ՍՏԵՓԱՆՈՍ Դ ՀՌՈՄԿԼԱՅԵՑԻ

ՍՏԵՓԱՆՈՍ Դ ՀՌՈՄԿԼԱՅԵՑԻ

(1290-1293)
 

Կոստանդին Բ Կատուկեցու հրաժարականով կաթողիկոսարանում ուժեղացավ Գրիգոր Անավարզեցու թեւը: Գրիգոր Անավարզեցուն փորձել էին կաթողիկոս դարձնել 1286 թվին, սակայն Լեւոնը դա խափանեց: Այժմ էլ կուզենային նրան կաթողիկոսական աթոռ բարձրացնել, սակայն վախ կար, որ բուն Հայաստանի եպիսկոպոսները դա շատ վատ կընդունեն, առավել եւս, որ Ստեփանոս Սկեւռացու պատգամավորությունը վատ էր ընդունվել: Կաթողիկոսական աթոռ բարձրացավ ոմն Ստեփանոս անապատականը: Վերջինս ընտրվեց 1290 թվականի սկզբներին: Նա սերում էր Եկեղյաց գավառի Խախ գյուղից, սակայն վաղուց հաստատվել էր Հռոմկլայի կաթողիկոսարանում, որի պատճառով հայտնի է Հռոմկլայեցի մականունով: Երբեմն հիշատակվում է նաեւ Հռոմեացի կամ Կլայեցի անուններով: Սկզբնաղբյուրներում նա հայտնի է որպես լավ մարդ եւ լի բոլոր առաքինություններով: Ստեփանոսը կաթողիկոս դարձավ ոչ այնքան իր առաքինությունների, որքան իր ապիկարության պատճառով: Ինչպես եւ պետք է սպասել, փաստական իշխանությունը գտնվում էր Գրիգոր Անավարզեցու ձեռքում: Վերջինս, Հեթում թագավորի հետ ձեռք ձեռքի տված, երկրում լոկ ուժեղացնում էր լատինամոլ ուղղությունը: Կաթողիկոսին ընտրեցին դեռ մինչեւ Ստեփանոս Սկեւռացու պատգամավորության վերադարձը, ինչը հավաստում է այն մասին, որ լատինամոլ թագավորն ու Գրիգոր Անավարզեցի եպիսկոպոսը կազմակերպել էին հայրապետական ընտրություններն առանց արեւելյան եպիսկոպոսների մասնակցության:


Ստեփանոս Դ Հռոմկլայեցի կաթողիկոսը ոչնչով աչքի չընկավ: Նա շարունակում էր իր անապատական կացությունը Հռոմկլայում, իսկ եկեղեցական հիմնական գործերը վճռվում էին Սսում՝ Գրիգոր Անավարզեցու գլխավորությամբ: Առանց այդ նա շատ կարճ հովվապետեց: Եգիպտոսի սուլթանները վճռական պայքար էին սկսել խաչակրաց իշանությունների դեմ, որոնք Երուսաղեմից հետո կորցրեցին Անտիոքը եւ շարունակում էին պահել Տրիպոլիսն իր շրջակա տարածքներով ու քաղաքներով, որոնցից նշանավոր էին Պտղոմայիսը, Տյուրոսը, Սիդոնը եւ Բերիթը: Սակայն 1289 թվին գրավվեց Տրիպոլիսը՝ Ելչի-Կումանի կողմից եւ ենթարկվեց ահավոր ավերածության: Խաչակիրները կենտրոնացան Պտղոմայիսում: Աշրաֆ սուլթանը 1291 թվին արշավեց Պտղոմայիս, որտեղ կենտրոնացած էին Երուսաղեմի եւ Անտիոքի խաչակիրները եւ Տաճարականների, Հյուրընկալների ու Տեւտոնական միաբանությունները՝ իրենց հրամանատարների հետ: Թշնամին գրավեց նաեւ Պտղոմայիսը, իսկ խաչակիրներն առանց կռվի թողեցին իրենց տիրույթները Տյուրոսում, Սիդոնում եւ Բերիթում: Միջերկրական ծովի հյուսիսարեւելյան շրջանում պահպանվեց միայն Կիլիկիայի հայկական թագավորությունը, որը եւ սկսեց ենթարկվել եգիպտական բանակների հարձակմանը: Հայերը եգիպտացիների աչքում համարվում էին լատինական իշխանության կրողներ, քանի որ կրոնական եւ խնամական կապերով սերտորեն կապված էին խաչակիրների հետ: Հայոց թագավորության համար սկսվեցին մաքառումի մի քանի տասնամյակներ: Հայերի լատինասեր եւ լատինամոլ քաղաքականությունը միայն գրգռեց եգիպտացիներին, որոնք իրենց առաջ խնդիր դրեցին վերջ տալ դեպի Արեւմուտք ձգտող Հայոց թագավորությանը:


Բուն Հայաստանում Օրբելյանների վարած ճկուն քաղաքականության շնորհիվ քիչ թե շատ տանելի վիճակ էր տիրում: Էլիկումը երկու զավակ էր ունեցել՝ Բուրթելին եւ Բուղտային, իսկ նրա դուստրն ամուսնացել էր Էաչի Պռոշյանի հետ: Լիպարիտն ունեցել էր հինգ զավակ, որոնցից ավագը՝ Սմբատը, փեսայացել էր Սադունյաններին, իսկ երկրորդն աշակերտում էր Ստեփանոս Օրբելյանին: Այս վիճակը շատ բանով պայմանավորված էր Արղուն խանի բարեհաճ վերաբերմունքով դեպի իր հայ վասալները: Վիճակը փոխվեց Արղունի որդու՝ Ղազան խանի օրոք, որը հարում էր մահմեդականներին: Հալածանքները քրիստոնյաների նկատմամբ դարձան սովորական, իսկ կաշառքը՝ օրինականացված երեւույթ: Սակայն Ղազանը լավ էր հասկանում քրիստոնյաների դերն իր տերության համար, ուստի գահի վրա ամրապնդվելուց հետո մեղմացրեց իր վերաբերմունքը քրիստոնյաների նկատմամբ:


Վերաբերմունքի փոփոխության հարցում հայերն էլ դեր խաղացին: Դեպի մոնղոլ խանը փութաց Ստեփանոս Օրբելյանը՝ շնորհավորելու համար, եւ արժանացավ մեծ պատիվների: Ղազան խանը նրան իրավունք շնորհեց շրջել՝ առջեւում բարձրացված խաչ ունենալով, ոսկե բալիշ նվիրեց: Հայ-մոնղոլական հարաբերությունների կարգավորման հարցում որոշակի մասնակցություն ունեցավ նաեւ Հեթում թագավորը, որը գնացել էր մոնղոլական արքունիք՝ շնորհավորելու Պայտունին, սակայն որոշ ժամանակ անց ստիպված էր շնորհավորել Ղազան խանին: Ասվում է, որ Ղազան խանը նույնիսկ հեգնել է, թե Հեթումը եկել է ոչ թե իրեն, այլ Պայտունին շնորհավորելու, ինչին Հայոց թագավորը պատասխանել է, թե իրենք պատվում են մոնղոլական գերագահությունը՝ անկախ այն հանգամանքից, թե ում ձեռքում է գտնվում իշխանությունը: Պատասխանից Ղազանը գոհ է մնում եւ պատիվներով ընդունում Հեթումին, որի խնդրանքով Ղազանը հրովարտակ է արձակում քրիստոնյաների հալածանքները դադարեցնելու եւ քրիստոնեությունը համարձակորեն պաշտելու մասին: Նեւրուզը, որ հալածանքները կիրառողն է եղել, պաշտոնանկ արվեց, եւ նրա տեղը նշանակվեց Խութլուշահը: Նեւրուզին քշեցին երկրից, եւ նրան հալածող զորքերի մեջ էին Լիպարիտ եւ Էաչի Օրբելյանների զորամասերը:


Լեւանտի խաչակրաց իշխանությունների անկումով խաչակիրների հենարան էր համարվում ծովում Կիպրոսի թագավորությունը, իսկ ցամաքում՝ Կիլիկիայի հայկական թագավորությունը: Հեթումը հասկանում էր ստեղծված ծանր կացությունը եւ բազմիցս օգնություն խնդրեց Նիկողայոս Դ պապից: Վերջինս խրախույս կարդաց Եվրոպայի տիրակալներին՝ նոր խաչակրություն կազմակերպելու համար, սակայն գործը տեղից չշարժվեց:


Պարզվեց, որ Ստեփանոս Օրբելյանը բնավ էլ հլու ենթակա չէր Գրիգոր Անավարզեցուն: Լատինամոլների շահարկությունների համար առիթ դարձավ Ծռազատիկը, որը համընկավ 1292 թվին: Ծռազատիկի հաշվարկը ոչ միայն հայերին զատում էր բյուզանդացիներից, այլեւ խաչակիրներից, որոնք Իրիոնյան տոմարով էին առաջնորդվում: Խաչակիրները, որոնք նշանակալից թիվ էին կազմում Կիլիկիայում, ապրիլի 6-ին պատրաստվում էին նշել Զատիկը, մինչ հայերը նշելու էին այն ապրիլի 13-ին: Որոշվեց հարցը քննել ժողովում, սակայն ժողով չգումարվեց, եւ Գրիգոր Անավարզեցու նախագահությամբ հրավիրված խորհրդակցությունը որոշում կայացրեց Զատիկն ապրիլի 6-ին նշելու մասին: Սակայն այդ որոշումը չընդունեցին ոչ միայն բուն Հայաստանի վիճակները, այլեւ Երուսաղեմի հայերը, որոնք Զատիկը նշեցին ապրիլի 13-ին: Կիլիկիայում էլ շատերը չընդունեցին խորհրդակցության որոշումը եւ Հեթումի կարգադրությունը Զատիկն ապրիլի 6-ին նշելու մասին: Նրանք գաղտնի նշեցին Զատիկն ապրիլի 13-ին:


