«Աղջիկը խնդրում ա, որ իր զինվոր եղբորը Աստված պահպանի»

«Աղջիկը խնդրում ա, որ իր զինվոր եղբորը Աստված պահպանի»

Արարատյան Հայրապետական թեմի qahana.am կայքը սկսել է նոր շարք, որտեղ երեխաները խոսում են տարատեսակ հարցերի շուրջ։ Ձեր երեխաներին հաճախակի հարցեր տվեք, քանի որ նրանք ունեն այդ հարցերի ամենաանհավանական պատասխանները։


Եթե չգիտեք, թե ինչ հարցեր տալ նրանց, հետևեք «Մեկնաբանում են երեխաները» շարքին:
Մեծական հարցերի մասին այսօր մտածում-պատմում է 5-ամյա Գոհարիկ Գևորգյանը:
 

Կնունքի օրը
Իմ ամենալավ օրն էր, դրանից կպատմեմ, բայց մի քիչը մոռացել եմ:

Գնացինք եկեղեցի: Տեր հայրը մեզ խաչեց՝ խաչ արեց էլի մեր վրա: Հետո գնացինք ուրախացանք:


Առաջին հաջողությունը
Մի օր թիթեռի շորեր էի հագել ու թռչկոտում էի իմ մանկապարտեզի երգի տակ: Հետո ծափ տվեցին բոլորը: Ուրախացա, որովհետև մաման էլ ուրախացավ:


Առօրյա
Տներն եմ դասավորում, ամեն ինչ դասավորում եմ: Չեմ սիրում, որ թափած ա լինում, բայց դե թափում ենք, խաղում ենք, հետո հավաքում: Ամենասիրածս խաղալիքը աման-չամաններն են ու տիկնիկները:


Մանկապարտեզը լավ ա
Երբ տղերքն ու աղջիկները չարություն են անում, իրանց պատժում են: Ասում են` գնա սենյակ: Ես չգիտեմ` սենյակ գնալը վատ բան ա, թե չէ, բայց Խաչիկը չար ա, ու լավ ա լինում, երբ որ սենյակ ա գնում:


Երեխաների չարությունը
Թռվռալն ա, ամեն տեղ վազվզելը: Խաղալն ա այսինքն:


Դպրոց
Հեսա դպրոց եմ գնալու: Երբ հանդես անենք, նոր: Հանդեսն էլ հլը չենք փորձել: 


Ամենալավ ընկերներս
Մանեն ու Մարիամիկն են: Հետները համ կռվում եմ, համ էլ խաղում ենք: Դե որ ինձ չեն թողնում խաղամ՝ լացում եմ:


Սիրում եմ
Մամային, պապային, բոլոր մարդկանց ու անգիրներ սովորել: Տառերն էլ եմ ուզում սովորեմ, մեկ-մեկ գրում եմ իմ անունը:


Ամենասիրածս անգիրը
«Աստված իմ»-ն ա, որ կնունքիս էլ ասեցի: Էդ անգիրում աղջիկը ասում ա, խնդրում ա, որ իր զինվոր եղբորը Աստված պահպանի: Վերջանում ա սենց. «Թող մեր երկիրը միշտ խաղաղ լինի, և եռագույնը հավերժ ծածանվի»: Էդ ասեցի: Դրանից առաջ կամ հետո էլ «Հայր մեր»-ն էի ասել: Ես` միկրոֆոնով, իսկ մնացած հյուրերը` առանց միկրոֆոնի: Մի անգամ էլ հիվանդանոցում եմ ասել՝ տեր հայրերի մոտ (նկատի ունի` ճեմարանում սովորողներին, ովքեր այցելում են մանկական հիվանդանոցներ): Իրանք զարմացան, ասեցին, որ իրանց մոտ գնամ՝ եկեղեցի:


Ամենաբարի մարդը
Բարի մարդը նա ա, ով երեխաներին պաշտպանում ա, օգնում ա, դե դուք գիտեք` ինչով:


Չար մարդը
Երեխաներին կախարդում ա իր կախարդական փայտիկով, եթե ունի: Կամ էլ, որ ծեծում ա երեխաներին չարություն անելու համար:


Օգնություն
Օգնելը նա ա, որ քեզ մի բան ասեն դու անես: Ես քեզ հիմա օգնում եմ, օրինակ, պատասխանելով: Բայց ուրիշ օգնել էլ կա, որ լացում են կամ խեղդվում են, օգնում ես:


Ամենալավ դեղը
Ես եղել եմ հիվանդանոցում ու տեսել եմ հիվանդ բալիկների: Ես էլ հիվանդ էի, հիմա լավացել եմ ու էլ չեմ գնում, բայց իրանց մաղթում եմ ամենալավ դեղը, որ խմեն ու լավանան: Դե առողջություն չեմ կարող մաղթեմ. արդեն հիվանդացել էին:


Մյուսներին մաղթում եմ...
Հիմա իրանք ասածներիցս ամեն ինչ լսեցի՞ն, թե՞ կարդացին: Ինձ ճանաչել են արդեն: Իրանց մաղթում եմ երջանկություն ու ուրախություն ու ամեն-ամեն ինչ:

 


Վիկտորյա Մարկոսյան

  • 2021-11-11
×