Դիվահարության մասին

Դիվահարության մասին

Դիվահարության մասին

Մատթ. 8:28-34, Մարկ. 5:1-20, Ղուկ. 8:26-39 համարներում ասվում է, թե ինչպես Հիսուս Գերգեսայում դիվահարներ բժշկեց: Տեսնելով հրաշքը` տեղի բնակչությունը Հիսուսին խնդրեց հեռանալ իրենց  բնակատեղիից: Ինչո՞ւ: Մի՞թե ամբողջ բնակչությունը դիվահարված էր և չէր ցանկանում բժշկվել, թե՞ այլ պատճառ կար:


Սա տեղի ունեցավ մարդկային վախի պատճառով: Հայտնի է, որ Գերգեսա քաղաքը բնակեցված էր հույներով: Սրա մասին է վկայում խոզարածների առկայությունը, մինչդեռ հրեաներն այդ սովորությունը չունեին` խոզերին համարելով պիղծ կենդանիներ: Հիսուս այցելեց նրանց Իր ազատարար կոչման համար  (Տե՛ս Եսայ. 6: 1-2, Ղուկ 4: 16-21),  սակայն նրանք Աստծուց իրենց պարգևած շնորհը չգնահատեցին, քանզի գրված է. «Նա աշխարհի մեջ էր, և աշխարհը Նրանով եղավ, սակայն աշխարհը Նրան չճանաչեց: Յուրայինների մոտ եկավ, բայց յուրայինները Նրան չընդունեցին» (Հովհ. 1:10-11): «…Լույսն աշխարհ եկավ, սակայն մարդիկ խավարն ավելի սիրեցին, քան Լույսը, որովհետև իրենց գործերը չար էին» (Հովհ. 3: 19): Քանի որ այդ մարդկանց գործերը չար էին, դևերն էլ կարողացան գայթակղեցնել նրանց նյութական կորստի միջոցով:
Բնակիչներն այդ իրողությունները չէին տեսել, սակայն լսել էին վախեցած հովիվներից, որ ինչ-որ մեկի պատճառով իրենք զրկվել են խոզերից: Եվ, ինչպես պատրիարք Օրմանյանն է նշում, բնակիչները հազարավոր խոզերի կորուստը կարևորեցին մեկ-երկու դիվահարի բժշկումից: Եվ առանց Հիսուսին անարգելու, բայց նաև առանց Նրա ներկայությունը սիրելու, պատշաճորեն խնդրեցին, որ վերադառնա այնտեղ, որտեղից եկել է և իրենց ազատի տագնապեցնող նմանատիպ շնորհներից (Տե՛ս «Համապատում», էջ 236):

  • 2021-10-13
×