Պայծառակերպության խորհուրդը կամ լույսով ընդառաջել աշխարհին

Պայծառակերպության խորհուրդը կամ լույսով ընդառաջել աշխարհին

«Քրիստոս, Իր հետ վերցնելով Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին, բարձրացավ Թաբոր լեռը, որտեղ նրանց առաջ պայծառակերպվեց: Նրա դեմքը արեգակի նման պայծառ դարձավ, իսկ զգեստները լույսի պես ճերմակեցին, ապա հայտնվեցին Մովսեսն ու Եղիան, ովքեր խոսում էին Հիսուսի հետ:
 

Պետրոսը Հիսուսին ասաց. «Ինչ լավ է՝ մենք այստեղ ենք, եթե կամենում ես՝ երեք տաղավարներ կառուցենք, մեկը քեզ համար,  մյուս երկուսը՝ Մովսեսի և Եղիայի համար»: Մինչ Պետրոսը խոսում էր՝  լուսավոր մի ամպ ծածկեց նրանց, լսվեց մի ձայն, որն ասում էր՝ սա է Իմ սիրելի Որդին, Որին հավանեցի, Սրան լսեցեք: Երբ աշակերտները այս լսեցին, սարսափահար գետնին ընկան: Հիսուս մոտեցավ ու դիպչելով նրանց՝ ասաց. «Ոտքի ելեք, մի՛ վախեցեք»: Աշակերտները աչքերը բարձրացրին և Հիսուսից բացի ոչ մեկի չտեսան, և մինչ իջնում էին լեռան վրայով, Հիսուս նրանց պատվիրեց՝ մինչև Մարդու Որդին մեռելներից հարություն չառնի, ձեր տեսածը ոչ մեկին չպատմեք» (Մատթեոս ԺԷ 2-8):
 

Քրիստոսի պայծառակերպման այս պատմությունը կարևոր է  յուրաքանչյուր քրիստոնյայի համար. այն սովորեցնում է, որ աստվածային լույսին և աստվածային փառքին հասնելու համար աշխարհիկ իրականությունից պետք է բարձրանալ դեպի առաքինությունների լեռը: Քրիստոսի պայծառակերպության օրինակը ցույց է տալիս նաև յուրաքանչյուր մարդու այլակերպությունը, պայծառակերպությունը՝ Աստծո զորության և ներկայության շնորհիվ:
 

Ավետարանը պատմում է, թե ինչպես աշակերտները, այս երջանիկ հնարավորությունն ունենալով, բացականչում են. «Տե՛ր, ինչ լավ է այստեղ ենք, եթե ուզում ես երեք տաղավարներ կառուցենք՝ Մովսեսի, Եղիայի ու Քեզ համար» (Մատթեոս ԺԷ 4): Առաքյալները ցանկանում էին հավիտենապես ապրել  այդ երջանիկ իրողության մեջ:
 

Մենք նույնպես կարողանում ենք ընկալել և արժևորել մեր կյանքի լուսավոր և հրաշալի իրողությունները` մոռանալով կամ չկարևորելով, թե ինչ գին վճարեց Քրիստոս՝ մեր կյանքը լուսավորելու համար: Եկեղեցու հայրերից մեկն ասում է. «Աստծուց խնդրիր այն, ինչի կարիքն ունես, բայց միշտ հիշիր, թե ինչ գին է վճարել Քրիստոս՝ քո խնդրածը քեզ տալու իշանությունն ունենալու համար»:
 

Ինչպես առաքյալները, այնպես էլ մենք մեր կյանքի լուսավոր պահերին ցանկանում ենք, որ ժամանակը կանգ առնի, սակայն ոչ նրա համար, որ մենք շատ սիրում ենք Աստծուն, այլ պարզապես ցանկանում ենք մոռանալ կյանքի դժվարությունները, դժբախտություններն ու փորձությունները, որ ստվեր են գցում մեր ուրախության և երջանկության վրա: Իր Պայծառակերպության հրաշալի խորհրդով Քրիստոս մեզ սովորեցնում է ոչ թե մոռացության մատնել մեղավոր աշխարհը, այլ աստվածային լույսով ջնջել մեղքը, մեր գաղջ և խավար աշխարհը փոխակերպել պայծառակերպության լույսով:
 

Առաքյալները իջան բարձունքից, ինչպես Քրիստոս պատվիրեց: Երբ նրանք մտան ժողովրդի մեջ, նորից ականատես դարձան մարդկային չարիքին և դժբախտությանը: Սակայն   կարողացան  հաղթահարել վախն  ու կասկածը՝ պայծառակերպության հրաշքը պահելով իրենց հոգիներում:
 

Եկեք մենք էլ այս խորհրդի մեջ բացահայտենք աստվածային  լույսը՝ մեր կյանքը փոխակերպելու ակնկալիքով: Ինչպես նաև աղոթենք, որ Տերն Իր ողորմությամբ ու սիրով զորացնի մեզ և հաստատի պատվիրանապահության մեջ: Եվ ձգտենք մեր ողջ կյանքի ընթացքում բարձրանալ առաքինությունների բարձունքը, որտեղ կգտնենք Աստծո փառքը:

 

Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ

  • 2021-12-11
×