ՀԱԿՈԲ Գ ՍՍԵՑԻ

ՀԱԿՈԲ Գ ՍՍԵՑԻ

(1404-1411)
 

Բավականին բարդ եւ ինչ-որ տեղ ոչ գեղեցիկ պայմաններում սկսվեց Հակոբ Գ Սսեցու հովվապետությունը: Նրա սկզբնական գործունեությունն անհայտ է, իսկ Սսեցի մակդիրը Մ. Օրմանյանը նրան տվել է պայմանականորեն, քանի որ ծննդավայրը հայտնի չէ: Նա կաթողիկոսական աթոռին հայտնվեց Ռամազան ամիրայի աջակցությամբ, որը Կարապետ կաթողիկոսին պաշտոնանկ արեց եւ նրան հանձնեց նրա աթոռը՝ 1404 կամ ծայրահեղ դեպքում 1405 թվին, չնայած նշվում է նաեւ 1403 թվականը: Նա պաշտոնավարել է իբր ընդամենը 2 տարի: Աշխույժ նամակագրություն է ունեցել Գրիգոր Տաթեւացու հետ, երբ նա տեղափոխվել էր Վասպուրական, եւ հարկ է խոստովանել, որ եթե այդ նամակագրությունը մեզ չհասներ, նրա մասին գործնականում ոչինչ չէինք իմանա: Թովմա Մեծոփեցին նրան մեղադրում է զանազան զեղծարարությունների մեջ, ինչը միանգամայն հավանական է օտարի օգնությամբ կաթողիկոսական աթոռ բարձրացածի համար: Սակայն զարմանալիորեն նրա հայրապետությունը հարգվում է բուն Հայաստանի կամ Արեւելյան վարդապետների, այդ թվում նաեւ՝ Գրիգոր Տաթեւացու կողմից:


Հայտնի է, որ Վարդան Հոգոցեցի վարդապետը, Սուխարու վանքից տեղափոխվելով Սալնապատ, 1406-ին վախճանվում է: Նրան հաջորդած Գրիգոր Խլաթեցի վարդապետը չկարողացավ վանական կյանքը հավուր պատշաճի կազմակերպել, եւ Սարգիս Ապրակունեցու օրոք 12 երիցագույն աշակերտները որոշում են գնալ Տաթեւ եւ ուսումնառությունը շարունակել Գրիգոր Տաթեւացու մոտ: Վասպուրականի եւ Սյունիքի վարդապետների մերձեցումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ լուրջ խմորումներ էին գնում կաթողիկոսական աթոռը Վաղարշապատ վերադարձնելու ուղղությամբ: Դրա համար հատկապես մեծ աշխատանք կատարեցին Հովհան Որոտնեցին եւ Մաղաքիա Ղրիմեցին, որոնց համար Հայոց Եկեղեցու ընդհանրական շահերը բարձր էին ամեն ինչից: Կարեւոր դեր կատարեց Սարգիս Ապրակունեցին, որը թողնելով Աստապատի վանքը՝ հաստատվել էր Սուխարու վանքում եւ հիմնել դպրեվանք: Ապրակունեցու գալը Վասպուրական էլ ավելի նպաստեց երկու կարեւոր երկրամասերի հոգեւոր այրերի մերձեցմանը: Անշուշտ, արժանին պետք է մատուցել նաեւ Վարդան Հոգոցեցուն, որը գործել էր թե՛ Սուխարու եւ թե՛ Սալնապատի վանքում: Այս արժանավոր հոգեւոր այրերի ցանկը սրանով չի ավարտվում: Պետք է հիշել Սարգիս Սորբեցուն, որը կրթվել էր Հովհան Որոտնեցու մոտ: Աղթամարի կաթողիկոսության գոյությունը՝ իրեն ենթակա մի քանի երկրամասերով (Վասպուրական, Մոկք, Կորդուք), դրությունը չէր շտկում, քանի որ Պահլավունու օրոք այն բանադրվել էր, իսկ Անավարզեցու ժամանակ էլ այն հաստատուն ձեւով չէր առնվել: Համենայն դեպս, կարելի է այդպես եզրակացնել Մխիթարի տված բացատրություններից: Երկու երկրամասերի հոգեւոր այրերին բոլորովին չէր անհանգստացնում Աղթամարի կաթողիկոսության գոյությունը, քանի որ, ինչպես ասվեց, նրանք մտածում էին Հայոց Եկեղեցու ընդհանրական շահերի մասին: 12 վասպուրականցի աշակերտները Գրիգոր Տաթեւացու կողմից ընդունվեցին որպես իր հարազատ որդիներ: Դրան մեծապես նպաստեց նաեւ այն հանգամանքը, որ Գրիգոր Տաթեւացին Վասպուրականի Արճեշից էր՝ Սարգսի որդին:


