ՀՈՎՀԱՆՆԵՍ Ե

ՀՈՎՀԱՆՆԵՍ Ե

(898-929)
 

Հայոց նշանավոր պատմիչ եւ կաթողիկոս Հովհաննես Ե Դրասխանակերտցին ծնվել է Դրասխանակերտ դաստակերտում, որը Պատմահոր հավաստմամբ՝ եղել էր Արտաշեսի մեծ դաստակերտը եւ տրվել էր քրիստոնեություն ընդունած Կամսարին: Սակայն, եթե Սամվել Անեցին նրա ծնունդը դնում է Դրասխանակերտում, ապա Կիրակոս Գանձակեցին համարում է նրան Գառնի քաղաքագյուղից, իսկ Ասողիկը՝ Դվնից: Վերջին երկու բնակավայրերի հիշատակությունը, կարծես թե, կապված է կաթողիկոսի ծննդավայրն ավելի նշանավոր բնակավայրով ցույց տալու հետ, ուստի ուսումնասիրողները Դրասխանակերտը տեղադրում են դրանց մոտակայքում: Սակայն վերջինիս տեղադրության խնդիրը կարոտ է առանձին քննության: Եղել է Մաշտոց վարդապետի ազգականը եւ մանուկ հասակից աշակերտել է նրան Արտավազի եւ Սեւանա վանքերում: Դրանից հետո պաշտոնավարել է հայրապետանոցում Գեւորգ Բ կաթողիկոսի օրոք: Մ. Օրմանյանի կարծիքով՝ Հովհաննես Դրասխանակերտցու ձեռք բերած ազդեցությունը հայրապետանոցում, հավանաբար, կարեւոր դեր է խաղացել Մաշտոցին կաթողիկոսական աթոռ բարձրացնելիս:


Վերջինիս մահվանից հետո թագավորի, իշխանների եւ հոգեւոր այրերի պահանջով հայոց հայրեպետ է դառնում Հովհաննես Դրասխանակերտցին: Նրա կյանքի եւ գործունեության մասին հիանալի տեղեկություններ է պահպանել պատմիչի «Պատմութիւն Հայոց» երկը: Սամվել Անեցու համաձայն՝ եղել է հայոց հիսուներորդ կաթողիկոսը: Չնայած այն հանգամանքին, որ որոշ ուսումնասիրողներ նրան համարում են Հովհաննես Զ, Մ. Օրմանյանը, համաձայն իր քննության արդյունքի, նրան դնում է Հովհաննես Ե անվան տակ:


Դեռ նոր էր Հովհաննես Դրասխանակերտցին կաթողիկոսական աթոռ բարձրացել, երբ կատարեց Սմբատ Ա թագավորի կողմից Երազգավորս կամ Շիրակավան քաղաքում կառուցած մի մեծ եկեղեցու նավակատիքը: Տիրող խաղաղությունը, որ կարծես ոչ մի վատ բան չէր կանխագուշակում, շուտով խախտվեց հայոց թագավորի մի անմտածված քայլի պատճառով: Վրաց Ատրներսեհ իշխանը, որ հայտնի է նաեւ կյուրապաղատ եւ բդեշխ տիտղոսներով եւ մշտապես սատարել էր հայոց թագավորին տարբեր առիթներով, թագադրվեց Սմբատ Ա-ի կողմից եւ հաստատվեց Հայոց տերության երկրորդ: Դժվար է ասել, թե որն է եղել Հայոց գահակալի նման ձեռնարկի նպատակը, որովհետե այն բանականության առումով ոչ մի բացատրություն չուներ, հիշյալ քայլի հետեւանքները եղան խիստ վտանգավոր: Թերեւս պատճառը հայոց հզորացած թագավորի փառասիրությունն էր, որը Տիեզերակալ տիտղոս վերցնելով եւ իրեն արքայից արքա կարծելով՝ որոշել էր իրեն ենթակա թագավոր ունենալ:


Այսպես թե այնպես թագավորի ձեռնարկի անմիջական հետեւանքն այն եղավ, որ մյուս իշխաններն էլ, որ մինչ այդ գուցե չէին մտածում արքայական թագի մասին կամ էլ բարձրաձայն չէին հայտարարում այդ մասին, դրա համար նախադեպ դիտեցին եւ փորձեցին արքայանալ: Հայոց Տիեզերակալ թագավորը, անկախ այն հանգամանքից, թե հասկացել էր կամ ոչ իր կատարած սխալը, բնականաբար, նոր թագադրություններ չկատարեց, իսկ դա էլ դրդեց, որ դժգոհ իշխաններն Ափշինի մոտ բանսարկեն Սմբատ Ա-ին: Ատրպատականի ոստիկանը, որ վաղուց ի վեր ատամ ուներ Հայոց արքայի դեմ, պահը հարմար դիտելով, որոշեց արշավել Սմբատի դեմ: Վերջինիս անակնկալի բերելու նպատակով՝ նա սկզբում արշավեց դեպի Տփղիս եւ այնտեղից էլ հանկարծակի՝ Շիրակ: Սակայն Սմբատ Ա-ն, որ սկզբում ապավինել էր Տայքին, շատ շուտով մեծ բանակ հավաքեց, եւ անակնկալի եկած Ափշինը, դրանից զարհուրած, խուսափեց ճակատամարտելուց, եւ Հայաստան մուտք գործելուն բարեկամական այցի տեսք տալով՝ Սմբատին հանձնեց իր Դեւդատ որդուն՝ ներքինապետի խնամակալությամբ, իսկ ինքը Դվինից հեռացավ Ատրպատական: Ափշինի արշավանքի բուն պատճառը, անկասկած, Սմբատի կողմից Ատրներսեհին թագադրելն էր, քանի որ դրանով խախտվում էր այն համակարգը, որ Սմբատն ինքն էլ թագադրվել է արաբների, մասնավորապես Ափշինի կողմից, ուստի չի կարող ուրիշների թագադրել: Ափշինը ետ դարձավ, բայց բոլորովին նպատակ չուներ խաղաղությունը պահպանել եւ պատրաստվում էր ավելի մեծ ուժերով ներխուժել Հայաստան:


Սահակ արքաեղբոր այրին, օգտվելով պատեհ վիճակից, Ափշինին ընծաներով համոզեց, որ Սմբատի Աշոտ որդին պանդխտությունից ազատվի, իր հերթին Հայոց թագավորն էլ, բարեկամացավ Ափշինի ներքինապետի հետ, նրա միջոցով պատանդությունից ազատեց Աշոտին եւ կնոջը, ինչպես նաեւ մյուս որդու՝ Մուշեղի կնոջը: Ափշինը, կատաղած դեպքերի նման ընթացքից, նոր՝ ավելի մեծ ուժերով փորձեց արշավել Հայաստան, սակայն նրա բանակում ժանտ համաճարակ սկսվեց, շատերը մահացան, այդ թվում նաեւ Ափշինը, եւ արշավանքը ձախողվեց: Դեւդատը, Դվնում իրեն ապահով չզգալով, քաղաքից հեռացավ Ատրպատական, իսկ Սաջի որդի եւ Ափշինի եղբայր Յուսուփը դարձավ Ատրպատականի ոստիկան: Վերջինս դեռ իրեն ուժեղ չէր զգում, ուստի խուսափեց անմիջապես թշնամական գործողություններ կիրառել Սմբատ Ա-ի դեմ: Համաձայն Թովմա Արծրունու՝ Ափշինը մահացավ Հայոց 347 թվին, եւ Մ. Օրմանյանը գտնում է, որ դա համապատասխանել է 899 թվի գարնան սկզբին:


Ծանր ճակատագրի արժանացավ Ափշինի հետ համագործակցած Հասան Արծրունին, որը դենադարձ կամ ուրացած Վասակի որդին էր եւ Աշոտ Արծրունու հորաքրոջ որդին: 899 թվի վերջերին, իմանալով, որ Աշոտ Արծրունին Լմբա գավառի Պղուանք գյուղում է գտնվում, նա փորձ արեց նրան ձերբակալել: Սակայն դավադրությունը չհաջողվեց, եւ ինքը հայտնվեց Աշոտ Արծրունու մարդկանց ձեռքում: Պահը հարմար էր, եւ Վասպուրականի իշխանը որոշեց տիրել Սեւանա ամրոցին, սակայն նրանում գտնվող Հասանի մայրը եւ համամայր մեկ եղբայրը, որ պատրաստ էին ամրոցը հանձնելու, բոլորվին չէին վստահում Աշոտ Արծրունու խոստմանը: Սմբատ Ա-ն, իմանալով եղածի մասին, Հովհաննես կաթողիկոսին ուղարկեց հաշտեցնելու, որը պահանջեց Աշոտ Արծրունուց Հասանին անվնաս ազատել, իսկ բերդապահներից էլ՝ բերդը հանձնել: Վերջիններս Սեւանի բերդը հանձնեցին, սակայն Հասան իշխանն ազատ չարձակվեց: Կաթողիկոսի համառ պահանջից հետո նա կուրացվեց եւ նոր միայն ազատ արձակվեց: Հովհաննես Դրասխանակերտցին, ուխտադրուժ երդմնազանցության վրա զայրացած, բանադրեց Աշոտ Արծրունուն, իսկ կուրացված Հասան Արծրունին դարձավ կրոնավոր եւ ապրեց սրբակրոն կյանքով մինչեւ իր մահը:


Ատրպատականի ոստիկանների՝ դեպի Հայոց թագավորն ունեցած թշնամական վերաբերմունքից ոգեւորված՝ Սմբատ Ա-ին հարկ տալուց հրաժարվեց Ապահունիքում իշխող կայսիկ իշխան Աբդըռահմանը կամ Աբդուռահմանը: Սմբատ արքան, 902 թվին իրեն օգնական ունենալով Վասպուրականի Աշոտ Արծրունի իշխանի գնդերը, որոնց մեջ էին Մոկաց Գրիգոր եւ Անձեւացյաց Ատոմ իշխանների զորամասերը, հարձակվեց կայսիկների վրա: Արծրունյաց նիզակակիցների հարվածից հետո կայսիկները, որ արգելքի էին դուրս եկել, ընկճվեցին եւ հաշտություն խնդրեցին՝ պարտավորվելով թագավորին հանձնել մի քանի քաղաք: Վասպուրականի Աշոտ իշխանը թագավորին մեծ օժանդակություն ցույց տվեց նաեւ հաջորդ տարին, երբ Սյունյաց Սմբատ իշխանը նույնպես փորձ արեց հրաժարվել հարկ տալուց եւ որպես տեղական թագավոր՝ դառնալ Յուսուփ ոստիկանի հավատարիմը (վասալը): Սյունյաց իշխանը, իր դեմ տեսնելով թագավորի եւ Վասպուրականի գնդերը, դիմադրության փորձ չարեց եւ Աշոտ Արծրունու միջնորդությամբ հաշտվեց թագավորի հետ՝ իր եղբայր Սահակի ձեռքով ուղարկելով հարկը: Իր ծառայությունների համար Աշոտ Արծրունին թագավորից ստացավ Նախճավան քաղաքը՝ իր շրջակայքով, սակայն մեկ տարի անց նույն Նախճավան քաղաքում, ուր նա այցի էր եկել, ծանր հիվանդացավ եւ 40 օր հետո վախճանվեց 29 տարեկան հասակում՝ արեգի ամսի 4-ին՝ երեքշաբթի օրը, այսինքն՝ 904 թվի նոյեմբերի 13-ին: Աշոտի մահից հետո Վասպուրականի իշխանությունն անցավ նրա եղբորը՝ Գագիկին, որն իր մյուս եղբոր՝ Գուրգենի հետ կիսեց Արծրունյաց տիրույթները: Այս ընթացքում մահացան նաեւ թագավորի եղբայրներ Շապուհը եւ Դավիթը, եւ սպարապետությունը հանձնվեց Շապուհի որդի Աշոտին, որ Հայոց պատմության մեջ հայտնի է Բռնավոր մականունով (իմա՛ Ուզուրպատոր):


Յուսուփի ոստիկան դառնալուց հետո Սմբատ Ա-ն, որ Ատրպատականի մշտական միջամտություններից եւ արշավանքներից խիստ տուժել էր, որոշեց դիմել խալիֆին եւ ձեռք բերել հարկը միանգամից նրան հանձնելու իրավունք: Նա շքեղ ընծաներով դեսպաններ ուղարկեց արաբական ամիրապետին, եւ վերջինս ուրախությամբ խնդրանքն ընդունեց եւ իր հերթին Սմբատ Ա-ին ուղարկեց թագ, արքայական հանդերձներ, զանազան ընծաներ եւ զարդարված զենքերով ու զարդերով արաբական երիվարներ: Սմբատ Ա-ն, անշուշտ, գոհ մնաց իր դեսպանների կատարածից, սակայն Յուսուփը, որ ընդվզել էր ամիրապետի դեմ՝ անկախանալու նպատակով, 899 թվականի աշնանը փորձեց Հայաստանն իրեն ենթարկել: Նա Պարտավի եւ Ուտիքի վրայով շարժվեց Հայոց տերության սահմանները՝ հասնելով մինչեւ Դվին եւ Շիրակ, սակայն հանդիպելով մեծաքանակ հայկական բանակի՝ իր ազգությամբ ասորի եւ դավանանքով քրիստոնյա քարտուղարին որպես բանագնաց ուղարկեց Սմբատի մոտ եւ բարեկամություն հաստատելու առաջարկ արեց: Կողմերը փոխադարձաբար երդվեցին իրար բարեկամ մնալ, իսկ Յուսուփը ձմռան պատճառով մինչեւ գարուն մնաց Դվնում: Սմբատ Ա-ն էլ իր հերթին ուղեւորվեց դեպի Երասխաձոր գավառի Նախճրաձոր գյուղ:


Գարնանը Յուսուփը Դվնից հեռացավ Ատրպատական եւ նվերներ ուղարկեց Սմբատ արքային ու Աշոտ թագաժառանգին, ինչպես նաեւ Հովհաննես կաթողիկոսին: Հայոց արքան նույնպես նվերներ ուղարկեց՝ տասնապատիկ ավելի, որոնց մեջ շատ ընծաներ բյուզանդական վարպետների գործեր էին: Փաստորեն, դրանից հետո էր, որ Սմբատ արքան կարողացավ լրջորեն զբաղվել երկրի ներքին խնդիրներով եւ իրեն ենթարկել մինչեւ Ալանաց դռներն ընկած երկրները: Այս տարիներին երկիրը տնտեսապես բարգավաճում էր, ծածկվում այգեստաններով ու բուրաստաններով, բազմանում էին խոշոր ու մանր եղջրավոր անասունների հոտերը, յուրացվում էին նոր հողատարածքներ, որ շատ անհրաժեշտ էր երկրի աճող բնակչության պահանջները բավարարելու համար: Բարեկամական էին նաեւ հարաբերությունները կայսրության հետ, որտեղ շարունակում էր գահակալել Լեւոն Զ-ն:


Այս խաղաղ ժամանակներում ամիրապետի դեմ ապստամբեց Յուսուփ ոստիկանը, իսկ ամիրապետը պահանջեց, որ Սմբատը զորքով դուրս գա նրա դեմ: Հայոց թագավորը հայտնվեց ծանր վիճակում: Մի կողմից նա չէր ցանկանում դուրս գալ Յուսուփի դեմ, սակայն չէր էլ կարող ամիրապետի դեմ հանդես գալ, ուստի հակառակ իր կամքին՝ զորք ուղարկեց Յուսուփի դեմ եւ միաժամանակ նրան լուր ուղարկեց, որ իր բանակը նրան օգնության է ուղարկում: Արաբ ոստիկանը, որի ականջին շատ փսփսացողներ կային, ներքնապես չէր հավատում ասվածին, ուստի գտնվելով անելանելի վիճակում՝ ստիպված եղավ ենթարկվել խալիֆին եւ անգամ իրավունք ստացավ իր ազդեցության տակ առնել Հայաստանը: Այսուհանդերձ, Յուսուփն ինքն էլ հասկանում էր, որ անգամ այդ պայմաններում նա չի կարող Սմբատի հետ հաշվեհարդար տեսնել՝ առանց խալիֆի զայրույթը շարժելու:


Սմբատը ստացավ խաղաղ կառավարման գործնականում 8 տարի՝ 900-ից մինչեւ 908 թվականը: Այս ընթացքում Սմբատն իրեն ենթարկեց Եգերաց աշխարհը կամ Ափխազաց թագավորությունը, որի Կոստանդին արքան փորձեց տիրել Կովկասի՝ Սմբատին ենթակա լեռնային երկրամասերը: Հայկական բանակը մտավ Եգերաց աշխարհ եւ որոշ կռիվներից հետո ձերբակալեց նրա թագավորին, որը բերվեց Հայաստան եւ բանտարկվեց Անի ամրոցում: Սակայն մի քանի ամիս անց նա Կոստանդինին նորից թագավորեցրեց Եգերաց աշխարհում՝ համոզվելով, որ նա հավատարմորեն իրեն կծառայի: Սակայն Հայոց արքայի այս գործելակերպը վատացրեց Վրաց Ատրներսեհի եւ Սմբատ Ա-ի հարաբերությունները: Ներքին վիճակի բարդացումը հնարավորություն տվեց, որ Յուսուփը պահանջի Հայաստանից անգամ այն հարկը, որից խալիֆն ազատել էր երկիրը՝ Յուսուփի դեմ Սմբատ Ա-ի դուրս գալու պարագայում: Իշխանները զորավիգ չկանգնեցին Սմբատին, եւ վերջինս ստիպված էր հարկերը բարձրացնել՝ տուրքը տալու համար: Իշխանները, որոնց շատ էլ դուր չէր գալիս արքայի միահեծանության ձգտելու փորձերը, որոշեցին ազատվել նրանից: Դավադիրների գլուխ կանգնեց Հասան Հավնունի իշխանը, որին միացան Ատրներսեհ Վրաց արքայիկը եւ ուրիշներ: Սակայն թագավորին Երազգավորսում խողխողելու ծրագիրը տապալվեց: Դավադրությունը բացվեց, իսկ Հասանը եւ Ատրներսեհը, Երազգավորսն ու Անին կողոպտելով, փախան լեռները: Հայկական բանակն ահավոր ավերածության ենթարկեց Ատրներսեհի տիրույթները, մինչեւ Վրաց արքայիկը թողություն խնդրեց: Սմբատը զիջեց, վեհանձնորեն նրան ներեց, սակայն դավադիրներից ոմանց կողոպտեց, իսկ մյուսներին աքսորեց Եգերացվոց կողմերը եւ կայսրություն: Դավադրության փորձը Մ. Օրմանյանը դնում է 908 թվին:


Վիճակը բարդացավ՝ կապված Նախճավանի պատկանելության հետ: Քաղաքն իր շրջակայքով հանձնվել էր Հայոց արքայի կողմից Վասպուրականին՝ Ապահունիքի կայսիկների ապստամբությունը եւ Սյունյաց Սմբատ իշխանի ընդվզումը ճնշելուց հետո: Սակայն Հայոց արքան որոշեց այն վերադարձնել Սյունիքին՝ առաջ բերելով Վասպուրականի Գագիկ Արծրունի իշխանի մեծ դժգոհությունը: Թե ինչո՞ւ Սմբատն այսպես վարվեց, դժվար է ասել, որովհետեւ հազիվ թե այդ բարդ պայմաններում, երբ որոշ իշխաններ հեռացել էին թագավորից եւ անգամ փորձում էին դավել նրա դեմ, կարելի էր դժգոհների բանակն ավելացնել Արծրունյաց նշանավոր տոհմով: Ուստի մնում է ենթադրել, որ այնուամենայնիվ, Սմբատն այդ ճանապարհով փորձում էր որոշակի քաղաքական խնդիր լուծել՝ թուլացնել Արծրունիներին եւ նրանց հակակշիռ դարձնել Սյունիքին: Հնարավոր է, որ Հայոց արքան մեծ հույսեր էր կապում իր ձեռնարկի հետ, սակայն դրա ողբերգական հետեւանքները չհապաղեցին շատ շուտով ի հայտ գալ: Գագիկ Արծրունին, որ մեծապես դժգոհ էր մնացել Սմբատից, մեծ նվերներով ներկայացավ Յուսուփին եւ թագավորական թագ ու պատիվներ ստանալով՝ վերադարձավ իր տիրույթները:


Որքան էլ Թովմա Արծրունին փորձի արդարացնել իր սիրեցյալ Գագիկ Արծրունու այդ քայլը, թե Յուսուփը, բարձր գնահատելով Գագիկի արժանիքները, նրան հրավիրել էր եւ թագավոր կարգել ամբողջ Հայաստանի վրա, Գագիկ Արծրունու կատարածը զզվելի դավաճանություն էր, որ թագավորությանը թանկ նստեց: Այժմ Հայոց տերության մեջ հայտնվեց եւս մեկը, որ հավակնում էր ամբողջ Հայաստանին: Հայ իշխանների պառակտիչ գործողությունները ոգեւորեցին Յուսուփին, եւ նա 909 թվի գարնանը արշավեց Հայաստան: Հովհաննես կաթողիկոսը, կամենալով կասեցնել թշնամու շարժումը, նվերներով գնաց Ատրպատական եւ ներկայացավ Յուսուփին: Նվերների մեջ նաեւ եկեղեցու գանձարանների իրեր կային: Հայոց հայրապետը սկզբում լավ ընդունվեց Յուսուփի կողմից, որը խոստացավ Հայոց թագավորի հետ հաշտություն հաստատել, սակայն ինչ-ինչ անձանց կողմից սադրանքի ենթարկվելով՝ տարված նվերներն ու գանձերը համարեց ոչ բավարար եւ Հովհաննեսին էլ բանտարկեց: Յուսուփին ներկայացան ընծաներով Գուրգեն եւ Գագիկ Արծրունիները, որոնցից արաբ ոստիկանը պահանջեց մասնակցել իր արշավանքին: Հայոց հայրապետը հույս ուներ, որ Գագիկը կաշխատի իրեն ազատ արձակել, սակայն վերջինս, նրան համարելով Սմբատի աջակից, այդ ուղղությամբ քայլեր չկատարեց:


Յուսուփը սկզբում արշավեց Սյունիք, որի Սմբատ իշխանը, իր մայր Շուշանին, իր կնոջը՝ Սոփիին, որը Դերենիկի դուստրն էր, եւ իր եղբայր Սահակի կնոջը Երնջակում բերդապահների պաշտպանությանը հանձնելով, անցավ Վասպուրական, իսկ նրա եղբայր Սահակը՝ Գուգարք: Նրա մյուս եղբայրներ Բաբկենը եւ Վասակը, ինչպես նաեւ Գրիգոր Սուփանը չկարողացան թշնամու առաջն առնել, եւ երկրամասն ավերվեց ու արյան բաղնիք դարձավ: Սյունիքն իրեն ենթարկելուց հետո Յուսուփն ուղեւորվեց Դվին, որին եկան ու անձնատուր եղան Գրիգոր Սուփանը եւ Վասակ Սյունին: Նրանցից առաջինը պատիվների արժանացավ, իսկ մյուսը բանտարկվեց: Արաբ ոստիկանը Սմբատից նոր հարկեր պահանջեց եւ հալածեց նրա ուժերին դեպի Կղարջք: Այս ամբողջ ընթացքում կաթողիկոսը բանտարկված էր Դվնում եւ ենթարկվում էր զանազան կտտանքների: Թշնամուն ջախջախելու վերջին փորձը, որ կատարեցին Ձկնավաճառի ճակատամարտում 910 թվին Աշոտ թագաժառանգն ու եղբայրները, ավարտվեց անհաջողությամբ՝ Սեւորդյաց գնդի դավաճանության պատճառով: Երկիրը հայտնվեց իսկական քաոսի մեջ, եւ կազմակերպված դիմադրությունը, փաստորեն, դադարեց: Յուսուփն ազատ արձակեց կաթողիկոսին, որ նա երկրում շրջի, դրամ հավաքի եւ տուրքի մնացորդը վճարի: Նա, քաղաքից քաղաք շրջելով, հասնում է Սահակ Սեւադայի մոտ, իսկ այնտեղից էլ՝ Գուգարք՝ այստեղ փրկություն որոնելով:


Ձկնավաճառի ճակատամարտի ժամանակ գերի ընկավ Սմբատի որդի Մուշեղը, որին արաբներին հանձնեցին Սեւորդյաց գնդի զինվորները, իսկ Աշոտ թագաժառանգը մի կերպ փախուստով ազատվեց: Համոզվելով, որ բյուզանդական ներխուժման վտանգ չկա, քանի որ օգնություն խոստացած Լեւոն Զ կայսրը 911-ին մահացավ, իսկ նրա եղբայր Ալեքսանդրի գլուխը խառն էր զանազան ապստամբությունների պատճառով, Յուսուփը հրաժարվեց որոշ հայ իշխաններին սիրաշահելու իր խորամանկ քաղաքականությունից եւ նրանց պարզապես ոչնչացնելու ուղղություն վերցրեց: Թունավորեցին Սյունյաց Գրիգոր Սուփան, Սմբատի որդի Մուշեղ, Սահակի որդի Սմբատ իշխաններին, որը կասկածներ հարուցեց Վասպուրականի Գագիկ թագավորի եւ Աշոտ սպարապետի մոտ: Թշնամության տեղիք չտալու համար՝ նրանք իսկական կամակատարներ դարձան: Միայն Վասակ Սյունուն հաջողվեց գիշերով բանտից փախչել եւ գնալ իր տիրույթները: Գրիգոր Սուփանի եղբայրները՝ Սահակը եւ Վասակը, իրենց մոր՝ Մարիամի հետ ապավինեցին Սեւանա կղզուն, իսկ արաբ հրոսակների հարձակման ժամանակ անցան Միափոր գավառ, այնտեղից էլ՝ Գարդմանի լեռները: Յուսուփը դրանից հետո ասպատակներ սփռեց երկրի բոլոր կողմերը՝ օգտագործելով նաեւ հայկական զորագնդերը: Այսպես Գագիկ Արծրունին ուղարկվեց Բագրեւանդ՝ գրավելու համար Վաղարշապատի ամրոցը:


912 թ. գարնանը Սմբատը վերադարձավ Շիրակ, որտեղից գնաց եւ ամրացավ Երասխաձորի կամ Արշարունյաց գավառի Կապույտ բերդում, որը հեռու չէր Կաղզվան գյուղաքաղաքից: Նա դեսպանություն ուղարկեց խալիֆի մոտ՝ հանձին Մոկաց իշխան Գրիգորի, որը կարողացավ թե՛ խալիֆին եւ թե՛ արքունիքին համոզել, որ Յուսուփի գործունեությունը վնասակար է Արաբական խալիֆայության համար, սակայն վերջինիս ողջ զորական ուժը կաշկանդված էր Արաբիայում իրենց ինքնիշխան հռչակած Կարմաթայինների եւ Եգիպտոսում հաստատված Ֆաթիմյանների ուժերի կողմից, ուստի Սմբատն իրական որեւէ օգնություն չստացավ: Սմբատը դեռ հույս ուներ ժողովրդին միավորել եւ թշնամուն կանոնավոր դիմադրություն ցույց տալ, սակայն նրա ձեռնարկները հաջողությամբ չպսակվեցին, քանի որ ստիպված եղավ մինչ այդ լավ ժամանակները հանձնվել թշնամուն: Իսկ մինչ այդ անգամ Գագիկ Արծրունին եւ նրա եղբայր Գուրգենը, ահաբեկված Յուսուփի խարդավանքներից եւ անհանգստանալով իրենց կյանքի համար, որոշեցին հեռանալ արաբ ոստիկանից եւ այդ մասին գաղտնի տեղյակ պահեցին Սմբատ արքային, որն այլեւս նրանց չէր վստահում:


913 թվին թշնամին պաշարեց Կապույտ բերդը եւ հայկական զորագնդերով փորձեց տիրել դրան: Բերդը հաջողությամբ դիմադրում էր, եւ այդ ընթացքում հայկական զորամասերը կռվում էին բերդապահ կայազորի դեմ՝ ունենալով երկկողմանի մեծ կորուստներ: Այս ամենը տեսնելով՝ Սմբատը կարգադրեց պաշտպանությունը դադարեցնել եւ հանձնվեց Յուսուփին: Թագավորին Յուսուփը սկզբում լավ ընդունեց, սակայն նպատակը միայն մեկն էր, թե Հայոց արքան պահեստում էլ ի՞նչ ունի: Հետո նա, գերիներին առած, շարժվեց Շիրակ՝ իր առջեւ խնդիր դնելով տիրանալ թագավորության մայրաքաղաքին: Նա կամեցավ անգամ Հայոց թագավորությունը հանձնել Գագիկ Արծրունուն, սակայն վերջինս արաբ ոստիկանի նկատմամբ խորապես կորցրել էր վստահությունը եւ հարմար պահ ընտրելով՝ փախավ Վասպուրական՝ վստահելով իր նժույգի արագությանը:


Յուսուփը, իր անձնական ատելությունը Սմբատի նկատմամբ հագուրդ տալու համար, նրան շղթայակապ բանտ նետեց: Հետո, երբ նա գնաց Երնջակ ամրոցը գրավելու, որը համառ դիմադրում էր թշնամուն, արաբ ոստիկանն իր հետ վերցրեց Սմբատին՝ պարտադրելով Հայոց արքային կարգադրել բերդը հանձնել: Բանտային պայմաններից եւ կտտանքներից թուլացած Սմբատին գանահարելով՝ օրեր շարունակ դուրս բերեցին բերդի պարիսպների տակ, եւ Յուսուփը մշտապես կարգադրում էր, որ նա հրամայի բերդը հանձնել: Սակայն Հայոց արքան դա չկատարեց, գլխատվեց Յուսուփի հրամանով՝ ձեռք բերելով նահատակի անուն: Նրա դիակն ուղարկվեց Դվին եւ խաչվեց բեւեռակապ փայտի վրա: Սմբատ արքան իր մահկանացուն կնքեց 362 թվին, չնայած սկզբնաղբյուրներում պահպանվել են 363 եւ անգամ 364 թվականները: 362 թվականը համապատասխանում է 914 թվին: Հովհաննես կաթողիկոսը հատուկ տոն սահմանեց Սմբատի նահատակության առիթով:


Երկար պաշարումից հետո ընկավ Երնջակի անառիկ բերդը: Բերդապահներին ոչնչացրին, իսկ իշխանազուն կանանց գերի վերցրին, որոնց պահում էին ծանր պայմաններում: Հայաստանն ապրեց անիշխանության յոթ երկար տարիներ: Մի կողմից կարծես Յուսուփը տիրել էր Հայաստանին, սակայն մյուս կողմից հայ իշխանների մեծ մասը, փաստորեն, նրան չէր ենթարկվում: Ամրացած իրենց բերդերում՝ նրանք մանր զորամասերով ասպատակում էին միմյանց տիրույթները, իսկ հարմար պահերին ոչնչացնում էին Յուսուփի թողած զորամասերը: Վերջինս էլ իր հերթին նրանց դեմ մեծ ուժեր դուրս բերեց եւ նրանց պատժելու անվան տակ կողոպտում էր ու հալածում անզեն ժողովրդին: Փորձում էր շատ երիտասարդների բռնությամբ իսլամացնել, բայց մեծ մասամբ չէր հաջողում, քանի որ նրանց մեծ մասը գերադասում էր նահատակվել, քան թե մահմեդականանալ: Հինգ տարի Հայաստանում գտնվելուց հետո Յուսուփը վերդարձավ Ատրպատական եւ փորձեց երկիրը կառավարել տեղապահների ձեռքով: Սակայն այս ամենը երկրում ծնեց անհաշտ պայքար օտար զավթիչների դեմ:


Առաջինը թշնամու դեմ պայքար սկսեց Աշոտ թագաժառանգը, որն արաբների դեմ մղած իր խիզախ կռիվների համար ստացավ Աշոտ Երկաթ անունը: Նրան միացավ նրա եղբայր Աբասը, եւ Սմբատի որդիները, մտնելով Շիրակ, անխնա պայքար սկսեցին թշնամու դեմ՝ կոտորելով արաբների ջոկատներն ու գրավելով նրանց հենակետերը: Շուտով Աշոտ Երկաթը հայտնվեց Բագրեւանդում, որտեղ նա, արաբների առաջնորդներին տիկ հանելով, կախեց Վաղարշակերտի պարիսպներից եւ այնուհետեւ մեծ արագությամբ կրկին հայտնվելով Շիրակում՝ ոչնչացրեց մնացածներին: Նա հաղթական երթով, անցնելով Գուգարքով, հասավ մինչեւ Տփղիս՝ ամենուրեք ջարդ տալով արաբական հրոսակներին:


Գերի ընկած հագարացիներին (իմա՛ արաբներին) նա փոխանակում էր գերի ընկած քրիստոնյաների հետ: Ետ գալով Տաշիր գավառ եւ տեղեկանալով Աղստեւի ձորում արաբական զորքերի հայտնվելու մասին՝ նա անակնկալ հարձակվեց թշնամու վրա եւ ետ վերադարձրեց նրա վերցրած ավարը: Շուտով նա իրեն ենթարկեց Երասխաձորը կամ Արշարունիքը, որտեղ Սմբատ Ա-ն գերի էր ընկել արաբների ձեռքը, եւ կրկին հայտնվեց հյուսիսում՝ մի որոշ ժամանակ դադար առնելով Ափխազաց իշխան Գուրգենի մոտ: Աբասը, որ միշտ նրա հետ էր, կնության վերցրեց Գուրգենի դստերը: Շատ շուտով Աշոտ Երկաթը դարձավ թե՛ իշխանների եւ թե՛ ժողովրդի սիրելին, եւ իշխաններն Ատրներսեհի գլխավորությամբ գահ բարձրացրին օրինական թագաժառանգին: Ըստ որում, դա արվեց առանց ամիրապետի կամ խալիֆի հաստատման: Ազատագրական շարժումը տարածվեց ամբողջ երկրով մեկ: Այն մեծ թափ ստացավ Սյունիքում: Իրեն թագավոր հռչակած Գագիկ Արծրունին եւ նրա եղբայր Գուրգենն այժմ պատրաստ էին համագործակցել Աշոտ Երկաթի հետ եւ կռիվներ էին մղում Յուսուփի կողմից իրենց դեմ ուղարկված զորամասերի դեմ: Սկզբում անհաջողություններ կրելով՝ Արծրունյաց եղբայրներն ապավինեցին Մոկքի եւ Կորդվաց (հավանաբար՝ Կորդրյաց) լեռներին: Հայոց թագին աչք դրած միայն Աշոտ սպարապետն էր՝ Շապուհի որդին եւ Ափշինի աներձագը, որ շարունակում էր համագործակցել Յուսուփի հետ:


Համաժողովրդական պայքարի ընթացքում աչքի ընկան շատ նահատակներ, որոնցից հիշատակության արժանի են Միքայել Գուգարացին, Դավիթ եւ Գուրգեն Գնունի եղբայրները եւ շատ ուրիշներ, որոնց համար կաթողիկոսը մարերի ամսի 27-ը հիշատակի օր սահմանեց: Ցավոք, տոնացույցները հիշյալ մարտիրոսների տոնը չեն նշում, իսկ «Յայսմաւուրք»-ում կա միայն Գնունի եղբայրների հիշատակի օրը՝ մարերի 20-ին կամ մայիսի 27-ին, ինչը շարժական տոմարով իրականում ընկնելու էր հունվարի 25-ին: Մարտիրոսների ցուցակի մեջ պետք է առնել նաեւ Գեւորգ եւ Արվես Սեւորդ եղբայրներին եւ Արցախի իշխաններին:
Երկարատեւ պատերազմը, երկրի ավերածությունն ու բնակչության կոտորածները, կլիմայական հանկարծահաս փոփոխությունները, որի հետեւանքով նորմալ երկրագործական աշխատանքները գրեթե անհնարին դարձան, առաջ բերեցին սով, որի հետեւանքով հասարակ բնակիչները գունատ դիակներ էին հիշեցնում, իսկ հարուստները, զրկվելով եկամուտներից, աղքատացան: Մարդիկ ամեն տեսակի բանջար էին ուտում եւ սովահար վիճակում՝ անգամ իրենց երեխաներին թշնամուն էին վաճառում: Դիակներն անթաղ էին մնում՝ սովի եւ թշնամու հարձակումների պատճառով եւ նեխելով՝ տարբեր համաճարակների աղբյուր էին դառնում: Գիշակեր գազանները եւ գիշատիչ թռչունները հարձակվում էին անգամ կիսամեռ սովահար մարդկանց վրա: Վիճակը ծանր էր ոչ միայն Հայաստանում, այլեւ հարեւան երկրներում՝ կայսրության արեւելյան պրովինցիաներում, Եգերացվոց աշխարհում եւ Կովկասյան լեռնականների շրջանում, որտեղ ավազակները, պատեհ առիթ գտնելով, հարձակվում էին եկեղեցիների, վանքերի եւ քաղաքների վրա ու ավարի առնում դրանք:


Բյուզանդական արքունիքը, որ ուշադիր հետեւում էր Հայաստանում կատարվող իրադարձություններին, հասկանում էր, որ այս իրադրության մեջ հայտնված երկիրը հակվելու է դեպի կայսրությունը, ուստի հանձնարարեց պատրիարքին սիրո եւ հորդորանքի նամակ ուղարկել Հայոց կաթողիկոսին եւ հարաբերություններ հաստատելու սկիզբը դնել: Նիկողայոս Ա պատրիարքը, որ 910-ին երկրորդ անգամ աթոռակալել էր, մոտավորապես 918 թվին ուղարկեց իր այդ թուղթը, որտեղ դավանաբանական խնդիրներ չէին հարուցվում: Ավելին. հայոց, վրաց եւ աղվանից հավատացյալ ժողովուրդն ամբողջությամբ դիտվում էր որպես Հայոց կաթողիկոսի հոտը: Սա շատ կարեւոր տեղեկություն էր, որով պարզ է դառնում, որ քաղկեդոնիկ վրացիներն այդ ժամանակ, կապված հայ Բագրատունիներին ենթարկվելու հետ, անգամ դավանական առումով շատ էլ կայսրության հետ կապված չէին: Պատրիարքը ցավ էր հայտնում կատարվածի համար, որն իշխանների երկպառակության հետեւանք էր, եւ խորհուրդ էր տալիս կաթողիկոսին համախմբել հայ իշխաններին, Վրաց թագավորին եւ Ափխազաց իշխանին: Խոստանում էր, որ հայ իշխանների միաբանվելու դեպքում կայսր Կոստանդին Է Ծիրանածինն օգնական զորք կուղարկի:


Հովհաննես Դրասխանակերտցին, պատրիարքի նամակն ստանալով, այցը համարեց փրկության դուռ, ուստի կարողացավ համոզել Ատրներսեհին, որ նա միաբանության գործի գլուխ անցնի: Սակայն վիճակը ծանր էր, քանի որ Սմբատ Սյունին չէր համարձակվում դուրս գալ իր լեռնաստանից, Գագիկ եւ Գուրգեն Արծրունիները մի կերպ պաշտպանական կռիվներ էին մղում Մոկքի եւ Կորդրյաց (բնագրում՝ Կորդրիքի) կողմերում, իսկ Աշոտ Երկաթը փորձում էր իր արագահաս հարձակումներով հարվածել թշնամուն: Ինչ վերաբերում է Աշոտ Շապուհյան սպարապետին, ապա նա չէր հեռանում Յուսուփի մոտից: Կաթողիկոսը ժամանեց Տարոն եւ պատասխան ուղարկեց Կոստանդին կայսերը՝ ծանուցելով իրերի վիճակը: Նամակում նա իրեն անվանում է «Յովհաննէս Հայոց Մեծաց նուաստ կաթողիկոս»: Հարգանքով խոսելով դիմացինի մասին՝ նա հավուր պատշաճի բարձրացնում է Հայոց Եկեղեցին: Խուսափելով դավանաբանական խնդիրներ շոշափելուց՝ նա օգնություն է խնդրում կայսրից եւ քաղաքական միություն կազմելու առաջարկ անում: Ներկայացնելով երկրի եւ ժողովրդի վիճակը, թագավորի նահատակությունը, անիշխանական վիճակը եւ իր փախստական կացությունը՝ նա կայսրին հորդորում է արշավել Հայաստան եւ հայերի վրեժը լուծել իրենց թշնամիներից: Նա պատրաստ է Հայաստանը տեսնել կայսրության կազմում, ինչպես Իտալիան էր կամ Ասիան, չնայած չի բացառվում, որ այդ ամենը կայսերական արքունիքը շահագրգռելու միջոց էր, եւ դրանից կարելի էր ետ կանգնել, երբ բյուզանդական օգնությամբ երկիրը դուրս կգար քաոսից:


Բյուզանդական կայսրը, ստանալով նամակը, կաթողիկոսին եւ թագավոր հռչակված Աշոտ Երկաթին հրավիրեց Կոստանդնուպոլիս՝ ստեղծված խնդիրները քննելու համար: Հրավերը Հայաստան բերեց Թեոդորոս Վասիլիկոս կամ Բասիլիկոս անունով մի պաշտոնյա, որը սկզբում ժամանեց Տարոն եւ հանդիպեց կաթողիկոսին, իսկ այնուհետեւ մեկնեց Շիրակ՝ Աշոտ Երկաթին տեսնելու: Աշոտն անմիջապես մեկնեց Կոստանդնուպոլիս, իսկ կաթողիկոսը, վախենալով դավանաբանական պահանջներից, չէր շտապում հայտնվել կայսերական մայրաքաղաքում՝ հույս ունենալով, որ մինչեւ իր տեղ հասնելը՝ Աշոտ Երկաթը քաղաքական խնդիրները կլուծի: Դանդաղ շարժվելով արեւմուտք՝ կաթողիկոսը հասավ Դերջան, որտեղ մնաց մի ամսվա չափ՝ մշտապես հրավերներ ստանալով այցելելու կայսեր պալատը: Դերջանում հայոց հայրապետն այցելում է Գրիգոր Լուսավորչի անվան հետ կապված սրբավայրերը, Սեպուհ լեռը, Մանյաց այրքը, Լուսավորչի աղբյուրը, նշխարների գտնվելու վայրը, Թորդանում՝ Լուսավորչի գերեզմանը, այդ կողմերում հաստատված ճգնակյացներին եւ ինն ամիս անց հայ իշխանների հրավերով վերադառնում է Հայոց թագավորության տարածքը:


Գալով Հայոց թագավորություն՝ կաթողիկոսն այն գտավ նույն վիճակի մեջ: Յուսուփն արշավել էր Վասպուրական, եւ Արծրունյաց իշխանները երկամսյա ծանր կռիվներից հետո կարողացել էին նրա զորքերը ետ մղել: Յուսուփը ստիպված էր եղել քաշվել Ատրպատական՝ իր հետ տանելով Աշոտ սպարապետին, նրա մորն ու երկու քույրերին՝ որպես պատանդ: Գագիկ Արծրունին կարողացավ վերականգնել իր տիրույթների մեծ մասը՝ գրավելով նաեւ Կոգովիտն ու Բագրեւանդը, իսկ Կոստանդնուպոլսում գտնվող Աշոտ Երկաթը փորձեց օգնական ուժ ստանալ կայսրից եւ գալ ու տիրանալ իր թագավորությանը: Ռոմանոս Լեկապենոս կայսրը, որ ազգությամբ հայ էր, Հայոց թագավորին օգնական զորք տվեց, եւ Յուսուփը, որ այլեւս ի վիճակի չէր կռվելու հայ-բյուզանդական միության ուժերի դեմ, Աշոտ սպարապետին թագավոր հռչակեց՝ Աշոտ Երկաթին հակադրվելու համար: Երկրում վիճակն էլ ավելի ապակայունացնելու համար՝ նա ընծաներ ու պատիվներ ուղարկեց նաեւ Գագիկ Արծրունուն՝ որպես Հայոց թագավորի: Նպատակը նրանց իրար դեմ հանելն էր եւ երկպառակտչական պատերազմը բորբոքելը: Աշոտ Երկաթի դեմ հատկապես կտրուկ էր հանդես գալիս Աշոտ սպարապետը կամ Բռնավորը: Սյունյաց իշխանները բռնեցին Աշոտ Երկաթի կողմը, սակայն գործը պատերազմի չհասավ, քանի որ կաթողիկոսին հաջողվեց երկու Աշոտներին համոզել, որ Աշոտ Երկաթն իշխի Շիրակավանում եւ շրջակա տարածքներում, իսկ Աշոտ Շապուհյանը՝ Դվնում եւ շրջակայքում: Նրանց հաշտությունը կայացավ 921 թվին:


Այսուհանդերձ, ավատատիրական գզվռտուքը երկրում, թեկուզեւ ոչ մեծ չափերով, շարունակվեց: Աշոտ Երկաթը ջախջախեց Վասակ եւ Աշոտ Գնթունիներին, որոնք փորձեցին ինքնագլուխ դառնալ Գուգարքում: Այնուհետեւ նա արշավեց Աշոտ Շապուհյանի դեմ, որը փորձել էր տիրանալ նրա տիրույթներին եւ գրավել էր Վաղարշապատը: Վաղարշապատը ետ վերադարձվեց, իսկ կաթողիկոսը փորձեց նրանց կրկին հաշտեցնել, բայց չհաջողվեց: Կռիվները նրանց միջեւ շարունակվեցին բավական երկար: Աշոտ Երկաթը, ամուսնանալով Գարդմանից Սահակ Սեւադա իշխանի դստեր հետ, աներոջից օգնական զորք ստանալով, շարժվում է Դվնի դեմ, բայց աներձագի՝ Գրիգոր Սեւադայի խարդավանքների պատճառով հաջողության չի հասնում: Կաթողիկոսին մի կերպ հաջողվում է նրանց հաշտեցնել, երբ Աշոտ Երկաթը, օգնական ուժեր ստանալով Գուգարաց Գուրգեն իշխանից, նորից արշավում է Դվին: Հայոց թագավորի դեմ ապստամբած Մովսես իշխանը ձերբակալվեց եւ կուրացվեց, իսկ Գուգարաց Գուրգեն իշխանը եւ Աբաս արքաեղբայրը դավադրություն կազմեցին թագավորի դեմ: Դավադրությունը ձախողվեց, սակայն եղբայրները թշնամացան: Փոխադարձ անվստահությունն ու կասկածամտությունը կարծես տիրել էին բոլորին:


Աշոտ Երկաթը, կասկածելով Վասակ Սյունուն՝ Աշոտ Շապուհյանին հարելու մեջ, նրան բանտ նետեց: Գժտվեցին Հայոց թագարվորն ու նրա աները, եւ գործն անգամ պատերազմի հասավ, սակայն մեծամեծ իշխանների միջնորդությամբ հաշտություն կայացավ: Հայոց արքան, կասկածելով Շապուհյան Աշոտին Սահակ Սեւադային համակիր լինելու մեջ, ետ դառնալիս հարված հասցրեց Դվնին: Հետո Ատրներսեհի հետ արշավեց Գուգարաց Գուրգենի դեմ, որին օգնում էին Աբաս արքաեղբայրը եւ Աշոտ Շապուհյանը: Այդ ընթացքում Սահակ Սեւադան արշավեց Աշոտ Բ-ի տիրույթների վրա եւ Կայան բերդին տիրանալով՝ ազատ արձակեց Վասակ Սյունուն: Այժմ պատերազմ բռնկվեց Սահակ Սեւադայի եւ թագավորի միջեւ, որի ժամանակ Գարդմանից իշխանը եւ նրա որդի Գրիգորը գերի ընկնելով կոտորվեցին: Պատմիչի խոսքերով՝ Աշոտ Երկաթը, Սահակ Սեւադայի հետ կնքած հաշտության իր գիրը կապելով իր առջեւից տարվող խաչին, հայտարարել էր, որ թող Աստված իրավադատ լինի. եթե ինքն է մեղավոր, թող վնասվի, եթե Սահակ Սեւադան՝ թող պատժվի:


Կաթողիկոսն Աշոտ Երկաթին մեղադրում է, թե այս գործերն անելով՝ նա բոլորի սրտերում անվստահություն ծնեց: Նրան դուր չի գալիս, որ Հայոց թագավորն իրեն շահանշահ, այսինքն՝ արքայից արքա է կոչում, քանի որ իրեն բարձր է դասում երկրում հանդես եկած մյուս թագավորներից: Այդ պատճառով էլ նրան կոչում է «անվանեալ» կամ «կոչեցեալ» շահանշահ: Եվ ընդհակառակը, Գագիկ Արծրունին, որ նրա կողմից նախկինում անվանվում էր «թագակերպեալ» կամ «թագաւորեցեալ», սկսում է դրական գնահատվել: Վերջինս խալիֆից ճանաչվել էր Հայոց թագավոր՝ առաջ բերելով Յուսուփի վրդովմունքը, որը դրան որպես պատասխան՝ արքայական թագ ուղարկեց Աշոտ Երկաթին: Ավելին. նա բանտից ազատեց նաեւ իշխանազուն տիկիններին եւ վերադարձրեց Հայաստան:


Ըստ երեւույթին, հաջողությունները Յուսոփի մոտ գլխապտույտ էին առաջացրել, եւ նա, իրեն ուժեղ զգալով, ապստամբեց խալիֆի դեմ: Չնայած առաջին երկու անհաջող արշավանքին՝ ի վերջո խալիֆի զորքերը հաղթեցին Յուսուփին, նրան ձերբակալեցին: Գերեվարված ոստիկանը շղթայակապ բանտ նետվեց՝ ենթարկվելով գանահարության ու զանազան կտտանքների: Ատրպատականի ոստիկանությունը հանձնվեց Սբուքին, որը Յուսուփի օգնականներից էր եղել: Նա Աշոտ Երկաթի հետ խաղաղություն հաստատեց եւ պատրաստվեց հարձակվելու Գագիկ Արծրունու տիրույթների վրա: Սակայն վերջինս կարողացավ բարեկամություն հաստատել Սբուքի հետ եւ ձեռնամուխ լինել իր թագավորության վերաշինությանը: Այդ ժամանակ է, որ կառուցվեցին Աղթամարի նշանավոր եկեղեցին եւ արքունի պալատը Աղթամար կղզում: Եկեղեցին կառուցվեց Մանվել ճարտարապետի կողմից:


Մինչ Վասպուրականը խաղաղություն էր վայելում, վիճակը խռովվեց Աշոտ Բ-ի տիրույթներում: Հայոց շահանշահի դեմ դուրս եկավ կրկին Վասակ Գնթունին, որը տիրում էր Շամշուլտեի բերդին: Աշոտ Երկաթը նրան հաղթեց, սակայն անմիջապես պայքար սկսվեց նրա եւ Աշոտ Շապուհյանի միջեւ: Երկամյա պայքարից հետո նրանք կաթողիկոսի միջնորդությամբ հաշտվեցին եւ մեծ խրախճանքով նշեցին այդ Դվնում: Այդ ընթացքում նրա դեմ հանդես եկավ Ուտիքում կառավարիչ նշանակված Ցլիկ Ամրամը, որը լուր առնելով Հայոց թագավորի զորքերի մոտենալու մասին՝ փախուստի դիմեց: Աշոտ Երկաթը դրանից հետո ուղեւորվեց Եգերացվոց աշխարհ եւ ետդարձի ժամանակ Կուր գետի մոտակայքում գտնվող անտառախիտ մայրիներում ընկավ Ցլիկ Ամրամի գնդերի թակարդը: Նա մի կերպ դուրս պրծավ թակարդից եւ ապաստան գտավ Կաքավաքար ամրոցում, իսկ նրան ուղեկցող զորամասերը ոչնչացան: Հայոց արքան հայտնվեց հուսահատական կացության մեջ՝ մտածելով, որ բախտը երես է թեքել իրենից:


Արաբական խալիֆայությունը Մըքթատիր-Պիլլահի ամիրապետության շրջանում մշտապես բռնկված էր ապստամբություններով: Մյուս կողմից՝ անապատի արաբները կամ կարմաթացիք կոչվող քոչվոր ցեղերը եւ Թուրքաստանի մարդամբոխ սրիկաներն անգամ սպառնում էին մայրաքաղաք Բաղդադին: Դրանց զսպելու համար հարմար զորավարներ չկային, ուստի խալիֆը հարմար գտավ Յուսուփին բանտից ազատել եւ նրան հանձնարարել թուրքական ցեղերի դեմ պատերազմելու գործը: Յուսուփը, ինչպես ենթադրում է Մ. Օրմանյանը, ազատ արձակվեց, հավանաբար, 926 թվին, եւ նրա առաջին քայլերից մեկը եղավ Վասպուրականի դեմ արշավելը: Սակայն Գագիկ Արծրունուն հաջողվեց մեծ ընծաներով հաշտվել Յուսուփի հետ: Դրանից հետո Յուսուփը մեկնեց Ատրպատական եւ Հայաստան ուղարկեց որպես ոստիկան Նսր Սբուքին: Սա նույն Սբուքը չէ, որ հաջորդել էր Յուսուփին: Աշոտ Երկաթի հետ խաղաղություն հաստատած Սբուք ոստիկանը մահացել էր Արդաբիլում, եւ նրա հարստություններն ընկել էին Յուսուփի ձեռքը:


Նսրը, մուտք գործելով Հայաստան, ձերբակալում է իրեն ընծաներով ներկայացած Բաբկեն Սյունուն, որը կամենում էր տիրել Սիսականի իշխանությանը, եւ Սահակ Սյունուն, որոնց բանտարկում է Դվնում՝ պահանջելով ծանր փրկագին: Կաթողիկոսն այդ ժամանակ գտնվում էր Գեղարդավանքում կամ Այրիվանքում: Իմանալով կատարվածի մասին՝ նա, խորապես ազդված արեւի խավարումից, հեռացավ վանքից դեպի լեռնային վայրերը եւ այնտեղից էլ իջնելով Գեղամա լճի ափերը՝ հաստատվեց Սեւանա կղզում: Չորս օր անց որոշում է բանակցել Նսրի հետ եւ այդ մտադրությամբ գալիս է Բյուրականի իր ձեռակերտ ամրոցը: Նա նամակ է ուղարկում Նսրին՝ պատճառաբանելով իր հեռանալը ահաբեկիչ լուրերով եւ ցանկություն հայտնում վերադառնալու Դվին: Նսրը համաձայնվում է, սակայն մի մահմեդական կրոնավոր նրան խորհուրդ է տալիս կաթողիկոսին ձերբակալել եւ նրա ունեցվածքը բռնագրավել: Արաբական զորամասը, որ ուղարկվել էր Այրիվանք, ավերում եւ կողոպտում է այն, կոտորում վանականներին, իսկ կաթողիկոսը, իմանալով այդ մասին, հեռանում է Բյուրականից Բագարան, որտեղ իշխում էր Աշոտ Շապուհյանը, իսկ Աշոտ Երկաթը՝ հոգեկան ծանր վիճակում, գալիս հաստատվում է Սեւանա կղզում:


Կաթողիկոսի հեռանալուց հետո հարձակման ենթարկվեց նաեւ Բյուրականը, որը մի շարք հարձակումներից հետո դավաճանության պատճառով ընկավ թշնամու ձեռքը: Բյուրականի բնակիչները եւ պաշտպանները կոտորվեցին անողորմ, կանայք եւ պատանիները գերեվարվեցին, ամրոցը, եկեղեցին եւ բնակչության ունեցվածքը կողոպտվեցին: Թշնամու բիրտ սրին զոհ գնացին Սահակ եպիսկոպոսը, Մովսես, Սարգիս եւ Դավիթ քահանաները, որոնք եղբայրներ էին, Սահակ կրոնավորը, Սողոմոն Սագաստանցի ճգնավորը եւ Թեոդորոս սարկավագը, ինչպես նաեւ երկու հարյուր բյուրականցիներ: Գերիների մեջ կային մահմեդական մշակներ, որոնք ազատ արձակվեցին: Նրանք առաջարկում էին հայերին խառնվել իրենց եւ խուսափել մահից, սակայն քրիստոնյաները չհամաձայնվեցին: Երբ գերիներին եւ ավարը բերեցին Նսրին, նա կարգադրեց նրանց ազատ արձակել, իսկ նրանց, ովքեր մատնել էին ամրոցը, սպանել: Միայն երկու բյուրականցիներ՝ Կիրակոս զինվորը եւ Կիրակոս մշակը, գլխատվեցին մահմեդականություն չընդունելու համար: Բյուրականի եղեռնագործությունը եղավ ահեկան ամսի 10-ին, իսկ երկու Կիրակոսների վկայությունը՝ նույն ամսի 17-ին:


Շուտով Նսրը Յուսուփի հրամանով կանչվեց Ատրպատական, եւ նա, իրեն փոխանորդ թողնելով Բշր կամ Բաշիր անունով մեկին, մեկնեց Ատրպատական՝ Յուսուփի դեմ բռնկված ապստամբությունը ճնշելու: Բշրն էլ իր հերթին արշավում է Աշոտ Երկաթի դեմ եւ չկարողանալով ոչինչ ձեռնարկել կղզում ամրացած Հայոց թագավորի դեմ՝ ասպատակում է Սեւանա լճի շրջակայքը: Սակայն ժողովրդական պատերազմը ծնեց նոր հերոսներ, որոնցից էր Գեւորգ իշխանը, որին, մեզ անհայտ պատճառներով, Մ. Չամչյանը Մարզպետունի է կոչում: Նա, մի խումբ քաջերի գլուխ անցած, իրար հետեւից հարվածներ է հասցնում Բշրին՝ հատկապես Քեղա ամրոցի պաշարման ժամանակ: Իր հերթին խիզախության անօրինակ քայլ կատարեց նաեւ Աշոտ Երկաթը, որը ծովամարտում խայտառակ պարտության մատնեց Բշրի զորամասերին: Կրկին Հայաստանում հայտնվեց Նսրը, որը կամենում էր արշավել Սյունիքի վրա, սակայն ընծաներ ստանալով՝ հաշտություն կնքեց: Բաբկեն եւ Սահակ Սյունիների համար փրկագին ստանալով՝ նա ազատ է արձակում եւ նրանց:


Հայոց կաթողիկոսը, որ երկար ժամանակ հաստատվել էր Բագարանում, կամենում էր վերադառնալ Դվնի հայրապետանոց, սակայն այլեւս հույսը կորցնելով եւ առաջացած տարիքը հաշվի առնելով, անսալով Գագիկ Արծրունու առաջարկներին՝ գնալու ու հաստատվելու Վասպուրականում, ի վերջո տեղափոխվեց նրա մոտ՝ ստանալով Շապուհյան Աշոտի համաձայնությունը: Տեղափոխության համար էական դեր կատարեց այն հանգամանքը, որ Նսրի վերադարձով կաթողիկոսը լրիվ կորցրեց հայրապետանոց վերադառնալու իր հույսերը: Շատ չանցած՝ նա Վասպուրականում էլ մահացավ եւ թաղվեց Ձ&