Երանելի Սուրբ Հովհան Ոսկեբերանի Դավթի Եվ Սավուղի մասին զրույցից (հատվածաբար)

Երանելի Սուրբ Հովհան Ոսկեբերանի Դավթի Եվ Սավուղի մասին զրույցից (հատվածաբար)

«Պետք չէ մտածել, թե ինչպես վրեժ լուծել թշնամուց, այլ՝ ինչպես բուժել և հեզության բերել նրան և հեզությամբ հաղթել նրա դաժանությանը, քանզի հեզությունից հզոր բան չկա։ Հենց այդ մատնանշելով՝ մեկն ասել է. «Մեղմ լեզուն փշրում է ոսկորները» (Առակաց ԻԵ 15) և «Սիրալիր պատասխանը մեղմացնում է զայրույթը» (ԺԵ 1)։ Իսկապես, մեզանից է կախված մեզ վրա զայրացողի բարկության կրակը հանգցնելը, և այն ուժգնորեն բորբոքելը։ «Եթե կայծի վրա փչես, կբորբոքվի և եթե նրա վրա թքես, կմարի. -Թե՛ մեկը և թե՛ մյուսը քո ձեռքում է, -այդ երկուսն էլ քո բերանից են դուրս գալիս» (Սիրաք ԻԸ 14)։ Այդպես էլ մերձավորի հանդեպ թշնամություն ունենալու դեպքում, եթե դու նրա հետ մեծամտորեն, խիստ ու կոպիտ խոսես, կրակ կբորբոքես, ածուխի վրա կփչես, իսկ եթե հեզորեն և մեղմ խոսես, ապա կմարես զայրույթը՝ նախքան դրա բոցի վերածվելը։ Քեզանից է կախված թե՛ զայրույթը բորբոքելը և թե՛ մարելը, նույն կերպ, ինչպես կայծը բորբոքելը և այն մարելը։ Երբ թշնամուդ տեսնես, կամ հիշես, թե ինչքան տհաճություններ ես լսել կամ կրել նրա պատճառով, ջանա այդ ամենը մոռանալ, եթե նույնիսկ հիշես էլ, ապա նաև հիշի՜ր, թե նա ժամանակին ինչ բարիքներ է քո հանդեպ գործել։ Եթե դրա միջոցով կարողանաս հիշողությունները կանգնեցնել, ապա շուտով կդադարեցնես թշնամությունը։ Իսկ եթե մտադրություն ունես մերկացնել թշնամուդ և բացատրվել նրա հետ, ապա նախքան այդ ազատվիր կրքից, մարիր զայրույթդ և հետո նոր բացատրվիր ու մերկացրու, այդ ժամանակ հեշտությամբ պարտության կմատնես նրան։ Քանզի բարկության դեպքում մենք չենք կարող առողջ դատողություններ անել կամ լսել, իսկ այդ կրքից ազատվելուց հետո թե՛ ինքդ վիրավորական խոսք չես ասի և ոչ էլ քեզ կթվա, թե դիմացինդ է վիրավորել քեզ, որովհետև հատկապես վրդովվում ենք ոչ թե խոսքի էությունից, այլ թե ինչից ելնելով ենք մենք թշնամանում։ Շատ հաճախ, երբ այդ վիրավորական խոսքը կամ մեր ընկերն է կատակով և ուրախ տրամադրությամբ ասում, կամ փոքր երեխաները, մենք ոչ միայն տհաճություն չենք զգում և չենք զայրանում, այլև ժպտում և ծիծաղում ենք: Դա նրանից է, որ մենք վրդովված և բարկացած տոնով չենք լսում։ Ուրեմն, եթե դու մարես բարկությունը և դեն նետես թշնամությունը, ապա ոչ մի խոսք և ոչ մի գործ քեզ չի վշտացնի։ Պարզաբանման ժամանակ մի՜ մեղադրիր թշնամուդ, այլ արդարացրու, որպեսզի պարտադրես, որ ինքն իրեն մեղադրի։ Քանզի եթե մենք սկսենք մեղադրել թշնամուն, նա անողոք կդառնա, իսկ եթե ներողություն խնդրենք, նա, ամաչելով մեր հեզությունից, կսկսի մեղադրել ինքն իրեն։ Նման ձևով թե՛ մեղադրանքը կասկածելի չի լինի և թե՛ մեղադրվողը այլևս չարիք չի գործի։ Կարող ես պատմել թշնամուն նաև քո կատարած բարի գործերի մասին, եթե զգաս, որ դա կարող է մեծ օգուտ բերել։ Ով երևան է հանում և տարածում է դրանք առանց որևէ առիթի, նա զրպարտչից ոչնչով առավել չէ, իսկ ով դա անում է վրդովված մարդուն համոզելու համար, որ փոխի իր նախնական կարծիքը, նա դառնում է այդ մարդու մասին հոգ տանող և բարեգործ։ Այսպիսով, դուրս գալով այստեղից, շրջենք ամենուր և յուրաքանչյուրս ճանաչելով մեր թշնամուն՝ հաշտեցնենք նրան մեզ հետ և դառնանք անկեղծ ընկերներ։ Եթե պետք լինի, նաև նրանցից ներում խնդրենք, եթե նույնիսկ ինքներս վիրավորված լինենք։ Նման կերպ վարվելով մենք ավելի մեծ արդյունքի կհասնենք, ավելի մեծ համարձակություն կունենանք և, անկասկած, կհասնենք երկնային արքայության։

 

Փոխակերպումը գրաբարից՝ Գայանե ԹԵՐԶՅԱՆԻ

  • 2021-11-17
×