ԿԱՐԱՊԵՏ Ա ԿԵՂԵՑԻ

ԿԱՐԱՊԵՏ Ա ԿԵՂԵՑԻ

(1392-1404)
 

Կարծիք կա, թե Թեոդորոսի սպանությունից հետո նոր կաթողիկոսի ընտրությունը մի տարի ձգձգվեց, չնայած ժամանակակիցները նման տեղեկություն չեն հայտնում: Իրավացի է Մ. Օրմանյանը, երբ տոմարագիտական հաշվարկներով ցույց է տալիս նման կարծիքի սխալականությունը: Օմեր ամիրան, որ նյութական օգուտ էր ակնկալում ձեռնադրությունից, ոչ մի պատճառ չուներ այն հետաձգելու: 1392 թվին Կարապետը ձեռնադրվեց կաթողիկոս: Նա կեղեցի էր կամ խորձենեցի՝ ըստ Մ. Չամչյանի: Չնայած վերջինս իր աղբյուրը չի նշում, չհավատալու առանձին հիմքեր չկան: Թեեւ կիլիկեցի չէր, պետք է ենթադրել, որ ուսանել է կաթողիկոսարանում եւ այնուհետեւ առաջադիմել եկեղեցական կառույցի մեջ: Կոչվել է նաեւ Կարապետ Բոկիկ կամ ժողովրդական լեզվով՝ Բոբիկ, որի առաջացման պատճառը հայտնի չէ: Սակայն մի բան պարզ է, որ դա հազիվ թե նրա խստակենցաղ բարքի արտահայտություն լինի, ինչն անհարիր էր Սսի հայրապետանոցին: Թերեւս այդ մականունը տրվել է նրան դեռեւս մանուկ հասակում:


Եթե հավատանք Առաքել Դավրիժեցուն, ապա Կարապետ անունով Հայոց կաթողիկոսների թիվը երկուսն է, ինչը տեղ է գտել նաեւ հետագա հեղինակների մոտ: Սակայն Սամվել Անեցու շարունակողը գիտեր միայն Կարապետ Բոկիկին, որը պաշտոնավարել է 12 տարի: Այս տեղեկությամբ՝ ժամանակագրորեն երկու Կարապետների համար տեղ չի մնում: Կարծեցյալ Դավիթ կաթողիկոս չկա երկու Կարապետների միջեւ ընկած շրջանում, քանի որ Դավթի՝ այսպես կոչված հայրապետության շրջանում հիշատակություններում հանդիպում է միայն Կարապետ կաթողիկոսի անունը: Խնդիրն այն է, որ Սսում Դավիթ անունով կաթողիկոս հիշյալ շրջանում չկա, բայց նույն ժամանակում Աղթամարի կաթողիկոս է եղել Դավիթ անունով մեկը՝ նահատակված Զաքարիայի եղբայրն ու հաջորդը: Այդ շփոթը կարող էր տեղի ունենալ, քանի որ Աղթամարի կաթողիկոսներն իրենց իրավունք էին վերապահում կոչվելու Հայկազյան սեռի կաթողիկոսներ: Մ. Օրմանյանն իր տեսակետի մեջ միանգամայն ճիշտ է, քանի որ որոշ վկայություններում նրանք հիշատակվում են միասին: Եզրակացությունը մեկն է: Ամենայն Հայոց կաթողիկոսների ցուցակում տեղ չեն կարող գտնել ո՛չ Դավիթ Դ կոչվածը եւ ո՛չ էլ Կարապետ Բ-ն:


Աղթամարի կաթողիկոս Զաքարիան պաշտոնավարեց 1378 թվին: Նրա օրոք Սարգիս Սորբեցի վարդապետը, որ Նչեցու աշակերտն էր եղել եւ Որոտնեցու դասընկերը, ծաղկեցրեց Եզերով լեռան վրա գտնվող Սբ Գեւորգ վանքը, որը հայտնի է նաեւ Սարի Սբ Գեւորգ եւ Փութկու Սբ Գեւորգ անուններով: Վերջին անվան համար վանքը պարտական է մոտակա գյուղին: Վանքը գտնվում էր շատ բանուկ կապան վայրում, ծառայում էր անցորդների համար որպես օթեւան-հյուրանոց, որտեղ աքաղաղի ձայնով փոթորկի գուշակություններ էին կատարվում:


Մի օր Ոստանի դատավորը գալիս է Զաքարիայի մոտ՝ իր մախաղը կաթողիկոսին ավանդ թողնելու համար: Հասկանալով դատավորի նենգամտությունը՝ Զաքարիան հրաժարվում է ավանդն ընդունելուց՝ պատճառաբանելով անվտանգ տեղի բացակայությամբ: Դատավորը զայրացած ապտակում է նրան, եւ երբ ուրիշների գալը խանգարում է նրան, նա իրեն արնոտում է եւ գնում բողոքում Ոստանի Աղդին ամիրային: Կաթողիկոսն էլ իր հերթին է գնում ամիրայի մոտ՝ գանգատվելու, սակայն ամիրան գերադասություն է տալիս դատավորի վկայությանը եւ առաջարկում իսլամանալ, որպեսզի նրան ներում շնորհի: Զաքարիան ցույց է տալիս իր անմեղությունը եւ հայտարարում, որ իր դավանանքից չի հրաժարվի: Դրա վրա զայրացած մահմեդականները հարձակվում են նրա վրա, մերկացնում, անարգում, պարանը վզին կապած՝ շրջեցնում փողոցներում եւ այնուհետեւ սպանում: Ամիրան կարգադրում է մարմինը չանարգել, իսկ հայերին՝ նրան պատվով հողին հանձնել: Նա թաղվում է Աղթամարում: Զաքարիան նահատակվեց 1393 թ. հունիսի 25-ին: Զաքարիային գովել է Գրիգոր Աղթամարցի տաղասացը: Նրա եղբայր Դավիթն էլ նրան հաջորդեց կաթողիկոսական աթոռին՝ պաշտոնավարելով թերեւս մինչեւ 1430 թիվը:


Այժմ համառոտ անդրադառնանք հայոց Լեւոն վերջին արքայի գործունեությանը Եվրոպայում: 1383 թ. սկզբներին հասնելով Ավինիոն՝ նա, շատ չանցած, Կղեմես պապի մոտից մեկնում է Արագոնի ու Կաստիլիայի թագավորություն, ինչը երախտագիտության այց էր՝ իրեն ցույց տրված օժանդակության համար: Կաստիլիայի Խուան թագավորը մայիսի 12-ին ամուսնանալու էր, սակայն Լեւոնը չհասցրեց ժամանել: Այդ ժամանակ Խուանը հետաձգեց հարսանիքը, եւ Լեւոնը մայիսի 16-ին դարձավ նրա կնքահայրը: Օգոստոսի 14-ին Սեգովիայի մայր եկեղեցում Հովհաննես Դարդելը ձեռնադրվեց եպիսկոպոս՝ Խուան թագավորի կամքով, իսկ Լեւոնը նրանից ստացավ Մադրիդ, Վիլլարեալ եւ Անտեքուերա քաղաքները՝ որպես տիրույթ, եւ որոշակի գումար՝ Ֆրանսիա մեկնելու համար: 1384 թ. փետրվարի 29-ին նա ճամփա ընկավ եւ ճանապարհին հանդիպեց Արագոնի թագավորին, Բեառնի կոմսին, Ավինիոնի պապին: Հունիսի 30-ին նա ժամանեց Փարիզ եւ մեծ պատվով ընդունվեց Ֆրանսիայի թագավոր Կարլ Ը-ի կողմից: Դարդելն այլեւս տեղեկություններ չի հաղորդում հայոց թագավորի կյանքի հետագա ընթացքի վերաբերյալ:


Սակայն հայտնի է, որ նա առատ դրամական նպաստներ ստացավ Փարիզում, ինչպես նաեւ նրան, որպես բնակարան, տրվեց Սենդ-Ուենի պալատը: Անգլո-ֆրանսիական վեճը կարգավորելու համար նա մեկնում է Լոնդոն եւ 1385 թ. հոկտեմբերի 24-ին հանդիպում Անգլիայի թագավոր Ռիչարդ Բ թագավորին: Սակայն նրան հաշտություն կնքել չհաջողվեց եւ 1386 թ. մայիսի 20-ին վերադարձավ Ֆրանսիա: Այստեղ նա դարձավ Կարլ Ը-ի մտերիմ խորհրդականը՝ փոխադրվելով Տուռնելի պալատ, որպեսզի միշտ մոտ լինի նրան: Հաշտության բանակցությունները վերսկսվեցին մի քանի տարի անց՝ 1392-ին, սակայն Լեւոնը կրկին մեծ հաջողություններ չունեցավ: 1393 թվին 51 տարեկան հասակում հիվանդացավ Տուռնելի պալատում եւ իր մահկանացուն կնքեց նոյեմբերի 29-ին: Նա թագավորական պատիվներով հողին հանձնվեց Սեն-Դնիի արվարձանի Սբ Դիոնեսիոսի եկեղեցում: Պահպանվել է գերեզմանաքարը, որի վրա գրված է, որ հանգուցյալը Հայոց Լեւոն Ե թագավորն է: Նա Եվրոպայում ամենուրեք արժանանում էր պատիվների՝ որպես քրիստոնեության համար հալածված թագավոր: Նրան շատ դրամ տվեցին՝ Հայոց թագավորությունը վերականգնելու համար, սակայն նա, ցավոք, առանց խղճի խայթ զգալու, ծախսում էր իր հաճույքների համար, ինչպես խոստովանում են անգամ նրան գովեստներ շռայլողները:


Կարապետ կաթողիկոսի գործունեությունը նույնպես արտացոլված չէ աղբյուրներում: Սսի կաթողիկոսարանում գնալով աճում էին զեղծումները: Այդ ընդհանուր անկման պայմաններում, չնայած երկրի ծանր պայմաններին, բուն Հայաստանում տեղ-տեղ ծաղկում էր մշակութային կյանքը՝ շնորհիվ մի շարք վարդապետների, որոնք աշակերտներ էին հավաքում, ուսուցանում եւ ծաղկեցնում հայ մշակույթը:
Ամենագլխավոր կենտրոնը, անշուշտ, Տաթեւն էր:


Գրիգոր Տաթեւացին հաստատվել էր Տաթեւում 1390 թվին՝ տեղափոխվելով Ապրակունյաց վանքից: Նա իր շուրջը հավաքեց Որոտնեցու աշակերտներին եւ բոլոր հարողներին: Դրանց մեջ էին Մխիթար Տաթեւացին, Հովհաննես Հերմոնեցին, Գալուստ Վազանդնեցին, Սիմոն Սյունեցին, Հակոբ Բոստացին, Գրիգոր Այրարատցին, Գրիգոր Ջուղայեցին, Մատթեոս Ջուղայեցին, Ավետիս Աստապատցին, Եղիա Օծոփեցին, Հովհաննես Վազանդնեցին, Հովնան Շամախեցին, Հովհաննես Կապանցին, որը կոչվում էր նաեւ Կարմիր, Մատթեոս Ուխտեցին, Մկրտիչ Փայտակարանցին (հավանաբար Տփղիսից) եւ Ստեփանոս Թավրիզեցին: Նրա ուսումնական ծրագրի մեջ կարեւոր տեղ էին զբաղեցնում Հին եւ Նոր Կտակարանների մեկնությունները, ինչպես նաեւ Հայոց Եկեղեցու հայրերի գրածները, որոնք պաշտպանում էին հայոց դավանանքի անաղարտությունը: Նա դասավանդել է՝ մեկնելով կամ բացատրելով նաեւ օտար իմաստասերների՝ Պլատոնի, Արիստոտելի, Փիլոնի եւ Պորփյուրի իմաստասիրական գործերը: Նրա աշխատությունների մեջ նշանավոր է «Գիրք հարցմանց»-ը, որի քննությունը ցույց է տալիս, թե Տաթեւացին հմուտ է եղել լատին աստվածաբանների գործերում: Նա Հայոց Եկեղեցու ուղղափառությունը պաշտպանում էր նույն եղանակներով, ինչով սովոր էին հռոմեադավանությունը պաշտպանել ունիթորները: «Ամարան» եւ «Ձմերան» քարոզգրքերը ցույց են տալիս, որ նա կամենում էր իր աշակերտներին վարժեցնել քարոզի եւ բեմբասացության: Նա նաեւ ընտիր գրչագիր էր եւ մեծ զարկ էր տվել ընդօրինակության արվեստին Տաթեւում: Իր ժամանակի համար նրա ծրագիրը խիստ արդիական էր եւ համակողմանի: Նրա աշակերտներից 60-ը, ինչպես հիշում է Թովմա Մեծոփեցին, դարձել էին քահանաներ, մեծ թիվ էին կազմում վարդապետ ձեռնադրված նրա աշակերտները: Տաթեւացին մինչեւ 1409 թ. դուրս չեկավ Տաթեւից: Այդ ընթացքում Լենկթեմուրի բանակները մեծ արհավիրք դարձան Հայաստանի համար, սակայն Սյունիքը համեմատաբար ազատ մնաց ավերածությունից: Դա օգնեց Տաթեւացուն՝ շարունակելու իր ազգանվեր գործը:


Սարգիս Ապրակունեցին էլ նույն գործն էր կատարում Սուխարու վանքում: Նրա աշակերտներից էին Գրիգոր Խլաթեցին, Հակոբ Ովսաննացին, Մարգարե Վարագցին, Հակոբ Ասպիսնակցին, Հովհաննես Փափլինցին, Ստեփանոս Բերկրեցին, Մկրտիչ Հիզանցին, Հովհաննես Բաղիշեցին, Սարգիս Հարությունցին եւ Մելքիսեդ Երզնկացին, որոնց միացան Արճեշից Տաթեւ գնացած 12 եղբայրներ, որոնք աշակերտեցին Սարգսին: Նրանք էին Հակոբը, Մարգարեն, Հովհաննեսը, Մկրտիչը, Կարապետը, Մելքիսեդը, Սարգիսը, Մատթեոսը, Կարապետը եւ Թովմա Մեծոփեցի պատմիչը: Վերջինս ինչ-ինչ պատճառով մնացյալ երկուսի անունները չի տալիս: 12 եղբայրներից Սարգիսը Սարգիս Սալնապատեցին է, Մկրտիչը՝ Մկրտիչ Նահապետյանցը, իսկ Հովհաննեսը՝ Փափկշենցին, Մկրտիչներից մեկը Հողձեցին է, իսկ մյուսը՝ Օղուլբեկյանը, որոնցով լրանում է 12 թիվը: Սակայն այն հանգամանքը, որ աշակերտների մի մասը, այնուամենայնիվ, Տաթեւ գնաց, ցույց է տալիս, որ ուսման մակարդակը Տաթեւում ավելի բարձր էր: Ուսուցչապետ Սարգիսը մահացավ 1401 թ. եւ թաղվեց Արճեշի եպիսկոպոսներ Խաչատուրի եւ Զաքեոսի գերեզմանների հարեւանությամբ:


Սարգսին հաջորդեց Վարդան Հոգոցեցին՝ սքանչելի այր Աստծո եւ մեծ ճգնավոր: Նա նույնպես ունեցավ բազմաթիվ աշակերտներ, թերեւս 60-ից ավելի: Ավելի ուշ նա ստիպված էր փախչել մահմեդականներից՝ մասնավորապես 1405 թ. աղետաբեր արշավանքի շրջանում: Նա հաստատվեց Վան քաղաքին մերձակա Սալնապատի վանքում, այսինքն՝ Արծրունյաց ժամանակների Ձորովանքում, իսկ 1406 թ. մահացավ եւ թաղվեց Սալնապատի վանքում: Դրանից հետո է, որ 12 վարդապետներ գնացին Տաթեւ, որտեղ դասավանդում էր մեծն Գրիգոր Տաթեւացին: Նրանք այստեղ ուսանեցին 2 տարի:


Մեծապես ծաղկեց Մեծոփա վանքը՝ շնորհիվ Հովհաննես Մեծոփեցու ջանքերի: Գտնելով մի հոռոմ ճարտարապետի՝ Ֆարաջ անունով, նա 1402 թվին ձեռնարկում է տաճարի շինությունը, որի կառուցումն ավարտվեց 7 տարի անց: Տաճարի արձանագրության մեջ Հովհաննես Մեծոփեցին հիշատակում է ոչ միայն Ֆարաջ հոռոմին կամ բյուզանդացուն, այլեւ բազմաթիվ հայ վարպետների՝ Դավիթ, Տիրատուր, Մկրտիչ, Հովհաննես եւ ուրիշներ: Տաճարի շինությունն առաջ բերեց մահմեդականների նախանձն ու զայրույթը: Փորձեցին տաճարը քանդել, սակայն մոնղոլ կառավարիչը թույլ չտվեց:


Այդ նույն ժամանակներում նույն մոնղոլ կառավարչի հովանավորությամբ ծաղկեց Սարի կամ Փութկու Սբ Գեւորգ վանքը՝ Սարգիս Սորբեցի վարդապետի շնորհիվ: Տեղեկություններ չեն պահպանվել Հակոբ Սաղմոսավանքցու եւ Գեւորգ Երզնկացու գործունեության մասին: Իսկ Վարդան Հոգոցեցու մահից հետո Սալնապատի առաջնորդ դարձավ Գրիգոր Խլաթեցին, որ հայտնի է նաեւ Ծերենց անունով: Սակայն նա այստեղ երկար մնալ չկարողացավ եւ տեղափոխվեց սկզբում Սուխարու վանք եւ հետո՝ Արծկե քաղաքի մոտ գտնվող Ցիպնայի Սբ Ստեփանոս վանք, որը գտնվում էր Սիփան կամ Նեխ Մասիք լեռան ստորոտում: Նա շատ աշակերտներ չունեցավ, քանզի ծանր էին ժամանակները: Սակայն նա իրեն նվիրեց գրքերի ընդօրինակությանը՝ այդ գործով զբաղվելով ավելի քան 50 տարի: Խլաթեցու կարեւոր գործն է նորից «Յայսմաւուրք» կարգադրելը եւ ճոխացնելը, որի համար արժանացավ Վկայասեր անվանը:


Իսկ երկրում շարունակվում էր տագնապալից եւ արհավիրքներով լեցուն կացությունը: 1387 թվից հետո Լենկթեմուրը մեծ արշավանք ձեռնարկեց դեպի Ոսկե Հորդա, ասպատակեց Հարավային Ռուսաստանը եւ Ղրիմը: Հետո Ատրպատականով անցավ Հնդկաստան, հարձակվեց ներքին Մոնղոլիայի եւ Չինաստանի վրա՝ ամենուրեք տարածելով մահ ու ավեր: Նա կրկին Հայաստան արշավեց 1395-ին Միջագետքի կողմից եւ ավերեց Ամիդը, Մարդինը եւ արեւորդիների գյուղերը: Նա հասավ մինչեւ Երզնկա, որտեղից շարժվեց Բասենի Ավնիկ, որտեղ բերդը գրավելով՝ բերդակալին եւ 100 բերդապահների կապելով՝ բերդի պարիսպներից վայր նետեց: Բոլորն էլ մեռան: Հետո գրավեց Կարսը: Այստեղ նա կոտորեց թե՛ քրիստոնյաներին եւ թե՛ մահմեդականներին: Լսելով, թե մահմեդականներին չեն սպանելու՝ Կարսի Մկրտիչ եպիսկոպոսի երկու եղբայրները խառնվեցին մահմեդականներին, սակայն Լենկթեմուրի հրամանով նրանց հետ էլ սպանվեցին: Թշնամին հասավ մինչեւ Կոգովիտ, եւ այդ ժամանակ էլ մահացավ Ստեփանոս Դարացի վարդապետը: Կռիվները շարունակվեցին մոնղոլների եւ թուրքմենների առաջնորդ Կարա-Յուսուփի միջեւ: Սկզբում հաջողությունն ուղեկցում էր կարա-կոյունլուների թուրքմեն առաջնորդին, սակայն մոնղոլների նոր ճնշման ներքո Կարա-Յուսուփն ստիպված եղավ փախչել: Կռիվների արդյունքում երկիրը վերածվեց ավերակի:


Եթե հավատանք աղբյուրներին, ապա Լենկթեմուրն իր՝ 1400 թ. արշավանքն սկսեց 700 հազարանոց բանակով: Ասվում է, թե դրանց ձեռքով 700 հազար մարդ գլխատվեց: Հատկապես կոտորում էին թուրքերին եւ ավելի քիչ՝ քրիստոնյաներին: Լենկթեմուրը 1401 թ. անցկացրեց Ասորիքում եւ Եփրատացվոց աշխարհում, հարձակվեց Կիլիկիայի վրա, հետո՝ Պաղեստինի, սակայն Երուսաղեմին չվնասեց: Մյուս տարում նա արշավեց Սեբաստիա եւ պաշարեց այն: Քաղաքն այդ ժամանակ պատկանում էր Օսմանյան պետությանը: Գրավելով քաղաքը՝ նա մեծ անօրինություններ գործեց: Մեծատունները տանջամահ արվեցին, կանանց, ձիերի պոչին կապելով եւ վարգելով, սպանեցին, երիտասարդներին ձիակոխ անել տվեցին, իսկ 4000 մարդու կենդանի-կենդանի թաղեցին: Այդ պատճառով հիշյալ վայրը ստացավ Սեւ հողեր անունը: 1402 թ. Անգորայի ճակատամարտում ջախջախվեց Օսմանյան սուլթան Բայազետի զորքը, եւ սուլթանը գերի վերցվեց: Վերջինս, դեռ Սամարղանդ չհասած, մահացավ 1403 թ. մարտի 8-ին:


Արդեն 13-րդ դ. վերջերից Փոքր Ասիայում հանդես եկավ մի նոր գիշատիչ պետություն՝ Օսմանյան տերությունը: 1299 թ. այն լիակատար անկախացավ եւ ընդարձակվեց Բյուզանդական կայսրության հողերի հաշվին՝ գրավելով Նիկիան, Նիկոմեդիան, Պրուսան եւ բալկանյան մի շարք երկրամասեր: Աստիճանաբար հզորանալով՝ օսմանյան թուրքերը, որ Օսման սուլթանի անունով օսմանլու անունը ձեռք բերեցին, տիրեցին Բալկաններին, Մակեդոնիային, Ալբանիային, 1389 թ. Կոսովոյում ջախջախեցին սերբերին ու հունգարներին: Սուլթան Բայազետը, որ մե՛կ Արեւելք էր արշավում եւ մե՛կ՝ Արեւմուտք, եւ կայծակնային հաղթանակներ տանում, նույնիսկ Յըլդըրմ-Կայծակ մականունն ստացավ: Նրան հաջողվեց տիրել ամբողջ Փոքր Ասիային: Բյուզանդական կայսրությունն ստիպված եղավ նրան հարկ վճարել, իսկ լեհերի եւ ֆրանսիացիների միացյալ խաչակրությունը 1396-ին պարտություն կրեց: Սակայն 1402 թ. այդ խրոխտ սուլթանը գերի ընկավ Լենկթեմուրի ձեռքը:


Օսմանյան տերությունը պատերազմող երկիր էր, սակայն նվաճումների ընթացքում շփվելով հարեւանների հետ՝ որոշ չափով քաղաքակրթվեց: Չվստահելով հունական տարրին՝ նրանք փորձեցին օգտագործել հայկական տարրի կարողությունները: Վերաբերմունքը հայերի նկատմամբ դրական էր, եւ շատ հայեր, որ հալածվում էին այլ երկրներում, տեղափոխվեցին Օսմանյան կայսրություն: Սկզբում կրոնական հարցերում թուրքերը բռնությունների չէին գնում՝ հակառակ Բյուզանդիայի, որ իր կրոնական քաղաքականությամբ իրենից վանել էր հայերին: Կրոնական հանդուրժողականությունը պատճառ դարձավ, որ հայ գաղթականությունը հիմնականում շարժվի դեպի Փոքր Ասիա:


Կոստանդին կոչված թագավորի օրոք Կիլիկիան համեմատաբար հանգիստ վիճակի մեջ էր՝ գոնե լեռնային մասը: Սսում հաստատվել էր Ռամազանյանների իշխանությունը, անշուշտ, եգիպտացիների թույլտվությամբ: Վերջիններս սկսեցին իրենց հարձակումներով խիստ անհանգստացնել Կիլիկիայի ինքնանկախ շրջաններին, սակայն հատկապես ծանր վիճակում էր քաղաքային բնակչությունը: Կարապետ կաթողիկոսը մեծ ժողով է գումարում 1403 թ. կամ 1404 թ., եւ որոշում է ընդունվում գաղթել: Առաջին գաղթականությունը գլխավորում է Կոստանդին կոչված թագավորի թոռ Կարապետը, իսկ երկրորդը՝ պարոն Ասըլբեկը եւ Հովհաննես, Վահան, Գրիգոր եւ Ստեփանոս երեցները: Գաղթեց ընդհանուր առմամբ 30 հազար ընտանիք, ինչը երկու օրվա համար անհավանական թիվ է: Քաղաքի մեջ մնում են միայն աղքատները եւ չքավորները: Սիսն ընկնում է Ռամազանյանների ձեռքը: Հնարավոր է, որ այդ գաղթականության մի մասը հաստատվեց Իտալիայում: Կոստանդինը շարունակեց իր իշխանությունը Կիլիկիայի լեռնային անառիկ շրջաններում:


Կարապետ կաթողիկոսը մահացավ 1404 թ.: Նա մինչ այդ պայքարեց Ռամազանյանների դեմ՝ առաջ բերելով նրանց թշնամությունը: Ռամազանյանների աջակցությամբ նրանից հետո հայրապետեց Հակոբ կաթողիկոսը: Նրան հավանաբար թունավորեցին:


Այս օրերին նշանավոր դարձավ մոկացի մի կին՝ Թամար անունով: Շատ գեղեցիկ լինելու համար Գոհար էլ է կոչվել: Մի քուրդ հետամուտ է լինում նրան, ուստի Թամարն իր ամուսնու հետ տեղափոխվում է Աղթամար կղզի: Երբ Թամարն ամուսնու հետ Ոստան է գնում, հիշյալ քուրդը, նրան պատահականորեն հանդիպելով, մեղադրում է իսլամ ընդունելու եւ հրաժարվելու մեջ: Ամիրան, հասկանալով դրա կեղծ լինելը, ուշադրություն չի դարձնում մեղադրանքին: Սակայն նրա կինը՝ թուրքմեն կամ քրդուհի մեկը, ստիպում է նրան մահմեդականություն ընդունել: Թամարը չի համաձայնվում կրոնափոխությանը եւ քարկոծման է ենթարկվում Ոստանում՝ 1396 թ. ապրիլի 24-ին: Կան ուսումնասիրողներ, որոնք հակված են Թամարի նահատակությունը դնելու 1398 թ. ապրիլի 22-ին: Սակայն ճիշտն առաջին տարեթիվն է, որը պահպանվել է «Յայսմաւուրք»-ում:


Վանում Հայդարի շեյխերը մի մահմեդական աղջկա մարմինը գերեզմանից հանում են` մեղքերի համար, եւ ամբաստանում քրիստոնյաներին: 8 հոգի ձերբակալվում են, որոնցից Սիրանոս անունով մեկն ընդունում է իսլամ եւ մահվանից ազատվում: Նա մնացած յոթից մեղավոր է ցույց տալիս երկուսին՝ Մելքիսեդին եւ Կարապետին, որոնք իսլամ չընդունելու համար՝ խոշտանգվում են եւ 1403 թ. քարկոծվելով՝ նահատակվում:


Նույն թվականին նահատակվում է Հովհաննես Չմշկածագեցին: Նա հալածվում է քահանայակիցներից՝ իր պարկեշտ բարքի համար, սակայն կարողանում է Մահմուդ ամիրայից փայտե եկեղեցի կառուցելու արտոնություն ստանալ, որը նա կառուցում է Կարմիր Սարակ կոչված վայրում: Նրան նախանձողները նրան խիստ ամբաստանում են նույն ամիրայի մոտ, որը հարբած վիճակում կարգադրում է եկեղեցին քանդել եւ Հովհաննեսին ստիպում մահմեդականություն ընդունել: Եկեղեցին կրակի է տրվում, իսկ Հովհաննեսին ողջակիզում են՝ իսլամ չընդունելու համար: Դա տեղի է ունեցել 1403 թ. սեպտեմբերի 10-ին: Չմշկածագի եպիսկոպոս Դավիթը, թույլտվություն ստանալով, նրան հողին է հանձնում Սբ Աստվածածին եկեղեցու պարսպից ներս: Քրիստոնյաների նկատմամբ հալածանքներ էր կիրառում Բաղեշի Իբրահիմ ամիրան, սակայն պատմությունը նահատակների անուններ չի պահպանել:


Նահատակվում է Ստեփան Ամյուկցի քահանան: Նա, որոշ ժամանակ Լիմում ապրելով, գալիս է Արճեշ եւ գլխավորում տեղի եկեղեցին, քանի որ թշնամու արշավանքների պատճառով բոլորը փախել էին: Մեծոփեցին հակված է նրան մեղադրելու, թե նա ըստ կարգի չի դարձել առաջնորդ: Միաժամանակ նա մեղադրում է նրան մի կնոջ հետ ապրելու մեջ, որը հափշտակվել էր քաղաքացիներից՝ անհավատների հրամանով եւ կաշառքով: Ստեփանոսին պաշտպանում էր տանուտերերից Մուսեֆիրը՝ դառնալով նրան գործակից: Դա դուր չէր գալիս մահմեդականներին եւ նախանձոտ քրիստոնյաներին, որոնք նրանց մատնում են Արճեշի Սահանդ ամիրային: Առաջարկում են իսլամանալ եւ մերժվելուց հետո նրանց գլխատում են եւ գլուխները կախում պարսպից: Նրանց նահատակությունը տեղի ունեցավ 1395 թ.:


Ինչպես նշվեց, նահատակված Զաքարիային Աղթամարի կաթողիկոսական աթոռին հաջորդեց նրա եղբայր Դավիթը, որն իրեն դրսեւորեց որպես ակտիվ հոգեւոր գործիչ: Նրա օրոք Վասպուրականում ծաղկեցին բազմաթիվ վանքեր: Սարի Սբ Գեւորգի, Մեծոփա Սբ Աստվածածնի եւ Ցիպնա Սբ Ստեփանոսի վանքերից զատ, հռչակվեցին Հիզանի Սբ Խաչ վանքը, որի առաջնորդն էր Հովհաննես Հռետորաբանը, Աղթամարի Սբ Խաչ մայրավանքը՝ շնորհիվ Զաքարիա Փիլիսոփայի եւ այլն: Դավիթ կաթողիկոսը կարգավորեց թեմական տուրքերը՝ համաձայն յուրաքանչյուր գյուղի բնակչության եւ կարողության: Երուսաղեմում էլ հայկական վանքեր հաստատվեցին, եւ Սբ Հակոբի աթոռը պարտավորվում էր օտարների ոտնձգություններից պաշտպանել իր սրբավայրերը: Իսկ վիճակն իրոք ծանր էր: Կահիրեի մզկիթի հրդեհվելու համար մեղադրվում էին քրիստոնյաները, որը հանգեցրեց նոր հալածանքների եւ անգամ սպանությունների: Հրաման տրվեց, որ քրիստոնյաներն իրավունք չունենան ձի եւ ջորի հեծնելու եւ պատվո փակեղ գործածելու: Սակայն Մարտիրոս եպիսկոպոսը կարողացավ 1399-ին հատուկ հրովարտակ ստանալ արաբ հարկապահանջների դեմ, իսկ 1402-ին Մեսրոպ եպիսկոպոսը ձեռք բերեց Ճառների գերեզմանատան անարգել կիրառության իրավունք: Սարգիս պատրիարքը 1400-ին հատուկ կարգ սահմանեց, որի համաձայն՝ միայն մեկ տարուց ավելի Երուսաղեմում մնացած ուխտավորները պարտավոր էին գլխահարկ վճարել: Սարգիս պատրիարքը մահացավ 1412 թ.՝ վարելով արդյունավետ եւ օգտաշատ գործունեություն:
Բուն Հայաստանում փորձում էին աշխուժանալ ունիթորները: Ղուկաս Շահապունեցին գավառահայր ընտրվելուց հետո մեկնում է Հռոմ՝ նպաստներ ստանալու եւ արտոնություններ ձեռք բերելու համար: Երնջակի ունիթորներն ամբողջությամբ հետեւում էին լատինական կարգերին եւ ամեն ինչ անում էին, որ Հայոց Եկեղեցուն չենթարկվեն, այլ միայն՝ Հռոմից ուղարկվածներին:


Բոնիֆակիոս պապը Ղրիմի Սբ Հակոբ, Սբ Նիկողայոս եւ Սբ Պետրոս-Պողոս վանքերը Հայաստանի գավառահոր իշխանությունից դուրս բերեց եւ ուղղակի ենթարկեց Հռոմին: Իսկ Նախիջեւանի հայոց եպիսկոպոսության հաջորդող Ֆրանցիսկոս Դավրիժեցին ձեռնադրվելու համար Հռոմի պապի կոնդակը չստացավ եւ մերժվեց: Նրա փոխարեն, որպես Նախիջեւանի եպիսկոպոս, ֆրանցիսկյան լատին կրոնավոր ուղարկվեց՝ Ստեփանոս անունով: Դա տեղի ունեցավ 1398 թ. օգոստոսի 26-ին: Գրիգոր Տաթեւացու եւ նրա զինակիցների դեմ պայքարելու՝ լատինականությունը զորեղացնելու համար Հռոմն ամեն ինչ անում էր: Սակայն ունիթորներն իրենց գործելակերպով իրականում թալանելու ճանապարհն էին բռնել դեռ Որոտնեցու եւ Ղրիմեցու օրերին, եւ այդ գործընթացը շարունակվեց: