«Սիրեք մեր հասարակությունը, հարգեք այն միջավայրը, որտեղ ապրում եք» Էրիկ Անթառանյան

«Սիրեք մեր հասարակությունը, հարգեք այն միջավայրը, որտեղ ապրում եք» Էրիկ Անթառանյան

Qahana.am կայքի այս շաբաթվա հյուրն է սիրված հաղորդավար Էրիկ Անթառանյանը:

 

Հավատն առ Աստված ի՞նչ դեր ունի Ձեր կյանքում:

Կարևոր՝ ինչպես յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում: Երբ ամեն տեղ, ամեն իրավիճակում տեսնում ու զգում ես Աստծո գոյությունը, երբ ամեն վայրկյան նայում ես զույգ որդիներիդ ու սիրող կնոջդ աչքերին, հասկանում ես, որ ՇՆՈՐՀԱԿԱԼ ես, որ այս երջանկությամբ պարտական ես ու պիտի գնահատես ու թանկ պահես, այլապես ձեռքիցդ կգնա:

 

Պատահե՞լ է, որ Ձեր հաղորդումների ժամանակ իրավիճակը դուրս է եկել նախատեսված սահմաններից, որը կարգավորելու համար մտովի դիմել եք Աստծո օգնությանը:

Չէի ցանկանա հաղորդման հետ կապել կամ զուգահեռել հավատքը կամ Աստծուն ապավինելը: Հաղորդումն էլ իմ աշխատանքն է, իսկ աշխատանքս էլ կյանքիս մի մեծ ու կարևոր հատվածը: Ես հաճախ եմ աղոթում ու խնդրում Աստծուն, որ ինձ ուժ ու զորություն տա, որ չտկարանամ, կարողանամ լինել պիտանի մարդ ու, որ կարևոր է՝ որդիներիս ոտքի հանեմ ու դարձնեմ հասարակության լիարժեք անդամ: Երբեմն դժվարին իրավիճակներում ապավինում եմ իմ պրոֆեսիոնալ փորձին ու ձեռք բերված գիտելիքներին: Իսկ հետո, երբ այս կամ այն իրավիճակից խնդիրը լուծած լինելով դուրս եմ գալիս, իհարկե, կրկին լցվում եմ շնորհակալության զգացումով:



Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հունվարի 31-ին մեծ շուքով տոնելու է Սուրբ Սարգսի տոնը: Այդ օրն ԱՀԹ Սուրբ Սարգսի անունը կրող բոլոր եկեղեցիներում մատուցվելու է Սուրբ և Անմահ Պատարագ: Ի՞նչ խորհուրդ ունի Ս. Պատարագը Ձեզ համար: Եվ ընդունո՞ւմ եք արդյոք սրբերի բարեխոսությունը:

Ս. Պատարագի հիմնական խորհուրդն ինձ համար հաղորդություն ստանալն է: Արարողակարգ, որի ժամանակ սաղմոսների, աղոթքների ու քարոզների միջոցով հաղորդակցվում ես Աստծուն ու վերջում ճաշակում Քրիստոսի Մարմինն ու Արյունը՝ Ս. Հաղորդություն ստանում:
Մեր եկեղեցում կիրակի, սրբոց տոներին մատուցված Պատարագներից, ցավոք, ոչ բոլորին եմ կարողանում ներկա լինել, բայց ուզում եմ արձանագրել այն դրական տեղաշարժը, որն այսօր ավելի ու ավելի նկատելի է դառնում: Պատարագների վերջում մերօրյա քահանաներն ավելի շատ են շփվում իրենց հոտի հետ՝ քարոզների և առօրյա շփումների միջոցով: Ու հավատացյալների հոսքի ավելացումը դեպի եկեղեցի պայմանավորում եմ նաև դրանով:

 

Սուրբ Սարգսի տոնին նախորդում են տարբեր ժողովրդական սովորույթներ՝ աղի բլիթ ուտելը, ձիու պայտի հետքն ալյուրի վրա և այլն: Դուք երբևէ հետևե՞լ եք այդ սովորույթներին:

Ոչ: Ըստ իս, դրանք գեղեցիկ ավանդույթներ են, որ դեռ քրիստոնեությունից առաջ էլ այս կամ այն կերպ ձևավորված են եղել ու հիմա, ժողովրդին դրանից հետ պահելու, կտրելու ցանկություն չունենալով, եկեղեցին դրանք ավելի գեղեցկացրած, հղկած և համապատասխանեցրած մատուցում է հավատացյալներին: Չեմ կարծում, որ դրանց հետևել-չհետևելը որևէ կերպ նվազեցնում կամ ավելացնում է հավատքի ուժը: Գեղեցիկ բաներ են, թող լինեն, մարդկանց դա դուր է գալիս և հակառակ չէ մեր կրոնին:



Ո՞րն է իրական սիրո, նրա երկարատևության բանալին:

Հարգանքն ու գնահատանքն առ այն, ինչ ունես: Որ պահին որ չգնահատես, ձեռքիցդ բաց կթողնես: Անխելք մարդու հեքիաթը տեղին է հիշել: Այդպես էլ չհասկացավ, որ երջանկությունն իր ձեռքերում է ու բաց թողեց:

 

Ո՞րն է Ձեր կյանքում տեղի ունեցած ամենամեծ հրաշքը և ո՞ւմ եք այն վերագրում:

Որդիներիս ծնունդը... երկուսին էլ «քառասունքից հանելու» արարողության եմ տարել եկեղեցի: Հիմա ի՞նչ եք կարծում, ու՞մ եմ այդ հրաշքը վերագրում: Իհարկե, իմ ու կնոջս սիրուն: Սեր, որ Աստծո օրհնությամբ միայն վերջերս օծվեց: Ճիշտ մեկ տարի առաջ վերջապես կարողացանք կանգնել Առաքելական Եկեղեցու խորանի ներքո ու օրհնել մեր պսակը:

 

Ձեր մաղթանքը մեր երիտասարդներին Սուրբ Սարգսի տոնի առթիվ:

Այսօր մի շատ կարևոր բանի պակաս կա մեր հասարակությունում: Սերն է պակասել, հարգանքը միմյանց, ավագ սերնդի հանդեպ... Սիրեք մեր հասարակությունը, հարգեք այն միջավայրը, որտեղ ապրում եք, դրական լիցքեր փոխանցեք շրջապատին, ու հաստատ մի օր դա կվերադառնա Ձեզ:

 


Արևիկ Համբարյան

  • 2021-10-18
×