Երախտագիտության մասին

Երախտագիտության մասին

Բոլորս էլ օժտված ենք երախտագիտության զգացումով, պարզապես պետք է այն պահպանել կարողանանք։ Արդյունքում այն աստիճանաբար կվերաճի հոգևոր խնդության: Մենք չենք կարողանում պահպանել երախտագիտությունն ու հոգևոր խնդությունը կյանքի փորձություններից՝ զայրույթից, վախից, նախանձից, մոռացությունից: Եվ ստացվում է այնպես, որ ուրախությունը խամրում ու մարում է:

 

Այս երևույթի դեմ պետք է պայքարենք մեր ամբողջ ուժով, քանի որ վերջին հաշվով, կյանքի պտուղը խնդությունն ու երախտագիտությունն է: Շատ բաներ կյանքում ընդունում ենք այնպես, ասես այդպես էլ պիտի լիներ. աշխարհիկ ընկալմամբ բնական է առողջ մարմին ունենալը, որպեսզի կյանքում ուրախություն տիրի: Սակայն հոգևոր առումով դա ոչ թե բնականոն է, այլ՝ նորացող հրաշք: Օրինակ՝ երկար ժամանակ հիվանդ մարդիկ, երբ բժշկվում են, այն ընկալում են որպես հրաշք. հանկարծ ցավը թողեց, անքնությունն անցավ...: Արդյունքում երախտագետ են, բայց շուտով մոռանում են: Մոռանում են ամենից հաճախ ոչ թե այն պատճառով, որ կրկին վերադառնում է ցավը կամ տառապանքը, այլ որովհետև սովորում են լավին:

 

Դրա համար էլ Երկնային Արքայություն մտնելու անկյունաքարը Քրիստոս համարում է աղքատությունը: Ոչ թե նյութական աղքատությունը, այլ՝ հոգևոր, երբ գիտակցում ենք, որ ոչինչ այս կյանքում մերը չէ: Մարմինն՝ առողջ կամ հիվանդ, Աստված է տվել մեզ: Զգացմունքները՞. երբեմն կուզենայինք սրտով արձագանքել մարդկային ուրախությանը կամ ցավին, բայց մեր սիրտն ասես քար լինի: Խելքը՞. կուզենայինք գտնել մի բարի միտք՝ սփոփելու, աջակցելու կարիքավորին, բայց ոչ մի միտք չի գալիս, ամայի և ցուրտ է… Չկա մի բան, որը լիովին մեզ է պատկանում:

 

Մյուս կողմից, թեև ոչինչ մեզ չի պատկանում, բայց մենք հարուստ ենք: Հարուստ ենք կյանքով, որը մեզ տրված է որպես պարգև, հարուստ ենք մարմնով, հոգով, ընկերությամբ, բարեկամությամբ. ահա թե ինչքան բան ունենք, և այդ ամենն աստվածային սիրո նշան է: Պարզապես պետք է սովորենք այդ ամենը պահպանել և վայելել բարիք գործելով, այլ ոչ թե յուրացնելով: Պետք չէ աստվածային սիրո հրաշքից խլել ինչ-որ բան և սեփականացնել։ Եթե միայն գիտակցենք, որ ոչինչ մեզ չի պատկանում և միաժամանակ հասկանանք, որ այն մեզ Աստված է տվել, մեր կյանքում իրական կդառնա Աստծո Արքայությունը:

 

Կյանքի պտուղը երախտագիտությունն է, սակայն երախտագիտությունն ինքնին պիտի պտղաբեր լինի: Այն կարող է մեզ առաջնորդել Աստծո, մարդկանց հանդեպ սիրո սխրանքի: Պարտքի զգացումը միգուցե իր մեջ բավարար ուժ չունենա իրագործել կյանքի, զոհաբերության և սիրո սխրանքը, սակայն երախտագիտությունն ունի այդ զորությունը:

  • 2021-12-11
×