիչների նկատմամբ: Սահակ կաթողիկոսի անունով պահպանվել է մի գրվածք, որի 14 գլուխներում հերքվում են հայերին վերագրվող դավանաբանական մոլորությունները, քննադատվում հայերի մեջ տարածված 29 հերետիկոսությունները, եւ պարզաբանվում մի քանի խնդիրներ:


Մ. Օրմանյանի քննությամբ՝ իրականում գրվածքը Սահակ կաթողիկոսինը չէ, այլ մեկ ուրիշինը, որ գրելով այն 1145-ին՝ փորձել է իր աշխատանքը պատշաճեցնել Սահակ Ձորոփորեցուն: Ըստ կեղծ Սահակի՝ նա, այսինքն՝ Սահակ Ձորոփորեցին, ծնվել ու սնվել է հերետիկոսների ու ամբարիշտների մեջ եւ միայն Աստծո ողորմածությամբ ճշմարտությունը ճանաչել եւ սկսել է այն քարոզել հայերին: Եվ քանի որ հայերը որոշել են նրան սպանել, նա փախել է եւ ապաստանել սուրբ մայրաքաղաքում, այսինքն՝ Կոստանդնուպոլսում: Իսկ պատմական հատվածի մեջ ասվում է, որ Սահակը, գնալով Կոստանդնուպոլիս, ընդունել է քաղկեդոնականությունը, սակայն վերադառնալով Հայաստան եւ հայերի սպառնալիքներից սարսափած՝ ետ է կանգնել երկաբնակությունից եւ նզովել այն: Կղեմես Գալանոսն էլ, կեղծ գրվածքից ելնելով, գրել է, թե Սահակ Ձորոփորեցին մինչեւ կյանքի վերջը հաստատուն քաղկեդոնական է եղել: Դժվար չէ տեսնել, որ Սահակի Կոստանդնուպոլիս մեկնելը պատճառ է դարձել նրա մասին սուտ լուրեր տարածելու եւ նրա անունով կեղծ գրվածքներ հորինելու, երբ XII դարում հույները կամենում էին հայերի հետ դավանաբանորեն միանալ: Դրանց զոհ է գնացել անգամ Անավարզեցին, որը նրան քաղկեդոնական է հռչակում: Երիցս իրավացի է Մ. Օրմանյանը, երբ գրում է, թե ազատությունը վերագտած կաթողիկոսի կողմից քաղկեդոնականությունից հրաժարվելը պարզ հավաստում է, որ նա աշխատել է անխախտ պահել Հայ Եկեղեցու ավանդական միաբնակությունը եւ միակամյա բնույթը:


Սահակը Կոստանդնուպոլսից Հայաստան վերադարձավ 695 թվին, երբ երկիրը դեռ գտնվում էր բյուզանդական գերիշխանության ներքո: Այդ նույն թվականին կառավարչությունը թողեց Ներսեհ Կամսարականը, եւ նրա պաշտոնը տրվեց Սմբատ Բագրատունի Բյուրատյանին, որը հայտնի է որպես Սմբատի կամ էլ Վարազտիրոցի որդի: 695-698 թթ. համեմատական խաղաղությանը եկան փոխարինելու անհանգիստ ժամանակներ: 698 թվին Տիբերիոս Ափսիմերամեն դուրս եկավ Լեոնտիոս կայսեր դեմ, նրան սպանեց եւ իրեն կայսր հռչակեց: Արաբների մոտ էլ Աբդուլմելիքը Մոզապին հաղթելուց հետո ջախջախեց իր մյուս հակառակորդին էլ եւ միահեծան տիրեց ամբողջ խալիֆայությանը: Ուժերը վերականգնած արաբները որոշեցին ջախջախել կայսրությունը եւ դրանով իրենց դրոշի վրայից մաքրել բյուզանդացիներից կրած ծանր պարտության եւ երեսնամյա ամոթալի հաշտության բիծը: Այժմ նրանք անհամեմատ ավելի ուժեղ էին, եւ հայերի դաշնակցությունը նրանց համար կարեւորություն չէր ներկայացնում: Ավելին, Աբդուլմելիք խալիֆան չփորձեց անգամ հաշվի առնել այն իրողությունը, որ հայերը հայտնվել էին բյուզանդական գերիշխանության ներքո՝ արաբներից օգնություն չստանալու պատճառով:


Խալիֆը կարգադրեց իր եղբորը՝ Մուհամմեդ-իբն Մրվանին, արշավել Հայաստան: Նա, պատրվակելով բյուզանդացիների թշնամական վերաբերմունքը, հարձակվեց Հայաստանի վրա: 698-700 թթ. թշնամին երկիրն ահավոր ավերածության ենթարկեց՝ արշավանքն սկսելով Մոկաց աշխարհի Ջերմաձոր գավառից: Դիմադրողները ոչնչացվում էին, վանքերն ու եկեղեցիները կողոպտվում, նախարարական տները հարստահարվում, ամրոցներում ու բերդերում ապավինածները խաբեությամբ դուրս էին բերվում, այնուհետեւ տղամարդկանց սպանում էին, իսկ կանանց ու երեխաներին ուղարկում գերեվաճառության: Բանն այնտեղ հասավ, որ, Ղեւոնդ պատմիչի խոսքերով, մարդիկ երանի էին տալիս մահացածներին: Թշնամուն համառ դիմադրություն ցույց տվեց Սեւանա կղզին: Երկու տարի շարունակ կղզու պաշտպանները համառորեն ետ էին մղում արաբների հարձակումները, սակայն ի վերջո նրանց դիմադրությունը կոտրվեց, եւ կղզին գրավվեց: Պատմիչներից մեկի ասելով՝ թշնամին «զծովն Գեղամայ արձակեաց», սակայն այդպես էլ պարզ չէ, թե խոսքն ինչի մասին է:


Մ. Օրմանյանը ենթադրում է, թե արաբները, հավանաբար, լաստակամուրջ են անցկացրել մինչեւ կղզին՝ ցամաքային ուղու պես ճանապարհ հարթելով իրենց համար, սակայն այդ դեպքում անիմաստ է դառնում ծովն արձակելու հանգամանքը: Մեծ պատմավիպասան Մուրացանը հիշյալ փաստին տվել է այլ մեկնաբանություն. որպես թե արաբները բաց են թողել լճի ջրերը եւ այնուհետեւ կղզին վերածելով թերակղզու՝ գրավել են այն: Ինչեւէ, այս հարցը թողնելով ապագային՝ նշենք, որ թշնամին գերեվարեց կղզում ապաստանած ողջ բնակչությանը, տիրեց ամբարված գանձերին եւ ամրոցը ոչնչացրեց: Ղեւոնդ պատմիչի հավաստմամբ՝ Բագրեւանդ գավառի Սբ Գրիգոր ուխտը կամ Բագավանի Սբ Հովհաննեսի վանքը ենթարկվեց արաբների կողոպուտին: Սպանելով իրենց ծառաներից մեկին՝ արաբները մեղքը գցեցին վանականների վրա եւ Մուհամմեդի թույլտվությամբ վանականներին ստիպեցին իսլամանալ եւ մերժում ստանալուց հետո նրանց կոտորեցին՝ նախապես ծայրակոտոր անելով նրանց ձեռքերն ու ոտքերը, որից հետո կախաղան բարձրացրին: Սպանված վանականները թվով 40-ն էին, իսկ ըստ Հովհաննես Դրասխանակերտցու՝ 40-ից ավելի: Միաժամանակ կողոպտվեցին վանքում դարերով կուտակված հարստությունները: Այս եղեռնագործությունը եղավ Մուհամմեդ իբն-Մրվանի ոստիկանության երկրորդ տարում, այսինքն՝ 700 թվականին:


Արշավանքը հաղթանակով ավարտելուց հետո Մուհամմեդ իբն-Մրվանը փառքով վերադարձավ Դամասկոս, իսկ Հայաստանում ոստիկան թողեց Աբդուլլահ անունով զորավարին, որին օգնականներ թողեց Սմբատ Բագրատունի Բյուրատյանին՝ որպես հայկական զորքերի հրամանատար եւ սպարապետ, իսկ Սահակ Ձորոփորեցի կաթողիկոսին՝ կրոնական հարցերով վարիչ: Աբդուլլահը շարունակեց պատերազմել, եւ երկիրը լիովին հպատակեցրեց, որով էլ սկսվում է արաբների տիրապետության սկիզբը Հայաստանում: Եթե նախկինում արաբները ձգտում էին տարածել իրենց քաղաքական ազդեցությունը Հայաստանում եւ հասնել գերիշխանության, ապա այժմ՝ 700 թվականին, նրանք իրենց տիրապետությունը հաստատեցին Հայաստանում: Այսուհանդերձ այդ տիրապետությունն արտահայտվում էր հիմնականում հարկահավաքությամբ, զինվորական կայազորներ հաստատելով եւ երկրի պաշտպանությունն իրենց ձեռքը վերցնելով: Հայաստանը կրոնական հարցերում եւ ներքին կյանքում շարունակում էր ապրել ինքնավար ձեւով: Հայերի ինքնավարության կրողը Հայոց իշխանն էր կամ, ինչպես արաբներն էին կոչում բյուզանդական տերմինով, պատրիկը: Աբդուլլահ ոստիկանի օրոք այդ պաշտոնը զբաղեցնում էր Սմբատ Բյուրատյան Բագրատունին, որն առաջնորդում էր հայկական զորքերը եւ կառավարում երկիրը՝ սկսած 695 թվից: Հարգվեցին նաեւ կաթողիկոս Սահակ Ձորոփորեցու իրավունքները, որի իրավասությունը՝ որպես կաթողիկոսի, տարածվում էր դատավարության վրա՝ ներառելով եկեղեցական, ընտանեկան, ամուսնական, ժառանգական եւ բարոյական բնագավառները:


Աբդուլլահ ոստիկանը ժանտ, ժպիրհ եւ ապերասան անձնավորություն էր, ահավոր չարաբարո եւ կեղծավոր, որը նպատակ ուներ ոչնչացնել հայերի զինուժը: Նա կալանավորում էր երկրի իշխաններին ու ազատներին, կողոպտում նրանց ունեցվածքը: Իր հեռահար նպատակներին հասնելու համար նա հաճախ դիմում էր կրոնական հալածանքների: Դրանց զոհ գնաց Սուրհան-Դավիթը, որը քրիստոնեությունն ընդունելուց եւ Ձագ գյուղում հաստատվելուց շատ չանցած՝ իր ընտանիքով տեղափոխվել էր Դվին քաղաք: Իմանալով, որ նա հավատափոխված նախկին մահմեդական է, հանգամանք, որ մահմեդականների մոտ պատժվում էր մահվամբ, Աբդուլլահը կարգադրեց նրան փնտրել եւ գտնել: Դատարան բերելով՝ նրանից պահանջեցին վերադառնալ նախկին հավատին եւ մերժում ստանալով՝ նրան բանտային դաժան խոշտանգումների ենթարկեցին: Չհասնելով իրենց նպատակին՝ արաբները նրան բեւեռակապ խաչեցին եւ նետահարելով սպանեցին: Նահատակության պահին Սուրհան-Դավիթն ամենաքիչը 60-ամյա ծերունի էր, որից ավելի քան 30 տարին նա ապրել էր որպես քրիստոնյա: Ըստ Մ. Օրմանյանի հաշվարկների՝ նրա մարտիրոսությունը եղել է 701 թվի ապրիլի 4-ին: Ամատունյաց Սարգիս եպիսկոպոսը, Մուշեղ եւ Արտավազդ Մամիկոնյան իշխանները, արտոնվելով ոստիկանից, փառավոր հուղարկավորություն կատարեցին եւ նրա մարմինը հողին հանձնեցին Մախոժ-Յիզտիբուզդի գերեզմանի հարեւանությամբ՝ Դվնի Սբ Գրիգոր կաթողիկեի մոտ: Նահատակին խոցած գեղարդը եւ խաչը գնվեցին, որոնցից առաջինը նվիրվեց Ձագ գյուղին, իսկ երկրորդը՝ Դվինի բարեպաշտ հավատացյալներին:
Աբդուլլահի կամայականությունները հասան այն աստիճանի, որ ձերբակալվեցին Սահակ կաթողիկոսն ու Սմբատ պատրիկը, որոնք շղթայակապ տարվեցին:


Ձերբակալվեցին նաեւ այլ նախարարներ, որոնք նույնպես քշվեցին Դամասկոս, իսկ եկեղեցիներն ու վանքերը ենթարկվեցին չլսված կողոպուտի: Սահակ կաթողիկոսի եւ Սմբատ պատրիկի «հանցանքների» մասին չի ասվում պատմական աղբյուրներում, ուստի տեղին է մտածել, որ նրանց ձերբակալությունը կապված էր ոստիկանի կամայականությունների դեմ բողոքելու հետ: Թերեւս իրավացի է Մ. Օրմանյանը՝ գրելով, թե կաթողիկոսն ու Հայոց իշխանն արաբական արքունիքին ներկայացվել էին, հավանաբար, որպես բյուզանդական կողմնորոշում ունեցող անձինք, ապստամբներ կամ ապստամբության հրահրիչներ: Նրանց ձերբակալությունը եղավ 702 թվին: Սմբատ պատրիկին հաջողվեց փախչել եւ գնալ Ռշտունիք, իսկ Սահակը տարվեց Դամասկոս եւ պահվեց բանտում:


Սմբատ պատրիկ Բյուրատյանը, փախչելով Մոկաց եւ Ռշտունյաց լեռները, սկսեց դիմադրական շարժում կազմակերպել՝ համակրանք գտնելով բնակչության լայն խավերի մեջ: Աբդուլլահը կամենում էր ոչնչացնել հայոց ազատանուն՝ իր ռազմական ուժով հանդերձ, ուստի հրավերներ ուղարկվեցին հայ նախարարներին: Զգալով արաբ ոստիկանի դավաճանությունը՝ Սմբատ պատրիկն ավելի ուժեղացրեց իր շարժումը: Աբդուլլահի ուղարկած պատժիչ զորամասը Ռշտունյաց գավառի Գուկանք գյուղի մոտ ջախջախվեց հայերի կողմից, եւ նրա միայն 280 զինվորներ ապաստանեցին Գուկանքի եկեղեցում: Հայերի մեջ եղան շատերը, որ փորձեցին եկեղեցին այրել թշնամու հետ միասին, սակայն Սմբատ պատրիկը թույլ չտվեց: Արաբները, հույսը դրած հայերի ողորմածության վրա, բանագնաց ուղարկեցին Սմբատի մոտ՝ շեշտելով, որ քրիստոնյաների ազգը ողորմած է, սակայն Սմբատը նրանց առաջարկը մերժեց: Այդ ժամանակ բանագնացը խնդրեց իր կյանքը խնայել, եթե ինքը համոզի մյուսներին հանձնվել: Ստանալով Սմբատի համաձայնությունը՝ եկեղեցում պաշարվածները դուրս եկան եւ անմիջապես սրախողխող արվեցին, իսկ բանագնացին կենդանի խեղդեցին լճի մեջ:


Գուկանքի հաղթական կռիվները ոգեւորեցին հայ նախարարությանը, որի մի խումբ ներկայացուցիչներ որոշեցին անցնել Բյուզանդիա՝ գերադասելով բյուզանդացիների բռնադատությունները արաբական հարստահարություններից:


Սմբատ Բագրատունին, Թեոդորոս Ռշտունու որդին՝ Վարդը, Աշոտ Բագրատունին՝ 2000-ի չափ հեծյալներով, Վասպուրականից շարժվեցին դեպի Այրարատյան դաշտը եւ անցնելով Երասխը՝ մոտեցան Վարդանակերտ ավանին: Արաբները, իմանալով այդ մասին, Աբդուլլահի գլխավորությամբ 6000-անոց հեծելազոր ուղարկեցին՝ հայերին ետ վերադարձնելու նպատակով: Վերջիններս պատգամավոր ուղարկեցին Աբդուլլահի մոտ՝ ասելով, որ արաբները տիրացել են իրենց երկրին, բնակավայրերին, այգիներին, անտառներին ու անդաստաններին, ուստի խնդրում են նրանց թույլ տալ իրենց հեռանալու: Վստահ իրենց գերակշռության վրա՝ արաբները հայերի խնդրանքը մերժեցին, իսկ հայերն էլ հարկադրված եղան մարտի բռնվելու: Նրանք ամրագրեցին Վարդանակերտի փողոցները, սահմանեցին գիշերային պարեկություն եւ առավոտյան հաղորդվելով՝ պատրաստվեցին կռվի: Անելանելի դրության մեջ հայտնված՝ նրանք խիզախության հրաշքներ ցույց տվեցին եւ ջախջախեցին թշնամուն: Բնությունն անգամ եկավ հայերին օգնելու: Հայաստանում սկսվել էին սառնամանիքները, եւ արաբները, որոնք գիշերն անցկացրել էին ձյան վրա, զենք շարժելու ուժ չունեին, իսկ ովքեր էլ փորձեցին անցնել Երասխի սառույցների վրայով ու փրկվել, գետասառույցի ջարդվելու հետեւանքով հայտնվեցին գետի պաղ ջրերի մեջ եւ խեղդվեցին: 300 հոգի մազապուրծներ փախան եւ ապաստանեցին իշխանուհի Շուշանի պալատում, որը Վահան Կամսարականի դուստրն էր եւ այդ վայրերի տիրուհին: Վերջինս բարեխոսեց նրանց համար, եւ հայերը խնայեցին նրանց կյանքը: Ավելին, նրանցից մերկ ու բոկոտն մնացածներին զգեստավորեցին, իսկ վիրավորների վերքերը բուժեցին:


Վարդանակերտի կռիվը եղավ 703 թվականի, հավանաբար, հունվար ամսին, որն Այրարատյան դաշտի ամենացուրտ ժամանակահատվածն է: Այդ նույն ժամանակ Ներսեհ Կամսարականը եւ մի խումբ հայ ազատներ Վանանդում սպառսպուռ ոչնչացրեցին արաբական մեկ այլ զորագունդ, որով Հայաստանում գտնվող արաբական կայազորները՝ գրեթե ամբողջությամբ, կոտորվեցին: Աբդուլլահն ինքն էլ փախուստ տվեց Արաբիա: Հատկապես Վարդանակերտի կռիվը ցնցող տպավորություն էր թողել արաբների վրա, որոնք դրա մասին լսել անգամ չէին կամենում:


Գիտակցելով դաշնակցի անհրաժեշտությունը՝ հայերն ավարից բաժին հանեցին բյուզանդական Տիբերիոս Ապսիմար կայսրին եւ որպես նվեր ուղարկեցին արաբական նժույգներ ու սպանված արաբների քթերը: Կայսրը, համարելով այդ ամենը որպես հայերի հպատակության նշան, Սմբատին շնորհեց կուրապաղատի աստիճան ու պաշտոն, որը հայկական զորամասերով գնաց ամրացավ Տայքում՝ իր համար կենտրոնատեղի դարձնելով Մամիկոնյանների տոհմական տիրույթ Թուխարք ամրոցը: Հայերը պատրաստվում էին պաշտպանել երկիրը, իսկ Աբդուլմելիք խալիֆը Հայաստան ուղարկեց մի մեծ բանակ՝ Մուհամմեդ իբն-Օկբայի գլխավորությամբ: Հայերը հույս ունեին ստանալ բյուզանդական կայսեր օգնությունը, սակայն կայսրն ի վիճակի չէր այդ անել եւ անգամ հույսեր էր կապում հայերի օգնության հետ՝ իր երերացող դիրքերը կայունացնելու համար: Ստեղծվեց անելանելի կացություն: Չկարողանալով սեփական ուժերով դիմադրել թշնամուն՝ հայերն աքսորում գտնվող Սահակ կաթողիկոսի միջնորդությամբ փորձեցին լեզու գտնել արաբների հետ: Դատելով ամեն ինչից, չնայած աքսորական վիճակին, Սահակ կաթողիկոսը մեծ համարում ուներ խալիֆի աչքում՝ հատկապես կապված հակաբյուզանդական հայացքների եւ Կոստանդնուպոլսում ձերբակալված լինելու հետ:


Հայոց կաթողիկոսը միջնորդեց Աբդուլմելիքի առջեւ եւ արտոնություն ստացավ վերադառնալու Հայաստան եւ տեսակցելու Օկբայի հետ: Անշուշտ, Օկբան էլ իր հերթին զգուշացված էր խալիֆից, ուստի արաբները պատրաստ էին գնալու որոշակի զիջումների՝ խուսափելով անորոշություն խոստացող ռազմական միջոցներ կիրառելուց: Ցավոք, կաթողիկոսի եւ Օկբայի հանդիպումը չկայացավ: Կաթողիկոսը, որի առողջությունը մեծապես խաթարվել էր արաբական գերության մեջ, մի կերպ հասավ Միջագետքի Խառան քաղաքը եւ հույս չունենալով ապրել՝ նամակ գրեց Օկբային՝ խնդրելով խաղաղություն հաստատել հայերի հետ եւ զերծ մնալ արյունահեղությունից, հավատի համար հետապնդումներից ու ավարառությունից: Կաթողիկոսը խոստանում էր նրան իր օգնությունը, եթե իր խնդրանքները կատարվեն: Կաթողիկոսը կարգադրում է իր ուղեկիցներին, որ նամակն իր ձեռքում թողնեն, որպեսզի իր մահվանից հետո էլ Օկբան իր ձեռքից ստանա նամակը:
Սահակ Ձորոփորեցին մահացավ Օկբայի Խառան հասնելուց մեկ օր առաջ, իսկ վերջինիս խնդրանքով կաթողիկոսի մարմինը հողին չհանձնվեց մինչեւ իր տեղ հասնելը: Հանդիպելով կաթողիկոսի դիակին եւ նրա ձեռքից, փաստորեն, ստանալով նամակը՝ Օկբան հարգեց Սահակ Ձորոփորեցու հետմահու խնդրանքը: Արշավանքը դադարեցվեց, հայ նախարարներին տեղյակ պահվեց, որ անցած-դարձածները մոռացված են, եւ նրանք կարող են իրենց տիրույթները վերադառնալ: Մինչեւ իսկ, Ղեւոնդի խոսքերով, Օկբան մոռացության տվեց Վարդանակերտի ծանր պարտությունը: Սահակ Գ Ձորոփորեցին մահացավ 703 թ. ամռանը: Խառանից նրա մարմինը բերվեց Դվին եւ հողին հանձնվեց:


Սահակ Գ Ձորոփորեցին թողել է որոշ աշխատություններ: Նրա Արմավենյաց օրվա ճառը բարձրարվեստ գործ է՝ հայկաբանությամբ աչքի ընկնող: Տաթեւացին նրան է վերագրում Խաչի եւ Եկեղեցու շարականները, որոնք հայոց եկեղեցական երգերից ընտրելագույններն են: Անտարակույս, Սահակ կաթողիկոսը տիրապետել է արաբերենին, որովհետեւ Օկբային ուղղված նամակը, պատմիչի խոսքերով, նա գրել է անձամբ, իսկ Օկբան էլ այն անձամբ ընթերցել է (Հովհաննես Դրասխանակերտցի եւ Ղեւոնդ):


«Կանոնագիրք Հայոց»-ը պահպանել է 15 կանոններ, որոնք վերագրված են Սահակ վերջին կաթողիկոսին: Անտարակույս, Սահակ վերջինի անունով հիշատակված է Սահակ Գ Ձորոփորեցին: Կանոնների առկայությունը լռելյայն հավաստում է ինչ-որ եկեղեցական ժողովի մի գումարման մասին, չնայած պատմությունը նմանատիպ բարեկարգիչ ժողովի գումարման մասին հիշատակություններ չի պահպանել: Պարզ է մի բան, որ եկեղեցական պաշտոնական ժողովածուի մեջ տեղ գտած կանոններն անուղղակիորեն վկայում են Սահակ կաթողիկոսի կողմից ժողով գումարելու փաստը: Այս կարծիքն ամրապնդվում է կանոնների սկզբնամասում բերված այն տեղեկությամբ, թե արծարծված խնդիրներն առաջադրվել են Հովհաննես Սյունականի, իսկ պատասխանվել՝ Սահակ կաթողիկոսի եւ նրան աթոռակից եպիսկոպոսների կողմից: Ժողովի գոյության փաստն ընդունել է Միքայել Չամչյանը, սակայն անցկացման տեղն ու ժամանակը մնում են անորոշ: Մ. Օրմանյանը հավանական է գտնում, որ ժողովը գումարվել է, հավանաբար, 688-692 թթ. միջոցին Դվին քաղաքում, որը կաթողիկոսության աթոռանիստն էր հիշյալ ժամանակներում: Սահակ կաթողիկոսի 15 կանոններ վերաբերում են եկեղեցական ծեսերին ու սրբություններին: Սրանցից զատ, կան եւս 9 կանոններ, որոնք ընդունվել են Սահակ կաթողիկոսի նախագահությամբ գումարված Կարնո ժողովի կողմից եւ նույնպես վերաբերում են ծիսական խնդիրներին: Սակայն այս կանոնների վավերականությունը կարող է եւ կասկածի տակ առնվել, քանի որ կանոնական որոշումներն ավելի շատ ցույց են տալիս դրանց Հուստինիանոս Բ կայսեր կողմից հաստատված լինելը, որոնք մինչ այդ ընդունելի չէին նաեւ բյուզանդական եկեղեցու համար: Համենայն դեպս, այս եզրակացության օգտին է խոսում այն փաստը, որ կանոններն ահնազանդներին սպառնում են կայսերական պատիժներով:
 

***
Այժմ մի քանի խոսք յոթերորդ դարի՝ Հայոց պատմության մեջ ունեցած դերի մասին:


Յոթերորդ դարն արգասաբեր եղավ հայ ժողովրդի համար: Նշանավոր էր Կոմիտաս Աղցեցի կաթողիկոսը, որը մեծ հոգածություն հանդես բերեց դեպի մտավորական շարժումը, որն էլ ծնեց նշանավոր քերթողների մի աստղաբույլ: Նա հիմնեց կամ բարեկարգեց Արշարունյաց վանքը, Շիրակի դպրեվանքը եւ մի քանի այլ դպրոցներ, որոնց մեջ փայլեց Սյունյաց վարդապետանոցը: Կոմիտաս կաթողիկոսի ժամանակներում հիշատակվում է Սյունյաց վարդապետանոցից նշանավոր Մաթուսաղան: Հայոց Եկեղեցու նշանավոր դեմքերից էր Հովհաննես Մայրավանեցին, որը Դվնի կաթողիկեի փակակալն էր եւ Եզր կաթողիկոսի՝ բյուզանդական եկեղեցու հետ միաբանվելուն դեմ դուրս գալով՝ ենթարկվել էր հալածանքների եւ անարգվել Մայրագոմեցի անունով: Աղբյուրներում նա անվանված է կատարյալ փիլիսոփա, աստվածային գրքերի գիտության քաջատեղյակ անձ: Նրան են վերագրվում «Խրատ վարուց», «Հաւատարմատ» եւ «Նոյեմակ» վերտառությամբ աշխատությունները, որոնք մեզ չեն հասել: Հովհաննես Մայրագոմեցու աշակերտ Սարգիս վարդապետն էլ հայտնի է Մայրագոմեցի մականունով: Անտարակույս, նրա մահից հետո նա շարունակել է նրա գործը եւ յուրացրել համբավը: Մեր բոլոր պատմագիրները Հովհան(նես) Մայրագոմեցուն արդարացնում եւ Սարգիս Մայրագոմեցուն մեղադրում են երեւութականաց մոլորությունը, որ սկսել էր տարածվել Հայաստանում, պաշտպանելու համար: Պատմիչներից հայտնի է, որ Հովհաննես Մայրագոմեցին իրենից հեռացրել է Սարգիս վարդապետին:


Սարգիս Մայրագոմեցու աղանդի կամ հայ երեւութականների դեմ առաջինը հանդես է եկել Թեոդորոս վարդապետ Քռթենավորը, որն այդպես է կոչվել խարազնազգյաց ճգնավորության համար: Թեոդորոսը Կոմիտաս կաթողիկոսի եղբորորդին էր եւ Եզրի քեռորդին, ինչպես նաեւ Մաթուսաղայի աշակերտը: Թեոդորոսը մերժել է երեւութականությունը, սակայն չի պաշտպանել քաղկեդոնականությունը: Ավելին, Թեոդորոսի ճառից կարելի է եզրակացնել, որ անգամ Եզր կաթողիկոսը երկաբնակ չէր՝ քաղկեդոնականների հասկացությամբ: Նա հաստատվել էր Արագածի ստորոտում գտնվող Սբ Աստվածածին վանքում, որը թերեւս կարելի է նույնացնել Հառիճի վանքին: Նրա աշակերտներից աչքի ընկան Սահակ Ձորոփորեցի եւ Հովհան Օձնեցի կաթողիկոսները: Դարի նշանավոր դեմքերից էր Մովսես Սյունեցին, որ պատվված էր քերթող եւ քերթողահայր անուններով: Յոթերորդ դարը ծնեց երկու նշանավոր պատմիչի՝ Հովհան Մամիկոնյանին եւ Սեբեոսին: Առաջինը հայտնի է «Պատմութիւն Տարոնոյ», իսկ երկրորդը՝ «Պատմութիւն ի Հերակլն» աշխատությամբ: Սրանց թվին պետք է ավելացնել Մովսես Կաղանկատվացուն, որի աշխատությունը հետագայում մտել է Մովսես Դասխուրանցու «Պատմութիւն աշխարհին Աղուանից» երկասիրության մեջ, Բարսեղ Ճոն վարդապետին, որ Շիրակի դպրեվանքի առաջնորդն էր, Անանիա Շիրակացուն՝ հայ մեծ բնագետին եւ մաթեմատիկոսին, Դավիթ Բագավանցուն, որ հայտնի է Իմաստասեր անունով, Փիլոն Տիրակացի վարդապետին, որը թարգմանել է Սոկրատ Սքոլաստիկոսի եկեղեցական պատմությունը՝ Ներսեհ Կամսարականի մեկենասությամբ, ինչպես նաեւ Սահակ Գ Ձորոփորեցի կաթողիկոսին, որը նույնպես հիշյալ դարի գրական նշանավոր դեմքերից էր: