Անառակ որդու առակը

Անառակ որդու առակը

Անառակ որդու առակը 
Առաջին մաս (Ղուկ. 15:11-24) 


«Մի մարդ երկու որդի ուներ. նրանցից կրտսերը հորն ասաց. «Հա´յր, տո´ւր քո ունեցվածքից ինձ ընկնող բաժինը»: Եվ նա ունեցվածքը բաժանեց նրանց»: Հայրը մեր Տեր Աստվածն է: Ավագ և կրտսեր որդի ասելով` պետք է զատորոշել բանական հոգիների երկու տեսակ: Անմեղներին խորհրդանշում է երեց որդին, իսկ կրտսերը խորհրդանշում է մեղավորներին, ովքեր կամավոր զրկվում են Աստծո փառքից, մեղանչում և ապաշխարում: Անառակ մարդիկ կրտսեր ասվեցին, իսկ արդարները` երեց, քանզի նախապես մարդն արդար էր, իսկ մեղքը հետո առաջացավ: 


«Քիչ օրեր հետո կրտսեր որդին, փողի վերածելով ամեն ինչ, գնաց հեռու աշխարհ և այնտեղ վատնեց իր ունեցվածքը, որովհետև անառակ կյանքով էր ապրում»: Արդարությունից և երկնային կյանքից հեռանալով` գնաց դեպի այս խավար աշխարհի երկրային ցանկություններն ու զբաղմունքները: Հայրը նրան ավանդեց առաքինություններ, իսկ նա, Հոր հրամանը զանց առնելով և անառակ գործեր կատարելով, կորցրեց դրանք:


«Եվ երբ ամեն ինչ սպառվեց, այդ երկրում սաստիկ սով եղավ, և նա սկսեց չքավոր դառնալ»: Աստծո խնամակալության և Տիրոջ խոսքը լսելու սով եղավ, որպեսզի աղքատանալով ու չքավոր դառնալով` na վերագտնի Հոր մարդասեր հեզությունը և վերադառնա յուրայինների` Հոր մոտ: 
«Գնաց դիմեց այդ երկրի քաղաքացիներից մեկին, և սա ուղարկեց նրան իր ագարակը` խոզեր արածեցնելու»: Երկնային գավառից հեռու գտնվող երկրի քաղաքացիները սատանան ու նրա դաշնակիցներն են: Սատանայի ագարակն այն վայրն է, ուր կան տնկիներ, որոնք երկնավոր Հայրը չտնկեց, ուր մաքուր կենդանիների փոխարեն խոզեր կան, որոնք տրորում են մարգարիտը և անցնում: Նա արածեցնում էր այնպիսիներին, ովքեր մարմնական ցանկություններն են կատարում և թավալվում մարդկային ախտի ժանտահոտության մեջ, պիղծ հոգով լցված՝ սերմանում են մարմինը, բայց՝ ոչ հոգին: 


«Եվ նա ցանկանում էր իր որովայնը լցնել եղջերենու պտղով, որ խոզերն էին ուտում, բայց ոչ ոք այդ նրան չէր տալիս»: Բանական հոգին ցանկանում է վարդապետություն, թեկուզ ոչ բարի խոսք, միայն թե` վարդապետական խոսք: Այդ եղջերենու պտուղը քաղցր է և պարարտացնում է մարմինը` խորհրդանշելով նյութասերների և մարմնասերների խոսքերը, ովքեր ըստ իրենց լսած բարբաջանքների` մարմնական ցանկությունները բարի են անվանում: Բայց հետինները խախտված ուսմունքը չեն ավանդում բարին փնտրողներին, որպեսզի չհանդիմանվեն: 


«Ապա խելքի եկավ և ասաց. «Քանի՜ վարձու աշխատավորներ կան իմ հոր տանը, որ առատ հաց ունեն, և ես այստեղ սովամահ կորչում եմ: Վեր կենամ գնամ իմ հոր մոտ և նրան ասեմ. «Հա´յր, մեղանչեցի երկնքի դեմ ու քո առաջ և այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու, ինձ վերցրու իբրև քո աշխատավորներից մեկը»: Եվ վեր կացավ եկավ իր հոր մոտ»: Թմրությունը թոթափած` անառակ որդին հիշում է Հոր տան կյանքի երանությունը և լիությունը, որ վայելում են անգամ վարձկանները, ովքեր ծառայում են ոչ թե սիրուց դրդված, այլ վարձատրվելու ակնկալիքով: Նա մեղանչեց երկնքի դեմ, որովհետև երկնավորների գործերը թողած՝ երկրավորներին լսեց, և Հոր  պատվիրանը զանց առնելով` սատանային հարեց: Բայց խոսքին հետևեց գործով և բռնեց դարձի ճամփան: 


«Եվ մինչ դեռ հեռու էր, հայրը տեսավ նրան և գթաց. վեր կացավ և վազեց նրան ընդառաջ, ընկավ նրա պարանոցով և համբուրեց նրան: Եվ որդին ասաց նրան. «Հա´յր, մեղանչեցի երկնքի դեմ ու քո առաջ, այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու»: Տակավին հեռու էր, որովհետև հանցանքներից դեռ չէր ձերբազատվել: Բայց զղջալով՝ շտապում էր Հոր մոտ: Երբ Հայրը տեսնում է նրան, գթությամբ ու ողորմությամբ լցվում մեղքի դառը հետևանքները ճաշակած որդու նկատմամբ, շտապ ընդառաջ գնում և գրկում, որովհետև ազատվել էր սատանայի լծից և համբուրում` խորհրդանշելով որդու հետ միավորումը: Հայրն անգամ չի թողնում որդուն, որ խոսի վարձկանության մասին, և ասում Իր ծառաներին.
«Անմիջապես հանեցե´ք նրա նախկին պատմուճանը և հագցրե´ք նրան, մատանին նրա մատը դրեք և նրա ոտքերին` կոշիկներ, բերե´ք պարարտ եզը, մորթեցե´ք, ուտենք և ուրախ լինենք, որովհետև իմ այս որդին մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց»: Առաջին  պատմուճանը՝ հոգու առաջին զարդն, արդարությունն է, որ  զարդարում և ուրախացնում է ապաշխարողներին, քանզի «բոլորդ, որ ի Քրիստոս մկրտվեցիք, Քրիստոսով զգեստավորվեցիք» (Գաղ. 3: 27): Մատանին իշխանության նշանն է և Սուրբ Հոգու դրոշմի խորհրդանիշը, Հայրը պատվիրում է որդուն կոշիկներ հագցնել, ինչպես որ հրամայված էր առաքյալներին` սուրբ Ավետարանի քարոզչության համար: Պարարտ եզը՝ ողջախոհ վարդապետության խոսքն է կամ Քրիստոս, որ պատարագվում է Եկեղեցում` Աստծո տան մեջ, որպես փրկություն և ուրախության կերակուր բոլոր ապաշխարողների համար: 
(Ըստ Ստեփանոս Սյունեցու «Չորս Ավետարանների համառոտ մեկնությունը» գրքի)


Անառակ որդու առակը 
Երկրորդ մաս (Ղուկ. 15: 25-32) 


«Իսկ նրա ավագ որդին ագարակում էր. և մինչ գալիս էր և տանը մոտեցավ, լսեց երգերի և պարերի ձայնը. և իր մոտ կանչելով ծառաներից մեկին` հարցրեց, թե այդ ի՞նչ է: Եվ սա նրան ասաց.  «Քո եղբայրը եկել է, և քո հայրը մորթեց պարարտ եզը, որովհետև ողջ առողջ ընդունեց նրան»: Ավագ որդին, ինչպես և ասվեց, այն բանական բնությունն է, որ մեղք չի գործել, այլ եղել է մշակ բարի ու պարարտ անդաստանում՝ հակառակ այն անդաստանին, ուր խոզեր կային: Մոտենալով լսեց երգերի ձայնը, քանզի պետք էր, որ որդու` Հոր մոտ վերադառնալիս և ապաշխարելիս ուրախության երգեր լսվեին, որոնք են աստվածաբանությունները, գովեստները, օրհնությունները և այլ այսպիսի զանազան երգեր, որոնք կատարվում են Աստծո փառքի համար: 
«Նա բարկացավ և չէր ուզում ներս մտնել… և ասաց Հորը. «Այս քանի տարի է, որ ծառայում եմ քեզ և երբեք քո հրամանները զանց չեմ արել. ինձ երբեք մի ուլ չտվիր, որ բարեկամներիս հետ ուրախություն անեի: Երբ եկավ քո այդ որդին, որը քո ունեցվածքը կերավ պոռնիկների հետ, պարարտ եզը նրա համար մորթեցիր»: Սուրբ մարդկանց կյանքն անգործ և ապարդյուն չի անցնում, այլ իրենք իրենց էությանը պատշաճ ծառայության մեջ են: Ուլ մորթելը բանական հոգու համար է, որպեսզի բարձրացնի մեղավորին և հասցնի սուրբ կենդանության: Եվ չտվեց այն պատճառով, որ մեղավոր չէր ավագ որդին և կարիք չկար ուլ մորթելու և զոհելու: Պոռնիկները նյութական և մարմնական կյանքի զանազան չարություններն են:
«Հայրը նրան ասաց. «Որդյա´կ, դու միշտ ինձ հետ ես, և ամեն ինչ, որ իմն է, քոնն է. բայց պետք էր ուրախ լինել և ցնծալ, որովհետև քո այս եղբայրը մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց»: Ըստ Հոր վկայության` ավագ որդին երբեք չմեկուսացավ բարուց: Իսկ կրտսեր որդին մեռած էր, քանի որ, անառակությամբ ապրելով, վատնեց կենդանարար գոյությունը, կորած էր, քանի որ կորստյան տանող լայն և ընդարձակ ճանապարհով էր գնում: Իսկ մտադրվելով Հոր մոտ գալ` կենդանացավ և գտնվեց` թոթափելով մեռած վիճակն ու կորուստը:


(Ըստ Ստեփանոս Սյունեցու «Չորս Ավետարանների համառոտ մեկնությունը» գրքի)

  • 2021-10-12
×