Մինչ երկրում բորբոքվել էր Ծռազատիկի խնդիրը, եգիպտական բանակները հարձակվեցին Հայոց թագավորության վրա՝ ավերելով երկիրը եւ գերեվարելով բնակչությանը: Նրանք հարձակվեցին Հռոմկլայի կաթողիկոսանիստ բերդի վրա եւ ճնշելով ամրոցի պաշտպանների համառ ու տեւական դիմադրությունը՝ գրավեցին այն 1292 թվի հուլիսի 28-ին: Մոնղոլները ոչինչ չարեցին եգիպտացիների հարձակումը կասեցնելու համար: Օգնե՞ց Հեթումը Հռոմկլայի պաշտպաններին, թե՞ ոչ, հայտնի չէ: Հավանականն այն է, որ նա էլ օգնություն ցույց չի տվել Հռոմկլայի պաշտպաններին, Հռոմկլայի անկումը ժամանակակիցները համեմատում են Երուսաղեմի կործանման հետ: Եկեղեցիներն ավերվեցին, բնակչությունը սրի քաշվեց, Ստեփանոս կաթողիկոսը գերի ընկավ 12 եպիսկոպոսների եւ մեծաթիվ հոգեւորականների հետ: Կողոպտվեցին հայրապետների հարստությունները, որոնց թվում էին Գրիգորի աջը եւ բազմաթիվ այլ սրբություններ: Հայերը հակված էին կարծելու, որ Հռոմկլան ընկավ Հեթումի եւ մյուս լատինամոլների մեղքերի պատճառով: Հռոմկլայի անկումից հետո Կիլիկիայի հայկական թագավորությունը դեմ առ դեմ հայտնվեց եգիպտական բանակների դեմ: Սակայն լուր ստանալով, թե խաչակիրները հարձակվել են Ալեքսանդրիայի վրա՝ Աշրաֆը հրաժարվեց Կիլիկիայի վրա արշավելուց: Նա, կաթողիկոսին անարգելով, նրան պտտեցրեց Դամասկոսի հրապարակներում եւ Եգիպտոս հասնելուն պես՝ բանտ նետեց:


Հայ պատմիչները նշում են նաեւ, որ Հռոմկլայի անկումը նախապատրաստվեց Կոստանդին կաթողիկոսի աքսորով եւ գործված անիրավություններով: Այլ խոսքով՝ հիմնական մեղավորը համարում էին Հեթում թագավորին, որը դեռ կենդանի էր: Ասվում էր, որ ինչպես Հեթումը Լամբրոնում բանտարկեց Կոստանդին կաթողիկոսին, այնպես էլ բանտ ընկավ Եգիպտոսում Ստեփանոսը:


Աշրաֆին հաջողվեց խաչակիրներին Ալեքսանդրիայից ետ վանել: Սակայն նա այլեւս բավարար ուժեղ չէր Կիլիկիայի վրա հարձակվելու համար: Շուտով նա սպանվեց, եւ իշխանությունն անցավ Մելիք-նազիրի կամ Նասր-Մուհամեդին, որն Աշրաֆի եղբայրն էր: Այս դեպքերը տեղի ունեցան 1293-ին, որոնք ուղեկցվեցին մեծ սովով, որին շատ մահմեդականներ զոհ գնացին: Բանտում մահացավ Ստեփանոս Դ Հռոմկլայեցին՝ այնտեղ անցկացնելով մեկ տարի: Կահիրեի ղպտի քրիստոնյաները, որոնց տակ պետք է հասկանալ, թերեւս, հենց հայերին, կարողացան կաթողիկոսի մարմինն ստանալ ու արժանի ձեւով հողին հանձնել: Նա թաղվեց Հաբաշի ասորիների եկեղեցում: Ստեփանոսն ապիկար եղավ կաթողիկոսական գործերում, սակայն նա չգործեց Կոստանդին Կաուկեցու դեմ եւ Գրիգոր Անավարզեցու ձեռքին գործիք չդարձավ: Նա, հանգամանքների բերումով, պարզապես անմեղ զոհ դարձավ: