Հրաշքի մասին

Հրաշքի մասին

Երբեմն մարդիկ հարց են տալիս. ի՞նչ է հրաշքը: Արդյո՞ք այն նշանակում է, որ հրաշքի պահին Աստված խախտում է Իր իսկ օրենքները, բնության օրինաչափությունը: 
 
Իհարկե, ոչ։ Հրաշքն այն է, երբ վերականգնվում է մարդկային կյանքի, աշխարհի խախտված ներդաշնակությունը: Հրաշքը չի ենթադրում չլսված, անբնական, իրերի բնույթին հակառակ ինչ-որ բան, այլ՝ հակառակը, հրաշքի արդյունքում Աստված թափանցում է Իր արարչագործության մեջ և հաստատում ներդաշնակություն: Երբ Աստված հայտնվում է մեզ և մենք ընդունում ու հնազանդվում ենք Տիրոջ կամքին, Նա կարող է մեր կյանքում ազատ գործել։ Այստեղից ծնվում է հրաշքը:
 
Նման հրաշքի օրինակ տեսնում ենք Գալիլիայի Կանա քաղաքում տեղի ունեցած հարսանիքի ժամանակ (Հովհ. 2:1–11), երբ Աստվածամայրը դիմեց Քրիստոսին և ասաց. «Գինի չունեն»: Մարդկանց սրտերը փափագում էին ուրախության, իսկ գինին սպառվել էր: Քրիստոս նրան ասաց. «Ի՞նչ ես ուզում ինձնից, ով կին, իմ ժամանակը դեռ չի հասել»: Իսկ Աստվածամայրն ուղղակիորեն չպատասխանեց, այլ սպասավորներին ասաց. «Ինչ որ ձեզ ասի, արեք»: Աստվածամայրը Քրիստոսի հարցին պատասխանեց կատարյալ հավատի դրսևորմամբ: Նա անսահման հավատում էր Որդու իմաստությանը, Նրա սիրուն, Նրա աստվածությանը: Ամեն մեկն, ով կանի այն, ինչ իրեն ասում է Քրիստոս, Աստծո Արքայությունը կբացվի և այն ինչ անհնար է, հնարավոր կդառնա:
 
Եվ ահա այն անհրաժեշտ պայմանները, որոնք հնարավոր են դարձնում հրաշքը, կյանքի ներդաշնակությունը: Ամենից առաջ պիտի կարիք լինի, իրական կարիք, պարտադիր չէ, որ ողբերգական առիթ լինի, որպեսզի հիշենք Աստծուն, ուրախության մեջ ևս Աստծո կարիքն ունենք:
 
Կարևոր է նաև սեփական անզորության գիտակցումը. քանի դեռ մտածում ենք, թե կարող ենք հոգևոր կյանքում ինքներս ինչ-որ բան անել, Աստծուն հնարավորություն չենք տալիս գործել: 
 
Եվ վերջապես՝ կարևոր է աստվածային կարեկցանքը. Քրիստոս գթասիրտ և ողորմած է։ Նա ցավ է ապրում, երբ տեսնում է մարդկանց, որոնց կյանքը պետք է լինի կատարյալ և լեցուն ուրախությամբ, բայց տանջվում են կարիքից:
 
Եվ ահա, երբ հանդիպում են կարիքը, անզորության գիտակցումն ու Աստծո սերը, իրական է դառնում հրաշքը:
  • 2021-12-11
×