Վասպուրականցի վարդապետները Գրիգոր Տաթեւացուն աշակերտելու գնացին Տաթեւ 1406 թ.՝ Վարդան Հոգոցեցու մահից շատ չանցած, եւ վերադարձան 1408 թ. ձմեռնամուտին: Անդրադառնալով իրենց ստացած դասախոսություններին՝ Թովմա Մեծոփեցին հիշում է Պողոս առաքյալի 14 նամակները եւ մեծ աստվածաբան Գրիգոր Նազիանցու գործերը: Մ. Օրմանյանն իրավացիորեն ընդգծում է, որ, անշուշտ, այդ ժամանակ տարածում գտած ձեւ էր, երբ ուսուցիչը վերցնում էր մի հեղինակավոր աստվածաբանի երկը եւ ծանոթացնում էր իր աշակերտներին՝ տալով անհրաժեշտ բացատրություններ: Տաթեւացին պարզապես հիացնում է իր համերկրացի աշակերտներին, եւ պատահական չէ, որ Մեծոփեցին անգամ գրում է, որ Տաթեւացին իր գիտելիքներով ապշեցրել է իրենց առավել, քան հույն իմաստունները: Ինքը՝ Գրիգոր Տաթեւացին, Տաթեւի ուսուցչապետն էր կամ մեծ վարդապետը, իսկ վանքի առաջնորդն էր Սյունյաց Առաքել արքեպիսկոպոսը: Վերջինս Տաթեւացու քրոջ որդին էր: Տաթեւացու 16 աշակերտներից նրա մոտ էին 13-ը, իսկ Մատթեոս Ուխտեցին, Մկրտիչ Փայտակարանցին եւ Ստեփանոս Թավրիզեցին գործում էին այլ վայրերում: Գրիգոր Տաթեւացու աշակերտների մեջ են եղել 60-ի չափ քահանաներ, որոնց անունները չեն պահպանվել:


Քիչ թե շատ խաղաղ վիճակը շարունակվեց 2 տարի, որից հետո սկսվեցին հալածանքները մահմեդական իշխողների կողմից: Վիճակն այնքան սրվեց, որ Տաթեւացին մտածում էր անգամ Երուսաղեմ տեղափոխվելու մասին: Բայց պարզվեց, որ դա իրագործելը բոլորովին դյուրին խնդիր չէր, ուստի նա իր աշակերտներով տեղափոխվում է Արճեշի գավառ եւ հաստատվում Մեծոփա ուխտում: Տեղափոխությունը կատարվեց 1408-ի վերջին կամ հենց ձմեռվա սկզբին, քանի որ Տաթեւացին հիշում է իր ձմեռելը Մեծոփա վանքում: Այդ ժամանակ վանքի առաջնորդն էր Հովհաննես Մեծոփեցին, որն ավարտին է հասցնում վանքի շինարարությունը: Տաթեւացին այստեղ արժանացավ փառավոր ընդունելության: Նոր ավարտված տաճարի նավակատիքը կատարվեց Տաթեւացու ներկայությամբ: Դրան մասնակցեցին 11 վարդապետ եւ 80 կրոնավոր, սակայն նրանց մեջ փայլեց հատկապես Գրիգոր Տաթեւացին՝ իր Ավետարանի (Հովհաննու) մեկնությամբ եւ հոգեւոր այլեւայլ այրերի վարդապետական գրքերի բացատրությամբ:


Տաթեւացու եւ նրա հետեւորդների հաստատվելը Մեծոփա վանքում կարեւոր դեր կատարեց Աղթամարի կապանքի վերացման գործում: Այդ ժամանակ էլ ծագեց Աղթամարի աթոռի կապանքի խնդիրը, քանի որ, ինչպես նշվեց, այն բանադրանքի տակ էր: Տաթեւացին մեծահանդես ժողով գումարեց եւ բանադրանքից ազատեց Աղթամարի կաթողիկոսությունը: Հարկ է նշել, որ հակասություններ կային եւ դժգոհություններ Աղթամարի կաթողիկոսի դեմ, եւ երկրորդը, որ հայ հոգեւոր այրերը գտնում էին, որ պետք է վերջ տալ աթոռների բաժանմանը: Դավիթ կաթողիկոսն անկարող անձ չէր եւ մեծ աշխատանք էր կատարել Աղթամարի աթոռի զորացման համար, ուստի դժգոհությունը, թերեւս, առաջին հերթին պայմանավորված էր բարձր տուրքերի մասին կաթողիկոսի կարգադրություններով: Ավելի կարեւոր էր, հարկավ, աթոռների բաժանվածությունը, քանի որ Տաթեւացին հորդորեց կաթողիկոսին հնազանդվելու Ամենայն Հայոց կաթողիկոսին:


Բայց դա էլ հեռավոր նպատակ էր դիտվում, քանի որ հայ հոգեւորականությունը Կիլիկիայի աթոռի անկումը համարում էր ընդհանուր խնդիր, որով պետք է վերանորոգվեր Հայոց Եկեղեցին: Գտնում էին, որ հայրապետական աթոռը պետք է ազատել Կիլիկիայի վարակված մթնոլորտից, սակայն դեռեւս չէին պատկերացնում, թե դա ինչպես պետք է անել: Այլ խոսքով՝ դեռ պատրաստ չէին որեւէ որոշման հանգելու: Աղթամարի աթոռն այդ շրջանում մեծ հեղինակություն էր ձեռք բերել եւ մի տեսակ վերածվել էր Մեծ Հայքի անպաշտոն կաթողիկոսության: Կիլիկիայի աթոռը սովորաբար համարվում էր Փոքր Հայքի կաթողիկոսություն, ինչն անուղղակի բարձրացնում էր Աղթամարի կաթողիկոսության հեղինակությունը: Մ. Օրմանյանն իրավացիորեն ընթերցողի ուշադրությունը հրավիրում է այն փաստի վրա, որ Աղթամարի Զաքարիա եւ Դավիթ կաթողիկոսները շատ ավելի արժանավոր դեմքեր էին, քան Սսում հովվապետող Կարապետը կամ Հակոբը: Այս ամենը մտածել էր տալիս եկեղեցական բարենորոգումներ իրականացնելու մասին:


Աստիճանաբար հասունանում էր կաթողիկոսին գահընկեց անելու միտքը: Որքան էլ Դավիթ կաթողիկոսն ազդեցիկ լիներ, նա անկարող եղավ Տաթեւացու օրավուր ուժեղացող ազդեցության հետ մրցել: Մ. Օրմանյանն իրավացիորեն նշում է, որ Դավիթի գահընկեցությունը չէր նշանակում անձերի փոփոխություն, այլ Աղթամարի կաթողիկոսության վերացում: Գրիգոր Տաթեւացին մի նոր մեծահանդես ժողով գումարեց, ըստ երեւույթին, Մեծոփա վանքում եւ բոլորին ազատեց կաթողիկոսների կապանքներից: Տաթեւացին դիմեց Հակոբ կաթողիկոսին, որ կանոնական արձակում տա: Երեք երկրները՝ Վասպուրականը, Մոկքը եւ Կորդուքը, այլեւս պետք է հնազանդվեին Կիլիկիայի կամ Սսի աթոռին: Տաթեւացին ին նամակի մեջ Հակոբ կաթողիկոսին համարում է ամբողջ ազգի պարծանք, մեծիմաստ գիտության տեր եւ վեհ գերարփի, սակայն այդ ամենն ավելի շատ պայմանավորված էր կաթողիկոսի պաշտոնական դիրքով, քան նրա անձնական արժանիքներով:


