Ազգի էության մի ծալքը բացահայտող ժողովածու

Ազգի էության մի ծալքը բացահայտող ժողովածու

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչությունը «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ լույս է ընծայել «Սահմանադրական մշակույթի արժեբանական ակունքները հայ ժողովրդի հազարամյա տարեգրության ծալքերում» ժողովածուն: Հիշյալ ստվարածավալ ժողովածուն կազմվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի  ջանքերով: Հեղինակներն են Ազատ Բոզոյանը,  Արման Եղիազարյանը, Գրիգոր Թանանյանը, Ալեքսան Հակոբյանը, Գագիկ Հարությունյանը,  Հարություն Մարությանը, Նարինե Միրզոյանը, Արտակ Մովսիսյանը (ցավոք, կյանքից անժամանակ հեռացած) և Արթուր Վաղարշյանը: Աշխատանքների կազմակերպման պատասխանատու խմբագիրներն են Գագիկ Հարությունյանը, Արտակ Մովսիսյանը, Տեր Արարատ քահանա Պողոսյանը և Սարգիս Մելքոնյանը:

 

Ներկայացվող ուսումնասիրությունների ժողովածուն նպատակ ունի ի ﬕ խմբելու հայոց պատմության ﬔջ վկայված սահամանադրական մտքի հնարավոր դրսևորումները, արժևորելու դրանց իրավագիտական դերն ու նշանակությունը: Աշխատանքում ներկայացված են հայկական հնագույն թագավորություններից (սկսած Ք. ա. Գ հազարամյակից) մինչև մեր ժամանակների հանրային հարաբերությունների զարգացման տարբեր ծալքերն ու առանձնահատկությունները, Աշխարհաժողովների, այնուհետ ազգային-եկեղեցական ժողովների, դրանցում ընդունված կանոնական սահմանադրությունների իրավագիտական դերն ու նշանակությունը: Հեղինակները համակողմանի համեմատական վերլուծությամբ ներկայացրել են ﬕնչքրիստոնեական դարաշրջանի վկայությունները, Վաղարշապատի, Աշտիշատի, Շահապիվանի, Դվինի, Կարնո, Աղվանքի, Պարտավի, Մանազկերտի, Շիրակավանի, Անիի, Հարքի, Լոռու, Ձագավանի, Շուղրիի, Հռոմկլայի, Տարսոնի, Սիսի, Ադանայի ազգային-եկեղեցական ժողովները, «Կանոնագիրք հայոց»-ը, առանձին հեղինակների՝ Սահակ Պարթևի, Դավիթ Ալավկաորդու, Ներսես Շնորհալու, Մխիթար Գոշի, Սմբատ Սպարապետի իրավագիտական երկերը, Լեհահայոց և Աստրախանի հայոց դատաստանագրքերը, Շահամիրյանների «Որոգայթ փառաց»-ը, Արևմտահայոց ազգային սահմանադրությունը: Անդրադարձ կա Հայաստանի առաջին հանրապետությունում սահմանադրության ստեղծմանը նպատակամղված ջանքերին, ինչպես նաև Արցախյան շարժման նախօրեին և ընթացքում մղած սահմանադրական պայքարի դրսևորումներին:

 

Հատուկ ուշադրության են արժանացել սահմանադրությունների արժեբանական արդի դրսևորումներն ու սահմանադրականության զարգացման մարտահրավերները:

 

Հանրագումարի բերելով պատմական իրողությունները՝ համակողմանիորեն ներկայացվել են ազգային-եկեղեցական ժողովների սահմանադիր դերն ու նշանակությունը, կանոնական սահմանադրությունների իրավագիտական բնութագրիչները, սահմանադրական մշակույթի բնորոշ գծերը հայ իրավաքաղաքական մտքի էջերում:

 

Սույն ժողովածուի նպատակն է ինչպես հայ, այնպես էլ միջազգային լայն հանրությանը հաղորդակից դարձնել հայ իրավական ու սահմանադրական մշակույթի ձևավորման ու զարգացման ողջ ընթացքին:

 

Խնդրո առարկա գիրքը ցույց է տալիս, որ հայ ազգին բնորոշ է ժողովրդի, հանրության, պետության օրինական, իրավական, ժողովրդավար, խորհրդակցաբար կառավարումը, հայ ազգի ոգուն ու էությանը խորթ են համայնքը, հասարակությունը, պետությունը միանձնյա որոշումներով, միահեծան կառավարելը, առաջնորդի, ղեկավարի՝ բացարձակ իշխանություն ունենալը:

 

Այս կոթողային ժողովածուի ստեղծման գործում ունեցած մասնակցությամբ և լույսընծայմամբ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հերթական անգամ կատարեց դարեր ի վեր ստանձնած իր առաքելություններից  մեկը, այն է՝ աջակցել հայ կյանքի այլ բնագավառների զարգացման և ուսումնասիրման գործին, քանզի, ինչպես  տեսանք, այս ժողովածուի ծիրում ընդգրկվել են ոչ միայն եկեղեցական, այլև աշխարհիկ օրենքները, կանոններն ու խորհրդակցական ժողովները:

 

Հրաչյա ԲԱԼՈՅԱՆ

Բան. գիտ. թեկնածու       

  • 2021-11-17
×