Ցեղասպանության 100-րդ տարելիցին

Ցեղասպանության 100-րդ տարելիցին

- Բացվում է հայոց աշխարհի հարյուրերոդ գարունը , հայոց եկեղեցիների զանգերը նորից կղողանջեն, նրա լույս խորաններից խունկ ու աղոթք կբարձրանա առ Աստված ի հիշատակ բյուրավոր նահատակների հոգիների խաղաղության և հանգստության համար:

- - Հայ ժողովրդի կյանքում կոտորածներն ու արհավիրքները անպակաս են եղել, բայց ինչ որ 1915թվականին ծրագրվեց և իրագործվեց Օսմանյան կայսրության կողմից, աննախադեպ էր հայ ժողովրդի պատմության մեջ:

- - 1915թ. ավերն էր թագավորում, սարսափն ու մահը հայոց երկնակամարում: Փլվում էր տունը հայի գլխին, այրվում էր հողը իր ոտքի տակ, ակոսը գերեզման էր դառնում, եկեղեցին՝ անբարբառ հուշարձան:

- Գարուն էր:
Չեկած ամառ՝ փուլ եկավ երկնակամար,
Ձյուն մաղեց մեր բաց գլխին,
Ձյուն մաղեց՝ կրակի պես:
Գարուն ա, ձյուն ա արել: (Պ. Սևակ)

- Հին ու հարուստ մշակույթի տեր Ժողովուրդը ցեղասպանության ենթարկվեց իր սեփական հայրենիքի մեջ, կորցնելով իր թևի մեկերրորդը, իսկ հողերի հինգ/վեցը:

- Մահը իր ահավոր սավանը տարածեց հայոց կենսուրախ աշխարհի վրա: Լռեցին զանգակատները, մահվան դեմ անօգնական մաքառողների աղաղակներից խլացան «հորովելների» դյութիչ արձագանքները:


- Որովհետև մահը քայլեց հայոց դաշտերի և քաղաքների միջով, չծաղկած չորացավ Հայաստանի հիասքանչ գարունը, ու մեր աշխարհը լքված, մոռացված խնկամանի նման ծխաց:
Լռեց գարնանաբույր կարկաչը հայոց գետերի, քանզի նրանք դարձան կարմիր հոսող ու դիակ հորդող գոտոր:

- Գետերը մեր երերման.
Հոսեցին երակի պես …
Արյունը ջուր ա դառել …
Ձորերը շիրիմ դարձան, վիհերը՝ գերեզմանոց – ջուրը մեր տունն ա տարել …

- Հայությունը տեղահան եղավ պատմական իր հայրենիքից, թալանված ու տանջահար, անզեն ժողովուրդը գազանաբար կոտորվեց Միջագետքի անջուր անապատներում և նրանց վերջին աղոթքի ունկնդիրն եղավ տոթակեզ քամին:

- Ինչքան բառ՝ ո˜ղջը մրմունջ,
Ինչքան երգ՝ ո˜ղջը լալով.
Զուլո˜ւմ էր, զուլո˜ւմ, լաո …
Թրի դեմ, սրի, հրի, լոկ մանգաղ, լոկ բահ ու մուրճ. - Տնավեր, բնավեր լաճ.
Ամեն քար՝ լուռ մահարձան
ամեն տուն՝ վառման հնոց
-Բնավեր հավք էինք դառել…

- Օսմանյանկայսրությունում և նրա հարակից շրջաններում 1915-23 թվականներին տեղի ունեցած հայերի զանգվածային բռնագաղթը, կոտորածները, բռնի կրոնափոխումը անվանում են Հայոց ցեղասպանություն, որին զոհ գնաց 1,5 միլիոն անպաշտպան մի ժողովուրդ:

- Հինավուրց տոհմիկ մի ազգ
Չմեռա˜վ, այլ – մահացավ.
Գորուն ա, ձյուն ա արել …

- Աստվածապաշտ մի ժողովուրդ ենթարկվեց մարդակերպ գազանի ահռելի տանջանքներին և խաչելության, բայց երբեք չուրացավ իր հավատքը և ինքն իրեն սրբագրեց՝ արյուն թափելով:

- Չարահնար ծրագրի հղինակները վստահ էին, որ իսպառ պիտի բնաջնջվի հայությունը, անհիշատակ ու անհետ պիտի վերանա պատմության ասպարեզից:


- Ամեն բան հաշվարկել էին, բայց ոչ Աստծո նախախնամությունը և Աստծուն հուսացյալ ժողովրդի ապրելու և արարելու կամքն ու զորությունը:

- Ինչքան էլ կոտորվեն հանճարեղ ազգի մտավորականներն ու արվեստագետները, եկեղեցականներն ու շինականները կամ ազգի կեսը, մնացողները՝ հողի տակ թաքնված արմատների նման կծլեն դարձյալ, աշխարհի թատերաբեմի վրա ներկայանալու որպես գեղատեսիլսաղարտախիտ ու պտղալից մի ծառ:


- Այս է հայ ժողովրդի պատկերն ու նկարագիրը, որովհետև Աստված բնակվել է նրա մեջ:


ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԿԱՆԹԵՂԸ
Կես գիշերին կանթեղը վառ
Կախ է ընկած երկնքից,
Լուսավորչի կանթեղն անմար՝
Հայոց մթնած երկնքից:
- Վերապրեց հայ ժողովուրդը, վերակենդանացավ հայոց աշխարհը, վերստին ծաղկեցին հայոց պարտեզները, հարություն առան ու ոտքի ելան հայ մեռելները ու Տերը հրամայեց. « Ե՛կ, ով շունչ, չորս հողմերից ու փչիր մեռելների վրա և նրանք կկենդանանան»: (Եզեկիել 37:9)
Ոմ մարդկային ձեռք կհասնի
Էն ահավոր բարունքին, Եվ ոչ քամին կհանգցնի՝
Վիշապ - քամին ահագին:

- Չորս հովերը փչեցին ու աշխարհի չորս կողմերը լցրեցին հայությամբ, որն իր կենդանությունը զգացնել տվեց ամեն տեղ:
-
- Ով անմեղ է, լիքը սիրով
Ու հավատով անսասան,
Ով նայում է վառ հույսերով
Դեպի հայոց ապագան,-

- Նա կտեսնի էն մշտավառ Ջահը՝ կախված երկնքից,
Ասես Աստծո աջքը պայծառ
Հսկում է ցած երկնքից:

- Ցեղասպանությունից հրաշքով փրկված հայերը սփռվեցին աշխարհի չորս կողմերը և ստեղծեցին հայկական սփյուռքը:

- Թուրքը փորձեց իրագործել իր ճիվաղ ծրագիրը, բայց հայը դատարկ թողեց իր գերեզմանը:


- Որովհետև ուզում էր ապրել ու ապրեցնել իր հինավուրց ազգը, այն կատարյալ համոզումով, թե՝ « Եթե Աստված մեր կողմն է, ով կարող է մեզ հակառակվել»:( Հռոմ. 8:31)Քրիստոսի հետ հարության հույսով, մահվան դեմ կյանքի հաղթանակով հավատով ապրեց ու ստեղծագործեց մեր ժողովուրդը:

- Փառք քեզ, ժողովուրդ սիրելի, որ չերկնչեցիր մահվան քրքիջից: Խաչդ ուսած բարձրացար գողգոթայի ճանապարհներով և հարությւոն առար հաղթանակած:


- Փառէ քեզ, ժողովուրդ սիրելի, որ վերքդ սրտիդ բնավեր տունը վերստին կառուցեցիր հայրենիքից հեռու և շարունակեցիր հայ մնալ ու քրիստոնյա:

- Չենք մոռացել ու չենք կարող մոռանալ Հայոց ցեղասպանությունը, մեր պատմության այս մեծագույն ողբերգությունը:


- Մեզ հետ են մեր բյուրավոր նահատակները, հայտնի ու անհայտ անունները, նրանց հիշատակի առջև միասին ենք միշտ:

- Մեզ հետ են ի պաշտպանություն մեր բողոքի ազնիվ ձայն բարձրացրած մեծ մարդասերները, որոնց շուրթերից մարդկության խիղճն է խոսում եղեռնի մահասփյուռ օրերին:


- Այսօր շատ ազգեր ու պետություններ ճանաչում են մեր ժողովրդի հանդեպ գործած ոճիրը՝ իբրև հանցանք մարդկության դեմ:

- 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը պետք է ճանաչվի ու դատապարտվի ողջ աշխարհի ու նաև Թուրքիայի կողմից, այն համոզումով, որ բռնություններն ու սպանությունները չեն կարող առաջնորդել մարդկության ընթացքը:


- Խաղաղությունն ու ազատ կյանքը, եղբայրությունը ազգերի միջև, արդարև,երազն է բոլոր ժողովուրդների:

- Չնայած մեծ արհավիրքին՝ հայ ժողովուրդը զրկանքներ կրելով պայքարեց և ապրեց հանուն վաղվա վառ գալիքի, հանուն իր հողի, իր զավակի …


- Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը՝ վառ հագած,
Հազա˜ր-հազա˜ր լուսապայծառ հոգիներով ճառագած,
Ու երկնահոս քո բարձունքին՝ Արարատի սուրբ լանջին,
Կենսաժպիտ իր շողերը, պիտի ժպտան առաջին,
Ու պոետներ, որ չեն պղծել իրենց շուրթերն անեծքով,
Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով,
Իմ նոր հայրենիք, հզոր Հայրենիք …
Հովհ. Թումանյան

Երգ – Այս գարունը քեզ համար
թող լինի անդորր,
Այս գարունը քո մանկանց
թող բերի օրոր,
Տառապած իմ հայրենիք
Այդպես մոլոր հերիք քայլես
Բավ է լուռ ու գլխիկոր քայլես
Կանգնիր նորից ու նայիր առաջ:

կրկն. – Հայաստան, մոռացիր այն ցավը, որ գանց,
Հավատա, լոկ սերը քեզ մնաց,
Թող Աստված օրհնի որդվոց հայոց:

Թող կռունկը քո սրտում բույնը իր հյուսի,
Թող սոխակը իր երգով քո հոգում խոսի,
Եվ թող նոր այս ծաղիկները քո վերքերը ամոքեն
Եվ թող արևի շողերը քեզ նորից գրկեն, ողողեն սիրով:
Կրկներգ – Հայաստան …

 

Գայանե հակոբյան
Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի մանկավարժ

  • 2021-11-12
×