«Հավատքով, մեր Տիրոջով մենք կկարողանանք շենացնել և զորացնել մեր երկիրը»

«Հավատքով, մեր Տիրոջով մենք կկարողանանք շենացնել և զորացնել մեր երկիրը»

Qahana.am կայքի այս շաբաթվա հյուրն է Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանը

 

Արարատյան Հայրապետական թեմի Թեմական խորհրդի անդամ եք շուրջ տասնհինգ տարի: Ի՞նչ աշխատանքներ են կատարվել, ի՞նչ ծրագրեր ունեք ապագայում:

Իմ մասով աշխատանքն ու մասնակցությունն ավելի շատ կապված է եղել մեդիայի հետ, այսինքն՝ մասս-մեդիայի ներգրավումը հոգևոր կյանքում, հոգևոր կյանքի լուսաբանումը մասս-մեդիայում: Մենք ձեռնամուխ եղանք ստեղծելու կայքէջ, որն այսօր Qahana.am-ն է, բավականին աշխույժ, արթուն և ամենօրյա պատգամներով ինտերակտիվ կայքէջ, որը կարողանում է և երիտասարդությանը, և օգտատերերին տալ այն, ինչ  անհրաժեշտ է հոգևոր սննդի առումով:

Հոգևոր խորհրդի հանդիպումները նաև հոգևոր հանդիպումներ են բոլորիս համար, որովհետև լինելով տարբեր մասնագիտությունների, տարբեր գաղափարների տեր մարդիկ՝ համախմբվում ենք գաղափարի շուրջ, կարողանում ենք ծառայել և մեր եկեղեցուն, և մեր Աստծուն, և մեր ժողովրդին: Դա ինձ համար մեծ պատիվ և խոնարհում է:

 

Qahana.am կայքն այս տարի նշելու է իր ծննդյան 13-ամյակը: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ դեր ունեցավ կայքի հոգևոր գործունեությունը թե Հայաստանում, թե Սփյուռքում:

Չէի ցանկանա, որ շատ դետալային խոսեինք, բայց մի քանի բան կարելի է նշել: Այսօր շատ լրատվամիջոցներում տեսնում ենք, որ աստղագուշակի փոխարեն եթեր է հեռարձակվում օրվա խորհուրդը, որը տրամադրում է Qahana.am կայքը: Մարդիկ կարող են կայքում գտնել ցանկացած հոգևոր բնույթի հարցի պատասխան, շփվել հոգևորականի հետ: Այս կյանքը մի քիչ կամերային է դարձել, մարդիկ խուսափում են անձնական շփումներից: Այդ մարդկանց հետ եկեղեցին կարողանում է շփվել կայքէջի միջոցով: Ճիշտ է, շատ կարևոր է եկեղեցի այցելելը, համայնքային կյանքով ապրելը, բայց չպետք է մոռանանք, որ տեխնիկական այս բուռն զարգացման շրջանում մենք պետք է մարդկանց հասանելի լինենք բոլոր հնարավոր միջոցներով: Կարծում եմ, որ մենք դեռ շատ անելիքներ ունենք:

 

Հավատն առ Աստված ի՞նչ դեր ու նշանակություն ունի Ձեր կյանքում:

Ցանկացած մարդու կյանքում շատ կարևոր է հավատն առ Աստված: Առանց հավատի մարդը վերածվում է կենդանու: Օրեր առաջ նշեցինք Հայոց ցեղասպանության 100-ամյակը: Սա հետևանք էր այն բանի, որ մարդիկ, ովքեր չունեին հավատ առ Աստված, կարողացան ոչնչացնել մի ամբողջ ազգ՝ 1.5 միլիոն հայ: Ս. Պետրոսի տաճարում Հռոմի պապի կողմից հնչեց Հայոց ցեղասպանություն բառը. սա շատ կարևոր ուղերձ էր Աստծո կողմից, որ աշխարհի սրբազնագույն մարդու միջոցով այդ պատգամը հղվեց աշխարհին: Կարծում եմ, որ քրիստոնյա աշխարհը պետք է համախմբվի այդ պատգամի շուրջ: Բավական է, որ չարը իշխի մեր երկրագնդի վրա: Կարծում եմ, որ եկել է բարության ժամանակը, իսկ բարությունը հենց քրիստոնեությունն է, հավատն է առ Աստված:

 

Համոզված եմոր աղոթում եքԼինելով բազմազբաղ մարդորքա՞ն հաճախ են տեղի ունենում Ձեր հանդիպումներն Աստծո հետ:

Սեղանիս վրա միշտ դրված են Հիսուս Քրիստոսի, Ս. Աստվածածնի պատկերները, Աստվածաշունչը, աղոթագրքերը: Փորձում եմ պահը չկորցնել և անպայման կարդալ, աղոթել, մտքերս հանձնել Աստծուն, որպեսզի հանկարծ չսխալվեմ կյանքում, խոտոր ճանապարհով առաջ չգնամ: Ցանկացած մարդու հետ հանդիպումից հետո մի պահ առանձնանում եմ վերլուծելու համար, թե արդյո՞ք ճիշտ, քրիստոնեաբար վարվեցի նրա հետ, կարո՞ղ էի օգնել և չօգնեցի նրան, կարո՞ղ էի ձեռք մեկնել նրան և չմեկնեցի: Ես զգում եմ աղոթքի և աստվածային առաջնորդությունն իմ էության միջով: Դա ինձ համար առաջնային է: Եվ այդ առաջնորդությամբ փորձում եմ օգտակար լինել մարդկանց:

 

Ի՞նչ հիշողություններ ունեք Վազգեն Ա Կաթողիկոսի հետ հանդիպումներից:

Վազգեն Վեհափառի հետ բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել: 1991թ.-ին Պերճ Ջամբազյանի և օպերատոր Արտյոմ Ղազանչյանի հետ հերթական անգամ այցելեցինք Վեհափառին: Նա մի գիրք պետք է մակագրեր և խոսք ասեր այն ժամանակվա Պետական հեռուստատեսության համար: Նկարահանումից հետո նա ինձ ասաց. «Գիտես, երիտասարդ տարիներին գողություն եմ արել»: Ասացի. «Ինչպե՞ս, Վեհափառ»: Նա ասաց. «Տեսախցիկն անջատի, հիմա կասեմ»: Աչքով արեցի օպերատորին, ով լույսն անջատեց և դուրս եկավ, բայց տեսախցիկը շարունակում էր նկարել: Վեհափառը պատմեց, որ Նախիջևանի սահմանի վրա գտնվող մի քանի խաչքարերի մասին է լսել և շատ է ուզել դրանք բերել Հայաստան: Բոլոր տեսակի ուտել-խմելու հարմարանքներով գնացել է այդ ժամանակվա սահմանապահ զորքերի հրամանատարի մոտ, ում հետ որոշ ժամանակ անց եղբայրացել են: Հրամանատարը հարցրել է, թե ի՞նչով կարող է օգտակար լինել: Վեհափառը խնդրել է հնարավորություն ստեղծել սահմանն անցնելու և այդ խաչքարերը Հայաստան տեղափոխելու համար: Մի քանի օր անց նստում են բեռնատար մեքենա, սահմանն անցնում են, անաղմուկ խաչքարերը բարձում են (մի քանի սահմանապահների և հոգևորականների հետ), իսկ շարժվելու պահին Թուրքիայի կողմից սկսվում են կրակոցներ: Բարեբախտաբար զոհեր չեն լինում, սահմանն անցնում են, գալիս են և խաչքարերը տեղադրում, որոնք այժմ գտնվում են վեհարանի տարածքում: Մեծ աղմուկ է բարձրանում, քանի Սովետական Միություն էր և արձանագրվել էր սահմանի խախտում: Հաջորդ օրը գալիս է հրամանատարը քաղաքացիական հագուստով՝ Վեհափառին հրաժեշտ տալու և ասում, որ եթե իր կյանքում մի նշանակալից գործ է արել, ապա դա եղել է խաչքարերի փրկությունը: Նրան աքսորում են: Վեհափառն ասաց, որ նրան այլևս չի հանդիպել, սակայն ամեն օր աղոթել է նրա համար:

Երբ վեր կացանք, որ սենյակից դուրս գայինք, Վեհափառը թփթփացրեց մեջքիս և ասաց. «Լավ չարեցիր, որ տեսախցիկը չանջատեցիր»: Շատ զարմանալի էր: Ես խոստացա նրան, որ ոչ ոք այդ տեսագրությունը չի տեսնի: Այն տեղավորել էի հեռուստատեսությունում գտնվող իմ չհրկիզվող պահարանում: 1997թ.-ին նշանակվեցի Հանրային ռադիոյի տնօրեն, այդ չհրկիզվող պահարանն ամբողջությամբ տեղափոխեցի այստեղ: Երբ այն բացեցի, տեսաերիզների մեջ չգտա այդ տեսաերիզը: Հրաշքի էր նման: Այժմ և Ա. Ղազանչյանը, և Պ. Ջամբազյանը գտնվում են ԱՄՆ-ում: Մի քանի տարի առաջ այնտեղ Պերճի հյուրն էինք, հիշեցինք այդ պատմությունը: Պերճն ասաց, որ գտել է այդ տեսաերիզը իր արխիվի մեջ: Այժմ այն ինձ մոտ է, բայց չեմ ուզում, որ որևէ մեկն այն դիտի:

 

Ձեր մաղթանքը մեր ընթերցողներին:

Այժմ մեզ մոտ չարը երևի շատ է գլուխ բարձրացրել, քան բարին, բայց ես կարծում եմ, որ հավատքով, մեր Տիրոջով մենք կկարողանանք շենացնել և զորացնել մեր երկիրը, մեր հայրենիքը, մեր ժողովրդին տալ այն կյանքը, որին արժանի է:

 

Արևիկ Համբարյան

 

 

  • 2021-10-18
×