Սուրբ Եփրեմ Ասորի, ճառ սուրբ ծննդյան

Սուրբ Եփրեմ Ասորի, ճառ սուրբ ծննդյան

Սքանչելի է Քո ծնունդը, Որդի՛ Աստուծոյ, և դժվար է ինձ համար իմ նվաստ լեզվով խոսել այս մեծ Խորհրդի մասին: Բարձր է Քո հայտնությունն ամեն բանականությունից, և անհնար է ինձ` տկարիս համար, խոսել քո Ծննդյան մասին: Ամբողջ աշխարհը բավական չէ ճառել Քո փառքի մասին, Տե՛ր, արդ, ես` տկարս, ինչպե՞ս համարձակվեմ խոսել Քո մասին: Միայն Քո Հայրը գիտի, թե ինչպես է Քո ծնունդը, ապա ի՞նչ բերանով խոսեմ Քո մասին հողս և մոխիրս: Անծանոթ է Քո ծննդյան խորհուրդը անգամ հրեշտակներին, արդ ես ի՞նչ ձայնով Քեզ վերառաքեմ իմ խոսքը: Քերովբեները, որ բռնում եմ Քո երկնային կառքը, երբեք չիմացան Քո տեղը, արդ, այժմ ո՞ր կողմ ուղղվի իմ միտքը, որ պատմի Քո մասին:
 

Որտե՞ղ գտնեմ Քեզ, քանի որ ծածուկ ես, և կամ ինչպե՞ս ճառեմ քո մասին, քանի որ անիմանալի է Քո խորհուրդը: Դեպի ո՞ր երկիր թռչեն իմ զգայարանները` զգալու համար Քեզ, և դեպի ո՞ր սահմաններին նայեմ` տեսնելու համար Անտեսանելիիդ: Որքա՞ն պիտի բարձրանա իմ միտքը` գտնելու Անհասանելիիդ, և կամ դեպի որ կողմ պիտի ուղղվի իմ խոսքը` պատմելու Անճառելիիդ մասին: Ուստի՝ Քեզ եմ տալիս իմ ձայնի քնարը, Տե՛ր, շարժի´ր այն և Սուրբ Հոգու շնորհով բացիր իմ բերանը՝ հոգևոր եղանակով պատմելու Քո փառքը:
Արդ, Նա, որ ստեղծել է մարդուն, որպես շնորհների վտակ դուրս եկավ անսահման ծովից, որ մաքրափայլ կերպով սրբագործի մարդուն հանցանքների աղտից:


Մեծ Արքան կամեցավ ուղարկել իր Որդուն` փրկելու աշխարհը չարի գերությունից և կռապաշտության մոլորությունից: Նրա գալստից առաջ շատացան կարապետները և ամբողջ տիեզերքին ավետարանեցին բարի համբավը: Ողորմածը տեսավ, որ տկարացած է աշխարհը և թշնամին զորացած, ուստի ուղարկեց իր Որդուն՝ վերադարձնելու գերվածներին: Հրեշտակների Տերը հրամայեց հրեշտակապետին՝ պատրաստելու իր ճանապարհը, որ իջնի և բնակվի Կույսի մեջ: Հորից անբաժանելին փառքի Աթոռից ուղարկվեց դեպի Իր ոտքերի պատվանդանը, քանի որ ասված է. «Երկինքն իմ Աթոռն է, իսկ երկիրը՝ իմ ոտքերի պատվանդանը»:


Արդ, որտեղի՞ց եկավ, կամ ո՞ւր գնաց, կամ ինչի՞ համար առաքվեց Գաբրիել հրեշտակը, և ի՞նչ կարիք կար, որ հրեշտակը գնար Նրա առջևից: Չէ՞ որ Նրա ընթացքն ավելի զորեղ է, քան քերովբեներինը, և Նրա թռիչքն ավելի արագ է, քան սերովբեներինը: Արդ, ինչո՞ւ հրեշտակն ուղարկվեց նրա առջևից` ողջունելու և ավետարանելու Կույսին Նրա գալուստը: Թերևս, որ օրիորդ մայրը չվախենա, երբ տեսնի իր որովայնում անսերմ հղությամբ մանկանը: Նաև այն պատճառով ուղարկվեց հրեշտակը, որ տեղյակ պահի Մարիամին, թե Ով է բնակվելու նրա մեջ:


Տրվեց հրամանը հրեշտակին, և նա, առանց հապաղելու, շտապելով գնաց: Խոսքը, որ լսեց Գաբրիել հրեշտակը, ոչ ոք չիմացավ, քանի որ Բարձրյալն այն թաքուն ասաց: Սուրբ Գրքից միայն հրեշտակի առաքվելը գիտենք, բայց նաև այն գիտենք, որ ինչ հրեշտակը լսեց, այն էլ ասաց Կույսին, ինչ իմացավ, այն էլ ավետարանեց Աստվածամորը: Վերցրեց ծառան հրովարտակը մեծ Թագավորից և անմիջապես սլացավ երկնայինների դասերի միջով, ճեղքեց հուրը, պատռեց հողմը, ոտքի տակ տվեց կայծակը, անցավ մեգի միջով, գնաց լուսեղեն ճանապարհներով, թողեց հրեշտակներին իրենց օթևաններում` անցնելով նրանց մոտով: Երկնքից սլանալով` իջավ երկիր և հասավ Մարիամի մոտ, տեսավ Արքայի մորը, խոնարհեց գլուխը նրա առաջ և տվեց Բարձրյալի գրած ուրախալի հրովարտակը: Իմաստուն երկնավորը սկսել խոսել՝ ասելով. «Ողջո´ւյն Քեզ, օրհնյալդ կանանց մեջ, Տերը քեզ հետ է»: Իսկ Տիրոջ աղախինը, տեսնելով թագավորական հրեշտակին, սաստիկ վախեցավ, քանի որ չգիտեր, թե նա ո՞վ է, ի՞նչ է ուզում, որտեղի՞ց է եկել, կամ ո՞վ է նրան ուղարկել:
Մարիամը հարցրեց հրեշտակին. «Ասա՛ ինձ, ո՞վ է քո Տերը, և ո՞րն է նրա աշխարհը: Ես երբևէ տեսե՞լ եմ քո Տիրոջը, լսե՞լ եմ արդյոք նրա ձայնը, ի՞նչ խորհրդով ես դու ուղարկվել, և ինչպիսին է Նրա կերպարանքը, քանի որ դու, որ սքանչելի տեսք ունես, նրան Տեր ես անվանում: Նմա՞ն է Նա քեզ, թե՞ քեզանից առավել է, երևելի՞ է քեզանից կամ ավելի պայծառ, քան դու ես, փառավո՞ր է ինչպես դու ես, թե՞ անպատմելի է Նրա փառքը: Եթե դու, որ նրա ծառան ես, լուսավոր ես ինչպես օդը, ուրեմն՝ քո Տերն ամբողջովին հրեղեն է: Եթե քո տեսքը արեգակի ճառագայթի պես է, ուրեմն, եթե արեգակը նայի քո Տիրոջը, կխավարի: Եթե քո ձայնը որպես զորավոր ձայն հնչեց իմ ականջներում, ուրեմն, եթե քո Տերը խոսի, երկիրը կդողա: Եթե քո ձայնից որոտ է լինում, ուրեմն՝ քո Տիրոջ ձայնից վեմը կպատռվի: Ո՞վ է քո Տերը, ի՞նչ է նրա անունը, ո՞ր ազգից կամ ո՞ր աշխարհից է»:


Պատասխանեց հրեշտակը. «Ո՛վ սրբուհի, ճշմարիտ է քո խոսքը. իմ Տերն անտեսանելի է, Նրա օթևանն անծանոթ է, Նրա անունը սքանչելի է, Նա գերազանց է ամեն մտքից և խորհրդից: Այժմ Որդին Հոր ծոցից իջնում է քո մեջ: Ինչո՞ւ ես ինձ հարցեր տալիս. Նա ինձ համար անտեսանելի է, բայց քեզ` ծնողիդ համար, թերևս տեսանելի: Նրա ձայնն եմ միայն լսել, բայց չեմ կարող Նրան տեսնել: Նրա գալուստն իմացա և քեզ լուր բերեցի: Ահա Նա քո մեջ է»:


Հիացավ Մարիամը հրեշակի սքանչելի խոսքից, բայց ոչ թե լռեց, այլ ցանկանալով իմանալ ճշմարտությունը, իմաստությամբ հարցրեց. «Ո՛վ, հրեշտակ, եթե չբացատրես քո խոսքերը, չեմ կարող դրանք ընդունել: Եվայի պես դյուրահավատ չեմ, որ, մի խոսքի հավատալով, մահը ճաշակեց, փոխանակ հարցներ իր խրատատուին, թե` ինչպե՞ս կարող եմ աստվածանալ՝ ծառի պտուղը ճաշակելով: Եթե հարցներ, ապա կհաղթեր և չէր զրկվի շնորհներից: Նա աստվածանալ կամեցավ իր բնությամբ, ինձ պատգամում ես ծնել առանց ամուսնության: Անհնար է այն, ինչ դու ասացիր, քանի որ տղամարդ չեմ ճանաչում: Ո՞ր ժամանակներում է եղել ծնունդ առանց ամուսնության, կամ ե՞րբ է այդպիսի բան պատահել կանանց հետ, ո՞վ է տեսել մանուկ Կույսի արգանդում: Եթե չբացատրես, ապա դժվար է ինձ համար քեզ հավատալ»:


Իսկ հրեշտակը, լսելով խորիմաստ հարցերը, խիստ զարմացավ և սկսեց բացատրել, թե ինչ է լինելու: Հանճարեղ դպիրը նայելով Կույսին, որ հոժարությամբ լսեց ճշմարտությունը, սկսեց բացատրել իր խոսքերը: Տեսնելով, որ նա անվեհեր է իր հարցերում՝ սրեց իր հրեղեն լեզուն և պատմեց օգտակարը. «Մի՛ կարծիր, թե խաբում եմ քեզ, դու՛ստր Դավթի, ճշմարիտ են իմ պատգամները, ընդունիր իմ խոսքերը: Ես նենգավոր կարապետ չեմ, որ երկմտես, հավատա՛ ինձ, ուղիղ եմ իմ խոսքերը: Նման չեմ օձին, որ խաբեց Եվային, ճշմարիտ է իմ Տերը, և ես քեզ ճշմարտությունն եմ քարոզում: Բայց քանի որ հարցրեցիր, թե ինչպե՞ս կարող է այս ամենը կատարվել, ապա լսի՛ր և միտքդ առ. Սուրբ Հոգին ճշմարտապես կգա քեզ վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ:


Մարդկանց Արարիչը իր մարմինը քեզանից կվերցնի, և անծին Որդին քո կուսությունից կծնվի: Աշխարհի ճարտարապետը կիջնի քո սուրբ արգանդը և քո որովայնում կհագնի հողեղեն հանդերձ: Բարձրյալի զորությունը կմարմնանա քո մեջ և չի փոփոխվի, քո սրբությունից անստեղծ Բանը մարմին կառնի: Այն պատկերը, որ չարը եղծեց, կնորոգի և կմիավորի Իր բնությանը՝ դրանով փրկելով աշխարհը չարի ծառայությունից: Ահա, բնակվում է քո մեջ, սակայն չի հեռացել Հորից, եկել է դեպի քեզ, սակայն լի են Նրանով երկինքն ու երկիրը: Կարիք չկա քեզ մերձենալու, որ հղիանաս, քանի որ քո կուսության պտուղը Բարձրյալի զորությունն է: Հանի՛ր քո մտքից մարմնական մտքերը, քանի որ քո մանուկը Աստծո Որդին է, և այլևս մի՛ քննիր և խորհիր, թե ինչպես և ինչու, քանի որ Հորից ծնվածը անքննելի է և անհասանելի»:


Օրհնված է Մարիամը կանանց մեջ, որ քննեց ճշմարտությունը և իմացավ հրեշտակից կատարյալ եղելությունը: Այսպիսով կատարվեց մեծ Թագավորի հրամանը: Երբ Կույսն ասաց հրեշտակին, թե՝ «Կլինի այնպես, ինչպես դու ասացիր», այդժամ ընդունեց մանկանն իր մեջ: Սակայն, պետք էր նախ Կույսին ավետարանել, որ իր բարի մտքով և ազատ կամքով ընդուներ Նրան: Լուսավորվեցին սրբուհու միտքն ու խոհերը Աստվածորդու համար, ում կրում էր, պայծառացավ նրա գեղեցկությունը, ցնծում էր նա և ուրախանում արքաների Արքայով, որ բնակվում էր իր մեջ:


Երբ լրացավ Որդու մարդեղանալու ժամանակը, երբ Իր աստվածությանը միավորեց մարմինը, որ վերցրեց Կույսից, երբ լրացան հղիության ինն ամիսները, ճշմարտապես ծնվեց Նա, ով արարել էր Ադամին, և իր ծնունդով ազատեց արարածներին գերությունից: Երբ Նա կամեցավ գրել Ադամին կենաց գրքում, երկրում էլ հրաման եղավ աշխարհագիր անելու: Հանդիպեցին երկու արքաների հրամանները իրար՝ երկնավորինը և երկրավորինը. կայսրը գրառում էր մարդկանց՝ հարկեր տալու համար, իսկ Աստծո Որդին գրում էր Ադամի որդիներին կենաց գրքի մեջ: Երկրում եղավ հրաման, որ յուրաքանչյուրին գրեն իր ծննդավայրում, իսկ Ադամին Եդեմում գրեցին, քանի որ դա էր նրա ծննդավայրը:


Երբ կայսրը հրամայեց յուրաքանչյուրին իր գավառում գրանցել, Հովսեփը վերցրեց Մարիամին և գնաց Բեթղեհեմ: Մարիամն ուներ թագավոր և գնաց Դավիթ թագավորի քաղաքը, որ ծնի Նրան, Ում հայտնվելով մարդիկ պիտի գրվեն կենաց գրքում: Երբ հասան նրանք Դավթի քաղաքը, սկսվեցին Աստվածամայր Կույսի երկունքի ցավերը, բայց քանի որ նրանք տուն չունեին Բեթղեհեմում, ապա օթևանեցին մի վիմափոր տան մեջ: Աղքատների հետ դատարկ տուն իջավ մեծամեծը, հզորը քարայրն իջավ՝ տառապյալների հետ, նեղվեց մայրը երկունքի ցավերից Նրան ծնելու ժամանակ, քանի որ սուրբ Կույսը միայն հոգի չծնեց: Աստվածային և մարդկային է Նրա ծնունդը. Աստվածային է, քանի որ Կույսից ծնվեց անհասանելին, և մարդկային է, քանի որ անճառելին մարմնացած ծնվեց: Մի է ծնունդը Միածին Որդու՝ կատարյալ, բովանդակ, երևելի, սքանչելի, տեսնելի և իմանալի: Հորից է ծնվում, հրեշտակների համար անտեսանելի է, մարդկանց համար՝ երկրպագելի, Հոր էությունից է և մարդկային բնությունից, մեկ Փրկիչ է՝ Բարձրյալից և Կույսից, մեկ Ամենազոր է հրեղենների և հողեղենների մեջ, մեկ Ամենակարող է ծածուկ էությամբ և հայտնի մարդկությամբ:


Ո՞վ կարող է քննել Նրան. անծանոթ է իր բնությամբ և ճշմարիտ մարդեղությամբ: Ո՞վ կհամարձակվի զննել նրան. հագել է լույս և պարուրվել խանձարուրում: Ո՞վ կարող է չափել նրան. բազմել է Փառքի Աթոռին և մտել մսուրը: Ո՞վ կարող է ճանաչել նրան. սարսռացնում է հրեշտակներին և մարմին է առել: Ո՞վ կարող է պատմել նրա մասին. բազմել է քերովբեների կառքին և Մարիամի գրկում է: Որոտում է երկինքը, զարհուրած են երկնային զորքերը, և Նա գգվել է մորը. ահա սքանչելիք: Հրեշտակները ծածկել են երեսները, Հովսեփը երկրպագում է. ահա շնորհ: Հրեշտակները երգում են, մարդիկ՝ փառաբանում. ահա խոնարհություն:


Իջան երկնային զորքերը և երկիրը երկնքի պես դարձրեցին, իրար խառնվեցին վերևիններն ու ներքևինները, և փառաբանության պսակ մատուցեցին մեծ Թագավորին: Ավետիս տվեց Գաբրիել հրեշտակապետի դասը Ադամի սերունդներին, թե՝ Զարթնե՛ք և իմացեք նոր օրհնությունը: Քաղցրաձայն եղանակով երգեց Միքայել հրեշտակապետի դասը և մարդկանց սովորեցրեց օրհնության երգեր: Քերովբեների օրհնության ձայնը հնչեց ողջ զորությամբ, որ բացվեն մարդկանց փակ բերանները՝ փառաբանության համար: Սերովբեների սրբասացությունը հնչեց իբրև քաղցրաձայն փող՝ քնից արթնացնելու մարդկանց որդիներին: Երկնային զորությունները պար հորինեցին և երգեցին. «Փա՜ռք Աստվածային բարձունքներին, երկրին խաղաղություն, Ադամին հաշտության մեծ հույս»:


Հրեշտակները շտապելով ավետիս տվեցին հովիվներին, թե՝ «Եկավ քաջ հովվապետը, ժողովեց իր ցրված բանավոր հոտը: Ավետում ենք ձեզ մեծ ուրախություն, քանի որ Դավթի քաղաքում այսօր ծնվեց այսօր ձեր Փրկիչը՝ օծյալ Տերը: Նա է Փրկիչը, որ ազատում է գերիներին չարի գերությունից, արձակում է կապվածներին խավարի կապանքներից: Նա է հզորը, որ իր արյամբ գնում է գերյալներին, և իր չարչարանքով հաղթում ու հալածում թշնամուն: Ինչո՞ւ եք, լուռ, ո՛վ մարդիկ, քանի որ եկել է ձեր թագավորը. գնացեք, տեսեք և երկրպագեք Նրան»:


Ցնծացին հովիվները, հավատացին անմեղները և, ընծաներ վերցնելով, գնացին Նրա մոտ: Այս արդարները ընտրեցին նվերներ և պատարագ մատուցեցին՝ գառները տալով Նրան՝ որպես քահանայապետի, կաթը՝ որպես նորածնի, փառքը՝ որպես Աստծու: Առաջին ընծաները հովիվները տվեցին՝ իրենց գառներով մտան այն քարայրը և Նրան երկրպագեցին: Խառնվեցին հովիվները հրեշտակներին և փառաբանեցին Նրան: Մեծ սքանչելիք եղավ, քանի որ միավորվեցին երկնայինները երկնավորների հետ, և հոգեղենների երգին խառնվեց մարմնավորների երգը: Հնչեց փառաբանություն ամեն բերանից, և միաբանվեցին երկինքն ու երկիրը՝ երգելու օրհնությունը Մեկ միջնորդի, Ով իր ծննդյամբ հաշտեցրեց բոլորին: Մանուկը լուռ էր, երկնայինները՝ ապշած, փառաբանությունը բարձրանում էր, հրեշտակները երգում էին, մարդիկ գոհաբանում, քարայրը փոքր էր, մսուրը՝ աղքատ, Հովսեփը ուրախացած էր, Մարիամը՝ զարմացած, Որդին՝ անշուք և խոնարհ:


Այսօր՝ քո մեծ Ծննդյան օրը, Տե՛ր, ցնծաց երկիրը և փշերի փոխարեն բարի պտուղներ բուսեցրեց: Այսօր ուրախացավ նախահայր Ադամը, քանի որ Աստված ծնվեց իր սերունդներից: Այսօր Ադամից առավել ցնծաց Եվան, քանի որ նրա սերունդներից ծնվեց մանուկ, որ վերացրեց իր անեծքը: Այսօր ուրախացավ դրախտն իր բոլոր ծառերով, քանի որ դրախտապանը դարձավ դեպի իր ժառանգությունը: Այսօր ցնծացին բոլոր ազգերը, որ ցրված էին ամբողջ երկրով, քանի որ Քեզանով համախմբվեցին: Այսօր ուրախացան մարգարեները, քանի որ կատարվեց նրանց խոսքը Փրկչի ծննդյան մասին: Այսօր Դավիթ հայրը իր տավիղով հօրինեց նոր երգեր Քո ծննդյան համար: Այսօր ուրախացավ հայր Հովսեփը, որ շատ նախատինքներ էր կրել Քեզ համար, սակայն արժանի եղավ քո փառքը տեսնելուն: Այսօր, երբ Դու ծնվեցիր, բարձրացավ Քո փառաբանությունը, քանի որ երկնայինները և երկրավորները երգեցին նոր օրհնություն:


Նորոգվեց երկիրը, որ լցվել էր մեղքով, և վերստին արարվեց Աստծու Որդու ծննդյամբ: Բոլոր օրերից ավելի մեծ է այսօրվա փառքը, և բոլոր տոներից ավելի հրաշալի է այս տոնի պայծառությունը: Զարթնի՛ր Եկեղեցի, գեղեցկազարդ երգով և մատուցիր օրհնության պատարագ Քո Տիրոջը Նրա ծննդյան օրը:


Այսօր ուրախացավ հարսնացյալ Եկեղեցին՝ իր փեսայի տուն դառնալով: Այսօր գոհացան չարի կապանքներով կապվածները, քանի որ եկավ նրանց Փրկիչը, քանդեց շղթաները և ազատեց նրանց: Այսօր Արարիչը կրկին նկարեց իր պատկերը, որ ապականվել էր, և խառնեց նրան անմահության դեղ, որ այլևս երբեք չեղծվի: Այսօր իմաստուն ճարտարապետը շինեց իր քանդված տունը և տեղադրեց նրանում աստվածային անդրդվելի սյուն: Այսօր հաշտվեց Տերն Ադամի հետ, քանի որ Որդին իր ծննդյամբ խաղաղեցրեց Հորը և Ադամին: Այսօր Տերը գտավ մոլորված ոչխարին և, վերցնելով իր ուսերին, տարավ դեպի դրախտային Եդեմ: Այսօր եկավ հիվանդների և վիրավորների Բժիշկը, որ բժշկի և առողջացնի բոլորին: Այսօր Հորից եղավ հրաման հավիտենական կյանքի, քանի որ Որդու ծննդյամբ մարդկային ազգը հրավիրվեց արքայություն:


Այս ամիս, որ առանց պտղաբերության ամիս է, մեզ ուղարկվեց երկնավոր կյանքի պտուղը: Այս ամիս, երբ դատարկ է խաղողի այգին, կույս որթատունկը մեզ պարգևեց ողկույզ իր արգանդից: Այս ամիս, երբ սպառվել էր երկրի վրա բարությունը, ուղարկվեց մեր հոգիներին երկնավոր բարություն: Այս ամիս, երբ արեգակը բարձրանում է իր աստիճաններով, ծագեց արեգակն արդարության և լուսավորեց մեզ: Այս ամիս, երբ տեղի է տալիս գիշերը և պարտվում լույսից, պարտվեց չարը, նահանջեց և ընկավ իր իշխանությունից: Այս ամիս, երբ խավարը զիջում է լույսին, խավարի իշխանությունը պարտվեց անստեղծ լույսից: Այս ամիս, երբ թագավորները տվեցին նոր հրամաններ, մեծ Թագավորից երկրին եղավ խաղաղության հրաման:


Այս տոնին, երբ հրեշտակները երգեցին իրենց ձայներով, նաև մարդիկ գոհաբանեցին իրենց ովսաննայով: Այս տոնին, երբ երկնավորները սպասավորեցին, երկրավորները պաշտեցին և երկրպագեցին ծնված Աստծուն: Այս տոնին երգենք փառքը Քո Ծննդյան, որ Քո տեսության ահեղ օրը մեզ ողորմես: Այս տոնին Հորը փառաբանություն, Քեզ՝ անդադար օրհնություն, Սուրբ Հոգուն՝ երկրպագություն, և մեզ՝ բոլոր հավատացյալներիս, ողորմություն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:


Գրաբարից փոխադրեց Լուսինե Թումանյանը
Աղբյուր՝ «Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ 

 

  • 2021-11-11
×