«Վախը հոգեվիճակ է, որը կարող է դառնալ հիվանդություն». Աննա Բադալյան

«Վախը հոգեվիճակ է, որը կարող է դառնալ հիվանդություն». Աննա Բադալյան

Վախը մարդու կյանքի անբաժան մասն է, որի պատճառով հաճախ սթրեսածին իրավիճակներ են առաջանում: Կյանքում դրանից խուսափել հնարավոր չէ, բայց կարելի է փորձել պաշտպանվել: Վախի հետևանքների, արտահայտման ձևերի, պաշտպանվելու միջոցների մասին մեզ կհուշի հոգեբան Աննա Բադալյանը:

 

Ի՞նչ է վախը` հիվանդությո՞ւն թե հոգեվիճակ:

Նախ և առաջ հոգեվիճակ է, որը կարող է հետագայում դառնալ հոգեֆիզիոլոգիական երևույթ: Կարող է նաև առողջական խնդիրներ առաջացնել` կապված աղեստամոքսային համակարգի, նյութափոխանակության հետ: Շաքարային դիաբետը հաճախ վախից է առաջանում: Վախը ցանկացած տարիքում նույն ձևո՞վ է դրսևորվում:Վաղ մանկության տարիքում վախը շատ երևակայական կարող է լինել, ավելի հասուն տարիքում` առարկայական: Մանկական տարիքում կան բուժման տարբեր մեթոդներ` խոսքի, հեքիաթների մեթոդը, որոնցով կարելի է օգնել հաղթահարել վախը: Կան ենթագիտակցական վախեր, որոնք խորը արմատացած խնդիրներ ունեն: Կան ֆոբիաներ` վախեր փոքր տարածքից, բարձրությունից, ջրից: Մարդիկ նույնիսկ հաջողությունից կարող են վախենալ: Սրանք արդեն ենթագիտակցական վախեր են:

 

Վախենալու դեպքում ճիշտ է դիմել բժշկի՞ թե հոգեբանի՞:

Ճիշտ կլինի, որ և հոգեբանը և բժիշկն աշխատեն զուգահեռ: Իսկ եթե վախը խորացած չէ, միայն հոգեբանն էլ կարող է օգնել: Պետք է կարողանալ մտնել մարդու ենթագիտակցության մեջ: Օրինակ` կլաուստրոֆաբիան լուրջ ենթագիտակցական վախ է: Ցանկացած բացասական երևույթ մարդու ենթագիտակցության մեջ մնում է, և եթե ժամանակին չհաղթահարվի, հետագայում առիթի դեպքում կարող է արթնանալ: Կարևոր է աշխատել, որ այդ հիշողությունը վերանա:

 

Ցանկությունը կարո՞ղ է վախ դառնալ:

Մեծ ցանկությունն` այո: Եթե մի բան շատ ես ցանկանում, վախենում ես, որ չի կատարվի: Օրինակ, եթե կինը շատ է կենտրոնանում մայրանալու մտքի վրա, այդ պրոցեսը հետզարգացում է ապրում: Վախեցած մարդկանց խորհուրդ են տալիս ջուր խմել: Դա ի՞նչ է նշանակում: Հոգեբանորեն` ոչինչ, գուցե բժշկական բացատրություն ունի, չգիտեմ: Օրինակ` ես կարծում եմ, որ վախի ընթացքում սրտի հետ կապված լուրջ խնդիրներ կարող են առաջանալ:

 

Նման դեպքերում Հայաստանում հոգեբաններին դիմու՞մ են:

Ցավոք սրտի, մեզ մոտ հաճախ հոգեբանին դիմելու փոխարեն այցելում են հեքիմներին, որոնք բուժելու փոխարեն մարդուն ավելի վատ վիճակի մեջ են դնում: Այսօր ծնողներն են շատ ուշադիր այդ հարցում: Մանկական վախերն ամենատարածվածներից են. երեխան աշխարհը նոր է ճանաչում, իր համար շատ բաներ անսովոր են ու կարող են թեթև վախերի առիթ հանդիսանալ: Եթե ծնողը չգիտակցի, որ պետք է որոշակի լուծում տալ, դա կարող է վերածվել մեծ խնդրի: Բարեբախտաբար, այսօր ծնողները գիտակցում են, որ պետք է մասնագետի օգնությանը դիմել:

 

Ի՞նչ նախանշաններ ունի վախը:

Խոսքի խանգարում, գիշերային անհանգիստ քուն, նյարդային վիճակ… Շատ ժամանակ ծնողներն են երեխայի մեջ վախ սերմանում: Օրինակ` չի կարելի ասել` սենյակ մի գնա, մութ է: Ուժեղ վախն էլ լուրջ սթրես է. կարող են մազերը ճերմակել, մարդը կարող է վաղաժամ ծերանալ… Հասուն տարիքի վախն ավելի վտանգավոր է, որովհետև գիտակցված է: Իսկ փոքր տարիքում ավելի երևակայական, ճանաչողական վախեր են… Որքան շուտ վախերը հաղթահարեն, այնքան լավ: Չպետք է թողնել, որ կուտակվեն…

 

Ինչպե՞ս է օգնում հոգեբանը:

Հոգեբանն անհրաժեշտ է, որպեսզի մարդը կարողանա ազատ ու անկաշկանդ արտահայտել իր մտքերը, խնդիրները: Մեզ մոտ մտածելակերպը փոքր-ինչ ուրիշ է: Հայերը կարծում են, թե հոգեբանի կարիք չկա, քանի որ ունեն լավ հարևան, լավ ընկեր… Սխալ կարծիք կա, թե հոգեբանը պարզապես խորհուրդ է տալիս: Ոչ, երբեք լավ հոգեբանը խորհուրդ չի տալիս, թե ինչ անել, պարզապես օգնում է ինքնուրույն վերլուծություններ կատարել: Իսկ բարեկամները և ընկերները խորհուրդ են տալիս` հիմնվելով իրենց կյանքի փորձին, աշխարհընկալմանը, տեսակետին, որը ոչ տեղին է լինում: Ուղղակի այդ պահին մենք մեզ լավ ենք զգում, որ մենակ չենք: Իսկ հոգեբանին այցելելով` թողնում ես քո բոլոր վատ էմոցիաները նրա սենյակում, ու վերջ: Հոգեբանին այցելության ժամանակ մարդն է ինքն իր վրա աշխատում, հոգեբանը պարզապես կոորդինացնում է: Բայց միշտ հիշեք, որ եթե հոգեբանը քո բարեկամը կամ ծնողն է, քեզ հետ ճիշտ աշխատել չի կարող: Նելլի Մարգարյան  

  • 2021-10-20
×