Անմիտ հարուստի առակը

Անմիտ հարուստի առակը

Անմիտ հարուստի առակը 
(Ղուկ. 12: 16-21)


«Մի մեծահարուստի արտերը առատ բերք տվեցին. և նա խորհեց իր մտքում ու ասաց. «Տեսնեմ` ինչ կարող եմ անել, քանի որ բերքս կուտակելու տեղ չկա: Գիտեմ, թե ինչ պետք է անեմ. կքանդեմ իմ շտեմարանները և ավելի մեծերը կշինեմ ու այնտեղ կհավաքեմ ցորենը և իմ ամբողջ բարիքները. ու ինքս ինձ կասեմ` ո´վ մարդ, շատ տարիների համար ամբարված բազում բարիքներ ունես, հանգի´ստ արա, կե´ր, խմի´ր և ուրա´խ եղիր»: Աստված նրան ասաց. «Անմի´տ, հենց այս գիշեր հոգիդ քեզնից պահանջելու են, իսկ ինչ որ պատրաստել ես, ո՞ւմն է լինելու»: Նույնպես է նաև նա, ով իր անձի համար գանձ կհավաքի և Աստծով չի հարստանա»: 


Այս առակի միջոցով Տերը նախազգուշացնում է մեզ ընչաքաղցության արատից,  այսինքն`այս աշխարհի բարիքները վայելելու համար ունեցվածք ձեռք բերելու կրքից: Մարդու կյանքը, նրա բարեկեցությունը կամ երջանկությունը կախված չեն նրա ունեցվածքի շատությունից: Բայց անմիտ հարուստը, գալիք կյանքի մասին  դույզն ինչ չխորհելով, մտահոգ է միայն, թե ինչպես օգտագործի սեփական հարստությունը՝ ներկա կյանքը վայելելու համար: Նա անգամ միտք չունի ոչ Աստծո և ոչ էլ հոգու մասին, այլ` միայն անասնական, զգացական հաճույքների մասին. «Հանգիստ արա, կեր, խմիր և ուրախ եղիր»: Դիտելով այս մարդուն, որ միտք է արել իր հարստությունը պահպանել, կարծես նրա անբաժան մասը լիներ, Քրիստոս ասում է. «Անմիտ, հենց այս գիշեր հոգիդ քեզնից պահանջելու են», ապա ի՞նչ կարող ես անել… 


Մեր` ամենքիս, թիկունքում կանգնած է մահը, ինչի մասին ամեն քայլափոխին մեզ հիշեցնում է Ավետարանը, բայց ոչ թե նրա համար, որ մահվամբ վախեցնի, այլ`որպեսզի կյանքին հաղորդի նոր` այլ ճանապարհով ամենևին անհասանելի խորություն: Մենք ապրում ենք շատ մակերեսային կյանքով. մենք ապրում ենք բազմաթիվ իրերով, որոնք չափազանց մանր են, որպեսզի այդ մանրունքով գոհանա մարդու սիրտն ու հոգին: Ինչքա՜ն սին, աննպատակ, անպտուղ խոհեր ենք ունենում մեկ օրվա ընթացքում. ինչքա՜ն զգացնունքներ են հաջորդում միմյանց` ոչ մի խորը հետք չթողնելով, այլ հենց այնպես`զուր, ինչպես ամպերն անցնում են երկնքով: Իսկ մահը այնքա՜ն զարմանալիորեն մոտ է, որ ամեն ինչ կարող է իր տեղը դնել:


Հատկապես այս պատճառով, որ մահը մոտ է, կյանքն այսքան անգնահատելի է: Ոչ այն իմաստով, որ անհրաժեշտ է պայքարել, որ չմեռնենք, այլ այն իմաստով, որ իր ամբողջ բովանդակությունը կարող է դառնալ այնպես խորունկ, ինչպիսին միայն մահը կարող է նրան դարձնել: Ամեն արտասանած խոսքը կարող է լինել վերջինը. մի՞թե այն պետք է լինի դատարկ, աննշան կամ, որ ավելի վատ` ջղային, դառը, չար, ավերիչ: Ամեն արարք կարող է վերջինը լինել, ինչո՞ւ այն չլինի մարդկային հարաբերությունների մեջ եղած ամենախոր և սքանչելի արտահայտությունը, իրագործումը: Մենք սա մոռանում ենք, քանի որ մեզ թվում է, թե առջևում այնքան ժամանակ կա, որ կկարողանանք ուղղել սխալները, բուժել հոգու վերքերը, որ մխիթարենք  մարդուն: Սակայն կարող է ուշ լինել. կարող է մահանալ մեզանից մեկը... Արդեն ուշ կլինի մխիթարել, փաղաքշել, ուրախացնել, ուշ կլինի վերջին անգամ երջանկացնել մարդուն այս երկրի վրա...  


Մահը մեր աչքերի առջև դրված է Ավետարանի կողմից, Քրիստոսի կողմից, մեր կյանքով իսկ` ոչ թե նրա համար, որ մեզ զարհուրեցնի, այլ` որպեսզի մենք ապրենք խորը` մեր մարդկային նրբազգաց սրտի խորության և մեծ, խորիմաց մտքի համապատասխան: Ուստի մեր սրտի ու մտքի` մեր կյանքի, գանձանոցում չկուտակենք ոչինչ, ինչ որ չափազանց չնչին է, ինչից մենք էլ փոքրոգի ենք դառնում: Երկրավոր գանձեր կուտակելու փոխարեն, մեզ անհրաժեշտ է հարստանալ Աստծով, այսինքն` հոգալ հավիտենական, անապական հարստության` առաքինությունների ձեռք բերման մասին, և դա կարելի է ձեռք բերել` երկրավոր հարստությունն օգտագործելով, օգտագործելով ոչ թե մարմնի ստոր ու չնչին հաճույքների, այլ ամեն տեսակ բարի գործերի համար: 


(Միտրոպոլիտ Անտոնի Սուռոժսկու քարոզներից)

  • 2021-10-13
×