Անիրավ տնտեսի առակը

Անիրավ տնտեսի առակը

Անիրավ տնտեսի առակը 
(Ղուկ. 16: 1-9)


«Մի մեծահարուստ մարդ կար, որ մի տնտես ուներ. և նրա մասին ամբաստանություն եղավ, որպես թե վատնում է իր տիրոջ ունեցվածքը։ Տերը կանչեց նրան և ասաց. «Այս ի՞նչ եմ լսում քո մասին, տո՛ւր քո տնտեսության հաշիվը, որովհետև այլևս տնտես լինել չես կարող»:  Տնտեսն իր մտքում ասաց. «Ի՞նչ պետք է անեմ, քանի որ իմ տերը տնտեսությունս ինձնից վերցնում է. հողի վրայ աշխատել չեմ կարող, մուրալ ամաչում եմ։ Գիտեմ, թե ինչ պիտի անեմ, որպեսզի, երբ տնտեսությունիցս հեռացվեմ, ընդունեն ինձ իրենց տները»։ Եվ իր տիրոջ պարտապաններից յուրաքանչյուրին մեկ առ մեկ իր մոտ կանչելով՝ առաջինին ասում է՝ «Իմ տիրոջը ինչքա՞ն պարտք ունես»։ Եվ սա ասում է՝ «Հարյուր տակառիկ ձեթ». և տնտեսը նրան ասում է՝ «Ա՛ռ քո մուրհակը և նստի՛ր ու անմիջապես գրի՛ր՝ հիսուն»։ Ապա դարձյալ մյուսին ասում է՝ «Դու ինչքա՞ն պարտք ունես», և սա ասաց՝ «Հինգ հարյուր պարկ ցորեն»։ Տնտեսը նրան ասաց՝ «Ա՛ռ քո մուրհակը և նստի՛ր ու գրի՛ր՝ չորս հարյուր»։ Եվ տերը գովեց անիրավ տնտեսին, որովհետև հնարամտությամբ գործեց, քանի որ այս աշխարհի որդիները ավելի հնարամիտ են, քան լույսի որդիներն իրենց սերնդի մեջ։ Եվ Ես ձեզ ասում եմ. անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք, որպեսզի, երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ»։


Առակը բնավ գովելի մի դեպք չի ներկայացնում. տանուտիրոջը լավ չմատակարարելը հանցանք է, տիրոջ ունեցվածքի դեմ խարդախելը՝ հանցանք, մուրհակներ փոխել տալը՝ հանցանք, իր համար անիրավ շահ պատրաստելը՝ հանցանք, դատարկապորտությամբ ուրիշին բեռ լինելով ապրելու մտադրությունը՝ ևս հանցանք։ Այս պատճառով շատերին տարօրինակ է թվում, որ նման պարագայում տանուտերը, բարկությամբ զայրանալու փոխարեն, հիացավ տնտեսի հնարագիտության վրա և գովասանքի արժանացրեց նրան, քանի որ սխալմամբ կարծում են, թե Հիսուս Ինքն է գովում անիրավ տնտեսի արարքները։ Սակայն Հիսուս չէ, որ գովում է, այլ ասում է, թե տերը գովեց. որևիցե մի մեծատուն մարդու տարօրինակ մտածողության ու դատաստանի մասին է պատմում։ Եվ առակի պատմությունն ավարտելուց հետո միայն ասում է Տերը. «Եվ Ես ձեզ ասում եմ. անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք…»
Մամոնա բառն ասորերեն կամ արամերեն արմատից է և նշանակում է «ունեցվածք», «հարստություն» նյութական իմաստով և առավել ևս՝ անխտիր կերպով ձեռք բերված հարստություն։ 


Այս առակում տանուտիրոջ և տնտեսի բոլոր հանգամանքները Աստուծո և մարդու հետ պետք չէ համեմատել: Բավարարվենք առակի խրատը՝ տնտեսի հնարիմացությունը և տանուտիրոջ ունեցվածքով իր համար օգուտ պատրաստելու ձևը բացատրելով:
Տանուտերն Աստված է, տնտեսն էլ մարդն է։ Աշխարհի բոլոր բարություններն Աստուծո ունեցվածքն են: Մարդը դրանց տերը չէ, այլ մատակարարող պաշտոնյան: Աստված աշխարհի բարությունները մարդուն է հանձնել, որ այս աշխարհում դրանք օգտագործելով՝ հանդերձյալ աշխարհի համար արդյունք և շահ պատրաստի։ Աշխարհի բարիքները մարդու ձեռքում ժամանակավոր են։ Մի օր դրանք այլևս ձեռքի տակ չպիտի ունենա։ Աստված դրանք հանձնել է, որպեսզի նա որևէ ձևով օգտվի այդ բարիքներից, և երբ դրանք իր ձեռքից պակասեն, այսինքն՝ երբ մարդը մեռնի, իր ապագա կյանքում այս աշխարհի մատակարարությունից օգուտ քազած լինի։
Ուշագրավ է նաև օգուտ քաղելու ձևը։ Երբ տնտեսը մուրհակներ փոխել էր տալիս, նա կարող էր օգտվել տարբերության գումարից՝ նույն պահին պարտապաններից պատշաճ մաս ստանալով, բայց տնտեսի նպատակն էր շահել միայն պարտապանների երախտապարտությունը, որպեսզի երբ պաշտոնից ազատվի, նրանց տներում բնակություն և կերակուր գտնի։  Նա ցանկացավ ընկերներ ձեռք բերել՝ մարդկանց լավություն անելով, որ ընկերոջն արած լավությունից մի օր էլ ինքը օգտվեր։ Առակի նպատակն է հասկացնել և ուսուցանել, թե մարդ պարտավոր է ձեռքում եղած աշխարհի բարիքներից ընկերոջը օգուտ հանել, օգնել, նպաստել, ողորմել։ Ահա առակի մեծ բարոյական իմաստը։


«Աշխարհի որդիները» նրանք են, ովքեր ճարպիկ են ու խորամանկ և բոլոր գործերում իրենց շահն են փնտրում: Իսկ «լույսի որդիները» նրանք են, ովքեր Աստծուն սիրելով և հանդերձյալ կյանքի ձգտելով՝ չեն հոգում երկրավորի մասին, այլ միայն հոգևոր հարստությունն են արժեվորում: Սակայն առաջինները նույնպես կարող են փրկվե վերջինների նման, եթե իրենց անօրինությունը գիտակցեն ու ղզջան, եթե իրենց հանցանքները ընդունեն ու խոստովանեն, եթե ապաշխարեն ու փորձեն իրենց մեղքերը քավել` ներելով և ողորմություն անելով, քանզի «աղքատին ողորմություն տվողը փոխ է տալիս Աստծուն» (Առակ. 19:17): 


Արդ, աղքատներից բարեկամներ ձեռք բերենք` նրանց համար ծառայեցնելով անցողիկ հարստությունը, որպեսզի, երբ տեղափոխվենք այս աշխարհից, նրանք մեզ ընդունեն իրենց հավիտենական բնակարաններում:  


(Ըստ հայ նշանավոր պատրիարք Մաղաքիա Օրմանյանի «Համապատում» գրքի)

  • 2021-10-13
×