ՍՏԵՓԱՆՈՍ Ա ԴՎՆԵՑԻ

ՍՏԵՓԱՆՈՍ Ա ԴՎՆԵՑԻ

(788-790)
 

788 թվին կաթողիկոսական աթոռ բարձրացավ Ստեփանոս Ա Դվնեցին: Կարծիք է եղել, որ նորընծա կաթողիկոսը հայրապետանոցի դռան (ելումուտն ապահովող) երեց ոմն Ստեփանոսն է եղել, որը գահին տիրացել է ոստիկանին կաշառելու միջոցով: Սակայն Մ. Օրմանյանը բավական հիմնավոր ցույց է տալիս, որ նման տեղեկություններ չկան, որ վկայեն, թե Ստեփանոս կաթողիկոսն ու դռան երեց Ստեփանոսը նույն անձն են: Խնդիրն այն է, որ հայրապետներ ընտրվում էին վիճակ ունեցող եպիսկոպոսներից, բայց ո՛չ երեցներից: Իսկ ինչ վերաբերում է կաշառք տալուն, ապա հազիվ թե նման պարագայում աղբյուրներում նա բնութագրվեր որպես բանիբուն, իմաստասեր, գրամատիկոս, առաքինի այր: Կաշառքի մասին հիշատակում է Ղեւոնդ պատմիչը, որին էլ կրկնել են Սամվել Անեցին եւ Կիրակոս Գանձակեցին, սակայն մյուս հեղինակները նման հիշատակություն չունեն: Միաժամանակ կաշառք ասելով չպետք է հասկանալ անօրինական ճանապարհով ինչինչ խնդիրներ լուծելու գին, այլ, այս դեպքում, բռնություից խուսափելու ստիպողական միջոց: Իրավացի է Օրմանյանը՝ կարծելով, որ թերեւս Սուլեյման ոստիկանը եւ Իբնդոկե հարկահանը, որոնք Եսայի Ա Եղիպատրուշեցու մահվանից հետո փաստորեն կողոպտել էին հայրապետանոցը, չեն ցանկացել ճանաչել Ստեփանոսի կաթողիկոսությունը եւ հարկադրել են մեծ գումար վճարել իրենց:


Ստեփանոսը հովվապետեց ընդամենը երկու տարի կամ մի փոքր պակաս, որովհետեւ որոշ աղբյուրներում նրան հատկացնում են մեկ տարի: Հասկանալի է, որ այդ կարճ ժամանակում նա մեծ գործունեություն չէր կարող ծավալել: Հովհաննես Դրասխանակերտցու տեղեկությամբ՝ նա դվնեցի էր, սակայն ծնվել էր Դվնում, թե պարզապես երկար էր ապրել այդ քաղաքում, հայտնի չէ: Հավանաբար մահացել է, ինչպես նրան հաջորդած երեք կաթողիկոսները, առաջացած տարիքի պատճառով: Յոթ տարվա ընթացքում իրար հաջորդեցին չորս հայրապետ, որը մտածել է տալիս, թե ոստիկանն ու հարկահանը փորձել են տարիքավորներին բարձրացնել կաթողիկոսական աթոռ, որպեսզի բռնի վճարումներ ունենալու առիթ եւ պատեհություն ունենան: Չնայած չի բացառվում, որ ծանր պայմանները ստիպում էին գործունյա անձանց հեռու մնալ կաթողիկոս ընտրվելու գայթակղությունից: Այսպես, թե այնպես, Ստեփանոս Դվնեցին հովվապետեց 788790 թթ.:


Ստեփանոս կաթողիկոսի օրոք Հայաստանի տարածքում մեծ իրադարձություններ տեղի չունեցան: Հարունալ Ռաշիդը փորձեց խալիֆայության սահմաններն ընդարձակել Կիլիկիայում եւ ռազմական տորմիղ (գունդ) ուղարկեց Կիպրոս, իսկ Իրենե կայսրուհին ստիպված եղավ կազմակերպել հիշյալ շրջանների պաշտպանությունը: Հայաստանում իսլամացած Մեհրուժան Արծրունին, տիրանալով իր նախարարության տանուտերությանը, սպանեց Շապուհ եւ Վարդ Մամիկոնյաններին՝ պատճառաբանելով, թե երկրին հասած աղետները եղել են նրանց հոր՝ Մուշեղի պատճառով: Շուտով սպանվեց նաեւ Մեհրուժան Արծրունին, որից վրեժ լուծեց Դավիթ Մամիկոնյանը: Միջավատատիրական պայքարի մեջ ներառվեց Ջահաբ անունով մի մահմեդական իշխան, որն ամուսնացել էր Շապուհ եւ Վարդ Մամիկոնյանների չորս քույրերից մեկի հետ:


Իրեն համարելով Մամիկոնյանների ժառանգորդ՝ Ջահաբը հափշտակեց Արշարունիքի մի մասը եւ այդ հողի վրա բախվեց Բագրատունիների հետ: Աշոտ Մսակեր Բագրատունին, որ գնել էր Արշարունիքը Կամսարականներից, բնականաբար, դա թույլ չտվեց: Նա եւ Շապուհ Բագրատունին Ջահաբին դուրս քշեցին գավառից՝ միաժամանակ գրավելով Շիրակն ու Աշոցքը եւ բաժանեցին միմյանց միջեւ: Դրանից հետո Բագրատունիները՝ ի դեմս Սմբատի, իրենց կենտրոնը Կոգովիտից տեղափոխեցին Արշարունիք եւ շինարարություն սկսեցին Անի ամրոցում (Վարդանի մոտ գրված է Կամախ, սակայն դա շփոթ է, եւ Կամախի Անին սխալմամբ զբաղեցրել է Շիրակի Անիի տեղը: Այլ բացատրություն հնարավոր չէ, քանի որ Բագրատունիները երբեք Դարանաղյաց գավառին չեն տիրել):