Տաթեւացու ընդունած որոշումն ուղարկվեց երկրի տարբեր կողմերը՝ մինչեւ Գանձակի կաթողիկոսություն, Պարսկաստան, Վրաստան եւ մինչեւ Սսի կաթողիկոսարան: Հակոբ կաթողիկոսը շտապեց ուրախությամբ պատասխանել այդ նամակին՝ իր պատասխանում իրեն համարելով ողջ Հայկազնյաց եւ Վաղարշապատի կաթողիկոս, ինչը ցույց է տալիս, որ անգամ հեռավոր Սսում հաստատված կաթողիկոսները համարում էին իրենց բուն աթոռանիստը Սբ Էջմիածինը: Նամակում կաթողիկոսն Արճեշը կոչում է ականավոր մայրաքաղաք եւ հիշատակում Մեծոփա սուրբ ուխտը: Իրողություն, որը հավաստում է ժողովը Մեծոփա վանքում հրավիրելու փաստը: Անկասկած կաթողիկոսը նաեւ առանձին պատվիրակություն ուղարկեց: Մ. Օրմանյանն իրավացիորեն ժողովի հրավիրումը դնում է 1409 թ. վերջերին:


Հասկանալի է, որ ժողովը գումարվեց առանց Դավիթ կաթողիկոսի համաձայնության, ուստի վերջինս ձեռնամուխ եղավ իր անձի եւ կաթողիկոսության պաշտպանությանը: Որտեղ որ պետք էր՝ կաշառք տվեց, անհրաժեշտության դեպքում բռնություններ կիրառեց, իր կողմնակիցներին ուժեղացրեց տեղական իշխանությունների օգնությամբ՝ վախեցնելով նրանց Արեւմուտքի ոտնձգություններով: Նա քաղաքական մեղադրանքներ ներկայացրեց, երբ խոսքն ընդամենը եկեղեցական խնդրի շուրջ էր: Ուղղակի հալածանքների ենթարկվեց Տաթեւացին՝ որպես բոլոր այդ խռովությունների սկզբնապատճառ: Գործն այնտեղ հասավ, որ Տաթեւացին ստիպված եղավ պարզապես փախուստի դիմել դեպի Այրարատյան գավառ: Նրա հետ էին աշակերտները: Ըստ որում՝ նրա փախուստը աշակերտները կազմակերպեցին գաղտնի: Տաթեւացու այդ կարեւոր ձեռնարկը, փաստորեն, ձախողվեց, իսկ Աղթամարի կաթողիկոսությունը պահպանվեց: Թովմա Մեծոփեցին մանրամասն չի գրում, քանի որ չի կամենում աննպաստ բաներ գրել իր վարդապետի մասին, իսկ մյուս կողմից չի անդրադառնում Դավիթ կաթողիկոսի տգեղ ձեռնարկումներին, քանի որ այդ շրջանում նա հաշտ էր Աղթամարի կաթողիկոսության հետ: Առավել եւս, որ Աղթամարի կաթողիկոսությունը նույնպես կողմնակից էր Ամենայն Հայոց կաթողիկոսությունը Սսից Վաղարշապատ տեղափոխելու հարցում:
Փախուստը տեղի ունեցավ 1410 թ.:


Դեպքերի նման ընթացքն անհետեւանք չանցավ Գրիգոր Տաթեւացու համար, որը ոչ միայն հոգեկան ծանր պահեր ապրեց, այլեւ կորցրեց առողջությունը: Նա ընդամենը 64 տարեկան էր, երբ մի որոշ ժամանակ հաստատվեց Սաղմոսավանքում՝ վայելելով Սաղմոսավանքի մեծ վարդապետ Հակոբի հյուրընկալությունն ու հովանավորությունը: Սակայն նա կամենում էր վերադառնալ Տաթեւ, ուր նա աճել ու զարգացել էր՝ դառնալով մեծանուն գիտնական ու հմուտ ուսուցչապետ: Տաթեւացու վասպուրականյան աշակերտները նրան չլքեցին եւ նրա շուրջը խմբվեցին Սաղմոսավանքում: Սակայն սյունեցիները կամենում էին, որ Գրիգոր Տաթեւացին վերադառնա Տաթեւ, եւ Սյունյաց մետրոպոլիտ եպս Առաքելն անձամբ եկավ նրա մոտ եւ նրան, աշակերտների հետ միասին, տարավ Տաթեւ: Հավանաբար Տաթեւացին զգում էր իր մոտալուտ վախճանը, ուստի նա շտապեց վերադառնալ Տաթեւի վանք, որտեղ իր առաջավոր աշակերտներին ծայրագույն աստիճաններ տվեց, որպեսզի Հովհան Որոտնեցու սկսած գործն իր շարունակությունն ունենա: Ութ օր անց նա անկողին ընկավ եւ շուտով ավանդեց հոգին: Նա մահացավ Սբ Ստեփանոս Նախավկայի տոնի օրը, որ համապատասխանում է 1410 թ. դեկտեմբերի 25-ին: Այդ համապատասխանում է Հայոց 860 թ. նավասարդի 17-ին, չնայած «Յայսմաւուրք»-ը նրա մահը դնում է ապրիլի 27-ին: Տաթեւացու մարմինը հողին հանձնվեց Տաթեւի վանքում, ուր նրա գերեզմանը, չնայած ժամանակի արհավիքներին, պահպանվել է եւ պաշտվում է բնակչության կողմից: Թաղումը կատարվեց մեծահանդես ծեսով՝ Առաքել մետրոպոլիտի գլխավորությամբ, Հովհաննես Մեծոփեցու եւ մյուս աշակերտների ներկայությամբ: Անվանապես հիշվում են նաեւ Թովմա Մեծոփեցին, Մկրտիչ Մեծոփեցին, Հակոբ Ովսաննացին եւ Մկրտիչ Բերկրեցին, որոնք նրա աշակերտներն էին:


Գրիգոր Տաթեւացին Հայոց Եկեղեցու նշանավոր վարդապետներից էր, իսկ վերջին շրջանում՝ ամենանշանավորը, որին ժամանակակիցները մեծարել են Եռամեծ մականունով: Դա նա վաստակեց հատկապես ունիթորների դեմ պայքարին նվիրված իր աշխատություններով: Աղթարմայությունը գնալով ծավալվում էր Հայաստանում, եւ դրա ջատագովները փորձում էին օգտվել Հայոց Եկեղեցու տկար կացությունից, որպեսզի տարածեն ունիթորության վարակը: Վտանգվում էր Հայոց ազգային Եկեղեցին, եւ Գրիգոր Տաթեւացին տիտանական ջանքեր էր գործադրում այդ ազգային չարիքի դեմ պայքարելու համար: Նա իրեն նվիրեց ուսումնական բնագավառին, գրեց բազմաթիվ արժեքավոր աշխատություններ, սովորեցրեց ու քարոզեց: Հայոց Եկեղեցին, ի դեմս Գրիգոր Տաթեւացու, ունեցավ իր ամենամեծ ջատագովը, ով շարունակում էր Հովհան Որոտնեցու լավագույն ավանդույթները: Տաթեւացին գիտնական էր՝ բառիս իսկական իմաստով: Այդ առումով առանձնանում է նրա Հարցմանց գիրքը, որը ոչ միայն չի զիջում միջնադարի լատին աստվածաբանների՝ Թովմա Աքվինացու եւ ուրիշների աշխատություններին, այլեւ, մեր կարծիքով, նույնիսկ գերազանցում է դրանց: Այստեղ Գրիգոր Տաթեւացին հանդես է բերել մեծ հմտություն՝ լատին քարոզիչներին հատուկ ձեւերով պայքարելով նրանց դեմ: Ավելորդ է ասել, որ լատին քարոզիչների դեմ պայքարելու համար նրա եղանակներն առավել արդյունավետն էին: Նա իր աշխատություններով փորձում է ցույց տալ, որ Հայոց դավանանքը թերություններ չունի: Արժեքավոր են նրա «Ամարան հատոր» եւ «Ձմերան հատոր» քարոզգրքերը: Թվարկել նրա բոլոր աշխատություններն իմաստ չունի: Նա իր աշխատություններով փառք բերեց ոչ միայն իրեն, այլեւ հայ ժողովրդին, իսկ երախտապարտ հայ ժողովուրդը նրան սրբացրեց:


Գրիգոր Տաթեւացին կազմել է եկեղեցական աստիճաններ շնորհելու կարգը, ծիսական ողջ ընթացքը: Նրա մոտ հայ վարդապետությունը համապատասխանում է աստվածաբանության մագիստրոսի աստիճանին եւ ամբողջապես եկեղեցական կերպարանք է ստացել 14 աստիճանների դասավորությամբ: Ճիշտ է, դրանցից ոչ բոլորն ունեն իրենց հատուկ նշանակությունը, եւ կա միայն երկու բաժանում՝ չորս եւ տասը աստիճաններով: Դրանք էին Փոքրը եւ Մեծը կամ Մասնավորը եւ Ծայրագույնը:


Ուսումնառություն ստացածների աստիճանը Մասնավորն էր, իսկ Ծայրագույնը նախատեսված էր վարդապետաց վարդապետների համար, ովքեր վանական դպրանոցներում կամ վարդապետանոցներում իրենց աշակերտներն ունեին: Այս նորամուծությունները նպատակ ունեին բարձրացնել ուսման դերն ու հեղինակությունը: Կարելի է անգամ մտածել, որ այս ճանապարհով Գրիգոր Տաթեւացին աշխատում էր վարդապետներին ավելի մեծ փայլ տալ, քան եպիսկոպոսներինն է: Պատահական չէ, որ XX դարում եպիսկոպոսներն իրենց պատվում էին նաեւ վարդապետի աստիճանով:


Գրիգոր Տաթեւացին մեծ հետք թողեց հայ իրականության մեջ: Հայտնի էլ չէ, թե ով փոխարինեց նրան վարդապետական աթոռին: Թերեւս այդպիսին եղավ Հովհաննես Հերմոնեցին, որը Գրիգորի մահվանից 30 տարի անց հիշվում է որպես վարժապետ եւ ուսուցիչ: Տաթեւացու վասպուրականյան աշակերտները, վախենալով Դավիթ Աղթամարցու վրեժխնդրությունից, այդպես էլ չվերադարձան եւ մնացին Սյունիքում: Նրա աշակերտներից Հովհաննես Մեծոփեցին Գեղարդավանքում հիվանդացավ Զատկի՝ Հարության տոնին, եւ մահացավ 1411 թ. մայիսի 3-ին: Իր աշակերտները նրան հողին հանձնեցին Հավուց թառի վանքում՝ Հովսեփ նահատակի եւ Եղիա վարդապետի գերեզմանների հարեւանությամբ: Առաջինը Հովսեփ Դվնեցին է, իսկ երկրորդը՝ Հավուց թառի վանահայրը: Մեծոփեցու անունը չի մտել «Յայսմաւուրք»-ի մեջ: Տաթեւացու վասպուրականյան մյուս աշակերտները կարողացան վերադառնալ Վասպուրական միայն Դավիթ Աղթամարցու մահից հետո: Նրա աշակերտներից Թովմա Մեծոփեցին հաջորդեց Հովհաննեսին՝ որպես Մեծոփա վանքի առաջնորդ:


Թովմա Մեծոփեցու հաղորդմամբ՝ Հակոբ կաթողիկոսը թունավորվել է իրեն նախորդած վեց կաթողիկոսների նմանությամբ, սակայն Մ. Չամչյանը, որ թունավորված լինելը հավասարաբար չի տարածում բոլորի վրա, գտնում է, որ նա դեղակուր է արվել կամ թունավորվել կաթողիկոսարանի միաբանների կողմից: Նա մահացավ, հավանաբար, 1411 թ.՝ Գրիգոր Տաթեւացու մահից մի փոքր հետո: Համենայն դեպս, Մեծոփա վանքի արձանագրությունը հավաստում է նրա կենդանի լինելը 1410 թ.: Ըստ որում՝ հովվապետել է ոչ թե 2 տարի, ինչպես հաղորդում է Սամվել Անեցին, այլ 7 տարի: Հայտնի չէ, թե նա ինչպես սպանվեց եւ ինչ պատճառներով: Դա սովորական նախանձի՞ արդյունք էր, թե՞ նրա վարած քաղաքականության, պատմությունը հիշատակներ չի պահպանել: Հնարավոր է, որ դրա կազմակերպիչը նրան հաջորդած հովվապետն է եղել: Նրա հետ վարվեցին այնպես, ինչպես ինքը վարվեց իր նախորդի՝ Կարապետ կաթողիկոսի հետ: Այլ տեղեկություններ նրա մասին պարզապես հայտնի չեն:


Քաղաքական առումով Հակոբ Բ Սսեցի կաթողիկոսի ժամանակաշրջանը համընկնում է կարա-կոյունլու Յուսուփի եւ Իսքենդերի ժամանակներին: Լենկթեմուրը 1402 թ. Անգորայի ճակատամարտում ջախջախեց օսմանյան սուլթան Բայազետ Յըլդըրմին, հետո արշավեց դեպի Վրաց աշխարհ եւ մեծ ավերածություններ գործեց այնտեղ: Նա միայն վաթսուն հազար մարդ գերի տարավ, որոնցից տկարներին սպանում էին՝ գլուխները քարերով ջախջախելով: 1405-ին Լենկթեմուրը մահացավ, եւ նրա տերությունն սկսեց քայքայվել: Նրան հաջորդեց Շահռուհը, որին երբեմն նույնացնում են Միրանշահի հետ, որը կառավարիչ էր նշանակված Պարսկաստանում: Շահռուհն իրեն հաջորդ նշանակեց իր Էոմեր անունով որդուն: Սա բռնությամբ մահմեդականացրեց Բուրթել Օրբելյանին եւ նրա եղբայր Սմբատին, որը Գրիգոր Տաթեւացու հովանավորն էր: Մահմեդականացվեցին նաեւ Տարսայիճ Եղեգյաց, Աղիտան Աղցից եւ Սարղաթմիշ Մակվի իշխանները, սակայն նրանք հետո զղջացին եւ վերադարձան նախկին հավատին:


Օգտվելով ստեղծված քաղաքական անկայուն վիճակից՝ վերադարձավ Կարա-Յուսուփ ամիրան եւ վերականգնեց կարա-կոյունլուների պետությունը: Դա տեղի ունեցավ 1406 թ., այսինքն՝ Լենկթեմուրի մահվան հաջորդ տարին: Նա կարողացավ իր շուրջը համախմբել կարա-կոյունլուներին եւ գրավել Ատրպատականն ու Հայաստանը: 1407-ին պատերազմ սկսվեց Յուսուփի եւ Լենկթեմուրի թոռ Աբուբեքիրի միջեւ: Յուսուփը գնալով ուժեղացավ եւ գրավեց Երզնկան, Մարդինն ու Արզանը, արշավեց Ամիդի վրա, որն ակ-կոյունլուների կենտրոնն էր: Վերջիններս ընդունեցին նրա գերիշխանությունը: Նրանց առաջնորդն էր Օսմանը կամ Օթմանը, որին Մեծոփեցին համարում է «յոյժ սիրող ազգիս Հայոց»: Սակայն թե դա ինչում է արտահայտվել, հեղինակը ոչինչ չի ասում: Մի պահ Բաղդադի ամիրա Ահմեդը գրավեց Թավրիզը, սակայն Յուսուփը ոչ միայն վերադարձրեց Թավրիզը, այլեւ գրավեց Բաղդադը: Ահմեդը մահապատժի ենթարկվեց, իսկ Յուսուփի որդի Իսքենդերը նշանակվեց կառավարիչ Միջագետքի վրա: Յուսուփն իր կենտրոնը դարձրեց Բագրեւանդի Վաղարշակերտ կամ Ալաշկերտ քաղաքը: Մի պահ կարծես երկիրը խաղաղվեց: Յուսուփը պաշտպանեց Դավիթ Աղթամարցի կաթողիկոսին, քանի որ շատ կասկածամիտ էր օտարների միջամտության խնդրում: Նա օրոք մահմեդականացած հայ իշխանները վերադարձան քրիստոնեության, իսկ մահմեդականների կողմից գրավված շատ վանքեր ու եկեղեցիներ վերադարձվեցին հայերին:


Այս ժամանակներում հռչակվեց պարսիկ քարոզիչ Յուսուփ Իսահակը: Նա բնիկ թավրիզեցի էր, ի ծնե մահմեդական, որն ապրել էր քրիստոնյաների նկատմամբ լիրբ ու հալածիչ կյանքով: 1377-ին դեռ պատանի էր, երբ շների պիղծ ոսկորները նետում էր քրիստոնյաների կարասների մեջ: Ըստ երեւույթին, այդ ամենը նրա վրա ազդեցին, եւ նա երեք օր ու գիշեր հայտնվեց ուշակորույս վիճակում: Նա, գիտակցությունը կորցրած, մեղա եկավ Աստծու առաջ: Ի վերջո, երբ նրան ուշքի բերեցին, սկսեց պատմել իր տեսածներն ու լսածներն այդ դրության մեջ: Նա տեսել էր դժոխքի ահավոր տեսարանները, լսել սպառնալիքներ, ինչպես նաեւ տեսել էր արքայության վայելքների հեռապատկերները: Նա դիմում է Թավրիզում գտնվող Ստեփանոս Լալուկ վարդապետին եւ մկրտվում՝ վերցնելով Իսահակ անունը: Այնուհանդերձ, նրան կոչում էին երկու անունով՝ Յուսուփ Իսահակ: Նա սովորում է հայերեն եւ դառնում հմուտ քարոզիչ: Նրան սկսեցին կոչել Իսահակ պարսիկ վարդապետ, չնայած եկեղեցական աստիճան չուներ:


Նույն նախանձախնդրությամբ, ինչպես նախկինում հալածում էր քրիստոնյաներին, այժմ դարձավ նրանց պաշտպանը: Թավրիզից սկսած՝ նա շրջում էր Քրդաստանում, Պարսկաստանում, Հնդկաստանում, Վրաստանում, Ասորեստանում, Բաղդադում եւ այլ վայրերում ու իր քարոզներով շատերին դարձնում քրիստոնյա: Այսպես նա քարոզում է 40 տարի, մինչեւ որ ծերացավ: Նման քարոզի համար նա ենթարկվեց բազմաթիվ հալածանքների ու ահավոր չարչարանքների, Թավրիզում ուղտի վրա ձաղկվեց այն աստիճանի, որ մի կերպ բուժեցին՝ 40 օր պահելով նոր մորթված անասունի մորթու մեջ: Նա հալածանքների ենթարկվեց Սուլթանիայում, Սամարղանդում եւ Բաղդադում: Նրան փորձեցին այրել, Նախիջեւանում նետեցին պարսպից, Մարաղայում գլխիվայր կախեցին: Մի պահ նա քաշվեց Մեծոփա վանքը, հետո գնաց Արճեշ, որտեղ նրան, մինչեւ մեջքը թաղելով, քարկոծեցին, հետո բազուկը ջարդելով՝ բաց թողեցին: Դրանից հետո նա կրկին գնաց Մեծոփա վանք եւ շարունակեց իր քարոզչական գործունեությունը՝ մինչեւ իր նահատակությունը, որը տեղի ունեցավ Շամախի քաղաքում 1417 թ. ապրիլի 18-ին: Նրա գլուխը հաստ բրով ջարդեցին, եւ ուղեղն արյան հետ դուրս հորդեց: