«Աստծո ձայնը իմ հոգում միշտ վառ է հնչել». Արման Նշանյան

«Աստծո ձայնը իմ հոգում միշտ վառ է հնչել». Արման Նշանյան

 Qahana.am-ն այսօր հյուրընկալել է օպերային երգիչ, դերասան Արման Նշանյանին, ում՝ թեև կարճ, բայց բովանդակալից պատասխանները պատմում են նրա Աստվածավախ և Աստվածասեր լինելու մասին: Երիտասարդ, ում համար կարևոր են բաց ճակատն ու մաքուր հոգին, ներելու և սիրելու կարողությունն ու ցանկությունը: Դուք ստեղծագործում եք, նաև վերջերս աղոթք-երգ ներկայացրեցիք հանդիսատեսին: Ինչպե՞ս ծնվեց որոշումը: Կոմպոզիտոր Լիանա Անդրեասյանը իմ ուշադրությանը մի երգ ներկայացրեց: Խորիմաստ ստեղծագործություն էր: Երբ լսեցի, հոգումս մի շատ կարևոր լար շարժվեց… Այն ամենն, ինչն առնչվում է հավատքի և հոգու կատարելագործմանը, միշտ ինձ համար առաջնային է եղել: Պատճառն այն է, որ նախ՝ ես այս աշխարհի բնակիչ եմ, արվեստի ներկայացուցիչ, նաև հայ երիտասարդ եմ, ով ներկա է և տեսնում է այս օրերի մշակութային անկումը… Արման Նշանյան - Մենության գիշեր (ՀԱՅՐ ՄԵՐ) Արման, ընտանիքում մի՞շտ է եղել հավատքը, թե՞ դա հոգու թելադրանք էր: Նախ ասեմ, որ իմ ընտանիքը միշտ էլ հավատքով է եղել: Ճիշտ է, չեմ կարող մտաբերելել, թե երբ եմ սովորել աղոթել, բայց հիշում եմ, որ ինչ գիտակից եմ՝ աղոթում եմ: Աստծո ձայնը իմ հոգում միշտ վառ է հնչել: Ըստ ձեզ, ո՞րն է հավատացյալ մարդը: Անվախ մարդն է: Մարդ, ով իր կյանքն ապրում է սեփական դատողության և խղճի դեմ չգնալով՝ երբևէ իր հոգում վախ ունենալ չի կարող: Իր ճակատը միշտ բաց կլինի, և կկարողանա մաքուր հոգով ու բաց ճակատով հեռանալ այս աշխարհից… Այդպիսի հոգեվիճակի հասնելու համար պետք է նախ բոլոր պատվիրաններին հետևել…Արդյոք լիովին հավատացյալ մարդիկ կան: Չէ՞ որ բոլոր պատվիրանները պահելն այնքան էլ հեշտ չէ: Մարդը նախ պետք է պահի իր հոգում գտնվող պատվիրանները: Երբ կնդունենք և լիովին կգիտակցենք, որ ամեն ինչ, այդ թվում և մենք, ընդամենը պատրանք ենք Աստծո առաջ, Աստվածաշնչյան ճիշտ ճանապարհը կլինի միակ ցանկալի որոշումը և մեղսաբեր գայթակղությունները կդառնան ծիծաղելի: Բարկության պահեր հաճա՞խ եք ունենում: Կարողանո՞ւմ եք ինքներդ ձեզ հանդարտեցնել: Այո՛, ունենում եմ՝ ինչպես բոլոր նորմալ մարդիկ: Սակայն, որքան հասունանում եմ, սովորում եմ զսպել բարկությունս՝ ինքս ինձ կրկնելով. «Սա ընդամենը ներկայացում է, պետք չէ ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻ դեմ գնալ»… Քրիստոնյային վայել ամենախոսուն հատկանիշը, ըստ ձեզ, ո՞րն է: Միշտ ներելը… Ի՞նչն է ձեզ ավելի հաճախ եկեղեցի բերում՝ զղջո՞ւմը, թե… Կարոտը… Ի՞նչն եք գնահատում շրջապատում, մարդկանց մեջ: Մարդ լինելը… Պետք է իմանանք, որ բոլորս նույն թավայի մեջ ու նույն ձեթով են տապակվում… Երբևէ «նեղացե՞լ» եք Աստծուց: Ինչպես եք հաղթահարել այդ պահը: Այո՛, նեղացել եմ, բայց հաղթահարել եմ՝ զգալով, որ Նա միշտ պատրաստ է ինձ ետ ընդունել, մի՛շտ… Նելլի Մարգարյան    

  • 2021-10-18
×