ԶԱՔԱՐԻԱ Ա ՁԱԳԵՑԻ

ԶԱՔԱՐԻԱ Ա ՁԱԳԵՑԻ

(855-876)
 

Զաքարիա Ա Ձագեցի կաթողիկոսի ընտրությունը տեղի ունեցավ երկրի համար բարդ պայմաններում: Բուղան, որ ուղղամտությամբ բոլորովին աչքի չէր ընկնում, երկրի մեծամեծներին կալանելով ու Սամառա ուղարկելով չբավարարվեց եւ հատուկ հրավերներով իր մոտ կանչեց մնացյալ իշխաններին, որոնք ինչ-ինչ զիջողությունների գնալով՝ արաբ զորավարին կտրուկ գործելու առիթ չէին տվել եւ հույս ունեին ստանալ Բուղայի խոստացած արքունի պարգեւները: Շատերը միամտաբար եկան Բուղայի մոտ եւ անգամ պատիվների արժանացան, որը քաջալերեց մյուսներին եւս ներկայանալու արաբ զորավարին: Համոզվելով, որ գործնականում հայոց բոլոր իշխանները հավաքված են իր ճամբարում, Բուղան նենգորեն կարգադրեց իրենց վրաններում ննջող հայ իշխաններին շղթայել եւ միացնել արդեն բանտարկվածներին: Դրանց մեջ էին Քուրդիկի որդի Գրիգոր Մամիկոնյանը, Գրիգոր Սյունին, Բաբեկին ձերբակալող Սմբատի որդի Սահլ Բագրատունին, Վայոցձորի իշխան Վասակը, Փիլիպե Սյունին, Ներսեհ Գարիթայանից իշխանը, Ատրներսեհ Խաչենցին, Եսայի Ապումուսեն եւ ուրիշներ: Սմբատ Աբլաբաս սպարապետը բռնությունների չենթարկվեց, սակայն որպես գործակից եւ խալիֆի շնորհներին արժանացած մարդ՝ հրավիրվեց իր հետ մեկնելու Սամառա՝ իբրեւ թե արքունի պարգեւներ եւ պատիվներ ստանալու: Սպարապետությունը հանձնվեց նրա որդի Աշոտ Բագրատունուն, իսկ որպես հարկահավաք՝ թողնվեց Իբրահիմ անունով մի զորապետ, որը ենթարկվելու էր Ատրպատականի մեծ ոստիկան Մահդիին: Հենց այս ժամանակ էլ տեղի ունեցավ Հովհաննես Օվայեցու մահը, ուստի Սմբատ Բագրատունին մինչեւ Արաբիա մեկնելը որոշեց կազմակերպել կաթողիկոսի ընտրությունը, որի համար եպիսկոպոսական ժողով հրավիրեց, որը գումարվելով Երազգավորս կամ Շիրակավան քաղաքում՝ հայոց հայրապետ ընտրեց եւ ձեռնադրեց Զաքարիային, որը Կոտայք գավառի Ձագ գյուղից էր: Դրանից հետո ստանալով նորընծա կաթողիկոսի օրհնանքը՝ ճանապարհ ընկավ Արաբիա՝ հուսալով արժանանալ արքունի խոստացված պարգեւներին:


Զաքարիա Ա Ձագեցու կաթողիկոսության հետ կապված հարկ է նշել, որ նույն օրն արժանացավ սարկավագության, քահանայության եւ կաթողիկոսության: Հայտնի է, որ կաթողիկոսները սովորաբար ընտրվում էին եպիսկոպոսներից, եւ բացառիկ դեպքերում էր, որ վերջինները կարող էին հանդուրժել հայոց հայրապետի ընտրությունը իրենց դասից դուրս գտնվող անձանցից: Թե ինչ առանձնահատուկ արժանիքների համար նա դարձավ կաթողիկոսության թեկնածու, մնում է հանելուկ, քանի որ աղբյուրները նրա նախորդող գործունեության մասին ոչինչ չեն հայտնում: Ենթադրել, թե եպիսկոպոսները հրաժարվեցին՝ պատասխանատվությունից խուսափելու համար, հազիվ թե համապատասխանում է ճշմարտությանը, ինչպես ճիշտ գրում է Մաղաքիա Օրմանյանը, քանի որ նրանք ոչ շատ երկչոտ էին եւ ոչ էլ այդչափ խոնարհամիտ: Ինքը՝ Զաքարիան, նախարարական ծագում չուներ եւ սովորական գյուղացի էր Ձագ գյուղից: Ուստի պետք է ենթադրել, որ մինչեւ ընտրությունը նա կաթողիկոսարանում պաշտոնավարել է, քաջահմուտ է եղել հայրապետանոցի խնդիրներին, որը եւ հիմք է դարձել ընտրության ու ձեռնադրության համար: Իհարկե, հաշվարկից դուրս չպետք է թողնել ամենակարեւոր իրողությունը, որ նրա ընտրությունը կատարվել էր Սմբատ սպարապետի ցանկությամբ եւ հզոր ազդեցությամբ: Կյանքը ցույց տվեց, որ ընտրությունը ճիշտ էր կատարված, եւ Զաքարիա կաթողիկոսն արդարացրեց ժողովրդի, հոգեւորականության եւ նախարարության սպասելիքներն ու հույսերը:


Մինչ Զաքարիան հովվապետում էր, Սամառայի բանտերը լեցուն էին հայ իշխաններով, որոնց մեջ հայտնվեց նաեւ Սմբատ Աբլաբաս սպարապետը: Նրանց մեջ առաջինը եղել էր Բագարատ Բագրատունին, որը կալանավորվել ու Արաբիա էր քշվել Յուսուփի կողմից եւ ուրացությամբ կարողացել էր իր կյանքը փրկել: Իսլամացել էր նաեւ Վասակ Արծրունին, որը կամովին փութացել էր Սամառա եւ ընդունել մահմեդականություն՝ հույս ունենալով արժանանալ պատիվների: Բուղայի ետ կանչվելուց հետո Մութավաքիլ խալիֆը դատ կազմակերպեց, որի ժամանակ, երբ հարցեր հնչեցին բանտարկյալների ինքնության մասին, հայ իշխանները պատասխանեցին, թե իրենք խալիֆին անծանոթ մարդիկ չեն եւ ոչ էլ ապստամբել են նրա դեմ: Խալիֆը հիշեցնում է, որ նրանք մեծ վնասներ են տվել, ուստի ինքը նրանց կխնայի, եթե իսլամանան: Բանտարկյալներից Արծրունյաց Հովհաննես եպիսկոպոսը եւ նշանավոր Գրիգոր քահանան բոլորի անունից հայտարարում են, որ իրենք հաստատ են քրիստոնեության հարցում՝ միաժամանակ նշելով, որ հարյուր տասնմեկ մարգարեները, բացառությամբ մեկի, վկայել են քրիստոնեության համար: Դրան ի պատասխան՝ Մութավաքիլը սպառնալիքներ է տալիս, եւ նախարարները հոգեպես տկարանում են եւ Բագարատ Բագրատունու ու Վասակ իշխանի հորդորներով՝ կեղծ ուրանում: Սակայն իսլամացվելուց հետո էլ նրանք չեն կարողանում հայրենիք վերադառնալ եւ մնում են աքսորականի վիճակում:


Սակայն բոլորը չէ, որ ընդունեցին մահմեդականությունը, չնայած դրանց թիվը մեծ էր: Ուտիացվոց իշխան Ստեփանոս Սեւորդին, որին ժողովուրդը Կոն մականունն էր տվել, չկամեցավ անգամ առերես իսլամանալ եւ երկարատեւ խոշտանգումներից հետո գլխատվեց 855 թվին: Չիսլամացան նաեւ Հովհաննես Արծրունյաց եպիսկոպոսը, Գրիգոր քահանան եւ Գրիգոր իշխանը՝ Արծրունյաց տնից: Նրանցից վերջինը մեծ չարչարանքներից հետո մահացավ բանտում եւ թաղվեց Բաղդադի քրիստոնյաների կողմից: Ուրացության չգնաց նաեւ Սմբատ Աբլաբաս սպարապետը, որը ինչ-որ չափով համագործակցել էր Բուղայի հետ եւ մասնակցել նրա մղած պատերազմներին: Խալիֆը, խիստ դառնացած, կամենում էր նրան տանջամահ անել, սակայն մահը եկավ՝ ազատելու դահիճների ձեռքից: Սպարապետը խոստովանողի անուն ժառանգեց: Նա նույնպես հողին հանձնվեց տեղի քրիստոնյաների կողմից՝ Դանիել մարգարեի գուբի վրա շինված եկեղեցում, ուր թաղվել էր, հավանաբար, նաեւ Գրիգոր Արծրունին: Ըստ երեւույթին, նա մահացավ 858 թվին, չնայած չի բացառվում, որ նա մահացել էր մինչեւ այդ ժամանակները: Նահատակվեցին նաեւ Բագարատ Բագրատունու քույր Հռիփսիմե իշխանուհին, որին պատիվներով հողին հանձնեցին հակոբիկները եւ Գրիգոր Մամիկոնյան իշխանը: Վերջինս կարողացավ հնար գտնել եւ բանտից փախչել ու վերադառնալ իր հայրենի Բագրեւանդ գավառը: Աշոտ սպարապետին խալիֆի կողմից հրաման եկավ նրան ձերբակալել, ուր էլ որ գտնվի: Գրիգոր Մամիկոնյանն ամրացավ Գաբեղյան գավառի Գազանածակք ամրոցում, սակայն տանջանքներից հյուծված լինելով՝ մահացավ վերադարձի յոթերորդ օրը: Աշոտ Բագրատունի սպարապետը, որ գիտեր ամեն ինչից օգուտ քաղել, առիթից օգտվելով՝ նրա գլուխը ուղարկեց Ատրպատականի Մահմեդ ոստիկանին՝ իբրեւ թե նրան գլխատել են Բյուզանդիա անցնելու փորձի ժամանակ: Լուրը նույնությամբ հասավ խալիֆին, որի կարգադրությամբ Բագրեւանդ գավառը եւ հինգ բյուր արծաթ՝ որպես պարգեւ, հանձնվեցին Աշոտ Բագրատունուն: Սա արդեն շատ ծանր հարված էր Մամիկոնյաններին, որոնք աստիճանաբար դուրս մղվեցին Հայաստանի մեծամեծ իշխանների շարքից:


Հալածանքների ենթարկվեց նաեւ Նանա անունով մի ասորի սարկավագ: Նա Հայաստան էր եկել ասորի Բուրետ վարդապետի հանձնարարությամբ՝ որպես հմուտ աստվածաբան ու գիտնական, եւ կարողացավ Աշոտ Բագրատունուն ետ պահել քաղկեդոնիկ եպիսկոպոս Էպիկուրոսի ազդեցությունից: Էպիկուրոսը հայոց սպարապետի հրամանով հեռացվել էր նրա շրջապատից, իսկ Նանան, հավանաբար, մնացել էր Հայաստանում, գործակցել հայերի հետ եւ գերեվարվել էր Արաբիա՝ հայ կալանվածների հետ: Որպես նշանավոր դեմք՝ նա նույնպես ներկայացվեց խալիֆին, որը նրան առաջարկեց իսլամանալ: Սակայն Նանան ոչ մի կերպ չհամաձայնեց հավատուրաց դառնալ, տանջանքների ենթարկվեց բանտում, մինչեւ որ, հանգամանաքների փոփոխվելով, ազատ արձակվեց:


Հանգամանքները փոխվեցին՝ կապված ներքին խառնակությունների ու հուզումների հետ, որոնք ցնցեցին Աբասյան տերությունը: Խալիֆները սկսել էին իրենց շրջապատել թուրքական ցեղերից վերցված թիկնապահներով, իսկ արքունական զորագնդերի հրամանատարներ էին կարգել թուրք իշխանների: Իրենք՝ խալիֆները, Բաղդադից ոչ շատ հեռու գտնվող Սամառայի մոտերքը կառուցել էին Ջաֆարիե անունով մի պալատ, ուր զեխությունն ու պերճասիրությունն անցել էին ամեն մի սահման: Մութավաքիլ-Պիլլահի հենարանը կազմում էին չորս թուրք հրամանատարներ՝ Վասըֆը, Բուղա-Քեբիրը, Բուղա-Սաղիրը եւ Բաղըրը: Դրանցից երկրորդը Հայաստան ուղարկված Բուղան էր: Թովմա Արծրունու հաղորդմամբ՝ Տփղիսի կառավարիչ Սահակ Իսմայելյանի կինը, որի հետ բռնությամբ ամուսնացել էր Բուղան, մշտապես բողոքում էր, թե ինքը արժանի է խալիֆի կին լինելու եւ ոչ թե Բուղայի: Բաղդադ հասնելուն պես՝ նա կարողանում է խալիֆին լուր տալ կատարվածի վերաբերյալ, եւ վերջինս, տեսնելով նրա գեղեցկությունը, իր համար վիրավորական է համարում կատարվածը, ուստի Բուղային պաշտոնավարության պատրվակով ուղարկում է Խորասան եւ ճանապարհին նրան սպանել է տալիս:
Թուրքական զորագնդերը գլխավորող հրամանատարները, որ նույնպես թուրք էին, շուտով փորձանք դարձան Աբասյան խալիֆայության համար: Վասըֆի գրգռելով՝ նրանք սպանեցին Մութավաքիլին եւ խալիֆ հռչակեցին նրա որդի Մուհամեդ-Աբու-Ջաֆարին կամ Մունթազըր-Պիլլահին: Սա փորձեց ետ կանգնել հոր քաղաքականությունից, սակայն շարունակեց նրա ցոփ ու խենեշ կյանքը եւ մահացավ 862 թվին՝ 5 ամիս թագավորելուց հետո: Սակայն շատ հնարավոր է, որ նա չմահացավ իր բնական մահով, այլ նրան թունավորեցին: Թուրք հրամանատարները, այլեւս չվստահելով Մութավաքիլի տոհմին, գահ բարձրացրին նրա Մուհամեդ անունով եղբոր որդուն՝ Ահմեդ-Աբուլ-Աբասին, որն ստացավ Մըսթայն-Պիլլահ անունը:


Սա իր քաղաքականության պատճառով ներքին եւ արտաքին թշնամությունների տեղիք տվեց եւ ծնեց ապստամբություններ: Աթամեշ վեզիրին առաջ մղելը լոկ գրգռեց թուրք զորավարներին՝ Վասըֆին, Բուղա-Սաղիրին, Բաղըրին եւ Մուսային, որոնք համարձակվեցին անգամ հարձակվել Սամառայի վրա, որն այրեցին ու ավերեցին: Սակայն սրանք էլ միասնական չգտնվեցին, որ հնարավորություն տվեց խալիֆին սպանել Բաղըրին: Դրան ի պատասխան՝ Վասըֆը եւ Բուղա-Սաղիրը խալիֆ հռչակեցին Մունթազըրի եղբայր Մուհամեդին: Մըսթայնը համաձայնվեց անձնատուր լինել՝ պայմանով, որ իրեն չսպանեն, սակայն աքսորվելով՝ Բասրայի մոտ դաժան գանակոծության ենթարկվեց եւ մահացավ 866 թվին: Նոր խալիֆը՝ Մուհամեդ-Աբու-Աբդուլլան, կոչվեց Մութազ-Պիլլահ եւ մրցակիցներից ու վտանգավոր անձանցից ազատվելու համար սպանեց իր եղբորը, մերձավոր հարազատներին եւ իրեն օգնած Վասըֆ ու Բուղա-Սաղիր զորավարներին: Սրա հետեւանքով ապստամբեցին թուրքական զորագնդերը՝ սպանված հրամանատարների որդիների առաջնորդությամբ: Մութազը ձերբակալվեց, լավ գանակոծվեց եւ սաստիկ արեւի տակ մերկացված պահվեց այնքան, մինչեւ որ գահից հրաժարվեց: Շուտով, սակայն, նրան սպանեցին գետնափոր նկուղի մեջ 869 թվին: Խալիֆ հռչակված Մոհթատի-Պիլլահը փորձեց երկրում կարգ ու կանոն հաստատել, վերահաստատել Ղուրանի պատվիրանները, սակայն թուրքական գնդերը նրան ձերբակալեցին եւ սաստիկ ծեծով փորձեցին ստիպել իշխանությունից հրաժարվել: Սա մերժեց այդ պահանջը, սակայն ծանր տանջանքներից հետո՝ 870 թվին, դաշույնով սպանվեց: Խալիֆ դարձավ Մութավաքիլի որդիներից Ահմեդ-Աբուլ-Աբասը: Խռովությունները դադարեցին, թուրքական գնդերը հնազանդության բերվեցին, եւ նոր խալիֆը, որ հայտնի է Մութամեդ-Պիլլահ անունով, իշխեց 23 տարի՝ մինչեւ 892 թիվը:


Մինչ Արաբական խալիֆայությունը փոթորկվում էր ներքին խռովություններից, Աշոտ Բագրատունի սպարապետը եւ Զաքարիա կաթողիկոսը աշխատում էին խաղաղության մեջ պահել երկիրը եւ աստիճանաբար վերականգնել քայքայված տնտեսությունը: Երբեմն-երբեմն կռիվներ էին բռնկվում հայ իշխանների միջեւ, որոնք Աշոտ սպարապետի կողմից հմտորեն դադարեցվում էին: Վիճակը սկսեց դեպի լավը փոխվել, երբ բանտարկության ու աքսորի մեջ գտնվող հայ իշխանները հետզհետե կարողացան վերադառնալ հայրենիք: 306 թվին վերադարձավ Աշոտ Արծրունու որդի Գրիգոր-Դերենիկը, իսկ մեկ տարի անց՝ 307-ին, Աշոտ Արծրունին: Գերեդարձները սկսեցին համարձակորեն վերադառնալ քրիստոնեության հավատին եւ վերատիրել իրենց տիրույթներին ու կալվածներին: Հայտնի է, որ մահմեդականություն ընդունածն իսլամից հրաժարվելու դեպքում ենթակա է մահապատժի, ինչպես կատարվել էր Վահան Գողթնացու, Հովսեփ ու Սահակ Կարնեցիների հետ, ուստի առաջին հայացքից խիստ զարմանալի է նրանց այդ վարքագիծը: Անշուշտ, դա մեծապես բացատրվում է խալիֆայության վիճակով եւ հայ հոգեւորականության՝ ի դեմս Զաքարիա կաթողիկոսի, մեծ հանդուրժողականությամբ, որը հնարավորություն տվեց վերադարձած իշխաններին վերադառնալ Հայ Եկեղեցու գիրկը:


Հայաստան ուղարկվեց նոր ոստիկան՝ Ալի-Արմանի անունով: Սա իսլամացած հայ էր, եւ հոր անունն էլ Վահե էր: Չնայած կարծիք կա, որ նա Հայաստանում ծնված արաբ էր կամ պաշտոնավարած դեմք, որը ստացել էր Արմանի կոչումը: Արաբական արքունիքը ճանաչեց հայ իշխանների իրավունքն իրենց տիրույթների նկատմամբ, իսկ նրանց առաջնորդ կարգվեց հայ իշխաններից մեկը՝ իշխանաց իշխանի տիտղոսով: Վերջինս կապող օղակ էր դառնում Հայաստանի եւ արաբական արքունիքի միջեւ: Հարկերի հավաքումը կատարվում էր իշխանաց իշխանի հսկողությամբ, իսկ հավաքված հարկերն ուղարկվում էին Ատրպատականի ոստիկանին, որն էլ դրանք առաքում էր արքունիք:


Հայաստանը, ընդհանուր առմամբ, սկսել էր հանգիստ շնչել եւ ամոքել իր վերքերը: Հայոց սպարապետն ու կաթողիկոսն ամեն ջանք գործադրում էին երկրի վերաշինության եւ խաղաղության ու ստեղծագործ աշխատանքի համար: Սակայն ավատատիրական երկպառակությունները երբեմնակի խռովում էին երկրի անդորրը: Ապուպելճի որդի Գուրգենը, որ Վասպուրականի իշխաններից էր, Բուղայի արշավանքի ժամանակ ապաստանել էր Քուրդիկ Մամիկոնյանի տիրույթ Բագրեւանդում, իսկ այնուհետեւ անցել Սպերի Գաղաբար՝ Բագրատունի իշխանի մոտ: Սա վերջինիս օգնեց արաբական արշավանքի ժամանակ, փորձեց անցնել հույների կողմը, սակայն ի վերջո Սմբատ Բագրատունու միջնորդությամբ հաշտվեց Բուղայի հետ եւ մնաց Հայաստանի արաբական բաժնում: Լսելով, որ Վասպուրականի վրա նոր հարձակման ժամանակ սպանվել է Սահակ Աբումկդեմ իշխանը, իսկ Ապուջափր Արծրունու գունդը ցրվել է, եւ Վասակ Կովակերն արաբների կողմից իշխանություն է ստացել, Գուրգեն Ապուպելճը եկավ Վասպուրական եւ արաբներին քշելով՝ տիրեց երկրամասի գլխավոր իշխանությանը: Բուղան նրա դեմ ուղարկեց Բուտել զորավարին, բայց Գուրգեն Ապուպելճը նրան հաղթեց, եւ Բուղան ճանաչեց նրա իշխանությունը: Գուրգենը իշխեց 4 տարի, որից հետո նրա դեմ արշավեց Աշոտ Արծրունու եղբայրը՝ Գրիգորը՝ նրան իշխանությունից զրկելու համար: Սակայն շուտով նրանք համաձայնության եկան եւ երկրամասը բաժանեցին միմյանց միջեւ: Գրիգորը մեկ տարի անց մահացավ, եւ Աշոտ Արծրունու որդի Վահանը փորձեց տիրանալ նրա բաժնին եւ հանդիպեց Գուրգենի դիմադրությանը: Իսկ երբ եկավ Աշոտ Արծրունու որդի Գրիգոր-Դերենիկը, նրա դեմ դուրս եկավ նրա հավատուրաց հորեղբայրը՝ Գուրգենը, որն առաջարկեց Գուրգեն Ապուպելճին՝ միմյանց միջեւ բաժանել երկիրը եւ հին իշխանի որդուն զրկել տիրույթներից: Սա չհամաձայնվեց եւ բյուզանդացիների կողմը փախչելիս ձերբակալվեց արաբ զորավարներ Բշրի եւ Չքրի կողմից ու հանձնվեց Աշոտ սպարապետին, որն էլ նրան ուղարկեց Ատրպատականի ոստիկանին: Գուրգեն Ապուպելճին իսլամացնելը չհաջողվեց, չնայած նա ենթարկվեց խոշտանգումների, իսկ մյուս Գուրգենը շուտով մահացավ, երբ բոլորը ազատություն ստացան՝ այդ թվում նաեւ Գուրգեն Ապուպելճը:


Վերջինս, վերադառնալով Վասպուրական, ձերբակալվեց՝ այս անգամ Դերենիկի կողմից: Դերենիկի ծառաներից մեկը նրան ազատեց եւ անգամ դաշույն տվեց, որ քնած Դերենիկին սպանի, սակայն Գուրգեն Ապուպելճը նրան չսպանեց եւ բավական համարեց փախչելը: Մի ճգնավոր, որի մոտ հանգրվանեց նա, Գուրգեն Ապուպելճին կապելով՝ հանձնեց Դերենիկին, եւ նա կրկին հայտնվեց բանտում: Զաքարիան եկավ Վասպուրական եւ հայրապետական հորդորներով կարողացավ բանտից ազատել տալ Գուրգեն Ապուպելճին եւ հասավ այն բանին, որ Մարդաստանի գավառը հանձնվեց նրան՝ որպես սեփական տիրույթ: Ըստ երեւույթին, չվստահելով Դերենիկին՝ նա քաշվեց Տարոնի կողմերը: Որոշ ժամանակ անց Աշոտ իշխանաց իշխանը հարձակվեց Դերենիկի վրա եւ որպես անհնազանդի՝ ձերբակալեց: Այս անգամ Գուրգեն Ապուպելճը հանդես եկավ Դերենիկի պաշտպանությամբ: Գալով Ռշտունյաց Նորագյուղ ավանը՝ նա սպառնաց Աշոտին այն աստիճան, մինչեւ վերջինս Դերենիկին ազատ արձակեց եւ Գուրգենի խորհրդով՝ այրիացած Դերենիկին կնության տվեց իր դստերը: Սրանով Բագրատունիների եւ Արծրունիների միջեւ հաշտություն կայացավ:


Զաքարիայի աթոռակալության շրջանում Դվնում տեղի ունեցավ մեծ երկրաշարժ: Շատ շենքեր կործանվեցին, սակայն կաթողիկե տաճարն անվնաս մնաց: Շատ բնակիչներ մնացին փլատակների տակ, իսկ մյուսները ձմռան ցրտին ստիպված եղան դուրս գալ փողոցներն ու հրապարակները: Երկրաշարժը եղավ 863 թվին, չնայած Սամվել Անեցին այն դնում է 865 թվին: Այս շրջանում էր, որ երկիր վերադարձան Հովհաննես Արծրունյաց եպիսկոպոսը եւ Գրիգոր Արծրունի քահանան: Հովհաննեսը հրաժարվեց հովվապետել եւ քաշվեց մենաստան, անշուշտ, տկարացած առողջության պատճառով: Նրան եպիսկոպոսական աթոռին փոխարինեց մեկ այլ Հովհաննես: Նանա Ասորի սարկավագն էլ գերությունից ազատվեց եւ կրկին եկավ Հայաստան՝ ծառայելով Հայոց Եկեղեցուն:


Զաքարիայի հովվապետության շրջանում տեղի ունեցավ Աշոտ Բագրատունու բարձրացումը: Կարգվելով սկզբում որպես սպարապետ՝ նա շուտով դարձավ Հայոց իշխան, այնուհետեւ՝ իշխանաց իշխան եւ թագավորեց 885 թվից: Չնայած տարբեր տեղեկություններին՝ դժվար չէ տեսնել, որ նա սպարապետության պաշտոնը ստացավ 855-ին, իսկ իշխանաց իշխան դարձավ 858-ին: Աշոտ Բագրատունին ստացել էր փայլուն կրթություն, վարժ էր պատերազմական գործերի մեջ, խիզախ, մտքով հզոր, բարեսիրտ, բարեպաշտ, ազգասեր եւ աշխարհաշեն: Հայոց իշխանաց իշխանը նպաստում էր Եկեղեցու ուժեղացմանը, իսկ Եկեղեցին էլ՝ ի դեմս Զաքարիա հայրապետի, մեծապես օգնում էր նրա բարձրացմանն ու հզորացմանը: Դժվար է ասել, թե թագավորության վերականգնման միտքն ո՞ւմ ուղեղում առաջինը ծագեց՝ թագավորի՞, թե՞ կաթողիկոսի: Պարզ է, որ այդ գաղափարը կենդանի էր հայ հասարակության բոլոր շերտերում, հետեւաբար առավել հավանական է, որ այն ծագեց թե՛ մեկի եւ թե՛ մյուսի մոտ:


Մինչ հասունանում էր թագավորության վերականգնման խորհուրդը, Հայաստանն իր իշխանության տակ առավ Շեխի որդի Հիսեն: Վերջինս հիշատակվում է որպես Ատրպատականի եւ Հյուսիսային Միջագետքի ոստիկան: Հայաստանն իրեն ենթարկելու հարցում էական դեր կատարեց քաղաքական քաոսը խալիֆայությունում: Զաքարիա կաթողիկոսը մեկնեց Հիսեի մոտ եւ կարողացավ ձեռք բերել նրա բարյացակամությունը եւ անգամ մեծարվեց նրա կողմից: Պատճառն այն էր, որ Հիսեն էլ ուներ Հայաստանի իշխանությունների համակրության կարիքը: Նա Հայոց կաթողիկոսին շատ պարգեւներ, ինչպես նաեւ իրավունք տվեց առջեւից խաչի պատկերով դրոշ տանել ու իրեն տեսակցել ուզած ժամանակ: Հիսեի հետ այդպիսի ջերմ հարաբերություններ հաստատելով՝ կաթողիկոսը, անկասկած, ոչ առանց Աշոտ Բագրատունու հետ խորհրդակցելու, մտադրվում է հասնել Հայոց թագավորության վերականգնմանը: Շատ հնարավոր է, որ գաղափարն ամբողջությամբ գալիս է իշխանաց իշխանից, եւ հայոց հայրապետը լոկ հանդես էր գալիս սեւ աշխատանքն իրականացնողի դերում, որը նա փայլուն կատարեց: Նա կարողացավ ձեռք բերել հայ իշխանների համաձայնությունը, որոնց գլխավորներից էին Սյունյաց Վասակ Իշխանիկ եւ Գրիգոր Սուփան իշխանները, Գրիգոր-Դերենիկ Արծրունին, Գուրգեն Ապուպելճը, Մուշեղ Մոկացին, Գագիկ-Ապումրվան Արծրունին եւ ուրիշներ: Հավանաբար այս ամենը եղավ 874-877 թթ. միջոցին, քանի որ 874 թվին մահացել էր Աշոտ Արծրունին՝ Դերենիկ Արծրունու հայրը, իսկ կաթողիկոսը կնքել էր իր մահկանացուն 877 թվականին:


Զաքարիայի հովվապետության կարեւոր ձեռքբերումներից մեկը եղավ հայ-բյուզանդական եկեղեցական հարաբերությունների կարգավորումը: Հայոց Եկեղեցին մեկ անգամ եւս հավաստեց իր ուղղափառ դավանությունը եւ իր հավատարմությունը Տիեզերական առաջին երեք ժողովների որոշումներին: Զաքարիան հարաբերություններ ունեցավ Փոտ կամ Փոտիոս պատրիարքի հետ, որն ազգությամբ հայ էր, նշանավոր գիտնական, հմուտ վարչարար եւ սկզբնապատճառ Բյուզանդական եւ Լատինական Եկեղեցիների միջեւ հարաբերությունների խզման: Փոտը պատրիարք էր դարձել Վարդ Կեսարի օժանդակությամբ՝ 857 թվին: Նա մինչ այդ կայսերական ավագ դիվանադպիր էր եւ կայսեր՝ Միքայել Գ-ի քեռայր Սերգիոս պատրիկի եղբայրը: Հարաբերություններ հաստատելիս՝ հայոց հայրապետն իր դիտողությունները՝ Քաղկեդոնի ժողովի որոշումների վերաբերյալ, հայտնեց Փոտին, իսկ վերջինս էլ հանդես եկավ երկաբնակության ջատագովությամբ: Նամակներ գրվեցին բազմիցս: Հաստատվեցին երկու Եկեղեցիների միջեւ նորմալ հարաբերություններ՝ չնայած կողմերից ոչ մեկն իր սկզբունքներից չհրաժարվեց: 867-ին Բարսեղ Ա կայսրը պաշտոնանկ արեց Փոտին, սակայն 877-ին, երբ Զաքարիան մահացավ, նորից նա պատրիարք ընտրվեց: Ելնելով ձեռքի տակ եղած նյութերից՝ Մաղաքիա Օրմանյանը գտնում է, որ հայոց հայրապետի եւ Կոստանդնուպոլսի պատրիարքի միջեւ հաստատված հարաբերությունները պետք է թվագրել 864-867 թվականներով: Դատելով ամեն ինչից՝ հարաբերություններ հաստատելու նախաձեռնությունը գալիս է Փոտ պատրիարքից, որը Զաքարիային առաջարկում է ընդունել քաղկեդոնականությունը: Սակայն նա՝ ի դեմս Հայոց կաթողիկոսի, հանդիպեց լուրջ դիմադրության, ուստի որոշեց իր ազդեցության տակ առնել Աշոտ Բագրատունուն, որին խոստանում էր կայսրության պաշտպանությունը, եթե հայերն ընդունեն Քաղկեդոնի ժողովը: Հայաստան ուղարկվեց Նիկիայի Իոհան եպիսկոպոսը՝ հատուկ պատվիրակությամբ, որի հորդորներով եւ Աշոտ Բագրատունու ցանկությամբ հրավիրվեց Երազգավորսի կամ Շիրակավանի ժողովը: Աշոտ Բագրատունու բարյացակամությունը ձեռք բերելու նպատակով Փոտ պատրիարքը նշանավոր Խաչափայտից մի մասունք Իոհան եպիսկոպոսի ձեռքով նվեր ուղարկեց:


Շիրակավանի ժողովի մասին տեղեկություններ գրեթե չեն պահպանվել: Հայտնի չեն մասնակիցների անունները եւ հրավիրման թվականը: Հայտնի չեն նաեւ որոշումներն ու կանոնները: Ժողովի խնդիրն էր պատասխան տալ Քաղկեդոնի ժողովի որոշումներն ընդունելու առաջարկին: Իոհան եպիսկոպոսը հանդես եկավ Քաղկեդոնի ջատագովությամբ, իսկ երկաբնակության հերքմամբ՝ Նանա Ասորի սարկավագը, որը միաբնակության ջերմ պաշտպանն էր: Աշոտի անունից պատասխան ուղարկվեց Փոտ պատրիարքին՝ գրված առանց կրքի, համեստ դարձվածներով եւ զերծ պատրիարքի արժանապատվությունը վիրավորելու միտումից: Շնորհակալություն էր հայտնվում արժեքավոր նվերի՝ Խաչափայտի մասունքի համար: Ըստ էության՝ պատասխան նամակը հարգալից մերժում էր, ուստի բյուզանդական հեղինակի կողմից բերված Շիրակավանի ժողովի դավանական կանոնները՝ թվով 13, եւ Քաղկեդոնի ընդունելությունը պարունակող 14-րդ եւ 15-րդ գլուխները, որոնք հայ հեղինակներին բացարձակապես ծանոթ չեն, հույների ստեղծագործություն պետք է համարել: Շիրակավանի ժողովով, փաստորեն, Քաղկեդոնի ճանաչման խնդիրը փակվել էր, եւ Իոհան եպիսկոպոսի առաքելությունն ավարտվել կատարյալ անհաջողությամբ: Փոտի պաշտոնանկությունն էլ վերջակետ էր դրել բանակցությունների այդ փուլին: Ինչ վերաբերում է Բարսեղ Ա-ին, ապա նա գործակցեց Աշոտ Բագրատունու հետ՝ առանց դավանաբանական խնդիրներ հարուցելու:


Զաքարիայի աթոռակալության շրջանում բուռն կերպով ծավալվեց պավլիկյան շարժումը, որը հայերի շրջանում ծնունդ էր առել որպես աղանդ: Պավլիկյանները, օգնություն ստանալով արաբներից, զինված պայքար սկսեցին կայսրության դեմ: Հաստատվելով Փոքր Հայքի շրջանում եւ կենտրոն ունենալով Տեվրիկե ամրոցը՝ պավլիկյանների զորքերն արշավեցին մինչեւ Կոստանդնուպոլսի մատույցները՝ Միքայել Գ կայսեր օրոք: Բյուզանդացիները փորձեցին ջախջախել նրանց, սակայն չարաչար պարտվեցին Սամասոտի եւ Ամասիայի ճակատամարտերում՝ պավլիկյաններից եւ Մելիտենեի Էոմեր ամիրայի զորքերից: Պարտությունները սթափեցրին կայսերական արքունիքը: Պավլիկյանների դեմ ուղարկվեց Պետրոնաս զորավարը, որը 862 թվին հաղթեց Մելիտենեի ամիրային: Վերջինս սպանվեց, իսկ նրան օգնության շտապող արաբական զորքերը նույնպես պարտություն կրեցին: Այս ամենը պավլիկյաններին չընկճեցին, եւ նրանք կրկին ասպատակներ տարածեցին մինչեւ Եփեսոս եւ Նիկոմեդիա, որոնց առաջնորդում էր Կարբեասի որդի Քրիսոկյուրոսը: Պատերազմը նոր ուժով բորբոքվեց Բարսեղ Ա կայսեր օրոք՝ 871 թվին: Սկզբնական մանր բախումներից հետո բյուզանդացիներն արաբների դեմ անցան լայնածավալ գործողությունների: 873 թվին դարանակալների կողմից սպանվեց Քրիսոկյուրոսը, որը շփոթ առաջացրեց պավլիկյանների շրջանում: Տեվրիկե ամրոցը գրավվեց եւ հիմնահատակ ավերվեց: Պավլիկյաններից շատերը կոտորվեցին կամ գերվեցին, իսկ մյուսները բռնի զինակոչվեցին: Գերվածների մեծ մասը գաղթեցվեց Բալկաններ, որտեղ նրանց գաղափարների ազդեցությամբ ձեւավորվեց բոգոմիլյան շարժումը: Պավլիկյան գաղափարները տարածվեցին Արեւմտյան Եվրոպայով մեկ՝ ծնունդ տալով ալբիգոյանների եւ մի շարք այլ շարժումների:


Զաքարիա Ա Ձագեցի կաթողկոսը հովվապետեց 22 տարի եւ մահացավ 877 թվին: Նրա անունով «Ճառընտիր»-ների մեջ պահպանվել են քսան ընտիր ճառեր, որոնք աչքի են ընկնում հռետորական արվեստով: Նա թաղվեց Դվնի կաթողիկեին կից կաթողիկոսական հանգստարանում: