Աղի մասին առակը

Աղի մասին առակը

Աղի մասին առակը 
(Մատթ. 5: 13, Մարկ. 9: 49-50, Ղուկ. 14: 34-35)


«Դո´ւք եք երկրի աղը. սակայն եթե աղը անհամանա, ինչո՞վ այն կաղվի. այնուհետև ոչ մի բանի պիտանի չի լինի (Ղուկ.` ո´չ հողի համար է պիտանի և ո´չ էլ` պարարտանյութի), այլ միայն դուրս կթափվի և մարդկանց ոտքի կոխան կլինի»: «…որովհետև ամեն ինչ կրակով պիտի աղվի: Աղը լավ բան է. բայց եթե աղը անհամանա, ինչո՞վ պիտի համեմվի. արդ, դուք ձեր մեջ ունեցեք աղը և իրար հետ խաղաղությա´մբ ապրեցեք»:


Տերն ասում է, որ Իր բոլոր հետևորդները, Իր խրատները կատարողները, «երկրի աղը» կլինեն: Աղը սնունդը պաշտպանում է փչանալուց, այն դարձնում է առողջարար ու համեղ. այսպես և քրիստոնյաները պետք է աշխարհը պահպանեն բարոյական վնասներից և նպաստեն նրա առողջանալուն: Աղն իր հատկանիշները հաղորդում է բոլոր նյութերին, ինչի հետ սերտ շփվում է. այսպես և քրիստոնյաները պետք է Քրիստոսի ոգին հաղորդեն մնացած բոլոր մարդկանց, որոնք դեռ քրիստոնյա չեն դարձել: Աղը նյութի մեջ լուծվելիս նրա էությունն ու արտաքին տեսքը չի փոխում, այլ միայն իր համն է տալիս. նույնպես և քրիստոնեությունը մարդու կամ մարդկային հասարակության մեջ որևէ արտաքին բեկում չի առաջացնում, սակայն ազնվացնում է մարդու հոգին և դրա միջոցով փոփոխում նրա ամբողջ կյանքը` տալով դրան հատուկ` քրիստոնեական բնույթ: 


«Եթե աղը անհամանա, ինչո՞վ այն կաղվի»: Արևելքում, իրոք, կա աղի մի տեսակ, որը խոնավության, քամու և արեգակի ազդեցության տակ կարող է կորցնել իր համը: Այդպիսի աղն այլևս ոչնչով չես վերականգնի. այդպես էլ այն մարդիկ, ովքեր մեկ անգամ ճաշակելով Սուրբ Հոգու հետ ազնիվ հաղորդությունը, այնուհետև ընկան աններելի մեղքի մեջ, նրանք այլևս առանց Աստծո առանձնակի օգնության ընդունակ չեն ոչնչով հոգեպես նորոգվել: «Ամեն ինչ կրակով պիտի աղվի», – ասում է Քրիստոս, այսինքն` ամեն մարդ տանջանքների պիտի ենթարկվի: Ուստի, ով այս կյանքում չի տառապում` իր մարմնի ցանկությունները սպանելով և տիրելով դրանց, (տե´ս` Ա Կոր. 9:27), նա պետք է տառապի հավիտենական չարչարանքների կրակում: Ինչպես Մովսեսի օրենքով մատուցվող ամեն զոհ աղով պետք է աղվեր, (տե´ս Ղևտ. 2:13), այնպես էլ պետք է Քրիստոսի Առաքյալները և հետևորդները  պատրաստվեին որպես Աստծուն ընդունելի զոհ՝ փորձանքների, փորձությունների և  պայքարի կրակով: 


«Ձեր մեջ ունեցեք աղը», – հորդորում է Տերը, այսինքն` այն վերին կանոններն ու օրենքները, որոնք մաքրում են հոգին և պահպանում են բարոյական վնասներից. ունեցե՛ք ձեր մեջ ճշմարիտ իմաստության և ողջամիտ վարդապետության աղը: Նույնն է հորդորում և Պողոս Առաքյալը. «Ձեր խոսքը թող լինի միշտ լի Տիրոջ շնորհով, որպես թե աղով համեմված լինի, որպեսզի դուք իմանաք, թե ինչպես պետք է պատասխան տաք յուրաքանչյուրին» (Կողոս. 4:6): 

(Ըստ եպս. Ալեքսանդր Միլեանթի «Քառավետարան:  Նոր Կտակարանի Սրբազան Գրությունների ուսումնասիրության ուղեցույց» գրքի)

  • 2021-10-13
×